«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Դ)
Ցեղասպանությունից հրաշքով փրկված ու զանազան գավառներում ցրված Հայ ազգի վիրավոր զավակները փորձում էին վերստին ոտքի կանգնել փոթորկալից իրադարձություններից հետո, շարունակել կյանքը՝ համընդհանուր ատելության ու կոտորածների վախի մթնոլորտում…
Հայերի տեղահանության, աքսորի ու զանգվածային կոտորածների կազմակերպիչներն ու կատարողները՝ պետական պաշտոնյաները, ոստիկաններն ու ժանդարմները մեծ մասամբ շարունակում էին մնալ իրենց պաշտոններում: Ավելին, Տրապիզոնում 1915-1916 թվականներին իր չեթէների՝ ավազակախմբի հետ Հայերին տեղահանած ու ջրասույզ արած ջարդարար ու կողոպտիչ թոփալ Օսմանը 1919-ին նշանակվեց Կիրասոն քաղաքի ղեկավար: Եվ երկու տարի անց, 1921 թվականին, շարունակեց իր եղեռնագործությունները:
«Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի դաշնակից Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրվեց Մուդրոսի զինադադարը:
Կարևոր է նշել այն հանգամանքը, որ այդ զինադադարից հետո կայսրության տարածքում սկսվեցին ձևավորվել «ինքնապաշտպանական խմբեր» ընդդեմ Անտանտի, բայց իրականում՝ ընդդեմ Հունաստանին և Հայաստանին տարածք զիջելուն:
Այդ խմբերի գործողությունների թիրախ դարձավ Հայ և Հույն բնակչությունը: Դրանցում անդամագրվում էին շատ մահմեդականներ, որոնք ժամանակին մասնակից էին եղել Հայերի, հույների և ասորիների դեմ ոճրագործություններին և այժմ փորձում էին խուսափել պատասխանատվությունից» (մեջբերումը՝ Գևորգ Վարդանյանի՝ «Պոնտոսի հույների ցեղասպանությունը» հոդվածից):
Խնդրո առարկա ժամանակահատվածին անդրադառնալով՝ կյանքի մայրամուտին իր «Կարապի երգը» թողեց բնիկ Սեբաստացի, 1915 -ը վերապրած ու ճակատագրի հեգնանքով տարիներ անց կրկին եղեռնագործության բովում հայտնված Նշան Զորայանը (1887- 1953)՝ Վահանի ու Սանդուխտի որդին: Նա շարադրեց ականատեսի իր հուշերը՝ 1921 թվականի ամռանը «Սեբաստիոյ կուսակալութեանը պատկանող Մարզուան գաւառում» պատուհասված դեպքերից:
Զարմանքով ու տարակուսանքով նա արձանագրում է, որ նույնիսկ 29 տարի անց Հայ մամուլի կողմից անարձագանք է մնացել «կաղ (թոփալ) Օսման կոչված լազ արյունարբու ավազակի և իր հրամանի տակ գործող չեթէներից կազմված հրոսակների ու գավառի թուրք ազգաբնակչության արյունածարավ հորդաների դժոխային արարքը»:
Այդ «անտարբեր մնացած սպանդին զոհ գնաց Մարզվանի 1800 -ից ավելի՝ գլխավորաբար Հայ արու բնակչությունը»:
Մարզվանի Հայության «գլխուն տեղի ունեցած հրեշային ջարդից 15 ամիս անց, թուրք-հունական պատերազմի ավարտին ճանապարհների վերաբացումից հետո միայն նա հնարավորություն ունեցավ «դուրս գալ այդ դժոխքից՝ դեկտեմբերի 1-ին հասնելով Կ.Պոլիս, որտեղից էլ՝ հազարավոր Հայերի նման, 1923 թվականի ամռանը հեռացավ՝ հանգրվանելով Ֆրանսիայում:
«1923 թվականի սեպտեմբերի կեսերուն մտայ Ֆրանսիա՝ առանց դրամի, հինգ հոգինոց ընտանիքով մը»…
Վերհիշելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող՝ 1918 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարված զինադադարի բերած ուրախությունն ու «ողջ մնացած Հայերու՝ տարագրությունից հետո իրենց տները վերադարձի հնարավորության պարգևած հրճվանքը, երբ հնչել էր Թուրքիոյ հետ հաշվեհարդարի ժամը», նա պատմում է, թե ինչպես նոյեմբերի 20-ին, երբ «գրպանում միայն 1 կարմիր հնչուն դրամ ուներ», բախտի անակնկալ հաջողությամբ ներկա եղավ փողոցում թուրք կառապանի ու թուրք վաճառականի վեճին:
Փոխադրվող 8 պարկ շաքարի թրջվելու պատճառով վերջինս հրաժարվում էր վճարել կառապանին ու, վեճին հեռվից հետևող բազմության մեջ տեսնելով իր ծանոթ Հայ շաքարագործին՝ Նշան Զորայանին, առաջարկում է 100 -ական կիլոանոց չորս պարկերի շաքարն էժան գնել ու աշխատանքի մեջ օգտագործել՝ թրջված ապրանքի վնասը չեզոքացնելու նպատակով: Ու դա հնարավորություն ընձեռեց Նշան Զորայանին վերստին նպարավաճառի խանութ հիմնելուն:
«…Անգամ մը կառավարութեան ապրանքը ավելածուն պարկ մը թուղթ կը բերէ մեր նպարավաճառի խանութը իբրև փաթույթ մը, որոնք կառավարական արխիվներէն հանէր էր՝ առանց գիտնալու, թէ անոնց մէջ ի՞նչ կարևոր թուղթէր կը գտնուէին: Ամենը աչքի անցուցի և կարգ մը փաստաթղթէր ջոկեցի՝ օգտագործելու նպատակով:
Ատոնց մեջէն ամէնակարեւորը ձեռագիր մըն էր, որ Պոլսոյ ներքին գործոց նախարար «Թալեաթի» ստորագրութիւնը կը կըրեր՝ Սեբաստիայի կուսակալ Մուհամմեդ փաշային արտոնած, որուն պարտականութիւնն էր հետեւեալը, որուն իմաստը այսօրվան պես միտս է.
«Սեբաստիոյ կուսակալ եւ արեւելեան վեց նահանգներու զին. քօմիս. Մուհամմետ փաշա.
Իթթիհատ եւ Թերահգիթը մեր կուսակցութեան Թուրքիոյ մեջ Հայութեան հանդէպ ձեռք առնելիք միջոցները, կուսակցութեան կողմէ օրը օրին տեղեկացուած ինք: Ներկայիս Վանի և Շապին Գարահիսարի Հայերը գործի անցած են և Օսմանեան կառավարութեան դեմ ապստամբած, թուրք բնակչութեանը ջարդած ու մեր կանոնավոր զորքերուն դեմ կը կռվին բացէիբաց:
Այժմ այլեւս Հայոց ունեցած անջատական քաղաքականութիւնը ակներեւ է, որոնք անհավատ ռուսներու անհապաղ օգնութեանն ապավինած, Օսմանեան կայսրութիւնը մեջէն քայքայելու ոճիրը գործելու հանդգնած են:
Այս իսկ տուեալներով՝ մեր բարեկամ Սուլթանին նախարարաց և մեր մեծ կուսակցութեան անդառնալի որոշումով Սուլթանը հրամայած էր իր կայսրութեան շրջանին մէջ ապրող անհաւատ Հայերը առհասարակ բնաջնջել, օրօրոցի մանուկէն մինչեւ գետնաքարշ ծերերը՝ երկու սեռերով, բացի անոնցմէ, որոնք կընդունին մեր վալի մի (ուղղափառ) կրօնը:
Այս որոշումը, որքան որ անդառնալի է, սակայն միակողմանի կետ մը կայ, որուն ուշի ուշով պէտք է մտածեք և ըստ այնմ գործադրեք տրուած որոշումը:
Գիտեք, որ մեր կանոնաւոր զինւորները այս պահուս ռազմական ճամփաներու վրայ կռուի բռնուած են, որով՝ վերագրեալ պարտքի գործադրութեան համար բանակէն զինվոր չենք կրնար տրամադրել:
Ուստի, պէտք է շատ մեթոդիկ կերպով գործել:
Հայերը չպէտք է գիտնան իրենց սպառնացող վտանգը, այնպէս որ, դուք կարող ըլլաք միայն ոստիկանական ուժով գլուխ հանել գործը: Նախ՝ հավաքեցեք այրերը բանտերու մէջ և գիշերով խումբ-խումբ ղրկեցեք անմարդաբնակ լեռների մէջ մաքրագործելուն:
Անկէ վերջ մնացեալը դյուրին է:
Կիները և մնացած հատ ու կտոր մարդիկը պէտք է տեղահանուին դեպի Արաբիոյ անապատները՝ հեշտութեամբ մաքրագործելու ճամբու ընթացքին, ըլլայ անապատի չոր ու ցամաք ավազներու վրայ:
Իսկ եթէ, մի արասցէ, Հայերու քիթը հոտ առնէ և տեսնեք թէ ամէն Հայաշատ քաղաքներ Վանի և Շապին Գարահիսարի նման ոտքի կանգնին և ընդդիմադրութեան նշան ցույց տան, զգու՛յշ եղեք և շողոքորթեցե՛ք, որ տեղի չունենայ որևէ ապստամբութիւն:
Այդ տեսակ պարագային պէտք է հետաձգել մեր ծրագրի գործադրումը՝ մինչեւ հարմար առիթը ներկայանալը, ձերբազատուիլ միանգամ ընդմիշտ սա «Հայկական հարց» ըսած անիծեալէն:
Առ այս ուշիմ գործելակերպին նախապէս տեղեակ կը հուսանք, որ կետ առ կետ կարող պիտի ըլլաք հաջողութեամբ գլուխ հանիլ մեր ծրագիրը:
Ընդունեցեք եղբայրական բարևներս:
Թուրքիոյ ներքին գործոց նախարար՝ Թալեաթ»:
Ահա, այս փաստաթուղթին հետ ուրիշ կարեւոր փաստաթղթեր ալ ոչնչացան Մարզուանի ջարդ ու թալանի ընթացքին»…
…«1920-ի ապրիլի վերջերը անվերադառնալիօրէն ձգեցի ծննդավայրս՝ օտարութեան ցուպը ձեռքս առնելու հարկադրաբար»…
«…Հորենական տունս, որուն նորոգութեանը միայն 40 ոսկի ոսկեդարամ ծախսած էի տարի մը առաջ, տեղացի Հայու մը հանձնեցի իբրեւ վարձակալ, սակայն իմ մեկնումէն քանի մը ամիս վերջ կառավարութիւնը դարձեալ գրաուել էր իբրև լքեալ գույք: Կառավարութեան հանձնարարութեամբ տեղական Հայերու կալուածները կամ կը ծախէին և կամ փլցունել կուտային՝ մեջի փայտերը ծախելու համար»…
«…Հարկ կը համարիմ հոս նշել, որ Սեբաստիոյ մէջ լքեալ էին Հայերուս հարստութեանց մեծ մասը:
Զատկուան հաջորդող Կանաչ կիրակիի առաւօտեան երկու խոշոր բեռնատար կառքեր բեռցուցինք, որոնց պարունակութիւնն էր՝ մեկը՝ ամբողջական գորգ ու կարպետներ, անկողիններ, միւսն ալ՝ կարագ, յուղ, պանիր, թիթեղներու մեջ տեղաւորուած և սնտուկներով չամիչ, Մալաթիայի նուշով պաստեղ և չոր ծիրանի, որոնք կը տանէինք Սամսուն՝ ծախելու, իսկ մենք ալ, ընդամենը հինգ հոգի (ես, տիկինս, քույրս, ընկերս՝ Թաթէոսը և մեզի հոգեզաւակ ըրած ութ-տասը տարեկան աղջնակ մը)՝ առանձին կառքը նստած ճամբայ ելանք դեպի Սամսուն»…
«Ամենավտանգավոր կողոպտիչների ավազակախմբերով» լի ճամփեքով հասնում են մինչև Սամսուն՝ հղիության վերջին ամիսն անցկացնող կնոջ հետ: Այնտեղից էլ՝ քրիստոնյաներին նավով ցանկացած ճամփորդության արգելքի հրապարակման պատճառով, երեք ամիս անց ծանոթների հետ տեղափոխվում են Մարզվան՝ ժամանակավորապես՝ այնտեղի առողջարար օդով ու հաճելի պարտեզներով իրենց «ջերմի տենդի վարակից» բուժվելու, ապաքինվելու նպատակով:
«…Մարզվանի մեջէն կանցնէին Հայաստանի Հանրապետութենէն գրավված զինամթերքներ, որոնց վրայի Հայկական արձանագրութիւնները տեսնելով սրտերնիս կզարնէր:
Գիտէինք, որ Հայաստանը կրկին ոտնակոխ եղած էր Ղարապեքիրի զորքերէն և Համայնավար Ռուսաստանը՝ դավաճանած Հայաստանին, դաշնակցած էր Քեմալական Թուրքիոյ և անհատնում զինամթերք և հնչուն ոսկի կը հոսեցնէր «եղբայրական Թուրքիայ», յուսալով, որ Թուրքիան որս մը պիտի ըլլար համայնալար ուռկանին մէջ քաշելու, և այս անմիտ քաղաքականութեան մէջ զոհած էր նորածին Հայաստանը և զիջած Կարսն ու Արտահանը: Այսպես, բոլշևիկ Ռուսաստանը, որ Հայաստանը բռնի բոլշևիկացրած էր, դաշնակցած էր թուրքին հետ»…
«…1921 թվականի Յուլիսն էր: Վարդավառի պահոց առաջին օրն իսկ լսեցինք, որ թօփալ Օսմանը Կիրասոնէն Օրտուն անցնելով՝ Սամսուն հասած է իր տրամադրութեան տակ մտնող մեծ մասամբ լազերից բաղկացած զորախմբով և Մարզուանէն անցնելով դեպի Անգարա պիտի ուղեւորվի՝ Քեմալին օգնութեան»:
Շարունակությունը՝ հաջորդիվ…