«ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»…
(ՊՐՈԿՈՊԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ)

4-րդ դարում Հայոց աշխարհը համառ պայքար էր մղում հանուն անկախության պահպանման: Սակայն քրիստոնեության տարածմանը հաջորդող տասնամյակներին՝ 387 թվականին Հայքը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայքի արևմտյան փոքր հատվածը (1/5-րդը)՝ Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքի մի մասն անցան արևելյան հռոմեական կայսրությանը՝ Բյուզանդիային, իսկ մեծ մասը սասանյան պետության մի մարզը դարձավ և կառավարվում էր մարզպաններով:
Մարզպանական շրջանում Հայքն իր ներքին ինքնուրույնությունը պահպանեց, նախարարական կարգը նույնիսկ ամրապնդվեց, և Հայքի անկախությանն ու վերամիավորմանն էին ձգտում Հայոց նախարարները, որոնք փոքրիկ իշխանություններ էին, և իրենց ձեռքում էր ողջ այրուձին:
Եղիշեի հաղորդմամբ՝ Արշակունյաց թագավորության անկումից հետո «ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն. զի թէպէտ և գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմիս» (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Տփղիս, 1904 թ., էջ 12):

Մյուս կողմից՝ հռոմեական կայսրության երբեմնի փառքի վերականգնման նպատակով Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսը (482թ.-565թ.) հետագայում ձեռնարկեց օրենսդրական և վարչական փոփոխություններ՝ իր երկրի ռազմական հզորության ապահովման համար։ Նրա ժամանակակից՝ Զ (6-րդ) դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին Հուստնիանոսին ներկայացնում է որպես «խորամանկ, նենգ, կեղծավոր, ծածկաﬕտ, երկերեսանի ﬕ անձնավորություն», որն իր «անմիտ փառասիրության», «անսահման արծաթասիրության պատճառով կեղեքում էր ողջ երկիրը»:

«… Ահա նա այդպես տնօրինեց Մեծ Հայք կոչված (երկրի) գործերը։ Ինչ վերաբերում է մյուս Հայքին, որը գտնվում է Եփրատ գետից այն կողմ և տարածվում է մինչև Ամիդ քաղաքը, այնտեղ իշխում էին հինգ Հայ սատրապներ, որոնց իշխանությունը ժառանգական էր և ցմահ։ Նրանք հռոմեացիների կայսրից ստանում էին միայն նշանակներ (տարբերանշաններ, Կ. Ա.):
Այդ նշանակների մասին արժե խոսել, քանի որ դրանք ոչ ոք չի տեսնելու այլևս։
Դա բրդյա քղամիդ էր, սակայն ոչ թե ոչխարի բրդից, այլ ծովից հավաքված։ Այդ բուրդը բուսնում է պիննոս կոչված ծովային կենդանիների վրա։ Ծիրանիի այն մասը, որի վրա սովորաբար գցվում էր բեհեզը՝ ոսկուց էր։ Քղամիդի վրա ամրացված էր լինում ոսկե ճարմանդ՝ մեջտեղում պատվական քար։ Այդ ճարմանդից ոսկե լայն շղթաներով կախված էին երեք հակինթ։ (Քղամիդից բացի) կար նաև մետաքսյա պատմուճան, ամենուրեք պաճուճված ոսկեհուռ զարդերով, որոնց «պլումիա» (փետուր, Կ. Ա.) են անվանում, և մինչև ծունկը հասնող կարմիր կոշիկներ (սռնապաններ, Կ.Ա.), որոնք սովորաբար հագնում են միայն հռոմայեցիների և պարսից թագավորները։
(Մեծ Ծոփաց Թեոդորոս սատրապն այս զգեստով ներկայացավ Նփրկերտ քաղաքը Պարսից Կավատ արքային)։
Հռոմեական զորքը երբևիցե օգնություն չի ցուցաբերել ո՛չ Հայոց թագավորին, ո՛չ էլ սատրապներին։ Պատերազմական գործերում նրանք ինքնուրույն էին»։ («Կառուցումների մասին», Գիրք Գ, գլուխ 2, էջ 190-191):

«Հայկական զինված ուժերը, որոնք այնքան անհրաժեշտ էին հայրենիքի պաշտպանության համար, պաշտպանում էին կայսրության շահերը Աֆրիկայում, Իտալիայում, Թրակիայում, Լազիկայում և այլուր։
Պրոկոպիոսը հանվանէ հիշատակում է 17-ից ոչ պակաս Հայ զորահրամանատարներ բյուզանդական բանակում՝ Հուստինիանոսի ժամանակաշրջանում, անխտիր ընդգծելով յուրաքանչյուրի ռազմական մեծ ընդունակությունները և քաջությունը։ Նշանավոր Արտավան և Արշակ Արշակունիներ, Ամենակարող Նարսես զորավար, Սիտտաս, Հրահատ, Սահակ և Նարսես Կամսարականներ, Ակակիոս, Ադոլիոս, Արտավազդ, Հովհաննես Գուզես, Համազասպ, Գիլակիոս-Գլակ, Անզալաս-Ընջուղ, Ֆազաս և շատ ու շատ ուրիշներ… Ահա այն փայլուն զորավարների անունները, որոնք բոլորն էլ ընկան ռազմի դաշտում՝ պաշտպանելով, իհարկե, ոչ թե Հայ ժողովրդի շահերը, հաճախ նույնիսկ գործելով ընդդեմ Հայ ժողովրդի։
Հուստինիանոսը հարկերի հսկայական բեռ դրեց իրեն ենթակա Հայաստանի վրա։ Այդ բոլորը չէր կարող չլցնել Հայերի համբերության բաժակը, չէր կարող չգրգռել Հայերի ատելությունը ընդդեմ կայսեր և չնայած Բյուզանդիայի բոլոր ժողովուրդներն էին հեծում Հուստինիանոսի լծի տակ, բայց միայն Հայերն էին, որոնք փորձեցին վերջ տալ այդ բանին, ճիշտ է՝ անհաջող, մահափորձ կատարելով Հուստինիանոսի դեմ։
Ահա այսպիսի ժամանակաշրջանում էր ապրում Պրոկոպիոս Կեսարացին և այդ շրջանի պատմությունն է շարադրել իր բազմաթիվ գործերում։
Առանց նրա աշխատությունների մենք լրիվ պատկերացում չէինք ունենա Հայաստանի, հատկապես V դարի վերջի և VI դարի առաջին կեսի Բյուզանդական Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի, այնտեղ կատարված քաղաքաշինության, բերդաշինության և այլ հարցերի մասին։
Պրոկոպիոս Կեսարացու երկերը և Հուստինիանոս կայսեր՝ Հայաստանին վերաբերող մի քանի օրենսդրական փաստաթղթերն են մեր հիմնական աղբյուրները դեպքերով լի այդ կարևոր ժամանակաշրջանի ուսումնասիրության համար» (Հ. Բարթիկյան):

Պրոկոպիոսի՝ «Պատերազմների մասին» գրքի էջերում կարդում ենք.
«… Զորքերը մարտի էին դասավորվել հետևյալ կերպ. երկու կողմն էլ շարվել էին դեմ առ դեմ, հնարավորին չափ խոր ու լայն ճակատ կազմած: Հռոմեական զորքի ձախ թևը՝ բլրի մոտ գլխավորում էին Նարսեսն ու Հովհաննեսը՝ ունենալով հռոմեական զորքի լավագույն մարտիկներին… Աջ թևում էին գտնվում Վալերիանոսը, Հովհաննես Ֆագասը և Դագիսթայոսը՝ մնացած բոլոր հռոմեական զորքով։
…Ճակատի կենտրոնում Նարսեսը տեղադրեց լանգոբարդներին, էրուլներին և մնացած բոլոր բարբարոսներին։ Նա նրանց հրամայեց ձիերից իջնել, կազմել հետևակ, որպեսզի եթե հանկարծ մարտի ընթացքում վախկոտություն ցուցաբերեն կամ էլ դավաճանություն, չկարողանան անմիջապես փախուստի դիմել։
… Որոշ ժամանակ ոչ ոք չէր սկսում մարտը, այլ հանգիստ մնում էին՝ սպասելով հակառակորդի հարձակմանը։
Այնուհետև գոթերի զորքից Կոկկաս անունով մեկը, որը քաջ մարդու մեծ հռչակ ուներ, ասպատակեց իր ձին, եկավ կանգնեց հռոմեական զորքի դիմաց և հրավիրեց ցանկացողին իր հետ մենամարտի դուրս գալ։ Այդ Կոկկասն անցյալում հռոմեական զինվոր էր և դասալիք էր եղել Տուտիլասի մոտ։
Իսկույն նրա դեմ դուրս եկավ Նարսեսի դորիֆորներից մեկը, ծագումով Հայ, անունը Անզալաս, նա ևս ձի էր հեծած։
Կոկկասը նախահարձակ եղավ թշնամուն նիզակահար անելու մտադրությամբ՝ նշան բռնելով նրա փորին։ Բայց Անզալասը հանկարծակի մի կողմ քաշեց իր ձին և (հակառակորդի) թափը օգուտ չունեցավ։ Այդ ձևով (Անզալասը) հայտնվեց թշնամու կողքին և իր նիզակը խրեց նրա ձախ կողքին։
Նա անշնչացած, ձիուց գետին գլորվեց։ Հռոմայեցիների զորքի մեջ մեծ աղաղակ բարձրացավ…» (Պրոկոպիոս, «Պատերազմների մասին», գիրք 8, գլուխ 31)։

«…Հետախույզների մասին կասեմ հետևյալը։
Պետությունը դեռ վաղուց բազմաթիվ մարդկանց էր պահում, որոնք գնալով
թշնամիների մոտ, լինելով պարսից արքունիքում, կամ առևտրի, կամ էլ այլ պատրվակով, ճշգրիտ կերպով ամեն ինչ հետախուզում էին, վերադառնում հռոմայեցիների երկիրը և թշնամիների բոլոր գաղտնիքները հաղորդում իշխանություններին։ Վերջիններս նախօրոք տեղյակ լինելով, ապահով էին և ոչ մի անակնկալի չէին հանդիպում։
Այս սովորությունը դեռ վաղուց գոյություն ուներ նաև մարերի մոտ: Խոսրովը, ինչպես պատմում են, ավելի բարձր ռոճիկ տալով հետախույզներին, մեծ օգուտներ քաղեց նրանցից:
Նա իմանում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում հռոմայեցիների մոտ։ Իսկ Հուստինիանոսը նրանց վրա ոչ մի դրամ չծախսելով, հոոմայեցիների երկրից վերացրեց հետախույզների անունն անգամ, որի պատճառով շատ սխալներ թույլ տրվեցին, և Լազիկան գրավվեց թշնամիների կողմից, որովհետև հռոմայեցիներն ամենևին չգիտեին, թե պարսից արքան իր զորքով երկրի որ մասում է գտնվում… (Պրոկոպիոս Կեսարացի, «Գաղտնի պատմություն», գլուխ 30):

Շարունակությունը՝ հաջորդիվ…