«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ա)
Հարյուր տարուց ի վեր բազմաթիվ փաստաթղթեր, ականատեսների վկայություններ ու հուշեր են հրապարակվել՝ Հայկական Լեռնաշխարհի տարբեր վայրերում ու հարակից շրջաններում 19-րդ դարի վերջերից Հայերի հանդեպ իրականացվող կոտորածների ու ցեղասպանության վերաբերյալ:
Բնաջնջումից հրաշքով փրկվածները, որոնք հասան Արևելյան Հայաստան կամ սփռվեցին տարբեր երկրներ՝ իրենց բնօրրանից հեռու, ապրեցին կրած սարսափների պատկերներով, հաճախ՝ ինքնամփոփ ու լուռ…
Պատմական այդ հիշողությունն, այնուամենայնիվ, փոխանցվեց սերունդներին՝ կցկտուր հուշագրություններով ու պատմություններով…
1915-ի ապրիլի 11-ին՝ նոր տոմարով՝ ապրիլի 24-ին, Հայ ազգի միտքն ու ոգին կռող մտավորականների ձերբակալմամբ, աքսորով ու դաժան սպանությամբ «ազդարարվեց» Հայոց հանդեպ ծրագրված ցեղասպանության աննախադեպ ոճիրը՝ շարունակելով նախորդ տասնամյակներին իրականացրած զանգվածային կոտորածները, որոնք պարբերաբար կրկնվեցին հետագայում նույնպես:
«Յուշեր գրող սերունդէն, դժողքէն ճողոպրած սերունդէն քիչ մարդեր մնացին:
Թող գրե՛ն, թող տպագրե՛լ տան իրենց ցաւը, աղաղակը, պատգամը…
Ապագա պատմաբանը պիտի հաւաքէ այդ բոլորը, պիտի հաւաքէ ծովացած ու ալիքուող այդ յուշերը, սուզակի մը նման պիտի իջնէ խորը այդ ալեկոծ ծովին ու ճշմարտութեան մարգարիտները դուրս հանէ անոնցմէ, որպեսզի մարդը առաւե՛լ մարդանայ…»: Բժիշկ Թորոս Թորանեանի խոսքերն են, (Հալէպ, 1984 թ., ապրիլ), մեջբերումը՝ Կարինե Ավագյանի՝ «Թանգարանային առարկան դեռ ուղղորդում է» հոդվածից («Պատմություն և մշակույթ» Հայագիտական հանդես, Բ, Երևան, 2011 թ.):
1915 թվականի ապրիլի 24-ին՝ «Կարմիր կիրակի»-ի օրը, նախապես կազմված ցուցակներով Կոստանդնուպոլսում ձերբակալված 220 Հայ մտավորականների թվում էր և Հայոց ցեղասպանության վերապրող, եկեղեցական, ազգային, հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը՝ ծնված Թոքատում՝ 1879 թվականին:
1921թ. ամռանը Բեռլինում նա մասնակցել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը՝ իբրև վկա, հստակեցնելով, որ Հայերի տեղահանության և ջարդերի գլխավոր կազմակերպիչը Թուրքիայի Ներքին գործերի նախկին նախարար Թալեաթն էր, որի տված հրամաններով իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին ձերբակալված Հայ մտավորականությանը, նա գրել է.
«Ասոնք մահապարտ այն Հայերն էին, որոնք յեղափոխական թէ ազգային կեանքի մէջ գործօն դեր մը ունենալով՝ աչքի զարկած էին, և իբր թէ ի հարկին կըրնային ժողովուրդը մղել յեղափոխութեան կամ գոնէ դիմադրութեան»:
Ձերբակալվածներին՝ Հայ բժիշկներին, կուսակցական, հասարակական գործիչներին, ուսուցիչներին, իրավաբաններին, օսմանյան պառլամենտի անդամներին, հոգևորականներին թուրք զինվորականների հսկողության ներքո Պոլսի կենտրոնական բանտից հաջորդ օրը նավով փոխադրեցին Սենճեան-Քյոյ երկաթուղային կայարան (Էնկյուրիի մոտ), որտեղ վերջիններիս բաժանեցին 2 խմբի:
«Առաջին խմբի անդամներին (Ռուբեն Զարդարյան, Սմբատ Բյուրատ, Նազարեթ Տաղավարյան, Սիամանթո, Շավարշ Քրիսյան, Ենովք Շահեն և այլք)՝ մոտ 75 բանտարկյալ, տեղափոխեցին Այաշ, իսկ մուսներին՝ Չանղըրի:
Գ. Պալաքյանը Կոմիտասի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Տիրան Քելեկյանի և այլոց հետ աքսորվեց Չանղըրի, ուր նրանց տեղակայեցին թուրքական զորանոցի շենքում:
Իր հուշերում՝ ներկայացնելով Չանղըրիի Հայ աքսորականի կյանքը, Գ. Պալաքյանը գրում է. «Զրկուած էինք կեանքի ամենաանհրաժեշտ տարրական պիտոյքներէ, պառկած չոր տախտակների վրայ, գլուխ գլխի, ոտք ոտքի, սիրելիներու կարօտը մեր տանջուող սրտերու մէջ, վաղուան անորոշության սարսափը մեր հոգիներուն մէջ:
Մինչ զօրանոցին մեծ դրան ու մեր արգելափակուած սրահին փոքր դրան առջև պահակ կը սպասէին հերթով սուինավոր զինւորներ չթոյլատրելով որ ամենաստիպողական պարագաներու մէջ իսկ գոնէ դուրս գալ մեր սրահէն» (մեջբերումը՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գոհար Խանումյանի հոդվածից):
Չանղըրիից Հայաստանի Պատմության թանգարան հասած մի համրիչ-մասունքի հատիկներին Հայ աքսորյալների անուններն են՝ առաջին հատիկին Կոմիտասի անունն է, 5-րդին՝ Ռուբեն Սևակի, 40-րդին՝ Դ. Վարուժանի, իսկ ամփոփիչ 99-րդ հատիկաշարին՝ Գ. Պալաքյանի…
«Ապրիլ 24, 1915-ին Պոլսոյ մէջ կը կատարուի մեծածաւալ ձերբակալումներ թրքական իշխանութեան կողմէ նախապէս պատրաստուած ցուցակով: Շուրջ 220 Հայ երեւելիներ, որոնց մէջ կ’ըլլան մտաւորականներ, առեւտրականներ, բժիշկներ, դեղագործներ, հոգեւորականներ, փաստաբաններ եւ քաղաքական գործիչներ, անակնկալօրէն կը ձերբակալուին եւ կը բանտարկուին Պոլսոյ մօտերը գտնուող Այաշ գիւղաքաղաքին մէջ: Այս բանտարկեալներէն 45-ը կը սպաննուին եւ մնացեալը կը փոխադրուին Չանղըրը քաղաքի աքսորավայրի բանտը: Հոն ալ կը սպաննուին փոխադրուած խումբէն որոշ թիւով Հայ երեւելիներ:
Մնացեալ բանտարկեալներէն պոլսեցի առեւտրական եւ թաղապետ Վարդերես Աթանասեան, որ ետքը նահատակուած է Տէր Զօրի անապատի Մեսքենէ քաղաքին մօտերը, իր 99 հատիկներով համրիչին վրայ կը փորագրէ իր եւ մնացեալ բանտարկեալներէն 103-ին անունները: Համրիչի հատիկները իրար կապող մեծ հատիկին վրայ կը գրէ՝ «Չանղըրը, 1915, Ապրիլ 11, Յիշատակ»:
Վարդերես Աթանասեանի ձերբակալութենէն մի քանի օրեր ետք թուրք կառապան մը կը յայտնուի անոր տունը եւ տիկնոջը՝ Սրբուհիին կ’ըսէ՝ «Ձեր ամուսինը ինծի ժամացոյց մը նուիրեց եւ խնդրեց, որ այս մասունք համրիչը յանձնեմ ձեզի»:
Սրբուհին կը ստանձնէ ամուսնոյն համրիչը առանց անդրադառնալու համրիչին հատիկներուն վրայի փորագրութիւններուն:
Այդ օրուընէ ետք Վարդերես Աթանասեան բնաւ տուն չի վերադառնար:
Վարդերես Աթանասեանի դուստրը, Էժենի, Հայոց Ցեղասպանութենէն ազատելով կ’ապրի Փարիզ՝ իր հետ ունենալով հօրը համրիչը:
1946-ին ան կը փոխադրուի Հայաստան ու կը հաստատուի Երեւան:
1965-ին Էժենի Աթանասեան Հայոց Ցեղասպանութեան 50-րդ ամեակին առթիւ տեղի ունեցած ցոյցերէն ետք կը գիտակցի, որ իր հօր թողած համրիչ մասունքը արժէքաւոր էր ո՛չ միայն իրենց ընտանիքին, այլեւ՝ ողջ Հայ ազգի՛ համար:
Ուրեմն, ան 1965-ին համրիչ — ուլունքաշարը կը նուիրէ Հայաստանի Պատմութեան թանգարանին: Համրիչը կը ցուցադրուի թանգարանի ցուցափեղկերէն մէկուն մէջ:
Համրիչը ոչ մէկ մակագրութիւն չէ ունեցած եւ ոչ մէկ արձանագրութիւն Հայոց Ցեղասպանութեան յիշատակ ըլլալուն, միայն գրուած է՝ «19-20 -րդ դարերու զարդարուեստ»:
Մինչեւ 1984 թվականը ոչ մէկը չէ պատկերացուցած, որ այս համրիչը Հայ աքսորեալի մը սովորական յիշատակ չէ, այլ՝ Հայ ժողովրդի պատմութեան խորհրդաւոր փաստաթուղթ վաւերագի՛ր մը:
Նոյն իսկ թանգարանի պաշտօնէութենէն ոչ ոք կը հետաքրքրուի այս պատմական համրիչով, եւ ան կը մնայ անշուք ցուցաբեղկին մէջ:
1984-ին թանգարանի աւագ գիտաշխատող, պատմաբան — հնագէտ Կարինէ Աւագեան, որ 27 տարիներէ ի վեր գործած է հոն, կը սկսի պատրաստել Սեւակի 60-ամեակի նուիրուած պատի թերթիկ մը: Պատրաստութեան ընթացքին իր ուշադրութիւնը կը գրաւէ ցուցաբեղկի 99 հատիկներով համրիչը:
Մանրակրկիտ քննութենէ ետք ան կ’անդրադառնայ անոր պատմական կարեւորութեան:
Կարինէ կը նկարէ համրիչը եւ կը տեղաւորէ նկարը պատի թերթին մէջ ու կը գրէ՝ «Վերագտնուած Մասունք»:
Կարինէ մեծ հետաքրքրութեամբ բծախնդրութեամբ կ’ուսումնասիրէ համրիչին պատմականը:
Ի յայտ կու գան հետեւեալ մանրամասնութիւնները՝ համրիչը կազմուած է 99 հատիկներէ:
97 հատիկներէն իւրաքանչիւրին վրայ Վարդերես Աթանասեան փորագրած է Չանղըրը բանտ աքսորուած Հայու մը անունը:
55-րդ հատիկին վրայ փորագրած է երկու անուններ, իսկ 86-րդ հատիկին վրայ՝ 4 անուններ:
71-րդ հատիկին վրայ փորագրած է իր անունը եւ հատիկները իրարու կապող աւելի մեծ հատիկին վրայ՝ «Չանղըրը, 1915, Ապրիլ 11, Յիշատակ»:
Վարդերես բանտին մէջ գտնուող աքսորեալներէն միայն 103-ին անունները փորագրած է համրիչի հատիկներուն վրայ»,- պատմում է Մոնրեալում բնակվող բժիշկ Կարպիս Հարպոյեանը:
Անդրադառնալով Հայաստանի Պատմության թանգարանի հիշյալ ցուցանմուշի՝ ուլունքաշար համրիչի պատմությանը՝ որպես երիտթուրքերի կողմից ծրագրված Հայոց ցեղասպանության մասին ուրույն վկայագիր, Կարինե Ավագյանը գրում է.
«Համրիչի նախամուտ առաջին անհամաչափ հատին 71-րդ հատի անվանակիր, Չանղըրըի աքսորական, Պոլսո Ֆէրիքէոյի մուխթար (թաղապետ) Վարդերեսը (Աթանասեան — Կ. Ա) փորագրել է.
«Չանղրըի 1915 թ. Ապրիլ 11 Յիշատակ», ապա 99 համաչափ, գլանաձև հատերին արձանագրել Չանղըրըի իր աքսորակից ընկերների ազգանունները, երբեմն՝ անունները, ընդգրկելով 103-ին. թիվ 55 հատին հավելել է «Լևոն — 2», 86 -ին՝ «Օհնիկեանք — 4», այսպիսով հավաստելով երկու Լևոն անունով աքսորականի, Օհնիկեան ընտանիքից՝ չորս տարագրյալի մասին»:
«Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված վերապրողներին մենք հանդիպել ենք ինքնամփոփ ու լուռ՝ իրենց մտորումների մեջ խորասույզ:
Այդ խորհրդավոր լռությունը ևս ունեցել է իր պատճառը, քանի որ տասնամյակներ շարունակ խորհրդային Հայաստանում տիրող քաղաքական արգելքները թույլ չեն տվել իրենց անցյալի մասին ազատ ու անկաշկանդ պատմել կամ վիպել: Հետևաբար այդ կարգի նյութերը մեծ դժվարությամբ ենք հայտնաբերել ու գրի առել:
Քառասունհինգ տարիների ընթացքում մեր հետևողական պրպտումներով, ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, նույնպես և Հունաստան, Ֆրանսիա, Ամերիկա, Թուրքիա կատարած մեր կարճատև ուղևորությունների ընթացքում մշտապես որոնել, հայտնաբերել ենք Հայոց ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ վերապրող ականատեսների ավագ, միջին և կրտսեր սերունդների ներկայացուցիչներին: Տեղի տալով մեր հորդորներին, նրանք հուզումով կրկին վերապրելով իրենց տխուր անցյալը, սկսել են պատմել իրենց հիշողության մեջ անթեղած սրտամորմոք հուշերը»,- գրել է Վերժինե Սվազլյանն իր՝ «Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների վկայությունները որպես պատմափաստագրական վավերագրեր» ուսումնասիրության մեջ:
Հիշյալ հեղինակի տքնաջան աշխատանքի հանրագումարն է «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը՝ 150 տեղավայրերից 700 միավոր վկայություններով, Հայրենիքի ու հարազատների կորստի, գաղթի ճամփաների դաժանության դրոշմով, որը 2011 թվականին հրատարակվեց Երևանում՝ հայերեն ու անգլերեն լեզուներով, իսկ 2013-ին՝ Ստամբուլում՝ թուրքերենով:
Անջնջելի տեսարանների ճշմարիտ վերարտադրմամբ՝ իրադարձություններից մոտ 30 տարի անց իր հուշերն է շարադրել երկար դեգերումներից հետո իր ընտանիքով Ֆրանսիայում հաստատված Հայորդիներից մեկը, ում հայրենակիցները «Բոնբոնչի» էին անվանում…
Ճակատագրի բերումով նա Մարզվանում էր 1921 թվականի կոտորածների ժամանակ ու մազապուրծ՝ օտար երկրում կյանքը շարունակեց՝ իր սերունդներին կտակելով Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը…
Պատմության համար չափազանց կարևոր՝ ականատեսի այդ վկայություններից որոշ պատառիկներ կհանրայնացնենք հաջորդիվ (հուշերն ընդամենը մի քանի տպագիր օրինակով են հրատարակվել՝ հեղինակի ժառանգների կողմից)…