«ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՅԿԱԶԵԱՆՔ ԵՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԱՒ ԱՐԵՒԱՊԱՇՏՔ ԵՒ ԿՈՉԻՆ ԱՐԵՒՈՐԴԻՔ»…
(«ԱՐԵՒՈՐԴՈՑ ԽՆԴԻՐԸ») — ՄԱՍ Ա
Միջնադարյան մատենագրության մեջ և հետագայում՝ օտարերկրացի ճանապարհորդների ուղեգրություններում կամ Հայ գրողների հիշատակություններում զանազան առիթներով հիշվում են Արևորդիները:
Նրանց ազգային պատկանելության շուրջ կարծիքները տարբերվում են:
Քննելով միջնադարից մնացած աղբյուրներում հանդիպող կցկտուր, հակիրճ անդրադարձները՝ 1895 թվականի նոյեմբերին Բեռլինում գրած իր հոդվածում Գրիգոր Վանցյանը եզրակացնում է, որ նրանք Հայ չէին՝ չնայած միջնադարյան որոշ մատյաններում առկա տողերին:
Թե ինչպե՛ս է Արևորդիների մասին ձևավորվել այս համոզումը և ովքե՛ր են իրական Արևորդիք՝ կտեսնենք սույն գրառման երկրորդ մասի վերջում:
Նշենք, որ Հյուսիսային Միջագետքում, Մարդինում և շրջակայքում բնակություն հաստատած՝ անորոշ ծագմամբ և գաղտնի ծեսերով փոքրաթիվ համայնքներին՝ «շեմսիներին» (թարգմանաբար՝ «արևային»), տարբեր աղբյուրներում «Արևորդիներ» են անվանել սխալմամբ, քանզի նրանք ո՛չ քրիստոնյա էին, ո՛չ էլ մահմեդական և առավոտյան արևին էին երկրպագում (ոմանք նրանց համարում են ասորի, ոմանք՝ եզդի…):
«Մարդաշատ է այս նահանգ բնակեալ ի զանազան ազգաց, որք են հայք, քէլտանի, նաստուրի, եագուպի, որէ և կոչին սուրիանի, եէզիտի, չայ իւսլի»,- Տիգրանակերտի՝ Դիարբեքիրի նահանգի մասին տեղեկություններում նշում է Ղ. Ինճիճեանը («Տեղագիր Հայոց Մեծաց», էջ 203, Վենետիկ, 1855):
1896 թվականի «Հանդէս ամսօրեայ»-ի հունվար ամսվա (թիւ 1) համարում լույս տեսած՝ Գ. Վանցյանի «Արեւորդոց խնդիրը» հոդվածից քաղված որոշ հատվածներ՝ ստորև:
«Ժ-ԺԲ (10-12-րդ, Կ.Ա.) դարերի մի երկու համարեա պատահական հատուածներում մեր մատենագիրների մէջ յիշւում է մի ժողովուրդ «Արևորդիք» անունով, որ յետոյ Շնորհալին դասում է հին Հայոց կարգը՝ իբրև նոցա հեթանոս մնացորդներ:
Ի՞նչպէս նոքա հեթանոս մնացին, ի՛նչպէս յանկարծակի երևան եկաւ Հայ ազգի այդ մնացորդը «Արևորդի» անունով, պատմութիւնը մեզ ոչինչ չի ասում: Ի՛նչ աղբիւրներ հիմք եղան Շնորհալուն նոցա Հայ անուանելու, որպիսի՞ պայմաններ նպաստեցին նոցա այնքան երկար ժամանակ հեթանոս մնալու և մի միայն ԺԲ դարում քրիստոնէութեան դիմելու. այդ ևս մնում է մթին ու խաւար»…
Արևորդոց մասին մեզ առաջին պատմական տեղեկութիւն տուողը Մագիստրոսն է Ժ-ԺԱ դարում:
«Եթէ բաց ի Մագիստրոսի այս թղթից մեզ որևէ ուրիշ տեղեկութիւն չհասնէր Արևորդոց մասին, ինչ կարծիք, որ մենք նոցա բոլորովին իրաւունք չէինք ունենայ Հայ անուանելու, ինչպէս որ դա այժմ սովորաբար ընդունուած է իբրև հետևանք Շնորհալու թղթի, մինչ Մագիստրոսը պարզապէս խօսում է մի ժողովրդի մասին, որին «Արևորդի» են անուանում՝ առանց յիշելու նոցա ծագումը, ազգութիւնը կամ առաջուց ինչ կրօնի պատկանիլը:
Մի բան միայն խիստ բացորոշ է. Արևորդիք ո’չ Պայլիկեան աղանդաւորներին են պատկանում և ո’չ էլ Թոնդրակեան — Կաշեցիներին: Սոքա քրիստոնեայ հերձուածողներ են. սոցա վէճը վերաբերում է քրիստոնէութեան այս կամ այն դաւանաբանութեանը:
Մինչ Արևորդոց կրօնը հիմնովին տարբեր է. նոցա չի կարելի աղանդաւոր կամ հերձուածող անուանել — նոքա արևապաշտնե՛ր են:
Միակ կապն ու նմանութիւնը, որ կայ Արևորդոց և քրիստոնեայ աղանդաւորների մէջ, դա նա է, որ Արևորդիք ևս երևի արտաքուստ միմիայն «իրանց անուանում են քրիստոնեայ»: Թէ որքան ստոյգ է Արևորդոց՝ զրադաշտեան մոգերից դեղուիլը, այդ ա՛յլ խնդիր է, միայն նոցա կրօնը, անշուշտ, շատ նման էր Զրադաշտականութեան՝ պաշտաման առաջին առարկայ արևն ունենալով:
Նոյն իսկ խիստ տարակուսելի է Մագիստրոսի «եւ այժմ ի նոցունց (ի մոգուց) դեղեալ» խօսքերը. մի՞թէ մինչն ԺԱ (11-րդ, Կ. Ա.) դարը գոյութիւն ունէր Զրադաշտականութիւնը և ա’յն ուժով ու ծաւալով, որ ազդել կարողանար ուրիշ ժողովրդների վերայ…
Այս «այժմ» խօսքը եթէ պատահական չէ, առիթ է տալիս մտածելու, որ Արևորդիք դորանից առաջ մի այլ կրօն ևս պիտի ունեցած լինէին, որ անշուշտ քիչ թէ շատ տարբերում էր Զրադաշտականից. անտարակոյս դա բոյսերի կուլտն էր, որ ինչպէս յետոյ կը տեսնենք, նոքա շարունակում էին մինչն ԺԴ դարը:
Այսքանը պէտք է Մագիստրոսի հետ ընդունել, որ Արևորդոց կրօնը շատ նման էր հին Պարսից դենին, բայց զարմանալին այն է, որ Արևորդոց նա չի՛ նոյնացնում նաև Պարսից հետ: Նա նոցա չի անուանում նաև զրադաշտեան, այլ պարզ՝ «Արեգակնապաշտք»:
Թէ՛ իբրև արևապաշտ և թէ՛ իբրն քրիստոնեայ Արևորդիք մնում են Մագիստրոսի որոշմամբ՝ ինքնագոյ, ինքնուրոյն մի ժողովուրդ. այդ չենք տեսնում յաջորդ մատենագիրների մէջ»…
Մագիստրոսից անմիջապէս յետոյ երկրորդ վկայութիւնը պատկանում է Ալաւկայ որդի Դաւթին, որ Շնորհալուց քիչ մի առաջ (ԺԲ դար) յայտնապէս կ’ըսէ, թէ «Պայլիկեանք կամ Մծղնեայք Արուիորդոց ազգն է»:
Վերևը մենք դրինք Մագիստրոսի բանիբուն բացատրութիւնը Պայլիկեանց մասին և այն տարբերութիւնը, որ կար նոցա և Արևորդոց մէջ. Դաւիթ վարդապետը ո’չ մի խտիր չի տեսնում այդ երկուսի մէջ, և պարզապէս նոյնացնում է նոցա: Անշուշտ նա Մագիստրոսի գրածը կից և միաժամանակ Պայլիկեանների և Արևորդոց մասին կարդացել և շփոթել է մոռացմամբ:
Եթէ Արևորդիք յար և նման էին Պայլիկեանց, հապա ի՞նչ պատճառով գոյութիւն ունէր երկու տարբեր անուն. անշուշտ, դա ծագում էր Պայլիկեանց և Արևորդոց էական զանազանութիւնից, որ շփոթել է Դաւիթ վարդապետը. ըստ Մագիստրոսի՝ Պայլիկեանք դեղուած էին Պօղոս Սամոստացուց, իսկ Արևորդիք զրադաշտեան մոգերից, այդ մոռանում Է Դաւիթը:
Սխալի և շփոթութեան առաջին քայլը պատկանում է Դաւիթ վարդապետին, երկրորդ և աւելի մեծը՝ Շնորհալուն, որ ժամանակի կարգով երրորդ յիշատակողն է Արևորդոց: Հետաքրքրական է, որ դեռ ևս Մագիստրոսի ժամանակ իրանց քրիստոնեայ կոչող Արևորդիք մի դար յետոյ գալիս են Շնորհալու մօտ Հայոց եկեղեցին ընդունելու, որոնց մկրտութեան և բարոյական կրթութեան մասին նա գեղեցիկ պատուէրներ է տալիս Սամոսատի քորեպիսկոպոսին իւր «յաղագս Արեւորդեացն դարձի» թղթին մէջ»…
«…Այստեղ Արևորդիք երևում են մի բոլորովին նոր դերի մէջ. Շնորհալին նոցա «ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց» է անուանում, որոնք Լուսաւորչի ժամանակ որպէս թէ խուսափել էին մկրտութիւնից և մինչն Շնորհալու օրերը մնացել հեթանոս»:
…«Եթէ խնդրին նայենք մի այլ կողմից, կը տեսնենք որ ո՛չ մի հաւանականութիւն չկար մինչև Շնորհալու օրերը հայ-հեթանոս մնալու: Հայ հեթանոսութեանը մենք վերջին անգամ պատահում ենք Ե (5-րդ, Կ.Ա.) դարում, Մեսրոպի ժամանակ, որը և նա խեղդեց՝ տալով նորան մահուան վերջին հարուածը: Իսկ Վարդանանց պատերազմը քրիստոնէութեան յաղթանակի կատարեալ արտայայտութիւնն էր քաղաքական և կրօնական տեսակէտից:
Գրիգորների, Ներսէսների, Սահակ-Մեսրոպների ջանքերից յետոյ ի՛նչպէս կարող էին Հայ-արևապաշտներ մնացած լինել մինչև ԺԲ դարը. միանգամայն երկմտելի և տարակուսական է:
Չմոռանանք, որ հայ-հեթանոսութիւնը ունէր զօրեղ և կազմակերպած հոգևորականութիւն, մինչդեռ Արևորդի-հայերի մէջ նորա հետքն անգամ չի երևում»…
…«(Շնորհալին) մանրամասն հրահանգներ է տալիս նոցա բարոյական դաստիարակութեան համար, տղամարդոց, կանանց և երեխայից ջոկ-ջոկ, բայց ոչ մի խօսք չի ասում քուրմերի կամ մոգերի մասին, որ Արևորդիք չէին կարող չունենալ՝ եթէ Հայեր էին: Ընդհակառակն, մենք ԺԴ դարուց վկայութիւն ունինք, որ նոքա քրմութիւն չունէին, այլ «աւանդութեամբ ուսուցանեն. հարքն զորդիսն իւրեանց, զոր նախնիք նոցա ուսեալք էին ի Զրադաշտ մոգէ»…
…«Չորրորդ վկայութիւնը պատկանում է Մխիթար կաթողիկոսին, որ գրում է Պապին, թէ «այն ատեն (ԺԴ-ի կիսում) Մանազկերտում Արեւորդիք կային»…
Նոյն ԺԴ (14-րդ, Կ.Ա.) դարում Մխիթար Ապարանեցին գրում է.
«Են ոմանք Հայկազեանք եւ Հայ լեզուաւ Արեւապաշտք եւ կոչին Արեւորդիք. սոքա չունին ոչ գիր եւ դպրութիւն (եթէ Հայ են՝ ինչո՞ւ չունին). այլ աւանդութեամբ ուսուցանեն հարքն զորդիսն իւրեանց, զոր նախնիք նոցա ուսեալք էին ի Զրադաշտ մոգէ անդրուշանին պետէ, եւ ընդ որ ( կողմն) երթայ արեգակն՝ ընդ այնմ երկրպագեն, եւ պատուեն զծառն Բարտի եւ զՇուշան ծաղիկն եւ զԲամբակին եւ զայլսն, որ զդէմսն իւրեանց շրջեցուցաբեն ընդդէմ արեգականն, եւ նմանեցուցանեն զինքեանս նոցա (ծաղկանց)՝ հաւատով եւ գործով բարձր եւ անուշահոտ եւ առնեն մատաղ ննջեցելոց եւ տան զամենայն հասս Հայ երիցու: Սոցա առաջնորդն կոչի «Հազրպետ» և իւրաքանչիւր ամի երկու անգամ կամ աւելի ամենեքեան այր եւ կին ուստր եւ դուստր, ժողովին ի գուբ մի յոյժ խաւարին եւ…»:
«Արևորդոց մասին մեզ հասած տեղեկութիւններից ամենաթանկագինը պատկանում է այս անձնաւորութեանը, որ վերին աստիճանի կարևոր մանրամասնութիւններ է հաղորդում նոցա կրօնի և սովորութիւնների մասին: Ինչպէս երևում է պատմուածքի ոճից՝ նա ի մօտոյ ծանօթ պիտի լինի Արևորդոց, որով ևս առաւել բարձրանում է նորա արժէքը, սակայն ոչ ամէն հաղորդածի վերաբերեալ: Այն ամէնը, իհարկէ, որ նա կարող էր աչքով տեսած լինել և գրած, անշուշտ չեն կարող ենթարկուիլ ո՛չ մի կասկածանքի, որոնք մանաւանդ հաստատւում են և այլ աղբիւրներից. բայց ինչ որ չի կարող դիմանալ քննադատութեան, դա այն է, որ նա չի բաւականանում տեսածը պատմելով, այլ մտնում է պատմական բացատրութիւնների մէջ ևս:
Այսպէս՝ նորա ասելով գոյութիւն են ունեցել Հայեր-Արևորդիք, որոնց նախնիքը ուսած են եղել իրանց կրօնը բուն Զրադաշտից «ի Զրադաշտ մոգէ անդրուշանին պետէ…
Վերևը դրած ծանօթութիւնից երևում է, որ Ապարանեցին ծանօթ է եղել թէ՛ Շնորհալու և թէ՛ Մագիստրոսի թղթերին և ամենաբարեխիղճ կերպով միացնում, ամբողջացնում է նոցա հաղորդածը. Շնորհալու հետ նա ընդունում է, որ Արևորդիք Հայ են, իսկ Մագիստրոսի հետ՝ թէ նոքա Զրադաշտական են: Միայն նա մոռանում է, որ ըստ Մագիստրոսի՝ Արևորդիք դեղուած են ո’չ Զրադաշտից իրանից, այլ նորա յաջորդ մոգերից, մինչ Ապարանեցին վերագրում է դորան բուն Զրադաշտին»…
«…Այսպէս տեսնում ենք, որ քանի գնում Արևորդոց ծագման խնդիրը առաւել կնճռւում է և բարդւում, թէև բոլոր սխալ կամ ստոյգ տեղեկութիւնները բղխում են միևնոյն աղբիւրից, Մագիստրոսից կամ Շնորհալուց, թէև ինչպէս կը տեսնենք, մեծամասնութիւնը Արևորդոց Հայ լինելը չի պնդում՝ ճանաչելով նորան մի ուրոյն ժողովուրդ: Բայց հէնց այդ «Հայ» անունը, որ գտնում ենք միմիայն Շնորհալու և Ապարանեցու վկայութիւնների մէջ՝ կից «Արևորդի» կոչման հետ, ցոյց է տալիս, որ այդտեղ մի ինչ կայ, մի կասկածելի կէտ, որ հարկաւոր է պարզել»…
«…Եւ անհասկանալի է մնում թէ ինչո՞ւ իսկական Հայը պիտի «Արևորդի» կոչէր իրան. միթէ այն պատճառով որ նա արևապա՞շտ էր. հապա ինչո՞ւ նախնի արևապաշտ Հայերն ևս այդպէս չէին կոչւում քրիստոնէութիւնից առաջ, մինչ նոցա կարծեցեալ յաջորդները ԺԲ դարուց յայտնւում են այդ նորատարազ անունով:
«Արևորդի» անունը, ինչպէս երևում է, յատուկ ազգութեան անուն է և ոչ կրօնի, որովհետն այդ անուան հետ միասին մենք համարեա՛ բոլոր վկայութիւնների մէջ պատահում ենք և նոցա կրօնի անուանը, որ նշան է, թէ «Արևորդի» բառը չէր կարող և նոցա կրօնը նշանակել: Այդ կոչումը եթէ նոցա կրօնի անունն էր, քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ պիտի կորչէր վերանար, մինչ Արևորդոց քրիստոնեայ դառնալուց մի քանի դար յետոյ մատենագիրները նոցա յիշում են այդ անունով միայն իբրև ուրոյն ժողովուրդ և համեմատում են թուրքի, Հայի հետ.
«Կինն՝ ոչ պժգայ յԱրեւորդւոյ,
Ոչ ի թուրքէ, ոչ ի Հայէ,
Զով որ սիրէ` հաւատն այն է»,-
ասում է «Թըլկուրանցի Յովհաննէս պոէտն ու հայրապետը» (ԺԴ դար): Այս տողերի մէջ Հայը, թուրքը և Արևորդին դրուած են իբրև վերին աստիճանի տարբեր առանձնայատուկ ազգութիւններ, իբրև համեմատական ամենախոշոր կոնտրաստ:
Նոյն ԺԴ դարու վերջերը Թոմաս Մեծոփեցին հետևեալն է գրում Լէնկ-Թէմուրի մասին. «Եկն ի Մէրտին (Միջագետք) աւերեաց զքաղաքն եւ չորս գեղ Արևորդի կռապաշտ զՇօլն, զՇըմըղախ, զՍաֆարի, զՄարաղի ի սպառ կործանեաց: Եւ յետոյ դարձեալ սատանայի հնարիւք բազմացան ի Մէրտին և յԱմիթ»: «Յորոց գտանին մինչեւ ցայժմ ի սահմանս երկուց գաւառացս, որք են ի Միջագետս» աւելացնում է հայր Ինճիճեանը իրանից (Հնախօսութիւն, հտր. Գ, 161 եր.):
Ապարանեցու վկայութիւնը Արևորդոց պաշտած բոյսերի մասին՝ լրացնում է «ծաղկաբան երգիչ». Դաւիթ Սալաձորցին հետևեալ հետաքրքրական տողերով.
«Սինձն, Իրիցուկն ու Եղըրդակն կու սպասեն Արեւորդուն.
Նոցա երամն ուրիշ է, կու շրջին զօրն հետ արեւուն»:
Արևորդոց մասին մեզ հասած տեղեկութիւնները ահա այս հատուկտոր հատուածներն են միմիայն, որոնք, ի մի ամփոփելով, աշխատենք պարզել նոցա ազգութեան խնդիրը»…
…«Մագիստրոսը միևնոյն թղթի մէջ մինչ խօսում է Արևորդոց մասին, սառն է և անտարբեր, բայց երբ գալիս է Թոնդրակեցոց, իսկոյն փոխում է արտայայտութեան ոճը՝ անուանելով նոցա անիծեալ, չարութեան արմատ և այլն (տես վերևի հատուածը): Շնորհալու վերաբերմունքը մինչև անգամ հասնում է անտարբերութեան. «իսկ եթէ ստութեամբ լինիցի դարձ նոցա (Արևորդոց ի քրիստոնէութիւն)… եւ դարձեալ անդրէն ի փսխածն իւրեանց դառնան, մեզ եւ ոչ մի ինչ վնասէ»: Այս հանգամանքը, ըստ իս, ամէնից պարզ ցոյց է տալիս, որ Արևորդիք Հայ չէին, և իբրև օտարական, վարակիչ կամ վտանգաւոր չէին կարող լինել բնիկ Հայերի համար, չնայելով որ նոքա բաւական էլ բազմաթիւ էին: Մէրտին, նորա մօտի չորս գիւղերը, Սամոսատ, մինչն անգամ Մանազկերտ Արևորդիք կային. բայց իբրև քրիստոնէութեան և ազգային ամբողջութեան անվտանգ օտարականներ՝ ապրում էին առանց հալածուելու, մինչ բնիկ հայ աղանդաւորները, հայ- կաթոլիկները, վերջերս նաև հայ-բողոքականները զերծ չեն մնացել խիստ հալածանքից: Հէնց այդ պատժառով էլ Դաւիթ Ալաւկայ որդու վկայութիւնը՝ թէ «Պայլիկեանքն կամ Մծղնեայք Արուիորդոց ազգն է»՝ լիովին անհիմն պէտք է համարել:
Ի վերջոյ, ութ անձանց վկայութիւնները ԺԱ-ԺԴ դարերից՝ մեզ հետևեալ եզրակացութեանն են բերում:
ա. Նոցանից վեցը Արևորդոց մասին խօսում են՝ իբրև ինքնուրոյն ժողովրդի մասին.
բ. Միայն Շնորհալին է նոցա Հայ անուանում առանց որևէ հիմունքի՝ պատճառ դառնալով և Ապարանեցու սխալին.
գ. Արևորդոց վարքուբարքի, կրօնի և սովորութիւնների նկարագրից երևում է, որ նոքա Հայ չէին և չէին կարող մինչև ԺԴ դարը հայ-հեթանոսներ գոյութիւն ունենալ:
Ուսումնասիրելով մեզ հասած տեղեկութիւնները Արևորդոց մասին, այն եզրակացութեան ենք գալիս, որ նոքա մի օտար նորամուտ ժողովուրդ են: Նոցա «Արևորդի» անունը, որ խորին արևելեան կնիք է կրում, այն հանգամանքը, որ մատենագիրները նոցա դեղուած են համարում Զրադաշտականներից, ցոյց է տալիս, որ Արևորդիք Միջագետք և Հայաստան գաղթել են արևելքից — Պարսկաստանից: Նոքա ունեցել են «առաջնորդ», որ կոչւում էր «Հազըրպետ»: Դա անշուշտ նոցա ցեղապետն է եղել. այսինքն՝ ունեցել են ցեղական կազմակերպութիւն:
Զարմանալի են նոցա կրօնի մանրամասնութիւնները. հոգևորականութիւն չեն ունեցել. պաշտում են արևը և այն ծաղիկները որոնք «զդէմս իւրեանց շրջեցուցանեն ընդդէմ արեգականն». ուրեմն ամէնից առաջ արևածաղիկը, արևահատը. նաև՝ ինչպէս վկայութիւն ունինք՝ շուշանը, բամբակը, սինձն, եղրդակն, իրիցուկը, նաև՝ բարտի ծառը:
Դորա հետ միասին նոքա իրենց անուանում են քրիստոնեայ, տալիս են Հայ քահանայի հասոյթը: Յամենայն դէպս երևում է, որ խիստ ճաշակով ժողովուրդ են եղել Արևորդիք՝ պաշտելով արևն ու լիշեալ ծաղիկները, ինչպէս վկայում է Ապարանեցին. նոքա «նմանեցուցանեն զինքեանս նոցա (ծաղկանց) հաւատով եւ գործով բարձր եւ անուշահոտ»:
…«Ամփոփելով այս ամէնը, հետևում է, որ.
ա. Արևորդիք Հայ չեն,
բ. Նոքա քրիստոնեայ աղանդաւոր ևս չեն.
գ. Նոցա կրօնը զրադաշտականութեան հետ ևս նոյնացնել չէ կարելի.
դ. Որ մեր ունեցած ներկայ նիւթերով առ այժմ դժուար է պարզել նոցա ծագումը»:
Շարունակությունը՝ հաջորդիվ…