«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Բ)

19-րդ դարի վերջերից Հայ ազգի հանդեպ պարբերաբար իրականացվող ծրագրված կոտորածներն ու ցեղասպանությունը դրոշմվել է դեպքերին ականատես — ժամանակակիցների հոգում ու արտացոլվել նրանցից ոմանց հուշագրություններում:
Ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո կամ տասնամյակներ անց գրված այդ վկայությունները համարժեք են պատմական հավաստի վկայագրերին, լրացնում են հասարակական ու դիվանագիտական գործիչների թողած արխիվային փաստաթղթերն ու ճշմարտությունը բացահայտում…
Թեև ոճրագործ երիտթուրքական կառավարության ու նրանց հետնորդների կողմից ոչնչացվել են բազմաթիվ փաստաթղթեր, այնուամենայնիվ, մեծածավալ վավերագրերի պատմագիտական պատկառելի ուսումնասիրություններ են ստեղծվել:

Ջարդերի ու եղեռնի տառապալից ուղիներն անցնելուց հետո հրաշքով վերապրածներից է Սեբաստացի Նշան Զորայանը: Հայրենիքից հեռու՝ Ֆրանսիայում, մահվանից առաջ գրած իր հուշերում նա մանրամասնորեն նկարագրել է 1921 թվականի ամռանը Մարզվանում Հայերի հանդեպ իրականացված կոտորածներն ու սահմռկեցուցիչ դեպքերը՝ լրացնելով այլ աղբյուրներից հայտնի պատմությունները հիշյալ դեպքերի վերաբերյալ:

Առաջին անգամ այդ հուշագրությունից որոշ հատվածներ հանրայնացնելուց առաջ մեջբերենք Անահիտ Աստոյանի՝ «Հայերի ունեզրկումը Թուրքիայում 1918 — 1923 թվականներին» ուսումնասիրությունից փոքրիկ քաղվածքներ՝ հնարավորինս ամբողջականացնելու համար պատմության այդ ժամանակահատվածը…

«Պատմական անհերքելի ճշմարտություն է, որ օսմանյան կայսրությունում հայկական կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի կազմակերպման և իրականացման մեջ պետական քաղաքականության, կրոնական ատելության կողքին ամենամեծ ազդակներից մեկը Հայերի հարստությանը տիրանալու թուրքերի ցանկությունն էր:
Այս առնչությամբ հիշատակության է արժանի թուրքական «Ալեմտար» թերթի խմբագիր Րեֆի Ջևադ բեյի կարծիքը, որ նա հայտնել է Լոզանի խորհրդաժողովի Հայ պատվիրակներին.
«Իմ համոզումն այն է, որ թուրքերի՝ Հայերի դեմ թշնամության հիմքը ոչ քաղաքական է, ոչ էլ կրոնական, այլ պարզապես՝ տնտեսական: Թուրքիո այսօրվա և նախկին ղեկավարները թուրք ժողովրդին ներշնչել են քրիստոնյաների ունեցվածքին տիրանալու տենչը:
1915 թվականին ես անցա ամբողջ Անատոլիայով և չտեսա թուրքական մեկ տուն, որտեղ չգտնվեին Հայերի կարասիներ, գորգեր կամ ուրիշ իրեղեն: Վաղը եթե առիթ գտնեն, թուրքերը նույնը պետք է անեն անպատճառ» (Մանուկ Գ. Ճիզմէճեան, «Խարբերդ եւ իր զաւակները», Ֆրէզնոյ, 1955, էջ 567):

Հայ և օտար շատ պատմաբաններ և քաղաքագետներ հայասպանության առաջնային նպատակը համարում են Հայերի հարստությանը տիրանալու թուրքերի ձգտումը:
Հայկական ցանկացած կոտորածի շարժառիթներին անդրադառնալիս՝ նրանք մեծ նշանակություն են տվել թուրքերի մոտ արմատացած՝ քրիստոնյաների ունեցվածքի թալանի անհագուրդ կրքին և կարևորել տնտեսական ոլորտում Հայերի նշանակալից ձեռքբերումները, որոնք, առաջ բերելով թուրքերի նախանձը, վերջիններիս դրդել են ոչնչացնել Հայերին՝ նրանց ունեցվածքը հափշտակելու ակնկալությամբ:
Իրապես, մահմեդականների կողմից հպատակ քրիստոնյա ժողովուրդներին կողոպտելը միանգամայն բնորոշ էր օսմանյան հասարակությանն առհասարակ և նպաստել է կոտորածների սանձազերծմանը:
Հայերի հարստությանը տիրանալու ձգտումը թուրքական լայն զանգվածների մոտ ուժեղացավ մանավանդ 1914 թվականի հոկտեմբերից հետո, երբ Օսմանյան կայսրությունը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: Թուրք թշվառ բազմություններն իրենց առօրյա տագնապներից ազատվելու դյուրին միջոց էին տեսնում տեղահանված Հայերի լքած տներին, կարասիներին, սննդամթերքին և բազմատեսակ հարստություններին տիրանալու հնարավորության մեջ:
Նրանցից առավել, Հայերի տեղահանությունից լայն չափով օգտվելու էին օսմանյան տնտեսության մեջ դեռևս անէական դերակատարություն ունեցող և նոր ձևավորվող փոքր, միջին և մեծ թուրք առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչները: Նրանք կարող էին ոչ միայն տիրանալ Հայերի թողած ունեցվածքի կարևոր մասին և բազմապատկել իրենց հարստությունը, այլև, մեջտեղից վերացնելով Հայ առևտրականներին, ովքեր իրենց ձեռքում էին պահում երկրի ողջ առևտրի ավելի քան երեք քառորդը, առանց հզոր մրցակցի տեր դառնալ առևտրի ասպարեզին և հետագայում արդեն` երկրի տնտեսությանը:

Հայերի ունեզրկմամբ շահագրգիռ էին նաև երիտթուրքական իշխանությունները: Երիտթուրքերի պարագլուխներն իրենց գաղտնի ժողովներում մշակում էին Հայերի ունեցվածքի կողոպուտը կազմակերպելուն ուղղված միջոցառումներ:

Պետության արտաքին ահռելի պարտքը սպառնում էր երկրի անկախությանը: Դրան գումարվել էին պատերազմական մեծագումար ծախսերը:

Հայերի հարստությամբ պետական դատարկ գանձանակը լցնելու և թուրք պաշտոնյաների անձնական հարստությունը բազմապատկելու նպատակին 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո գումարվեց նաև թուրք գաղթականների բնակության հարցը: Տեղահանված Հայերի լքած տները թուրք վտարանդիներին հանձնելը համարվում էր տվյալ հարցի լուծում:

Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախ և առաջ հարկ էր Հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ (Յուրի Բարսեղով, «Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը», Երևան, 1999, էջ 5):
Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թվականի հունիսի 1-ին հրապարակեցին «Տեղահանության օրենքը», որը ընդունվել էր երիտթուրքական կառավարության կողմից 1915 թվականի մայիսի 30-ին (Ռուբեն Ա. Սաֆրաստյան, «Հայոց ցեղասպանության պետական ծրագիրը: Թուրքական երեք փաստաթղթերի համեմատական վերլուծություն», «Վէմ», 2009, 1(26), էջ 54-55):

«Տեղահանության օրենքի» հրապարակումից հետո, 1915 թվականի հունիսի 10-ին հրապարարկվեց «Այլ վայրեր տեղափոխված Հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» կանոնադրությունը:
Այն ցուցումներ և հրահանգներ էր բովանդակում «պատերազմի և քաղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված Հայերի թողած շարժական և անշարժ գույքի» հետ վարվելու մասին:
Իսկ 1915 թվականի սեպտեմբերի 26-ին իշխանությունները ընդունեցին «Լուծարման» կամ «Լքյալ գույքերի մասին» օրենքը, որն իր 11 հոդվածներով գալու էր իրավական հիմք ստեղծելու մինչ այդ տեղահանված Հայերի՝ հեռագրերով, հրահանգներով կազմակերպված գույքի կողոպուտի գործողությունները: Այսպես, Հայերի գույքերի կողոպուտից, վաճառքից և բաժանումից հետո միայն նախարարական հեռագրերով քաղաքներին և գյուղերին հրահանգվում էր կատարել Հայերի լքյալ գույքերի ցուցակագրումն ու կազմակերպել դրանց ապահովությունը:

Տեղեկանալով «Լքյալ գույքերի մասին» օրենքի ընդունման մասին՝ «Deutsche Bank»-ի տնօրեն Արթուր ֆոն Գվինները հենգնանքով նշել է, որ օրենքի տասնմեկ հոդվածների բովանդակությունը հանգում է տեղահանված Հայերի ամբողջ ունեցվածքի բռնազավթմանը և կառավարության իրավունքի
հաստատմանը՝ իր հայեցողությամբ տնօրինելու Հայերի հաշիվներում եղած գումարները:

26 սեպտեմբերի 1915 թվականի օրենքի 8-րդ հոդվածի համաձայն և 1915 թվականի հոկտեմբերի 26-ին իշխանությունների կողմից ընդունված կանոնադրությամբ` նախատեսվում էր կազմել Լուծարման կամ Լքյալ գույքերի հանձնաժողովներ, այլ վայրեր տեղափոխված անձանց կողմից լքված գույքերը, նրանց պարտքերն ու պահանջներն օտարելու համար:

Դոկտոր Յովհաննես Լեփսիուսը գտնում էր, որ տարագիրների ունեցվածքը հաշվառելու համար կառավարության կողմից կազմված հանձնաժողովներն ու հանձնախմբերը այլ նպատակ չունեին, քան Հայ ժողովրդի ունեզրկումը դատական ձևակերպության թափանցիկ քողի տակ ծածկելուց:

«Լքյալ գույքերի մասին» օրենքի և կանոնադրության ամենակարևոր նպատակներից էր զսպել զանգվածային թալանը և լցնել պետական գանձանակը, և պետական պաշտոնյաների ու գործակալների միջոցով ցուցակագրել ու վերջնականապես յուրացնել Հայերին պատկանած բոլոր տները, հողերը, շենքերը, արտերը, դպրոցները, վարժարանները, եկեղեցիներն ու վանքերը:

Հայերի լքյալ գույքերի կողոպուտի հարցը չսահմանափակվեց լոկ «Լքյալ գույքերի մասին» օրենքով և կանոնադրություններով: Դրանց հետևեցին կառավարության կողմից առաքված բազմաթիվ հեռագրեր, հրամաններ, շրջաբերականներ, կարգադրություններ, որոնց կատարումը սկիզբ էր առել դեռ պատերազմի նախօրյակին:
Այդ ամենով՝ կենտրոնը տեղական իշխանություններին կարգադրել էր Հայերին թույլ չտալ գույքերի վաճառքը և իրավունք էր վերապահել տեղահանվողներին՝ իրենց հետ վերցնել միայն մեկ կամ մի քանի օրվա սննդամթերք:
Հատկապես հսկողություն էր սահմանվել թանկարժեք իրերի և զարդեղենի վրա, որոնք տանելը խստորեն արգելված էր: Այդ բոլորը մաս էին կազմում Հայության ոչնչացման և նրա ունեցվածքի յուրացման ընդհանուր գործի:
Հարուստ կողոպուտի հեռանկարը համախոհների մեծ բանակ և լայն զանգվածներ հավաքագրեց երիտթուրքական իշխանությունների շուրջ: Երիտթուրքերի վարչակազմը Հայերի լքյալ գույքերը հանձնեց Հայերից տեղահանված բնակավայրերի իշխանություններին, նախարարություններին շռայլորեն տրամադրեց շենքեր և հողատարածքներ, իսկ փոխարենը գտավ համախոհների հսկա բանակ և նրանցից ստացավ աջակցություն՝ Հայերի բնաջնջումն իրականացնելու համար:

Հայկական կոտորածները ուղեկցվեցին Հայերի շարժուն և անշարժ գույքի կողոպուտով:
Հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի յուրացումը պետության կողմից ծրագրավորված լինելու մասին վկայություններ կան թե՛ վերապրողների, թե՛ Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում, որոնք հաստատում են, որ Հայերի ունեզրկումը Հայ ժողովրդի բնաջնջման ծրագրում եղել է կարևոր գործոն:
Ահա անհատական սեփականության կողոպուտի մասին պատմող պաշտոնական տեղեկագրի մեկ նմուշ, որը կազմվել է Սվազի, Էրզրումի, Թոքատի Լքյալ գույքերի հանձնաժողովի կողմից:
1918 թվականի մայիսի 4-ին ստացված հրամանի համաձայն, հանձնաժողովի անդամները Սվազից տարագրված Էլմաս անունով մի Հայուհու պայուսակներում հայտնաբերել և արձանագրել են 271 կտոր ոսկյա դրամ, զարդեղեն և գոհարեղեն:
Սա միայն մեկ Հայ ընտանիքի զարդեղենն էր:
Հազարավոր Հայ ընտանիքներ կողոպտվեցին՝ նախքան անապատներում նահատակվելը (Հայկազն Գ. Ղազարեան, «Ցեղասպան թուրքը», Բեյրութ, 1968, էջ 238-239)»:

«Կորցրած ամեն ինչ, փախստականները մերկ հասան Հունաստան, Բուլղարիա, Կոստանդնուպոլիս ու Սիրիա, մեծ թվով մարդիկ էլ փախան Ռուսահայաստան:
Նրանց ողջ ունեցվածքը, ինչպես նաև շարժական գույքը, որ ստիպված էին թողնել ետևում, սեփականացվեցին թուրքերի ու նրանց իշխողների կողմից»,- հետագայում գրել է Ֆրիտյոֆ Նանսենը «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» հոդվածում…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից