«ԵՐԵՎԵՑԱՎ ՆԱ ՈՐՊԵՍ ԶԻՆՎԱԾ ՄԱՐԳԱՐԵ՝ ՄԻ ՁԵՌՔՈՒՄ՝ ՋԱՀ, ՄՅՈՒՍՈՒՄ՝ ՍՈՒՐ»…
Հայ հասարակական մտքի զարգացման ազատամարտիկն ու անխոնջ մշակն է Միքայել Նալբանդյանը, որի համար «Ազգն ու Ազգայինը» որպես պայքարի զենք էին ու հարատևման գրավական:
«Հայոց ազգի հիմքը նորոգելու, նրան ուժ ու զորություն հաղորդելու» համար տնտեսական խնդրի բարելավումն էր նա կարևորում, երկրագործության զարգացմամբ՝ բարիքների արտադրության խթանումը:
Եվ հանապազօրյա հացի համար աշխատողների կենսամակարդակի բարձրացման օգտաբեր ուղիներ էր նա փնտրում, քանզի՝ «Ծառի տերևի վերա ջուր թափելը արմատի չորության չէ օգնում. տերևքը ստանում են մի րոպեական զովություն և այս չափ միայն»…
«Մեր ազգին հարկավոր է ընդհանուր լուսավորություն, որպեսզի ազգը գիտակցություն ստանա. այս կամ այն մասնավոր գիտությունք չունին այն խորհուրդը, ինչպես մտածում են ոմանք»…
Ազգի ոգին ու սիրտը լեզուն է, սեփական Նախնիների պատմությունը…
«Թող շարժվին գերեզմանի մեջ մեր Արամ Նահապետի ոսկերքը…
Իրավունք ունի եղած Հայ բանասերը, մինչ սորանից քանի տարի հառաջ գրում էր հետևյալ տողերը՝ նվիրված Արամ Նահապետի սուրբ հիշատակին։
Քեզ քո սիրական հայրենի բարբառ
Ձգում է անուշ այս խնկի բուրվառ։
Հավիտենական քո օթևանից
Այս խնկի բուրումը ընկա՛լ նորանից,
Մաղթե՛ նորան կյանք որպես Նահապետ,
Սիրական լեզվիդ իբրև արքուն տեր։
Նա նոր է զարթել
Դարավոր քնից.
Հին փոշին նոր է
Թափել վերայից։
Քո օրից այսօր քանի՞ դար անցավ,
Սիրական լեզուդ ի՛նչ օրեր տեսավ։
Քանի՞ հալածանք, քանի՞ նեղություն.
Եթե օտարից, դեռ այնքան ցավ չէր…
Նույնիսկ մեր եղբարք թշնամի էին
Այն նվիրական քո սուրբ ավանդին:
Բայց արդ բարձրացավ
Հնության փոշուց,
Հաղթանակ կանգնեց
Սիրական լեզուդ։
Օրհնի՛ր, Նահապե՛տ, օրհնի՛ր, սիրական,
Քո սուրբ այս լեզու, ազգասե՛ր Արամ։
Թող ծաղկի՛, աճե՛,
Թող պտու՛ղ բերե,
Սուրբ հիշատակիդ
Նո՛ր փառք պատրաստե»:
(Մ. Նալբանդյան, «Հիշատակարան», Երկեր, էջ 391-392, Երևան, 1985)
Դարավոր ճնշման ու խավարի ազդեցության ներքո գտնված Հայ ազգի լուսավորության հարցը կարևորելով՝ նա շեշտում էր դպրոցի, դպրոցից առաջ երեխային տրվող ընտանեկա՛ն դաստիարակության դերը, «ապագա սերնդի մեջ ազգասիրության կրակը վառե՛լը»:
Որոշ քաղվածքներ՝ «Հիշատակարան»-ից՝ ստորև…
«Ազգի դպրոցն է այն գործարանը, այն արգանդը, որ հղանում է ազգի գալոց սերունդը, ինչպես բնական աշխարհի մեջ ծնածը պահում է յուր ծնողի տիպը և բնական որակությունքը, այնպես և աշակերտը կրում է յուր վերա դպրոցի դրոշմը»:
«Ընտանեկան կամ մայրենի դաստիարակության մեջ է ազգի ապագայի սերմը. բայց մեր ազգի մայրերը տալիս են ազգին կեղևո՛վ միայն Հայ զավակներ:
Հայ կանա՛յք, ձեր պես չէին ձեր մայրերը, նոցա սիրտը զարկում էր ազգության համար:
Ազգին հասած հարվածներին քաջությամբ մասնակից եղան նոքա՝ յուրյանց ամուսինների հետ միասին:
Նոքա չուրացա՛ն ազգի օգուտները, նոքա այրությու՛ն ցույց տվեցին յուրյանց կանացի կերպարանքի տակ և երբեք չկամեցա՛ն, որ նայեին նոցա վերա՝ որպես մի խաղալիքի, կամ որպես մի հագնված, զուգված պաճուճապատանքի վերա»…
…«Մայրը պիտի ուսուցանե՛ յուր զավակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկե՛ տղայական սրտերի մեջ ազգության սերմը այնպիսի խնամով և հոգաբարձությամբ, որ հյուսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարավի այրող տոթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բույսը։ Զավակների մայրը է գերդաստանի՛ Մայր, իսկ գերդաստանների մայրերը ազգի՛ Մայրն են։
Բայց ի՞նչպես են մեր ազգի մայրերը ներկայումս, արդյոք յուրյանը կյանքի մեջ մի օր, մի ժամ, մի վայրկյան մտածու՞մ են յուրյանը զավակների մասին բարոյապես, մեք պատասխանում ենք՝ ո՛չ»…
«Հայ կանա՛յք, դուք որչափ ևս նոր ժամանակների ծնունդ, այնուամենայնիվ դուստր կամ թոռներ եք այն մեծահոգի և խնկելի քաջ արմենուհիների, որոնց մասին մի փոքր վերևում խոսեցինք, մեծ և անմերժելի պարտականությու՛ն կա ձեր վերա՝ նմանել նոցա և հասկանալ ձեր խորհուրդը»…
…«Հայ կանա՛յք, մեր ազգը ավերվել է այժմ, նորան պիտո է վերանորոգե՛լ:
Նա թմրել է մի խոր քնով, նորան պիտո է զարթեցնե՛լ:
Բայց այս երկու դիպվածում ևս ամենայն ջանք և աշխատությունք զուր կերթան, եթե դուք չմերկանաք ձեր վերայից անհոգության դատապարտելի քողը, եթե դուք չհագնեք Հայությունը, ոչ որպես քրինոլին, այլ՝ որպես գույն ձեր մարմնի, որ ոչի՛նչ բան չէր կարող քերել հանել ձեր վերայից:
Ամենայն ուսում և գիտություն՝ դպրոցներում ավանդված, ուշացած են և դժվարավ կներգործեն ձեր զավակների վերա, եթե նոքա ստացած չէին ձեզանից մի ընդունական դաստիարակություն»…
«…Շատ շնորհակալ կլինինք, եթե դուք ձեր Հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զավակներին նախ՝ մեր լեզուն, երկրորդ՝ հոգով և սրտով Հայություն, և երրորդ՝ անձնազոհ սեր դեպի ազգությունը»…
…«Դուք ձեր աղջիկներից պիտի նո՛ր մայրեր պատրաստեք՝ գալոց սերունդի համար:
Դուք ձեր աղջիկների մեջ պարտակա՛ն եք տնկել և սնուցանել Ազգության տունկը և ծնողական սուրբ իրավունքներով պարտք դնել նոցա վերա՝ նույնը՝ ավելի աճեցուցած, տալ յուրյանը զավակներին։
Տղաների մասին ևս ավելի լավ չէ եղել ձեր հոգաբարձությունը, նոքա ազգի և ազգության անունը անգամ չլսած ձեզանից, դուրս են եկել նյութականության ծառայելու։
Դուք պարտակա՜ն եք նոր հայրեր պատրաստել նոցանից և ազգությունը, լեզուն ու կրոնը հանձնել նոցա, որպես մի սրբազան և անկողոպտելի ավանդ, կտակելով, որ տասնապատիկ շահեցուցած հետ տան այդ նվիրական ավանդը յուրյանը զավակներին։
Հայ կանա՜յք, մեր ազգը մինչև այժմ ապրել է ողորմելի խեղճության մեջ. նա մոխիր է կերել հացի տեղ և նորա խմելիքը խառնված է եղած արտասուքով։ Բռնակալության մուրճերը այնպես սաստիկ ջարդել են մեր ազգը, որ մինչև այսօր չէ կարողանում զգաստանալ յուր ուշաթափ վիճակից, քննել յուր անձը, քննել յուր անցածը, յուր ներկան և հոգալ ապագայի մասին։
Այս է գլխավոր պատճառը, որ ամենայն թշվառ վիճակ տանելի է եղել մեր խեղճ և քարուքանդ ազգին, նա երկար ժամանակ սովորելով այդպիսի դառն բաժակների, մոռացել է ավելի լավը որոնելու գաղափարը»…
Փոթորկահույզ ժամանակներում 37 տարվա իր կարճատև կյանքի ընթացքում Մ. Նալբանդյանն անդրադարձավ Հայոց կյանքի կարևորագույն խնդիրներին…
«Այս վերջին օրերումս, մի քանի մարդ, չգիտեմ ինչ նպատակով, աշխատում են փոքր ցույց տալ Հայերի թիվը, այսինքն՝ 3 — 4 միլիոն, մինչ, մեր կարծիքով, պիտի լինի 4 — 5 կամ հինգ միլիոնից փոքր պակաս:
Հայտնի բան է՝ մեծ բազմությունը գտանվում է Տաճկաստան։
Մինչ Սամսոն գնալու համար անցանում էի Սինոպից, պատահեցա մի տաճկաց պաշտոնեի, որ ծառայում էր տեղական փաշայի մոտ, և որ պատմեց ինձ, թե տաճկի կառավարությունը դիվանական կերպով համարում է յուր հպատակ Հայերը 3.800.000։
Սորա վերա շատ չանցավ, ձեռքս ընկավ Էդմոն Շերթիե ֆրանսիացու գիրքը (Edmond Chertier «Réformes En Turquie», Կ.Ա.), ուր Հայոց թիվը բարձրանում է մինչև 3.900.000, որոնցից,- ասում է հեղինակը,- 400.000 բնակվում են եվրոպական Տաճկաստանում, իսկ մնացյալ երեք միլիոն հինգ հարյուր հազարը՝ ասիական Տաճկաստանի մեջ»…
Իրավացի էր Իսահակյանը՝ Անհաղթ ու Արդարադատ Միհրի ակնարկով՝ Մ. Նալբանդյանին տված իր գնահատմամբ…
«Երևեցավ նա որպես զինված մարգարե՝ մի ձեռքում ջահ, մյուսում՝ սուր»:
Շարունակությունը՝ հաջորդիվ…