ՋՈՒՂԱ.
ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՓԱՅԼԸ՝ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ (ՄԱՍ Բ)

Հայոց բազմահազարամյա պատմության շղթայում բացառիկ փուլ է Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ միջազգային առևտրական ուղիներում Հայ վաճառականների ծավալած հարուստ գործունեությամբ:
Տարբեր երկրներում պահպանված զանազան սկզբնաղբյուրների՝ նոտարական բազմաթիվ գործերի ու այլ փաստաթղթերի (գործարքների) հավաստմամբ՝ Հայկական առևտրական ցանցը տարածված էր ժամանակի կարևորագույն կենտրոններում՝ ներկայիս Ֆրանսիայի Մարսել նավահանգստային քաղաքում, Մոնպելիեում, Նարբոնում ու Նիմում, նաև՝ Ջենովայում (Իտալիայում) և այլուր (Ֆրանսիայում Հայ վաճառականների ներկայությունը 6 -7-րդ դարերից է փաստվում, իսկ 12-14-րդ դարերում Մոնպելիեի համալսարանի դռանը փակցվում էին Կիլիկյան ու ֆրանսիական դրամների փոխարժեքների սակացանկերը)…

Փոխադարձաբար՝ Կիլիկիայի քաղաքները ևս «հեղեղված» էին այլ երկրներից ժամանած վաճառականներով:
Թանկարժեք մետաղներն ու քարերը, մետաքսը, բամբակը, գորգը, կարպետն ու ու կերպասը, բազմաբույր համեմունքներն ու բազմաբնույթ անթիվ ապրանքները ներմուծվում ու արտահանվում էին քաղաքից-քաղաք, երկրե-երկիր…

Դեռևս 11-12-րդ դարերից՝ Անիի Բագրատունյաց թագավորության (885-1045) անկումից հետո, Հայաստանից ու Բյուզանդական կայսրության տարբեր շրջաններում ապաստանած Հայերից արտագաղթել էին դեպի Ղրիմ ու այլ տարածքներ: Սևծովյան ավազանի երկրների հետ առևտրի համար նպաստավոր այդ շրջանում՝ Ղրիմի ծովափնյա քաղաքներում (Կաֆայում, Խերսոնեսում, Սուդակում) հաստատված Հայերը նշանակալի դեր ունեին առևտրական ու տնտեսական հարաբերություններում…

Եվ հնագույն շրջանից եկող այդ ավանդույթները, որոնք շարունակվեցին վաղ միջնադարում ու հետագայում, ծաղկման մի նոր փուլ ապրեցին Նոր Ջուղայում՝ 17-րդ դարում…

Ջուղայեցի Հայ խոջաների դիմանկարներից

Ստորև՝ Րաֆֆու «Դավիթ Բեկ»-ից մի հատված, ուր նկարագրվում է Հայ վաճառականների դերը՝ 16 -17-րդ դարերում…

«Պարսկաստանի Հայերը շատ հին ժամանակներից հարաբերություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, իսկ Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի օրերում նրանց հարաբերությունները ավելի կանոնավոր ձև ստացան։
Սպահանի Հայերը, որ այն ժամանակ մեծ դեր էին խաղում հնդկա-եվրոպական վաճառականության մեջ, ոչ սակավ անգամ ուղարկում էին իրանց պատվիրակներին հիշյալ թագավորի մոտ, կապում էին նրա հետ զանզան առևտրական դաշնագրեր և ստանում էին նրանից զանազան արտոնություններ իրանց Ռուսաստանի վրայով դեպի Եվրոպա կատարած վաճառականության վերաբերությամբ։

Ամեն անգամ, երբ Հայոց պատվիրակները հայտնվում էին ռուսաց արքունիքում, բերում էին իրանց հետ թանկագին ընծաներ:
Դրանցից մեկն էր այն գեղեցիկ բազկաթոռը, շինված արծաթից և ոսկուց, զարդարած խոշոր ալմաստներով, յաղութներով, մարգարիտներով ու ֆիրուզաներով, որը Սպահանի մի առևտրական ընկերության կողմից Խոջա-Զաքար Սարհադյանցը մատուց Ալեքսեյ Միխայլովիչին։

Ջուղայեցի վաճառականների նվիրած բազկաթոռն ու նրա զարդարանքի համար օգտագործված թանկարժեք քարերի նկարագրություններով բազմաթիվ թերթերից նմուշներ…

Բացի վաճառականական հարաբերություններից, Սպահանի Հայերը ռուսների արևելյան քաղաքականության մեջ նույնպես մեծ դեր էին խաղում։ Նրանք շատ անգամ լինում էին միջնորդներ ռուսաց արքունիքի և պարսից դռան մեջ, պայմաններ էին կապում և վճռում էին այլ և այլ խճճված գործեր։
Պետրոս Մեծի թագավորության ժամանակ Պարսկաստանի Հայերի հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ ավելի ևս ամրապնդվեցան։ Մեծ թագավորի նախորդները գտնում էին Հայերի մեջ ավելի առևտրական ընդունակություններ և նրանց ձեռքով կամենում էին վաճառականությունը Ռուսաստանում զարգացնել։ Իսկ Պետրոս Մեծը, բացի այդ ընդունակություններից, գտավ Հայերի մեջ բոլոր այն հատկությունները, որ կարող էին նպաստել նրան իր աշխարհակալությունները դեպի արևելք տարածելու։
Կասպից ծովի վրա լողում էին Հայերի բազմաթիվ նավերը։
Արևելքի ամբողջ արդյունաբերական աշխարհը նրանց ձեռքումն էր։
Հնդկաստանի բոլոր նշանավոր առևտրական կենտրոններում նրանք ունեին կալոնիաներ։
Ջավա, Սումատրա և Փիլիպյան կղզիների վրա նրանք տեղափոխվեցան դեռ XVI դարու վերջերում, իսկ Մադրասի, Կալկաթայի, Բոմբայի, Սինգապուրի մեջ՝ Շահ-Աբաս մեծի մահից հետո։
Ամեն տեղ նրանք առևտուր ունեին ոչ միայն ժողովրդի հետ, այլ գլխավորապես ժողովրդի իշխողների՛ հետ, որոնց ձեռքում հավաքվում էր երկրի հարստությունը՝ որպես հարկերի փոխանորդ։ Բիրմանիայի ալմազը, որ սեփականություն էր միայն թագավորի, ծախվում էր Հայերի՛ ձեռքով։ Պարսկաստանի մետաքսը, որ ստանում էին թագավորները, բոլոր Հայերի՛ ձեռքով էր տարվում դեպի Եվրոպա։
Անդադար հարաբերություններ ունենալով թագավորների և զանազան երկրների իշխանների հետ, Հայերը ա՛յն աստիճան մտերմացել էին նրանց հետ, ա՛յն աստիճան հավատարմություն էին գտել նրանց մոտ, որ ծանոթ էին նրանց բոլո՛ր թույլ կողմերին, գիտեին նրանց բոլո՛ր գաղտնիքները։
Այդ առիթ էր տալիս Հայերին երբեմն մեծ դերեր խաղալ Արևելքի իշխողների՝ միմյանց հետ ունեցած հարաբերությունների մեջ, մանավանդ, որ այդ իշխողները նրանց փողին, խելքին և օգնությանը միշտ կարոտություն ունեին։
Պետրոս Մեծի արծվի աչքերից չէր կարող աննկատելի մնալ այդ իրողությունը և նա աշխատեց իր ձեռքը ձգել Հայերին — Արևելքի այդ ամենահարմար բանալին։
Հայերը ցույց էին տալիս ամեն տեսակ պատրաստակամություն մեծ թագավորի մեծ նպատակները իրագործելու համար։
Բաքուն և Կասպից ծովի հարավային եզերքի վրա գտնված պարսկական երկրները՝ Ռաշտը, Գիլանը, Մազանդարանը, այդ կիտրոնիների, ձիթենիի, մետաքսի և վարդենիների աշխարհը տիրեց նա գլխավորապես Հայերի՛ առաջնորդությամբ։
Հայերը նրա պիոները դարձան ամեն տեսակ գործողությունների մեջ։ Հաշտարխանում նստած էր որպես Հայոց հոգևոր առաջնորդ, բայց իսկապես որպես ռուսաց պատերազմական գործակատար, Մինաս վարդապետը։ Նրա հավատարմատարը՝ Պետրոս Դի-Սարգիս Գիլանենց Հայազգին նստած էր Ռաշտում և Պարսկաստանի ու առհասարակ Արևելքի բոլոր նշանավոր անցքերի մասին տեղեկություններ էր տալիս Սարգիս վարդապետին, որը իր կողմից հաղորդում էր ռուսաց կառավարությանը։
Ղարաբաղի մելիքների բանակցությունները ռուսաց կառավարության հետ կատարվում էին սկզբում Գանձասարի առաջնորդ Եսայի եպիսկոպոսի ձեռքով, իսկ հետո Ներսես եպիսկոպոսի և Դուզախի կառավարիչ մելիք Եգանի ձեռքով»:

«Հետաքրքրական է, որ Հայ վաճառականների գործառնությունները Ռուսաստանում հետքեր են թողել պետության պաշտոնական թղթերի մեջ և դրանք հավաքված են ու տպված» («Собрание актов, относящихся до обоэрении истории армянского народа», М. 1833 ч. 1),- գրում է Լեոն իր աշխատության մեջ:

«Այնպես որ՝ կարելի է քայլ առ քայլ հետևել այդ առևտրական հարաբերությունների զարգացման: Առաջին ծանոթ արձանագրությունը վերաբերում է 1626 թվականին, երբ Մոսկվայում թագավորում էր առաջին Ռոմանովը՝ Միխայիլ Ֆեոդորովիչ: Նրա որդի Ալեքսեյի թագավորության երկրորդ տարին (1647 թ.) Թավաքալյան անունով մի Հայ խնդրում է նրան տալ հրովարտակներ, որ ինքն իր ապրանքներով շրջե զանազան քաղաքներ։ Իսկ 1660-ին նույն ցարի մոտ գալիս է «Սպահանից Հայ վաճառական Զաքար Սահրադյանը՝ մատուցանելու համար թագավորին առևտրական ընկերության կողմից ընծա՝ ոսկով և արծաթով ու ադամանդներով, հակինթներով և մարգարիտներով ընդելուզած բազկաթոռները, որոնք գնահատված են 22.589 ռուբլի 60 կոպ. ինչպես նաև ուրիշ ընծաներ։
Դեսպանական «Պրիկազի» մեջ այս վաճառականը բացատրություններ տվեց Հնդկաստանից թանկագին քարեր և թութակներ բերելու և Պարսկաստանից Ռուսաստան ոսկերիչներ, արծաթագործներ, հղկիչներ և այլ արհեստավորներ հրավիրելու մասին։
Եվ նորից ու նորից վերադարձվեց Պարսկաստան։
Այս ընծայի մասին հետևյալ մանրամասնություններն է հաղորդում «Բազմավեպ» կիսամսյա հանդեսը։
«Ռուսաց Ալեքս թագավորին օրերը, 1659-ին, Ասպահանի Հայ վաճառականներեն Զաքար Սահրադյան անունով մեկը, որ պարսից փոխարքային ալ գործակալն է եղեր, ծովով Աժտերխան (Աստրախան, Կ.Ա.) կուգա, անկեց ալ 1660-ին թագավորական հրամանով Մոսքվա քաղաքը կը հասնի ինն ընկերով:

Ասիկա թագավորին ընծա կը բերե մեկ պղնձի վրա քաշված պատկեր մը՝ Քրիստոսի ընթրիքը. մեկ ոսկիե մատանի, այլևայլ սուղ բաժակներ, ազնիվ ըմպելիքներ ու անուշահոտ նյութեր, բայց ամենեն երևելի ընծան եղած է թագավորական աթոռը, որ Զաքարին հայրը շիներ է եղեր:

Ադամանդե գահը (Алмазный трон царя Алексея Михайловича в Оружейной палате).

Ասոր շատ տեղը ոսկի է, ու վրան մեծ ու պզտիկ 876 ադամանդ կա, 1 լալ, 1223 հակինթ մանր ու խոշոր, երեք կարգ մարգրիտ, անկե զատ երկուք ալ մարգրիտներով ձևացուցած հրեշտակներ:
Ան ատենի վաճառականները ասոնց ամենուն գինը կտրեր են 24.443 րուպլի, վոր հիմիկվա արժեքով 550.000 ղուրուշեն ավելի կընե:
Թագավորն ալ գրեթե նույնչափ ստակ կուտա Սահրադյանին. ասկե զատ իրեն ու իր ընկերներուն թագավորական ռոճիկ կը կապե ան հինգ ամսի չափ ժամանակն, որ Մոսքվա կեցեր են և ետքը իրենց տեղը կը ճամբե…
Այն աթոռը ռուսի թագավորները հին ատենը կը գործածեն եղեր թագ դնելու օրերին, մեծ տոներուն, եկեղեցական հանդեսներու կամ թափորներու ատեն, և օտար տերությունից դեսպանները ընդունելու ժամանակին: Հիմա միայն թագավոր օծվելու ատենը կը գործածեն «Վերափոխման տաճարին» մեջ. իսկ սովորաբար Կրանովիթայա Փալաթա ըսած թանգարանը կը պահվի»:

«Այս Զաքարը հետո այլևս մեջտեղ չի երևում։ Ի՞նչ էր նա: Միայն ընծա բերո՞ղ։
Որքան և մեծ հասկացողություն ունենանք Նոր Ջուղայի խոջաների դրամական կարողության մասին, բայց այնպես չենք կարող ընդունել, որ մի անհայտ մարդ այդքան ծանրագին ընծա աներ մի ուրիշին։ Նշանակում է, որ Սահրադյանը ընծա բերող էր և գլուխ էր մի պատգամավորության, որի մեջ, բացի իրանից, կային ինը հոգի:
Ռուսական բնագիրը պարզ կերպով ասում է, թե այդ ընծան «Հայ առևտրական ընկերության» կողմից էր։ Թե ի՞նչ «Ընկերություն» էր այդ և քանի՞ հոգուց էր բաղկացած, մենք չգիտենք։
Բայց որ նա կազմակերպված էր Ջուղայում, այդ հաստատվում է նրանով, որ Սպահանում այդ ժամանակ Հայ ազգաբնակություն չէր ապրել, ամբողջը տեղափոխված էր Ջուղա։
«Ընկերությունը» դրամական խոշոր միջոցներ ուներ։ Այս ապացուցում է ոչ միայն Մոսկվայի ցարին ուղարկած ընծան, այլև այն ընդարձակ առևտրական գործառնությունը, որ նա ծավալեց Ռուսաստանի մեջ տարիների ընթացքում։
Զաքար Սահրադյանի առաքելությունը միայն սկիզբ էր դնում բանակցություներին, թե ի՛նչ պայմաններով և արտոնություններով կարող էր գործունեություն սկսել Ջուղայի առևտրական ընկերությունը Ռուսաստանում։
Բանակցությունները երկար տևեցին՝ յոթը տարի, երևի ընդհատումներ ունեցան։
Վերջապես 1666-ին Մոսկվա են գնում առևտրական ընկերության երկու գործակալներ՝ Ստեփան Ռոմադանեցի և Գրիգոր Լուսիկյան (շատ հաճախ գրվում էր և Հուսիկյան, Гусиков), որոնք, վերջացնելով բանակցությունները, հետևյալ տարին կնքեցին առևտրական դաշնագիր, և այդ ժամանակից էլ Հայ խոջայական կապիտալը հաստատ հիմքեր էր դնում Ռուսաստանում, ստանալով մի շարք արտոնություններ և երաշխավորություններ ցարական կառավարությունից։
Ռուսաստանը, բացի շուկա դառնալուց, Հայ վաճառականներին տալիս էր ազատ անցք՝ իրենց ապրանքները տանելու համար եվրոպական վաճառանոցները։
Ապրանքների ապահով տեղափոխումը Աստրախանից Վոլգայի վրայով դեպի Մոսկվա և ուրիշ տեղեր երաշխավորում էր կառավարությունը» (մեջբերումները՝ Լեո «Խոջայական կապիտալ», Երևան, 1934):

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Նոր Ջուղայից մի պատկեր
Facebook Comments