«ՄԵԾԴ Ի ԴԻՒՑԱԶԱՆՑ», «ԳԵՂԱՊԱՏՇԱՃ ԵՎ ԱՆՁՆԵԱՅ», «ՍՔԱՆՉԵԼԻ ԴԻՒՑԱԶՆ»…

Մարդու վարքը՝ բարոյական հատկությունները և առաքինությունները կարևորվել են վաղնջական ժամանակներից ի վեր:
«Կատարյալ, ազնվազարմ մարդու» գլխավոր առաքինությունների, բարոյական արժեքների մշակված համակարգն էր բարեպաշտ, խոհեմ սերունդների դաստիարակության, կրթության հիմքում:
Բնության օրենքներին համահունչ մշակված, Բնության հետ ներդաշնակ և կյանքի բնական ռիթմով էր թելադրված Հայկազունների կենցաղը՝ Տիեզերական կարգի, երևույթների, գործընթացների փոխկապակցվածության ըմբռնմամբ…
Մտքի՝ իմացության, մտավոր գործունեության զարգացմանը, գիտելիքի ձեռքբերմանը զուգահեռ մարմնի կատարելագործումը, ճիշտ ապրելակերպը ևս կարևոր էր: Եվ զանազան առիթներով՝ տոների, տոնախմբությունների ընթացքում կազմակերպվում էին մարմնակրթական մրցույթներ, ֆիզիկական կարողությունների՝ ուժի, արիության, քաջության ցուցադրմամբ…



Պատմական հիշողությունը սերնդեսերունդ փոխանցած Հայոց հին առասպելների, Վիպասանքի՝ մեզ հասած կցկտուր պատառիկներում մեր խրոխտ Նախնիների պերճախոս գովեստն է՝ գունավառ ու ճոխ մակդիրներով լի՝ «այր քաջն», «արի արքա»…
Հայոց ազգային մտածողությունն է արտացոլվել Վիպասանքում, գուսանական երգերում, ավանդապատումներում: Դյուցազուն հերոսների, Նախնիների քաջագործությունները փառաբանելիս «երգիչները»՝ «վեպ ասողները, երգողները»՝ վիպասանները նկարագրում են նրանց բարոյական առաքինությունները, իմաստնությունը, խոհեմությունը, նաև՝ արտաքին հատկանիշները՝ կատարյալ, բարետես, հզոր, «սաստիկ ժիր», «եռանդուն», առույգ, հուժկու և հաղթական…
«Հակառակ քրիստոնեական ճգնավորական ոգուն, որով մարմինը ոչինչ էր համարվում, մեր առասպելների և Վիպասանքի մեջ, նույնիսկ հին քրիստոնյա Պատմագրի բերած բովանդակությամբ, տեսնում ենք, որ ամենից առաջ առանձին ուշադրություն է դարձրած դիցազների ֆիզիկական առաքինություններին, նրանց մարմնին և անգամ զարդարանքներին։
Հերոսներն ընդհանրապես օժտված են արտաքին գեղեցկությամբ և ուժով, հաջողակ և արագ շարժումներով։
Տիգրանն իր մարմնով մի «սքանչելի դիւցազն» է, «խարտեաշ և աղեբեկ ծայրիւ հերաց. երեսօք․ գունեան և մեղուակն, անձնեայ և թիկնաւէտ, առոգաբարձ և գեղեցկոտն, քաջահասակ, ամենևին բոլոր անդամովք համեմատ և ի գեղեցկութիւն աւարտեալ հասակի, առոյգ, ամենայնիւ ըստ իրեարս պատշաճեալ և ուժով ոչ զոք անելով իւր զոյգ»։
Մի խոսքով, նա «հասակաւ և բնութեամբ» կատարյալ դիցազն է, որ «նիզակաւ օրինակ իմն որպէս զջուր հերձեալ զերկաթի ամուր հանդերձն»։
…«Տիգրանին շրջապատողներն ևս գեղեցիկ են, և արք ու կանայք պճնված իրենց պատվական գույնզգույն զգեստներով, արծաթի, ոսկի զարդարանքներով ու պատվական ակներով, «որովք տգեղագոյնքն իբրև զգեղաւորս երևէին սքանչելիք, և գեղաւորքն․․․ առհասարակ դիւցազնացեալք»:
(Դա իսկապես պատմական Մեծն Տիգրանի իրեն և իր պալատականների նկարագիրն է, որի հիշողությունը մնացել է վեպի մեջ: «Արքունիքն՝ ունայն շքով և պերճութեամբ արկանէր ահ ժողովրդեան, որ տղայն էր: Թագաւորն մեծապատիւ մեծարեալ,- մինչև կոչիլ աստուած, ոչ երբէք երևէր ի հրապարակի, եթէ ոչ մեծաշուք սպասու, զգեցեալ պատմուճան նկարէն, գաւազան, ի սպիտակէ և ի կարմրոյ, և վերարկու ի ծիրանւոյ խորշխորշան. գլուխն պսակեալ բարձր աստեղազարդ խուրիւ» (Դիոն Կասիոս, ԼԶ.52): Փարթամացած իշխաններն ևս անշուշտ հետևում էին իրենց թագավորի օրինակին):
«Մարմնի այս արժեքը երևան է գալիս ավելի կամ պակաս չափով նաև ուրիշ հերոսների վրա։ Երվանդն է «սրտեայ և անդամովք յաղթ». նրա մայրն ևս «անձամբ հարստի և խոշորագեղ» է։ Սմբատն «այր քաջ» է, «ունէր հասակ անդամոց՝ համեմատ քաջութեանն․․. գեղեցկութեան ալեօք վայելչացեալ․․. ի վերայ շոյտ անձին և մարմնոյ՝ զգոյշ յամենայնի, և տուչութին յաջողուածոց ունէր ի մարտս առաւել քան զամենայն ոք»։
Եթե առասպելներին դիմենք, այստեղ էլ Հայկը ներկայանում է որպես մի հաղթանդամ մարմնով վիթխարի հսկա, բայց ոչ անհեդեդ, ինչպես ուրիշները, այլ՝ «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ, կորովաձիգ և հաստաղեղն և արագաշարժ մեծ դիւցազն» («մեծդ ի դիւցազանց»): Նրա մարդիկն ևս «կորովիք էին յաղեղն և ի սուսեր»:
Արան գեղեցիկ է, այնպես որ այս մակդիրն անբաժան է նրա անունից, բայց միանգամայն քաջամարտիկ է նա: Անգեղյա Տուրքը սրտյա է, վիթխարի հասակով և ուժով, պողպատի նման պինդ մարմնով»…

…«Առնական ուժի և գեղեցկության նույն գաղափարն ենք գտնում նաև խարտյաշ պատանյակ Քաջն Վահագնի մեջ իր հրեղեն մազերով և արեգակնափայլ աչքերով:
Հերոսները մարմնի գեղեցկության և ուժի հետ ունեն նաև ոգու ուժ ու գեղեցկություն:
Նրանք արի ու քաջ են, հաղթող, իմաստուն, զգաստ ու պերճախոս, թագավորները՝ նաև արդարադատ ու շինարար:
Արիություն ու քաջություն, իմաստնություն ու զգաստություն և պերճախոսություն, թագավորի համար՝ նաև արդարադատություն,- ահա՛ առաքինության այնպիսի մի ըմբռնում, որ շատ մոտենում է հին հունական վիպական ըմբռնումին»:

…«Ագաթանգեղոսի մեջ Վահագն դիցի մակդիրն է՝ քաջն, «Քաջն Վահագն», որից քաջություն էին հայցում: Արությունն է ամենամեծ դիցի, դիցերի հայր և երկնքի ու երկրի ստեղծող Արամազդի հատկանիշը. «արի» մակդիրն էլ նրա անվան կից է՝ «Արին Արամազդ»:
Նրա արությունն իր գործունեության նպատակ ունի հասարակաց բարօրությունը, երկրի շինությունը:
Արի Արամազդն իր արությամբ «լիություն ու պարարտություն» է շնորհում աշխարհին:
Այսպես և վեպի մեջ երգվել է, թե Տիգրանն իր արությամբ հարստացրել է երկիրը. «Արանց կացեալ գլուխ և արութիւն ցուցեալ՝ զազգս մեր բարձրացոյց»…
…«Արության ու քաջության հետ հավասար շեշտվում է և զգաստությունն ու խոհեմությունը»…
…«Սիրելի Անահիտ դիցուհին, ինչպես 5-րդ դարի քրիստոնյա մատենագրից իմանում ենք, համարվել է «Մայր ամենայն զգաստութեանց, Բարերար ամենայն մարդկային բնութեան», «որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց», «որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ»:
Նրանից խնամակալություն են խնդրել աշխարհի համար»…
(Մեջբերումները՝ Մ. Աբեղյան, Երկեր, հատոր Գ, Երևան, 1968 թ., էջ 78-81):
