«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Գ)

Հիշատակելով Հայոց պատմության որոշ դրվագներն ու Աբդուլ Համիդին բնորոշելով որպես հարյուրամյակների ընթացքում եղած սուլթաններից ամենանենգն ու դաժանը, նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, Խաղաղության մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը վկայում է օսմանյան կայսրության կողմից 19-րդ դարի վերջերից պարբերաբար բոլոր շրջաններում Հայերի հանդեպ իրականացված անմարդկային բարբարոսությամբ կոտորածների, խոշտանգումներով տանջանքների մասին:
«Այդ գազանություններն իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր վայրագությունները…» (Ֆ. Նանսեն, «Հայաստանը և Մերձավոր արևելքը»):
Հավելելով՝
«Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, Հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն՝ որոշակի հաջողությամբ, ինչպես եղավ Վանում ու Կիլիկիայի լեռներում»:

Բիրտ ու վայրենի հարձակումներն ու կողոպուտը չդարարեցին հետագայում ևս…
Անահիտ Աստոյանի՝ «Հայերի ունեզրկումը Թուրքիայում 1918-1923 թվականներին» ուսումնասիրության մեջ կարդում ենք.
«Ազգայնական շարժման շրջանում Թուրքիայի ողջ տարածքում շարունակվեց արևմտահայության բեկորների հալածանքի, ոչնչացման և նրանց ունեցվածքի կողոպուտի քաղաքականությունը: Երիտթուրքերի գործելակերպն ամբողջապես փոխանցվել էր ազգայնականներին: Հայերի տների խուզարկությունները, նրանց ունեցվածքի բռնագրավումը սովորական երևույթ էին:
Կ. Պոլսին մերձակա Նոր-Գյուղ և Օրթագյուղ գյուղերից Հայերը, չվստահելով ցամաքային ճանապարհներին, ալյուր և ցորեն բերելու համար ճանապարհ էին ընկել ծովով:
Թուրքերը թալանեցին նավերում եղած ողջ պարենը և Հայերին ենթարկեցին խոշտանգումների: Ավազակները գողացել էին նաև Նոր-Գյուղի Հայերի ձիերը, թալանել դաշտում աշխատող երիտասարդներին:
Յալովայի ճանապարհին կողոպտվել էին մի խումբ Հայեր: Հաճախակի էին դարձել գյուղերի վրա ավազակային հարձակումները: Հայերը չէին համարձակվում դուրս գալ իրենց տներից:
Այս ամենը կատարվում էր Կ.Պոլսի մերձակայքում:
Եվ որքան հեռու մայրաքաղաքից, այնքան ավելի՛ երկյուղալի վիճակ էր Հայերի համար: Երիտթուրքերի գործելակերպն իշխում էր ամենուրեք. սպառնալիքը, ծեծը, հալածանքը, կողոպուտը, սպանությունները հաջորդում էին իրար:
Մարզվանում 1919 թվականի առաջին ամիսներին տիրում է անօրինակ մի սարսափ, որը նման էր 1915 թվականի արհավիրքներին: Բոլոր թուրքերի բերանից հնչող խոսքը հետևյալն է. «Տարագրե՛լ, մորթե՛լ, քերթե՛լ, թալանե՛լ»:
Պատճառը Մուստաֆա Քեմալի առաջնորդած ազգայնական շարժման հաջող ընթացքն էր, քանզի բոլոր նահանգներն ու գավառները միացել էին ազգայնականներին:
Հայերին և հույներին մեկ թիզ հող չտալու համար նրանք պատրաստ էին նրանց արյան վերջին կաթիլը թափել: Լեռներում պտտվող ավազակախմբերը ղեկավարվում էին Մուստաֆա Քեմալի կողմից:
Քաղաքից անգլիական 300 զինվորների մեկնումից հետո բոլորովին անապահով վիճակ էր ստեղծվել Հայերի համար:

Մարզվանի Հայերը, սարսափի մատնված, գրեթե ողջ ունեցվածքը շուկա էին հանել և վաճառում էին՝ որպեսզի մեկնեն:
Պատկերը հիշեցնում էր 1915 թվականի դեպքերը, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ ժողովուրդն ինքնաբերաբա՛ր անում է այն, ինչը որ տեղահանության ընթացքում կառավարությունը կատարել էր բռնի ուժով:
Ամեն ոք շտապով վաճառում էր այն, ինչ ուներ և աշխատում օր առաջ հեռանալ: Հայերի տեղահանության և կոտորածների պատասխանատու երիտթուրքական ոճրագործները, ովքեր ձերբակալվել էին կառավարության կողմից, չորս ամիս բանտում մնալուց հետո ազատ արձակվեցին և համարձակ շրջում էին քաղաքի փողոցներով:

Կյանքի անապահովությունը, ավազակային հարձակումները, կողոպուտները, տիրող մղձավանջային վիճակը ստիպում էին Հայերին թողնել իրենց հայրենի տունը և գաղթել օտար ափեր»:
…«Անկարայի Ազգային մեծ ժողովի երեսփոխան երիտթուրք Ճենան Ալի բեյը, Այնթափ գալով, տեղի թուրքերին հորդորել էր տնտեսական բոյկոտ հայտարարել Հայերին:
Հայերի դեմ բոյկոտը տալիս էր իր արդյունքը, քանի որ Հայ մանրավաճառներն ու արհեստավորները, փակելով իրենց տները, ստիպված գաղթում էին Հալեպ: Այն շենքերը, որոնք պատերազմի տարիներին չնչին գներով թուրք կառավարության կողմից վաճառվել էին, իսկ հետագայում անգլիական զինվորական հրամանատարությունը վերադարձրել էր տերերին, այժմ կրկին վերագրավվել էին թուրքերի կողմից: Այնթապում արգելված էր Հայերի երթևեկը:
Թեև մեկնողներին անցագիր էր տրվում, սակայն նրանց բացահայտ ասվում էր, որ արգելված է իրենց վերադարձը: Իսկ նախապես երկրից մեկնողներին կտրականապես արգելված էր երկիր վերադառնալ»:
«Կ. Պոլսի թուրքական «Բոսֆոր» օրաթերթը տեղեկացնում էր, որ Մուստաֆա Քեմալի հրամանի համաձայն, Կերասոնի քրիստոնյաները տեղահանված են, իսկ նրանց գույքերը` բռնագրավված: Քեմալը հրամայել էր Դիարբեքիրի կուսակալին, որ կոտորի այդ շրջանի բոլոր քրիստոնյաներին: Կուսակալը հրամանը իրականացնելուց հետո կողոպտել էր նրանց ունեցվածքը և կրակի տվել տները:
Երկրի ներքին գավառներում ընդհանուր սարսափ էր տիրում: Երևելի Հայերի տները տևականորեն խուզարկվում էին և կողոպտվում, այդ պատճառով շատ Հայեր Ամերիկա մեկնելու համար դուրս են գալիս իրենց բնակավայրերից: Իշխանությունները արգելքներ էին ստեղծում Հայերի տեղաշարժի համար: Բանտարկվում էին այն Հայերը, ովքեր թուրքի հագուստով փորձում էին փախչել Կ. Պոլիս:
Թուրքական աղբյուրը վկայում է, որ Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժումը ֆինանսավորվել է Հայերի ունեցվածքի կողոպուտով հարստացած թուրք կալվածատերերի, առևտրականների, արդյունաբերողների, զինվորականների և հասարակական գործիչների կողմից:
Նրանք ֆինանսավորել են բանակից դուրս գործող ավազակախմբերին, որոնք ազգայնական շարժման հիմնական ուժն էին: Այդ ավազակային շարժման ղեկավարներն էին Թոփալ Օսմանը, Դելի Հալիթը, Ռեջեբ Իփսիզը, Դելի Մեսուդը և Յահյա Կապտանը»:
…«Հայերի ունեցվածքի կողոպուտն ուղեկցվում էր թուրքերին և քրդերին դրանց բաշխումով: «Իգտամ» թուրքական թերթն իր 1922 թվականի փետրվարի 8-ի հրապարակման մեջ հայտնում էր, որ երկրի արևելյան նահանգների աշիրեթներով զբաղվող հանձնաժողովն իր վերջին նիստի ժամանակ որոշում է կայացրել Հայերի լքյալ գույքերը բաժանել քրդերին:
Կ. Պոլսի «Վերջին լուր» օրաթերթի 1922 թվականի դեկտեմբերի 8-ի լրատվության համաձայն, իշխանությունները որոշում են ընդունել Արևմտյան Անատոլիայի լքյալ գույքերը կարիքավոր թուրք վերաբնակներին հանձնելու մասին: Այդ նպատակով ստեղծվել են հանձնախմբեր, որոնք պետք է զբաղվեն նրանց բնակեցման խնդիրներով»:
…«1919-1922 թթ. քեմալականների հաղթանակը Թուրքիայում աշխարհացրիվ արեց 1915 թվականի Մեծ եղեռնից փրկված Հայ ժողովրդի բեկորներն իրենց բնակավայրերից:
1915 թվականի եղեռնը վերապրած 818 հազար Հայեր վերադարձել էին իրենց նախկին բնակավայրերը: Այդ Հայերի մոտավորապես 700 հազարը 1922 թվականի վերջին քեմալականների հալածանքներից մազապուրծ` կողոպտված և ունեզրկված, վերջնականապես լքեց պապենական օջախները և արտագաղթեց Խորհրդային Հայաստան, Հյուսիսային Կովկաս, Պարսկաստան, Սիրիա, Լիբանան, Բալկաններ և Ամերիկա»:


Գևորգ Վարդանյանի՝ «Պոնտոսի հույների ցեղասպանությունը» հոդվածից.
«Քեմալականները լրջորեն նախապատրաստվում էին Անկարայի պաշտպանությանը, և քանի որ Սակարիա գետի ափին էին հավաքվում բոլոր կարևոր ուժերը, Օսման աղան ևս իր 3.500 հոգանոց չեթեով ուղղվեց այնտեղ: Այս խումբը պետք է անցներ Մարզվան Կավզայի ճանապարհով:
1921 թ. հուլիսի 20-ին հասնելով Կավզա՝ նախօրոք կազմված ծրագրով ամբողջ քրիստոնյա բնակչությանը՝ առանց որևէ մեկին կենդանի թողնելու` մեծից մինչև նորածին, այր, թե կին, Հայ, թե Հույն ջարդեցին (Հայկունի Պ. Ա., Թօփալ Օսման և դէպքերը Մարզուանի մէջ Զինադադարէն յետոյ, Աթենք: Տպ. «Նոր օր», 1924, էջ 36):
Թոփալ Օսմանի ուժերը Մարզվան են հասնում 1921 թ. հուլիսի 23-ին:
Մարզվանում կատարված ջարդերին է անդրադառնում «Թայմս» օրաթերթը բավական ընդարձակ հոդվածով, որտեղ մասնավորապես նշվում է.
«Մոտ 500 կին և երեխա է արտաքսվել գյուղերը՝ Մարզվանի մոտ՝ 15 մղոն հեռավորության վրա: Քաղաքի մեծահասակ բնակչության մեծ մասը սպանվել է: Անկանոն զորքերը մեծ ջանք են գործադրում հայտնաբերելու Հայերին, որոնք մահմեդականացվել են 1915-1916 թվականներին, բայց հետո վերադարձել իրենց քրիստոնեական հավատին, երբ բրիտանացիներն էին հսկում Մարզվանում» (The Turk at work, «The Times», 26th October, 1921, p. 11):

Այնուհետև պարզ է դառնում, որ քաղաք մտած անկանոն ուժերը մի քանի օր մնալով քաղաքում, ավելի քան 2.000 քրիստոնյա (Հայ և Հույն) բնակչությանը սպանդի են ենթարկում:
Մարզվանում Օսման աղայի հրոսակախումբը հինգ ժամվա ընթացքում այրում է քրիստոնյաների տները` ծաղրելով. «Որտե՞ղ են ձեր անգլիացիները, ամերիկացիները և ձեր Քրիստոսը, որ օգնեն ձեզ» (Livre Noir: La Tragédie Du Pont 1914 — 1922 (Black Book: The Tragedy of Pontus 1914 — 1922), Athénes: Imprimerie Phoenix, 1922, p. 21):

1914-1918 թվականների օրհասական տարիների աղետը վերապրելուց հետո, ճակատագրի բերումով Մարզվանում ժամանակավոր հանգրվանած մի Հայ՝ բնիկ Սեբաստացի Նշան Զորայանը՝ ծնված 1887 թվականին, իր՝ անավարտ մնացած հուշերում նկարագրում է դրվագներ՝ 1921 թվականի հուլիսի կոտորածներից, ականատեսի իր վկայություններով փաստելով իրականացված ոճիրը:
Իր սերունդներին Նախնիների ապրած «դժնդակ օրերու» դասով խրատելու նպատակով շարադրած այս հուշերով նա յուրօրինակ մի «հուշարձան» է կերտել՝ որպես զգոնության պատգամ, ժառանգաբար փոխանցելով դժվարություններից երբեք չընկրկելու աննկուն կամքն ու ոգին…
Հիշյալ հուշերից քաղված որոշ հատվածներ՝ հաջորդիվ…
