«ԵՐԿՈՒ ՏՈՂ»

Հայ ազգի ու Հայոց Հայրենիքի ազատության ու լուսավորության անխոնջ մարտիկն էր Միքայել Նալբանդյանը՝ Նոր Նախիջևանում ծնված հանճարեղ Հայորդին, որի նախնիները դարբիններ էին: Ազատատենչ իր գաղափարներով նա պայքարեց գրչով՝ «մաքառելով անցավ իր ուղին», մերժելով առաջադիմությանը խոչընդոտող բարքերն ու կղերականներին, «իր շռնդալից երգերով» սերունդներին պատգամելով լուսավոր ու ազատաբաղձ Ոգին:

Դերենիկ Դեմիրճյանի բնութագրմամբ՝ «Միքայել Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն էր ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։
Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ ու մաքրեց հասարակական կյանքի օդը»։

«Որքան մոլորությունք որ կան աշխարհի երեսին, այդ բոլորը սկզբնաբար ծագել են կա՛մ բնությունը թյուր հասկանալուց, կա՛մ իսպառ չհասկանալուց» (Մ․ Նալբանդյան):

Լուսավորությունը՝ կրթությունն ու դաստիարակությունը համարելով Հայ ազգի հոգևոր Վերածննդի հիմքը՝ նա համարձակ քննադատեց բռնությունը, խավարն ու տգիտությունը:

1861 թվականին Չամուռճյանը՝ Մ. Նալբանդյանի քաղաքական հայացքներն ակնարկելով ու նրան համարելով որպես «սխալ ճանապարհով գնացող», գրում էր Այվատյանին.
«Մենք այսպես մարդուն հերետիկոս կըսենք, քու լեզվովդ ասոր ի՞նչ կըսեք նե՝ մեզ ծանուցանելիդ շնորհ կհամարիմ» և խորհուրդ է տալիս նրան՝ ում ուզում է՝ հետևի, միայն ո՛չ Նալբանդյանի գաղափարներին. «Միայն թե Նալբանդյանը չըլլա քեզի աստվածաբանության դաստու ընտրածդ»: (Միքայել Նալբանդյան, Երկեր, հ. 4, էջ 416):

Շեշտելով, որ իր գաղափարների համար իր անձի՛ վրա հարձակումները չկարողացան անգամ «մի մազի չափ խոտորեցնել իր ուխտյալ ճանապարհից» ու զղջալով «գեղջուկ հայհոյությունների դեմ» պատասխանի վրա ծախսված ժամանակը, «եզվիտների ձեռքին գործիք» դարձած Չամուռճեանին Նալբանդյանը հակադարձում է «Երկու տող»-ով ու՝ հեգնանքով.
«Կարկատած աբեղայական խոսքեր, հավատացնում ենք, որ ժանգոտ փարայի արժեք չունին մեր աչքում»…

1861 թվականի մարտին Փարիզում գրած «Երկու տողի» մասին սանկտպետերբուրգյան գրաքննչական ատյանի բացասական բնութագրման մեջ նշվում էր, որ Մ. Նալբանդյանը «…Հայերի ազատությունը և իրավունքները պատրաստ է ձեռք բերել զենքի ուժով, մեղադրում է հայկական հոգևորականությանը սոսկալի ոճրագործությունների մեջ, նշավակում է հետադիմությունը և ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերած անտարբերությունը, փառաբանում է ազատությունը և ողբում անցյալի փառքը, նշում է ժողովրդի ինքնաազատագրման ճանապարհը»… (Մ. Նալբանդյան, հ. 4, էջ 409):

Որոշ հատվածներ «Երկու տող»-ից՝ ստորև:

«Մեք ազատակամ նվիրեցինք մեզ հասարա՛կ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվիրեցի՛նք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։
Բայց այն խեղճ Հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ և քաղցած Հայը, ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից, այլև՝ յուր հարուստներից, յուր հոգևորներից և կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից. ահա՛ այն Հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը»։

«…Քրքրելով մեր անբախտացած ազգի թշվառությունների տարեգիրքը, ի՛նչ ենք տեսանում։
Ո՛րտեղ մի գայթակղություն, որի պատճառը չէր եկեղեցական, որտե՛ղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական, որտե՛ղ խռովություն, որի խմորը չէր եկեղեցական։

Այո՛, ժամանակը լցված է, ուստի և հրապարակի առաջև ասում ենք. տերութենական լրտես — եկեղեցական, ազգը մատնող և դավաճանող — եկեղեցական, փառքի և պատվանշանի համար, թողունք նյութական կողոպուտը․․․ կաթողիկոս թունավորող — եկեղեցական, եկեղեցի կողոպտող — եկեղեցական, չարաչար արբեցության համար պատուհասվելուց փախչելով, յուր եկեղեցուն դրժող և դեպի պապականություն դիմող — եկեղեցական, կաթողիկոս չընտրվելու համար հավատն ուրացող — եկեղեցական, հրապարակյալ ճակաճանության մասին դատաստանից խիթալով վեղարը գետնին զարկող, կրոնավարական կարգը ուրացող և մինչև յուր անասնական կյանքի վերջը բոզի հետ կենակից — եկեղեցական, դպրոցների գումարը անհետացնող — եկեղեցական, ի վերջո ամեն բան — եկեղեցական. վասն զի ձանձրալի է մի ըստ միոջե թվել։
Իրավունք չունե՞ր արդյոք «Հյուսիսափայլը» Հայոց եկեղեցու ոտքից մինչև գլուխ ռեֆորմը պահանջելու»։

«…Ռեֆորմ պահանջում ենք առհասարակ եկեղեցական կառավարության մեջ, որ խառն ի խուռն և անկարգությամբ հառաջանալով, մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության։
Այս վերջին պարբերության ընդդեմ, մասնավորապես, պիտի եռ գան դարձյալ ախտերը, պիտի դարձյալ կրկնեն նույն բանը, ինչ որ վաղուց արդեն լսում ենք զանազան հոգևորներից, թե նոցա արդյունքն է, որ Հայոց ազգը ապրում է մինչև այժմ աշխարհի երեսին։
Եթե կան մի տեսակ մարդիկ, որ ընդունում են այս սնոտի պարծանքը եկեղեցականների, ո՛չ միայն չկատարած, այլև երազու՛մ անգամ չտեսած գործի մասին, մեր փույթը չէ. մեք մեր կողմից հոգու ամենայն զորությամբ մերժու՛մ ենք եկեղեցականների այդ մտացածին արդյունքը և խնդրում ենք գո՛րծ ցուցանել մեզ։

Ի՞նչով պահեցին ազգը, դպրոցներո՞վ, մատենագրությա՞մբ, քարոզությա՞մբ, ընկերություններո՞վ, ու՞ր են ապա այդ բաները, ուրեմն ի՞նչով… և վերստին, ի՞նչով։

Այս բոլորի հակառակը ապացուցելու համար փաստերը մեր ձեռքում կանգնած ենք և այսուհետև Հայի պարտականությունն է անխնա հանդիպել հոգևորներին, որովհետև հետախաղացության և ռեակցիոյի անպարծանք դրոշները նոցա գլխի վերա են փողփողում մասնավորապես:

Մեր դրոշը հայտնի է արդեն…
Եթե Հայոց ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մահմեդականության. սա բացասաբար պահպաներ Հայերի կրոնը։ Ազգը, որչափ ևս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս և ավելի մեծ մասը, ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմեդականութենից, պահեց յուր կրոնը, հետևաբար և՝ ազգությունը։

Թո՛ղ Հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկանար որևէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք… բայց ի՞նչպես պիտի տեսանեինք. վասնզի մեք ևս ծնելու չէինք որպես Հայ։

Անի քաղաքի կործանվելուց հետո Հայերը Լեհաստան գաղթեցին ահագին բազմությամբ. եթե նոցանից մի մասը փրկվեցավ և այսօր Հայության անունը կրում է յուր ճակատի վերա, շնորհակալություն Ղրիմի թաթարներին։
Իսկ մյուս և ավելի մեծ մասը, որ մնաց Լեհաստանում, ո՛ւր է, յուրյան եպիսկոպոսներով և քահանաներով։ Լեհաստանի մեջ մեր ճանապարհորդության միջոցին (1859) շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի, հայկական եկեղեցիք, իսկ Հայ և ո՛չ մի հատ, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին։

Հոգևորականությունը յուր տղայական խնդիրներով, եզվիտների ձեռքում գործիք դառնալով, ճղակտոր հանեց ազգը, անդարձ կորուց նորան, հետևաբար և ամենայն արդարությամբ ինքը ևս կորավ ու չքացավ Լեհաստանից։
Եթե հոգևորք ընդունակ էին ազգը պահելու, ի՞նչու չպահեցին այս գաղթականությունը Եվրոպայի մեջ, ուր ավելի հնար կար լուսավորության։ Ո՞վ հանեց այն ազգակործան կռիվները, «Մեղո՞ւն», Մյունատի՞ն, Նալբանդյա՞նցը։
Մովսես, Մելիքսեթ և Եղիազար կաթողիկոսների կամ կիսասիրտ կամ թե ասել երկդիմի գործերը և ընթացքը, մյուս հոգևորների վասակությունը, որոնց մեջ մեհրուժանյան պսակով փայլում է Նիկոլ, չիք եպիսկոպոսը, սոքա ամենը միասին, ոմանք կամքով և գիտությամբ, իսկ ոմանք ակամա և տգիտությամբ գործակից եղան չվառ գաղթականությունը կորուստի անդունդը գլորելու։

Ո՛վ Հայոց ազգը յուր շահաստացության և պատվամոլության համար երկրից երկիր գաղթեցնելով մի կեսին պատճառ եղավ մահի, օդի և կյանքի հանգամանքներին անսովորութենից, իսկ մյուս կեսին աղքատության և ստրկության սանդուղքի ամենաբարձր աստիճանին վերա ոտք կոխելու.․.
Այս բոլորը պատմական ֆակտեր լինելուց հետո, դեռևս հոգևորականությունը պիտի պարծի, թե ա՞զգ պահեց։

Մեր մյուս խոսքերը, հոգևորների ընդդեմ, չէ վերաբերվում մեր տոնելի թարգմանիչներին կամ նոցա հետևող փոքրագույն մասին։
Ինքյանք, այդ սուրբ թարգմանիչքը, աքսորվեցան և հալածվեցան մինչև ի մահ ընդհանուր հոգևորականության ձեռքով։

Խնկելի Խորենացին, այն հրեշտակ ծերունին չարաչար հալածվեցավ, որին ի վերջո Բագրևանդի եպիսկոպոսությունը, որպես մահադեղ տալով, անհանգիստ հալածանքով վախճանեցուցին և որ, յուր վախճանի ժամանակ, ահավոր նզովք գրեց Հայոց կաթողիկոսի վերա։
Հայոց եկեղեցականությունը և մահով չհաշտվեցավ այն պատկառելի ծերունու հետ. նորա ոսկերքը փորեց հանեց գերեզմանից ու գետը թափեց։

Ղազար Փարպեցուն ոտքը բոբիկ քշեցին վանքից, որ, Մամիկոնյանց Տիրոջ Վահանի հանձնարարությամբ բարեկարգել էր, յուր սեփական ունեցած — չունեցածը ծախելով։ Վանքից հալածելու ժամանակ նորա բոլոր ինչքը հափշտակեցին, նաև՝ հունարեն գիրքերը, թեև մարդ չկար վանքում հունարեն կարդացող։

Խոսրովիկը, դեռևս Հայաստան չմտած, երբ լսեցին, թե գալիս է, փրփրեցան նախանձով և վառեցին բորբոքեցին յուրյանց հալածանք, մինչև որ հայրենիքի անձուկով այրված, տոչորված երիտասարդը, որ աշխարհից աշխարհ գնացել էր բան ուսանելու, ազգը լուսավորելու համար, լսելով այս մահաձայն աղեղների դռնչյունքը, աղոթեց առ տեր է վճարեց յուր կյանքը, սրի և ոսկերքը օտա՛րք և ո՛չ մեք արժանի եղանք ընդունելու։

Խորենացու տգիտահալած մատյանները փաթաղիկես անունով հռչակեցին, իսկ Ղազար Փարպեցին՝ աղանդավոր։ Փարպեցին, այս բոլորը մանրամասն պատմելուց հետո գեղեցիկ նկարագրում է Հայոց եկեղեցականությունը, նաև հինգերորդ դարում, երբ բան է լուսավորության մասին։
«Առ դառնաշունչ նախանձու իւրեանց, որ բունեալ է ի նոսա… պատատեալ և քողարկեալ երեսօք նստին, որպէս առ հոտեալ դիական, պապանձեալ իբրև զհամր դև»։

Միքայել Նալբանդյանի դիմանկարը
(նկարիչ՝ Մարտիրոս Սարյան, 1937 թ.)

Այս տխուր պատմություններից հետո, մեր դեմքը դարձնում ենք դեպի Կրոնական ժողովը և, իբրև անդամ ազգի և եկեղեցու, առաջարկում ենք՝ նախ, հասկանալ և ընդունիլ, որ հոգևորականությունը մի տեսակ արհեստ չէ նյութական կյանքի պիտույքը հայթայթելու համար և թե կամի նա խորհուրդ ունենալ, ապա ուրեմն պարտական է սպասավորել ազգի հառաջադիմության։

Երկրորդ, նույնը հասկացնել յուր իրավասության տակ եղած եկեղեցականներին, որպեսզի յուրյանց ընթացքը հարմարեցնեն այս գաղափարին։
Երրորդ, սաստիկ պատվեր տալ բոլոր եկեղեցականներին, առանց աստիճանի և պաշտոնի խտրության, չհամարձակվիլ ձեռք վերցնել կամ գավազան բարձրացնել Հայոց ազգի զավակները գանակոծելու և գիշատելու համար (տես «Մեղու» թ. 127), այդ հոգևորականություն չէ, այլ անարգ դահճություն:
(Ծանոթագրություն՝ «Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էջմիածնի մեջ (1860. հոկտեմբեր)։ Մի առավոտ, սենեկիս առաջևը բարձրացած սաստիկ աղմուկից և աղաղակից ստիպված դուրս եկա՝ պատճառը իմանալու համար:
Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի Հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարդիկը առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աշխատիլ։ Խե՛ղճ և անպաշտպան Հայերի մեջքին բավական փայտ իջուցանելուց հետո, երևի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստեր, որովհետև նոցանից մինը՝ Կարապետ անուն, անպատկառապետ և միանգամայն կատաղած՝ ինքը սկսեց աքացի և բռնցի ջարդել, արդեն գիշատվածներից, մի խեղճ պատանի։
Քիթը բերանը արյունաթաթավ, մազապուրծ փախավ պահճի ձեռքից ողորմելի պատանին և վազելով սյունհոդոսի անդամ, սրբազան Եղիազար եպիսկոպոսի մոտ՝ բողոքեց եղած անիրավութենից:
Եպիսկոպոսը, անձամբ անձին տեսանելով ողորմելու վիրավոր կերպարանքը, յուր հետ առավ այս արյունով մկրտվածը (որին, Կարապետը եղել էր և մկրտիչ) և գնաց վեհափառ կաթողիկոսի առաջև վկայելու այս անօրենությանը։ Ձախողակի, նորին վեհափառությունը հիվանդ լինելով, հետևաբար՝ չկարողանալով մարդ ընդունել, եպիսկոպոսը հարկադրվեցավ որպես սյունհոդոսի անդամ, պաշտոնական թղթով պրոկուրորին բողոքել և խնդրել արժանի տնօրենություն, որ վանականք չհամարձակվին դիմել դեպի այսպիսի հնարներ։ Թե ի՛նչ հետևանք ունեցավ այդ բողոքը, դեռևս չունինք տեղեկություն»)։

Այս առաջարկությունը առնելուց հետո, կսպասենք Կրոնական ժողովի շրջաբերական հրամանին, հատկապես այս բովանդակությամբ, որ եկեղեցականք չհամարձակվի՛ն որևիցէ դիպվածում, մարմնավոր պատիժ գործ դնել ազգի անդամների վերա։
Եթե այս շրջաբերականը դուրս չգա, այն ժամանակ (այժմեն հայտնում ենք հրապարակով), որ մեք կհանենք մի շրջաբերական, բայց բոլորովին հակառակ բովանդակությամբ։ Նորանից ծագելու հետևանքը, հանցանքը և մեղքը, այս օրից, դնելով Կրոնական ժողովի զանցառության վերա։

Այս խոսքերը ասում ենք ամենայն լրջությամբ և ծանրությամբ։ Կրոնական ժողովը լոկ սպառնալիք չհամարե կամ րոպեական վաղանցուկ կրքի ծնունդ, ո′չ, ո′չ։ Այժմ և մինչև մեր գերեզմանի ափը վյրեժխնդիր և նախանձավոր ենք հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու և այս խորհրդով ամենայն բանի ընդունակ։
Կրոնական ժողովը կկարդա մեր շրջաբերականը, եթե զանցառության դժբախտության հանդիպի, մեք, յուր ժամանակին, աոանձին ծրարի մեջ կուղարկենք նորան մի օրինակ։
Ո՜հ, ի՛նչ ցավալի պաշտոններ, ի՜նչ տխուր առարկաներ նյութ են այսօր մեր խոսքին։
Ա՞յս էր մեր գործը։

Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում ենք ազգի ամայի և ամուլ կյանքի վերա. աղեխարշ սրտմտում ենք դարձյալ, տեսանելով, որ այս անգործության, ծայրացյալ թշվառության և կարելի եղածի չափ ստրկության մեջ, Հայերը դատապարտված են օտարի գավազանի հետ, ենթարկվիլ նաև յուր եկեղեցականների հարստահարության։

Բայց մինչև ո′ր աստիճան բարձրանում է այս անախորժ զգացողությունը, մինչ Հայ մարդիկ, դարձյալ, հանդես են դալիս եկեղեցականների մտացածին իրավունքը ջատագովելու և ազգի ստրկության ժամանակը հարատևել տալու համար, մինչև ո′ր աստիճան… մեք հրաժարվու՛մ ենք սահմանել։

Ազատությունը, այն վսեմակա՜ն աքսորականը, վերստին և վերքոտին սրբված արյունով, հրաբորբոք տառերով դրվում է պայծառ ճակատների վերա, իսկ Հայը և այսօր չէ կարող կատարելապես դուրս հանել յուր ճակատը սև վերարկուի տակից, ուր դարերով ահա որջացել են պարկյանք, ազատության բողբոջները մկրատելու համար։
Մինչև այժմ վերացականությամբ ապրեցանք, որ, ուրիշ խոսքերով, ասել է՝ մեռանք, մի՞թե պետք չէր մի փոքր կյանքի վերա ևս մտածել…

Տարիները վազում են փայլակի շուտությամբ, օրերը թռչում են, որպես մի վայրկյան։ Վախենում ենք և իրավունք ունինք վախենալու, թե մի՛ գուցե, մինչև Հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքև…

Շատ ազգեր պատահեցան անբախտության, բայց այդ չեղավ նոցա համար հավիտենական մեռելություն։
Աքսորվեցան, կախվեցան, գլխատվեցան և այրվեցան, բայց նոցա հոգին կենդանի մնաց, յուրյանը ամայացած հայրենիքի փլատակների մեջ։
Հայրենիքի օդը, սարերը և անտառները, խոր գիշերի լռության մեջ,– դարերով շշնջեցին այդ նահատակների վերջին րոպեում արած բողոքների արձագանքը։

Եղո՜ւկ ձեզ, Հայաստանի սարեր, Հայաստանի ձորեր և Հայաստանի նվիրակա՛ն անտառներ։ Այրարատից մինչև Տորոս, ստիպված եք դուք հնչեցնել միայն, հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբ զավակների, հարստահարողների և եկեղեցականների գավազանի տակից։
Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչև մի ժամանակ, իսկ երբ մինչև բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետև նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները։

Նոքա ապրեցան և քրտնեցան ընդհանուրի օգտի համար, լավ հասկացած լինելով, թե սո՜ւտ է մասնավորի քաջաբախտությունը, առանց ընդհանուրի երջանկության։
Նոքա չկաշառվեցա՛ն օտարներից…
Նոքա չնենգեցի՛ն յուրյանց ազգին, նոքա չվաճառեցի՛ն յուրյանը գրիչը…
Նոքա արհամարհեցի՛ն օտարի տված պատիվը և աշխատեցան գժպհի պատվանշանների տեղ կրել յուրյանը ազգության անունը, այլև վերքերի սպիք, որոնց արժանացել էին մարտիրոսաբար, ազգի ազատության անունով։

Ի՜նչ մնաց մեզ մեր անցած օրերից, ի՛նչ վիճակի մեջ ենք ներկայումս, ի՛նչ ճանապարհ է մեր գնացածը և ո՜ւր է դորա ելքը։
Սոքա՛ են ահա խնդիրքը, որ ամենայն բանական Հայ պարտակա՜ն է լուսափայլ կացուցանել ազգի ընդհանրության առաջև։

Լռություն… Պատվելի Այվազովսքին մեր մինչև այժմ գրածների համար ևս պատրաստվում է հերետիկոս անունով մեզ վերստին մկրտելու։
Բայց որովհետև, մեք երկյուղ չունինք անունից, ուստի և ընդունում ենք նաև պ. Այվազովսքիի սպառնալիքը, «Մասյաց Աղավնու» մեջ, քննության տակ ձգել «Հյուսիսափայլը», սկզբից մինչև նորա վերջը և հանգիմանել նորա հերետիկոսականությունը»…

«…Առայժմ միջոց չունինք ուրիշ բան ասելու, առայժմ հերիքանում ենք երկու տողով։
Բայց մեր տեսածը և լսածը մեր հետ գերեզման չտանելու խոստումը առնում ենք հրապարակով։ Ընթերցող հասարակությանը կարող է հավատ ընծայել մեր խոստմունքին, մանավանդ եթե հիշե, որ ոչ երբեք զանցառու եղանք մինչև այժմ կարելի հրատարակությունների մասին։

Թող պ, Չամուռճյանը քարոզե, թե հոգևորներից դուրս փրկություն չկա, թող պ․ Այվազովսքին յուր սպառնացած քննությունը սկսանե (ո՛հ, ի՜նչ սարսափ մեր համար), «Հյոսիսափայլը» կկշռե նոցա արժանի պատասխանը»…