ԻՆՉՊԵՍ ՄԻ ՀԻՆ ՃԱԿԳԱՐԱՆԻ ՂՈՂԱՆՋ…
«Առասպելների ծանրությունից տնքացող» Հայոց լեռներում սուրող քամիներն անցած ալեհեր հազարամյակների արձագանքն են հնչեցնում՝ ինչպես մի հին ճակգարանի՝ բոժոժի ղողանջ:
Եվ վերադարձնում են մեզ դեպի մեր նախնական ակունքները:
«Անցած-գնացածները դարձել են առասպելներ:
Նրանց հիշատակներն օր ու գիշեր կանչում են ինձ:
Ես շտապում եմ վերջացնել իմ այս գործը, որ ինձնից հետո եկած իմ տոհմակիցները ճանաչեն իրենց դյուցազն Նախնիների ոգին:
Մարդ չպիտի՛ կորցնի իր արմատը:
Լույսը չգոյից չի ծագում»…(Սերո Խանզադյան):
Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ նյութերը վկայում են, որ Հին աշխարհում կյանքն իր վայելչագեղությամբ չէր զիջում հետագայում ստեղծվածին:
Հայքում, ինչպես և նրան հարևան, հեռու ու մոտ որոշ երկրներում, բարձրաշխարհիկ դասը, ու հատկապես կանայք՝ իրենց հագուստով, ասեղնագործ նրբահյուս կերպասներով ու շղարշներով, արդուզարդով, անուշահոտ, բուրումնավետ յուղերով, ժամանակակից կյանքին համահունչ վայելքներն ունեին:
Հայոց արքաներն ու նրանց արքունիքը պատմական աղբյուրներում հիշվում են իրենց «պատվական գույնզգույն զգեստներով, արծաթի, ոսկի զարդարանքներով ու պատվական ակներով, որոնք նույնիսկ տգեղին սքանչելի տեսք էին տալիս, գեղեցիկին դարձնում դյուցազուն («որովք տգեղագոյնքն իբրև զգեղաւորս երևէին սքանչելիք, և գեղաւորքն․․․ առհասարակ դիւցազնացեալք)»:
5-րդ դարից Մ. Խորենացու գրչով մեզ հասած հնագույն Վիպասանքի, Գողթան երգերի պատառիկներում Հայոց արքաներին նվիրված վիպական երգերը որոշ պատկերներ են փոխանցում անցյալից.
«Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն»…
Այսօր էլ հարսանեկան ծեսում պահպանվել են խորհրդանշական նման դրվագներ, երբ մասնակիցները հարսի ու փեսայի գլխին «ոսկի, մարգարիտ» են շաղ տալիս…
Հայոց արքաների հարուստ գանձատների, բազմագանձ տաճարների ավերման, մեհենական հարստության կողոպտման և «եկեղեցու պետքերին ծառայեցնելու» մասին վկայությունները բազմաթիվ են Հայաստանում քրիստոնեության տարածումը նկարագրող պատմիչների էջերում:
2-3 -րդ դարերում ապրած` ծագումով հույն, հռոմեական պատմիչ և քաղաքական գործիչ Դիոն Կասիուսի պատմության մեջ հիշատակվում են նաև Տիգրան Մեծի օրոք Ծոփքում գտնվող գանձատները:
Նուրբ ու գունագեղ զգեստներով կանայք նաև շնորհալի ու հմայիչ էին՝ սնգույրի կարմրի նուրբ երանգներով շպարված, վարդաջրով ցողված, տիրապետում էին Աստղիկ Դիցուհու, Անահիտ Դիցամոր պարգևած շնորհներին, կյանքը զարդարելու հրապույրներին…
Տարբեր թանգարաններում պահվող՝ անուշաբույր օծանելիքների սրվակներն ու բազմատեսակ անոթները, սանրերն ու հայելիները, գոհարեղեններով ընդելուզված մանյակներն ու ապարանջաններն ասվածի վկայություններից են:
Ուշագրավ են 2011 թվականի հուլիսից Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում պատահաբար բացված դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը:
Հակոբ Սիմոնյանի ղեկարած արշավախմբի նորահայտ գտածոների թվում են ոսկե, արծաթե զարդեր (թևնոց, օձագլուխ ապարանջան, մանյակներ, ականջօղեր, մատանի…), արդուզարդի պարագաներ (բրոնզե կլոր հայելի և թիակ՝ անոթներից անուշաբույր յուղեր հանելու համար), նաև՝ բրոնզե զանգակ, օղակներ, մետաղադրամ…
Անզուգական արվեստով ու մեծ վարպետությամբ, զանազան նպատակներով գործածվում էին բևեկնի և այլ ծառերի խեժը, բնության մյուս պարգևները՝ ծաղիկներն ու բույսերը բուրավետ յուղերի, նաև խնկաբույր ծխարձակման համար՝ ի բարօրություն ամենքի….