«ԲԱՆԱՍԵՐԸ ՆՄԱՆ Է ԵՐԿՐԱԲԱՆԻ, ՈՐ ՔՆՆԵԼՈՎ ՈՐԵՎԷ ԱՊԱՐ, ՈՐՈՇՈՒՄ Է ՆՐԱ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ»…

«Բանասերը նման է երկրաբանի, որ քննելով որևէ ապար, որոշում է նրա գոյացությունը, նստվածքներն ու շերտերը, չե՞ն հողմնահարվել արդյոք ժամանակի մեջ…

Ոչ մի բնագավառ թերևս այնքան հրապուրիչ չէ և չի կլանում մարդկային հետաքրքրության ավելցուկը, որքան հնագիտությունը և գիրը, որ հնագիտություն է»,- գրում է միջնադարյան ձեռագիր մատյանների հմուտ գիտակ, Բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանը:

Շեշտելով Հայոց երկրի դիրքի և աշխարհագրական պայմանների ունեցած մեծ դերը Հայքի քաղաքական պատմության մեջ, նա անդրադառնում է «քաղաքական նվաճումներին ուղեկցող կրոնական արշավին» և համեմատում «մոգերին գերադաս և հարգելի դարձրած» Շապուհին վերաբերող պարսկական արձանագրությունն ու Խորենացու նկարագրությունը՝ բացահայտելով նրանց նմանությունը:

Այդպիսով մեկ անգամ ևս փաստվում է, որ հին զրույցներն ու առասպելները հաճախ «նոր զգեստավորում» են ստացել ժամանակի հետ:

«…Խորենացին պատմելով, թե ինչ ներքին կարգադրություններ արեց Արտաշիրն Հայաստանում, գրում է.
«Եւ զմեհենից պաշտամունս առաւել ևս յորդորէ, այլ և զհուրն որմզդական, որ ի վերայ Բագնին, որ ի Բագաւան անշէջ հրամայէ լուցանել: Բայց զոր արար Վաղարշակ պատկեր իւրոց նախնեացն հանդերձ արեգակամբք և լուսնիւ յԱրմաւիր, և փոխեցան յԱրմաւրայ ի Բագարան և դարձեալ յԱրտաշատ՝ զայնոսիկ փշրէ Արտաշիր»:

Դա այնպես ճշմարտացի է, թվում է՝ պատմիչը քաղել է Կարտիրի արձանագրությունից»…

…«Մենք այդ դարձերի մեջ նկատեցինք ինչ-որ նմանություն:
Երկուստեք մերժվում են աստվածներ և երկուստեք կործանվում մերժված աստվածների բնակատեղիները, և նրանց հիմքերի վրա կրակարաններ կամ խորաններ բարձրանում:

Կարտիրի արձանագրության մեջ և Ագաթանգեղոսի էջերում զարմանալիորեն միատեսակ արտահայտություններ կան. «Դևերը նահանջեցին երկրից և վտարվեցին: Դևերի համար մեծ խայտառակություն եղավ»,- ասված է Կարտիրի մոտ:
«Կերպակերպ նմանութեամբք դիւացն փախստական լինելով անկանէին ի կողմանա Խաղտեաց», «իսկ սևագունդ դիւացն աներևոյթք եղեալ, չքոտեալք ի տեղւոյն իբրև զծուխ պակասեցան»,- ասված է Ագաթանգեղոսի բնագրում:
Այստեղ էլ դևերի համար մեծ խայտառակություն եղավ: Այստեղ էլ դևերը մեծ հարված և տառապանք կրեցին:
«Նրանց աստվածների պատկերները փշրվեցին»,- գրում է Կարտիրը:
«Զպատկեր նորին փշրէին», «Փշրէին զոսկի պատկերն Անահտական կանացի դիցն»,- գրում է Ագաթանգեղոսը:

Կարտիրը Շապուհի հրամանով մոգերին մեծ արտոնություն է տալիս, և ամենուր կանգնում են Ահուրա Մազդայի տաճարներ ու կրակարաններ:
Գրիգորը նույնպես «թագավորի ինքնիշխան հրամանաւ և ամենեցուն հաւանութեամբ» խաչեր և աստծո տներ է կանգնեցնում: «Եւ յամենայն քաղաքս Հայոց և ի գեօղս և յաւանս և յագարակս երևեցուցանէր զտեղիս տան աստուծոյ»:

Այս նմանությունները պատահական չեն:
Դրանք նույն բնույթից են գալիս, որ ժխտեն միմյանց»…
«…Զրադաշտականությունը այստեղ (Հայաստանում, Կ.Ա.) որոշ հող ուներ և ավանդույթ:
Արտաշիրը «զհուրն Որմզդական անշէջ հրամայէ լուցանել», ուրեմն՝ այն կա՛ր: Զրադաշտականությունը Հայոց կրոնի հետ վաղուց շփման մեջ էր»…(մեջբերումները՝ Ա. Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքից, էջ 94-95):

Հետագայում միջնադարյան մատենագիրները զանազան առիթներով հիշատակում են Հայոց մեջ օտարի կողմից պարտադրված կրոնը չընդունած Արեգակնապաշտներին՝ «Արևորդիներին»՝ նրանց ներկայացնելով որպես «ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց»՝ «ազգով և լեզվով Հայոց տոհմից», որոնք խուսափել են քրիստոնեությունից կամ՝ նրանց համարելով «Զրադաշտ մոգի» հետևորդներ։

«…Եւ անհասկանալի է մնում, թէ ինչո՞ւ իսկական Հայը պիտի «Արևորդի» կոչէր իրան. միթէ այն պատճառով, որ նա արևապա՞շտ էր. հապա ինչու՞ նախնի արևապաշտ Հայերն ևս այդպէս չէին կոչւում քրիստոնէութիւնից առաջ, մինչ նոցա կարծեցեալ յաջորդները ԺԲ (12-րդ, Կ.Ա.) դարուց յայտնւում են այդ նորատարազ անունով»,- հին ձեռագրերից մնացած փոքրիկ պատառիկները պեղելով նշում է Հայ լեզվաբան և գրաքննադատ Գրիգոր Վանցյանը՝ «Արևորդոց խնդիրը» քննող իր ուսումնասիրության մեջ:

Որոշ մանրամասներ Արևորդիների վերաբերյալ՝ հիշյալ հոդվածից՝ հաջորդիվ…