«ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Դ)
Հ. ԱՃԱՌՅԱՆ

Հ. Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածի շարունակությունը՝ ստորև (սկիզբը՝ նախորդող երեք գրառումներում):

«Այժմ խօսում եմ ազգանունների մասին:
Երբ համայնքը փոքր է, անունը բաւական է անհատը համայնքի մնացեալ անդամներից զանազանելու համար:
Օրինակ, մի գիւղում, ուր 10-20-30 տնուոր միայն կայ, երկու սեռը բաժանելով, նրա կէսի չափ միայն տղամարդ և այնքան էլ կին պիտի լինի:
Ուստի եթէ մի 100 անուն լինի, այդ թիւը բաւական է. ամէն մարդ էլ իմանայ, թէ ո՞վ է Կարապետը, կամ ո՞վ է Գրիգորը:
Բայց երբ համայնքը մեծանում է, տների թիւը բարձրանում է 100-ների և
1000-ների, այն սակաւաթիւ անունները այլեւս բաւական չեն: Ուստի կամ պէտք է անունների թիւը շատացնել, ինչ որ անում են, և կամ անուններին պիտի աւելացնեն զանազանիչ մի երկրորդ միջոց: Զարգացման այս առաջին աստիճանը կազմում է ածականը: Անուան վրայ դնում են մի ածական: Վերցնում են նոյն անհատի արտաքին կամ ներքին նկարագրից յատկանշական որեւէ կէտ: Օրինակ՝ հռոմայեցւոց ինքնակալներից մէկը կոչւում էր Յուլիոս. սա մի սովորական անուն էր հռոմայեցւոց մէջ. կային շատ Յուլիոսներ. ուստի այս Յուլիոսը միւս Յուլիոսներից զանազանելու համար կոչեցին «Յուլիոս Կեսար»: Ի՞նչ է նշանակում «կեսար». «կեսար» նշանակում է «փորը ճղած»: Երբ Յուլիոսի մայրը երկունքի մէջ էր, ծնունդը շատ դժուար եղաւ. բժիշկները ստիպուեցին ճղել մօր փորը և երեխային այնպէս դուրս բերել. Յուլիոսը կոչուեց «փորը ճղած Յուլիոս»: Այնուհետեւ Յուլիոս Կեսարը մի մեծ ինքնակալ դարձաւ, և նրա «Կեսար» վերադիրը նշանակեց «մեծ ինքնակալ». այս է «կայսր» բառը:

Ածականով անուններ շատ սովորական են թէ՛ պատմութեան և թէ՛ մեր հասարակ կեանքի մէջ. օրինակ՝ Լենկ-Թիմուր (Կաղ Թիմուր), Իւան Գրոզնի (Իւան Ահեղ), Աշոտ Ողորմած, Գայլ Վահան, Աշոտ Երկաթ, Գող Վասիլ, Ցլիկ Ամրամ, Քոռ Թաթոս, Չոլախ Սարգիս, Փալթարա Մարտին, Նապրասնի Գորդի և այլն:
Ածականներից յետոյ կարելի է դնել անհատի տեղը, ծնուած կամ բնակուած քաղաքը. այսպէս՝ ունենք Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Տաթեւացի, Մովսէս Խորենացի, Խաչատուր Տարոնացի, Գէորգ Սկեւռացի, Ներսէս Լամբրոնացի և այլն:
Երրորդ միջոցն է հայրանուան գործածութիւնը. այսպէս՝ Գրիգոր որդի Յովհաննու, Տրդատ որդի Խոսրովու, Սմբատ որդի Աշոտի: Թիւրքերի մէջ՝ Հիւսէին օղլի Ալի, Ալի օղլի Սուլէյման և այլն: Արաբների մէջ՝ Հասան իբնի Ալի, Ալի իբնի Վեհպի, Մեհէմմէտ իբնի Սուլէման: Ամէնքիս յայտնի է ռուսաց մէջ ընդունուած սովորութիւնը, հայրանունը իբրեւ պատուանուն. Նիկոլա Ալեքսանդրովիչ, Վլադիմիր Սերգեւիչ, իգականի մէջ՝ Աննա Գրիգորիեւնա, Սոֆիա Գերասիմովնա և այլն:
Այս երեք միջոցներն էլ կարող ենք կոչել անհատական կամ աւելի շուտ մականուն, քան թէ ազգանուն:

Ազգանունը այն է, որ դրւում է մի գերդաստանի ամբողջ սերնդի կամ սերունդների վրայ և կարող է դարեցդար շարունակուել: Այսպէս՝ Մամիկոնեան, Բագրատունի, Արծրունի, Գնունի, Սլկունի, Խորխոռունի, Հովնունի, Ձիւնական և այլն հին Հայոց նախարարական տոհմերը, որոնք շարունակուել են երկար դարեր և արաբական շրջանում հետզհետէ վերջացել:
Կան ազգեր, որոնք հայրանուան վրայ կանգնում են և ազգանուան չեն անցնում. այսպէս էին թիւրքերը և պարսիկները, որոնք գիտէին միայն Հիւսէին օղլի Ալի կամ Հիւսէին Փուսերի Ալի. և միայն վերջին քսանամեակում, հետեւելով եւրոպական կարգերին, անցան ազգանուան:
Հետաքրքիր է կարծեմ իմանալ, թէ ինչպէս պարսիկները անցան ազգանուան: 1918 թուականին էր, պարսից կառավարութիւնը յայտարարեց, թէ այսուհետեւ տիտղոսները պիտի ջնջուեն և ամէն մարդ իրեն համար մի ազգանուն պիտի ընտրէ: Ամէն մարդ ընկաւ մտածողութեան խորքը և մի որեւէ տեղից մի բան հնարեց և
թերթում յայտարարեց, թէ ես այսինչ ազգանունն եմ վերցնում: Այլեւս ոչ ոք այդ ազգանունը վերցնելու իրաւունք չունէր: Երկու տարի տեւեց այդ գործողութիւնը և ամէն ընտանիք կամ գերդաստան տարբեր ազգանուան տէր դարձաւ:
Արաբներն էլ կանգնել են հայրանւան վրայ և որովհետեւ միայն հայրանունը քիչ էր զանազանելու համար համայնքի զանազան անդամները իրարից, աւելացրին նրա հետ նաեւ մի մականուն և այն անձի ո՞ր տեղացի լինելը:
Արաբների մէջ կայ նաեւ մի ուրիշ տարօրինակ սովորութիւն, որ միայն արաբներին է յատուկ: Ենթադրենք մի մարդ Հասան անունով, սա ենթադրենք թէ Հիւսէինի որդին է, ուստի լինում է Հասան-իբնի-Հիւսէին. նա ասենք Բաղդատ քաղաքից է, ուստի լինում է
Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի, նա ունի մի մականուն, ենթադրենք՝ Ֆաթթահ. ամբողջ լինում է Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի-Ֆաթթահ: Բայց այսքանը քիչ է. նա ամուսնացաւ, ունեցաւ մի որդի Ալի անունով. հայրը այժմ իր վրայ վերցնում է ապու-Ալի, այսինքն՝ «հայր Ալիի» տիտղոսը և դառնում է Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի-ապու-Ալի-Ֆաթթահ: Որդիները շատացան. նա ունեցաւ երկու որդի եւս, մէկը Մուսթաֆա և միւսը Սուլէյման: Ուստի այդ մարդը դարձաւ՝ Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի ապու Ալի-ապու-Մուսթաֆա-ապու- Սուլէյման-Ֆաթթահ: Արաբ պատմութեան և գրականութեան մէջ շատ ենք պատահում այսպիսի կանգունաչափ անունների. օրինակ՝ մի բանաստեղծ կայ, որի անունն է՝ Իզզ-էդ-դին-Աբդուլ-Ֆուտաւէլ- Արդուլ-Վահապ-Ամադ-էդ-դին. իբն-Իբրահիմ-էլ-Սենճանի: Եգիպտոսի սուլթաններից մէկի քարտուղարն է Շէյխ- ար — Ռայիս -Սաֆի — ադ- Դավլաւ իբնի — աբու — Մաալի — իբնի-Շարաֆի:
Արաբ ուղեգիրներից մէկը կոչւում է Աբու — Աբդալլահ — Մուհամմէդ-բին-Աբդուլլահ — բին-Մուհամմէդ-բին-Իբրահիմ-էլ-Վաթիւէդ-Դանջի-իբնի Բատուտա — Նեմմ — էդ — Դին: Մի արաբ բժիշկ կայ, որի անունն է Զիա-էդ-դին-ապու-Մուհամմէդ-Արդալլահ — բին- Ահմէդ-էն-Նուբաթի-էլ-Մալաքի: Արաբ պատմիչ Իբն-Խալլիքանը իր «Վեֆայաթ էլ Աայան» գրքում (թրգմ. Գ. Մըսրլեան, Գահիրէ, 1935 թ., էջ 8), այսպէս է անուանում Խորասանի էմիրներից մէկի անունը. — Էլ էմիր Կութէյբա բին աբի Սալիհ Մուսլիմ բին Ամր բին էլ Հոսէյն բին Ռաբիա բին Խալիդ բին Էսիդ էլ Խէյր բին Կուդայի բին Հիլալ բին Սալամա բին Սաալաբա բին Վաիլ բին Մաան բին Մալիք Աասար բին Սաագ բին Կայս Այլան բին Մոդար բին Նիզար բին Մուադդ բին Ադնան էլ Բահիլի:
Սա այդ մարդու ամբողջ ցեղաբանութիւնն է: Իբն-Խալլիքանը մի ուրիշ անգամ էլ տալիս է մի իշխանի երկար անունը և յետոյ էլ աւելացնում է. «Մնացեալը չեմ յիշում»:
Դժբախտաբար ես էլ էջը չեմ յիշում:
Հայրանունները կարող են կրկնուել, այսինքն դնել պապի և պապի հօր, գուցէ և պապի պապի անունը:
Արաբական սովորութիւնը քիչ-քիչ կամ մասամբ տարածուեց հպատակ կամ կրօնակից ցեղերի վրայ. օրինակ՝ Մատակասկարի թագաւորներից մէկը կոչւում է Անդրիանամպոյինիմերինա:

Սպանացիք էլ սիրում են կազմել երկար անուններ: Մի առակ կայ:
«Հարաւային Ամերիկայում մի սպանացի գիշերը անտառում կորցրել է ճանապարհը. ստիպուած թակում է մի անգլիացու դուռը և խնդրում է, որ իրեն թոյլ տայ գիշերել. անգլիացին մութ տեղը պատուհանը բաց արած հարցնում է՝ ո՞վ է:
Սպանացին պատասխանում է. «Ֆերնանդօ-դելլոս-Վեստոս-Սերվալոս-Մինկոս-Սանթա-կուզենօ-Տիխօնոս»:
Մեր տունը փոքր է, այդքան մարդու տեղ չկայ, ասում է անգլիացին և պատուհանը փակում»:

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: