«ՔԱՋ Է ՆԱ, ՈՎ ՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ»…
Հայքը’ սովորաբար բնական սահմաններով’ լեռների և գետերի ավազաններով միմյանցից զատված իր գավառներով, ողջ Հայկական Բարձրավանդակն իր աշխարհագրական դիրքով, պատմական ընթացքով ձևավորել են Հայ ազգի դիմագիծը։ Ազգային աշխարհայացքի հիմքով հյուսված Հայոց մշակույթի վրա հաճախ ազդել են քաղաքական իրադարձությունները, օտարամուտ բարքերը…
«Հայ ժողովրդի հոգևոր կյանքը մեծ բեկումներ է ունեցել և այնպիսի անակնկալների է ենթարկվել, որ երբեմն ուղղակի ընդհատվել է՝ ամբողջովին կորցնելով կապը նախկինի հետ։
Քաղաքական տագնապալից հեղաշրջումները այնպես էին փշրում պատմական հաջորդականության շղթան, որ երբեմն հաջորդ սերունդը ոչ հեռավոր անցյալի նկատմամբ այնքան անտեղյակ և այնպիսի անօգնական վիճակի մեջ էր ընկնում, ինչպես մենք՝ այսօր։ Երկրի մասնատված վիճակը և կյանքի բնականոն ընթացքի հաճախակի ընդհատումները խանգարում էին միասնական ավանդույթների մշակմանն ու պահպանմանը։
Հենց որ հանդարտվում էին քաղաքական փոթորիկները, ետևում էին մնում ձախորդությունների սուր շրջանները, և կյանքը սովորական հունի մեջ էր մտնում, արթնանում էր հետաքրքրությունն անցյալի նկատմամբ, սկսվում էր տագնապալից ժամանակներից փրկված հուշարձանների ուսումնասիրությունը՝ հին ժամանակների հետ եղած կապը հասկանալու, ներկան անցյալի հետ որևէ կերպ շաղկապելու նպատակով»։ (Նիկողայոս Ադոնց):
6-րդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու «Պատերազմների մասին» գրքի էջերում հեռավոր դարերում մղված արյունահեղ մարտերի պատկերներն են, երկաթե զրահներով, սաղավարտներով զինված բազմահազար զինվորների տեղատարափ նիզակների և զենքերի շառաչյունը, հակառակորդի պարիսպները գրոհող զորքերի, «խոյերի» վրա շպրտվող «ծծմբով ու կուպրով լի» կավե բոցավառ անոթներով կրակի ճարակ դարձած տեսարանները…
Նա հիշեցնում է նաև հնուց եկող ճշմարտությունները՝
«Քաջ է նա, ով տանում է ամենամեծ փորձությունները՝ հաջողության ակնկալությամբ»։
«Խիզախության անվան տակ մահվան ձգտելը գիտակից մարդիկ անխոհեմություն են համարում»
Ականատեսի իր պատմությունների շարադրանքից բացի՝ Պրոկոպիոսն օգտվել է նաև հունալեզու, լատինալեզու և այլ ժողովուրդների լեզուներով գրված աղբյուրներից և իր օգտագործած աշխատությունների շարքում քանիցս նշում է «Հայոց պատմությունը»:
Նա հիշատակում է նաև Փավստոս Բուզանդի (Դ, 54) մոտ հանդիպող հայտնի դրվագը, ուր պատմվում է Պարսից թագավոր Շապուհի և Հայոց Արշակ Բ արքայի մասին, Պարսից տիրակալին «Պակուր» անվամբ նշելով։
«Պարսիկների և Հայերի միջև պարսից Պակուր արքայի և Հայոց Արշակ Արշակունու ժամանակ երեսուներկու տարի չհայտարարված պատերազմ էր գնում։ Այս պատերազմի երկարատևության պատճառով երկու կողմերն էլ անչափ վնաս կրեցին, մասնավորապես Հայերը։ Երկուսի միջև անվստահությունն այնքան խորացավ, որ ոչ ոք չէր կարողանում բանակցությունների մեջ մտնել մյուս կողմի հետ։ Այդ միջոցին պատերազմ ծագեց պարսիկների և Հայերից ոչ հեռու բնակվող այլ բարբարոսների միջև։ Հայերը, ցանկանալով պարսիկներին ցույց տալ դեպի նրանց ունեցած իրենց բարյացակամությունը և հաշտություն կնքելու պատրաստակամությունը, անսպասելիորեն հարձակվեցին այդ բարբարոսների երկրի վրա (նախօրոք տեղյակ պահելով պարսիկներին) և թշնամիների գրեթե բոլոր տղամարդկանց կոտորեցին։
Պակուրը կատարվածից անչափ գոհ մնալով, Արշակի մոտ ուղարկեց մեծամեծներից ոմանց, հավատարմության նշանակներ տվեց և հրավիրեց իր մոտ: Երբ վերջինս հասավ (Պակուրի) մոտ, արքան նրան հյուրընկալեց և եղբոր նման հավասար համարեց։ Այնտեղ երկուսն էլ մեծ երդում տվեցին, որ պարսիկները և Հայերը միմյանց բարեկամ են և դաշնակից, որից հետո Պակուրը թողեց, որ Արշակը գնա իր հայրենիքը։
Քիչ ժամանակ անց, ոմանք զրպարտեցին Արշակին, իբր նա ուզում է ապստամբություն բարձրացնել: Այդ բանին Պակուրը հավատաց և անմիջապես Արշակին իր մոտ կանչեց, ասելով, որ լավ կլիներ բոլոր հարցերի շուրջը նրա հետ խորհրդակցեր:
(Արշակն) իսկույն գնաց նրա մոտ՝ իր հետ տանելով ամենառազմունակ Հայերից ոմանց, ինչպես նաև Վասիկիոսին (թարգմանչի ծանոթագրությամբ’ խոսքը Վասակ Մամիկոնյանի մասին է, Կ. Ա. ), որը նրա զորավարն էր և խորհրդականը՝ շատ քաջ և խելացի։ Պակուրը և՛ Արշակին և՛ Վասիկիոսին սկսեց բացեիբաց պախարակել և ամբաստանել, որ նրանք դրժել են երդումը և ուզում են շուտով ապստամբություն բարձրացնել. մի բան, որ նրանք մերժեցին՝ անվերջ երդվելով, որ իրենք երբեք նման մտադրություն չեն ունեցել։
Պակուրն սկզբում նրանց կալանավորեց, ապա հարցրեց մոգերին՝ ինչպե՞ս վարվել նրանց հետ։ Մոգերը արդար չէին համարում դատապարտել, քանի որ նրանք չէին ընդունում մեղադրանքը և բացեիբաց չէին խոստովանում և խորհուրդ տվեցին այնպես անել, որ Արշակը ստիպվի ինքն իրեն մեղադրել։
Մոգերը առաջարկեցին արքայական վրանի հատակը ծածկել գոմաղբով՝ կեսը պարսից երկրի, իսկ մյուս կեսը՝ Հայոց։ Արքան այդպես էլ արեց։
Այն ժամանակ մոգերը վրանի շուրջը մոգություններ կատարելուց հետո առաջարկեցին արքային, որ նա Արշակի հետ պտույտ կատարի և մեղադրի Արշակին դաշինքը խախտելու և երդմնազանցության մեջ։
Մոգերը ևս պետք է ներկա լինեին այդ խոսակցությանը՝ որպես զրույցի վկաներ։
Պակուրը հրավիրեց Արշակին, նրա հետ շրջեց վրանում, ուր ներկա էին մոգերը, և հարցրեց՝ թե ինչո՞ւ է նա, դրժելով երդումը, պատճառ դառնում պարսիկների և Հայերի մեծ դժբախտության։
Քանի դեռ խոսակցությունը տեղի էր ունենում այն մասում, ուր պարսկական հողն էր փռված, Արշակը չէր ընդունում մեղադրանքը, ամենասարսափելի երդումներով հաստատում էր և վստահեցնում, որ ինքը Պակուրին հավատարիմ է։ Բայց երբ խոսակցության ընթացքում հասնում էին վրանի կենտրոնը, ապա անցնում Հայոց երկրի գոմաղբով ծածկված վայրը, ահա այստեղ Արշակը անսպասելի կերպով, չգիտեմ ինչից դրդված, ոչ միայն փոխում էր խոսակցության շեշտը դեպի ավելի հանդուգնը՝ սպառնալով Պակուրին և պարսիկներին, այլև հայտարարում էր, որ վրեժ կլուծի նման անպատվության համար, երբ ինքը շուտով իր անձի տերը դառնա։ Համարձակությամբ այդ ասելով նա ճեմում էր. մինչև որ շրջելով հասավ պարսից երկրի գոմաղբը։
Այստեղ նա նորից նույն երգն էր երգում, որ ինքը Պակուրի ծառան է և այլ ողորմագին խոսքեր ասում։
Երբ նորից հասավ Հայոց հողի վրա, նա անցավ սպառնալիքներին:
Եվ այսպես բազմիցս մի հողի վրայից մյուսն անցնելով, ոչ մի գաղտնի բան չթողեց։
Ահա դրանից հետո մոգերը մեղադրեցին նրան դաշինքը խախտելու և երդմնազանցության մեջ:
Պակուրը Վասիկիոսին մորթազերծ արեց, մորթին լցրեց ծղոտով և կախեց շատ բարձր ծառից։ Իսկ Արշակին (քանի որ չէր կարող սպանել արքայական արյուն ունեցող մարդուն), բանտարկեց Անհուշ բերդում»։
(Թարգմանության ծանոթագրության հիշեցմամբ’ Վասակի մահապատժի մասին վկայություն ունի Փավստոս Բուզանդը. «Ապա ետ հրաման թագաւորն Պարսից մորթել զզօրավարն Հայոց Վասակ, և զմորթն հանել և լնուլ խոտով, և տանել ընդ նոյն բերդ յԱնդմըշն՝ որ Անյուշն կոչեն, ուր արգիլին իսկ թագաւորն Արշակ»։ Այսպիսի մահապատիժը տարածված էր Պարսկաստանում և գալիս է դեռ Աքեմենյան ժամանակներից, և այն կոչվում էր «պարսկական» մահապատիժ։ Հայկական աղբյուրները ևս այս անվանում են «պարսկական մահապատիժ». «ըստ պարսկի օրինակին հրամայէր (Ներսես արքան) զմորթն ի բաց հանել (Վարազի), և խոտով լնուլ», Փավստոս Բուզանդ, Գ, 21, հմմտ. Խորենացի, Գ, 50)։
«Որոշ ժամանակ անց, Արշակին պարսից երկիրը ուղեկցող ամենամերձավոր
մարդկանցից մի Հայ մասնակցեց պարսիկների արշավանքին՝ բարբարոս մի ժողովրդի դեմ։ Պակուրը, տեսնելով այդ մարդու՝ պատերազմում ցուցաբերած քաջագործությունները և այն, որ նա պարսիկների հաղթության պատճառ դարձավ, պահանջեց նրանից ուզածը խնդրել, խոստանալով բավարարել նրա ամեն մի ցանկությունը։
Սա միայն մի բան խնդրեց, որ իրեն թույլատրվի մեկ օր ծառայել Արշակին։ Դա (արքային) շատ դժվար դրության մեջ գցեց, որովհետև նա ստիպված էր խախտել վաղեմի օրենքը, սակայն ցույց տալու համար, որ իր խոսքի տերն է, թույլ տվեց, որ խնդիրքը կատարվի:
Արքայի թույլտվությամբ նա մտավ Անհուշ բերդը, համբուրեց Արշակին, և երկուսը գրկախառնված ողբացին իրենց ճակատագիրը և հազիվհազ իրարից բաժանվեցին: Ողբից հետո, Հայը լողացրեց Արշակին և արեց ինչ որ ընդունված էր. հագցրեց նրան արքայական հանդերձանքը ու բազմեցրեց բազմոցի վրա:
Այնտեղ Արշակը արքայավայել, ըստ նախկին սովորության, հյուրասիրեց ներկա եղողներին։
Ճաշկերույթի ժամանակ բազմաթիվ կենացներ խմվեցին և այլ խոսքեր ասվեցին, որոնք շատ դուր եկան Արշակին։ Գինարբուքը երկարեց մինչև գիշեր և խոսակցությամբ շատ ուրախացան և անչափ բավարարություն ստացած հազիվ բաժանվեցին իրարից։
Պատմում են, որ այն ժամանակ Արշակն ասել է, թե լավագույն օրն է անցկացրել, հանդիպել է իր ամենասիրած մարդուն, և որ այլևս ի վիճակի չէ տանել կյանքի տառապանքները։ Այդ ասելուց հետո ինքնասպանություն է գործել այն դանակով, որ ճաշկերույթի ժամանակ դիտմամբ թաքցրել էր, և ահա այդ ձևով վախճանվել»…(«Պատերազմների մասին», Գիրք առաջին, գլուխ 5):
Նվաճողական քաղաքականություն վարող Բյուզանդական կայսրության և Պարսկաստանի միջև դարեր շարունակ Հայ ժողովուրդն իր հերոսական պայքարն էր մղում՝ հանուն ինքնիշխանության, ազգային դեմքի ու մշակույթի պահպանման:
Օտարազգիների հարձակումները, բռնությունները դիմակայելու դարավոր ճիգերը հաղթահարվեցին՝ ճակատագրական կորուստներով, սակայն միշտ՝ Հայքի երբեմնի փառքը վերականգնելու, խորտակված ազգային ավանդույթները վերածնելու իղձով ու բաղձանքով…