«…ԵՒ ԿՈՉԷԻՆ ԴԱՐԲԸՆԱՔԱՐ»…

Մատենագրական, հնագիտական, արձանագրական և այլ աղբյուրների ուսումնասիրության շնորհիվ հառնում են անցյալի պատմության որոշ դրվագները:
Ուսումնասիրողները փորձում են վերականգնել հազարամյակների հետքերը կրող բնակավայրերի, քաղաքների պատմությունը, երկրների տնտեսական և մշակութային զարգացման մակարդակը, բնակչության կենցաղը…

Ձեռագիր մատյաններում տնտեսության, մշակույթի զարգացման համար բարենպաստ և դժնդակ, աղետալի ժամանակների վկայություններն են… Ղևոնդ երեցի հաղորդմամբ՝ արաբական սաստիկ ծանր հարկահանության հետևանքով Հայոց երկրում բոլորովին սպառվեցին թանկագին մետաղները՝ «…վախճանեաց զգիւտ արծաթոյ ի յերկրէս»…
Երկրագործությունը, անասնապահությունը, արհեստագործությունը երկրի հզորության մակարդակի կարևոր երաշխիքներից են:
Հսկայական նշանակություն ունի նաև երկրի բնական հարստությունը, մետաղագործությունը:
Հայկական Լեռնաշխարհն իր լեռներում, նրանց ընդերքում հարուստ հանքեր ունի, որոնք հռչակված էին հնագույն ժամանակներից ի վեր: Հայոց լեռների երկաթն արտահանվում էր և հարավ՝ Ասորեստան, և հյուսիս՝ սկյութական աշխարհ:
Պեղումներից հայտնաբերված գտածոներն ապացուցում են Հայոց Նախնիների ունեցած բարձր մակարդակը մետաղամշակման բնագավառում:

Ստրաբոնի հիշատակմամբ՝ «Կան ոսկու հանքեր Սիսպիրիտիսի (Սպերի, Կ. Ա.) մեջ՝ Կաբալլայում, ուր ուղարկվեց Մենոնը Ալեքսանդրի կողմից զորքով, բայց խեղդամահ եղավ բնակիչների կողմից:
Կան նաև ուրիշ հանքեր, ինչպես սանդիքս կոչվածը, որ կոչվում է նաև «Հայկական գույն» և նման է կալքեյի (=ծիրանի խեցի)»:


«Հայ հին մատենագրության մեջ ևս կան վկայություններ մետաղների հանույթի, և առավել ևս, նրանց մշակման, նրանցից զանազան իրեր, առարկաներ պատրաստելու վերաբերյալ:
Աղբյուրներից երևում է, որ երկաթահանքով հարուստ են եղել Ռշտունիքի լեռները, որտեղ երկաթի հանույթը զարգացած է եղել հին ժամանակներից ի վեր:
Փավստոս Բուզանդի ասելով՝ Հակոբ Մծբնացին Հայաստան գալով «հասանէր ի լեռն երկաթահատացն և կապարահատացն… ընդ Ըռշտունիս» (Փ. Բուզանդ, Պատմութիւն, էջ 38):
Ուրեմն, այս լեռը հռչակավոր էր իր երկաթի և կապարի հանքերով, և որովհետև երկար ժամանակ այստեղ երկաթ և կապար էին հանել, այդ պատճառով էլ ստացել էր «Երկաթահատաց և կապարահատաց լեռ» հռչակը:
Ավանդաբար պատմվում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան գալով, երկրի հարավում՝ Անձևացյաց երկրում հանդիպում է «Դարբնաց քար»-ին, այսինքն՝ երկաթի մշակման մի այնպիսի նշանավոր վայրի, որը շատ հայտնի էր, և Բուզանդը բացատրություններ տալ հարկ չի համարում, իսկ «Դարբնաց քար» կարող էր կոչվել երկաթաքարը կամ երկաթահանքը:
Ղազար Փարպեցին՝ գովաբանելով Արարատյան դաշտը, հիշատակում է նրա ընդերքի ոսկին, պղինձը, երկաթը և պատվական քարերը»,- գրում է Բաբկեն Առաքելյանը («Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում», Երևան, 1958 թ., 52-53):
Հայքի տարբեր շրջանների մետաղական կարևոր հանքերի մասին բազմաթիվ աղբյուրներում եղած հիշատակումներից են նաև Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ում նշվող հարստություններից՝ Տուրուբերանի և Աղձնիքի երկաթի հանքերը:
Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի գավառներից է Անձևացիքը՝ քարայրներով հարուստ Անձևացեաց գավառը, որին տեղացիները սովորաբար անվանում էին «Քարգահ», «Քարպահ»՝ Հայկական Տավրոսի արևելյան հատվածում, Վանա լճից հարավ-արեւելք փռված իր լեռներով, Դարբնաքարի՝ Կանգվարի բերդ-ամրոցով:

«Այսպիսի խառը, բնական և անբնական երևույթներ և զգացումներ է գուշակել տալիս Վանա երկրի հարավարևմտյան կողմերում՝ Անձևացյաց գավառում (որ արդեն իսկ նշանակում է դարուփոր երկիր), քրիստոնեության դարասկզբում՝ ս․ Բարդուղիմեոսի առաքելության ժամանակ, հիշատակված Կանգվար և Ագռավի քար կոչված լեռների միջև առկա տարածքը, որտեղ կա մի հատուկ քար կամ քարայր, ու ըստ ավանդողի՝ «Դեւք բազում (ասենք և դիւախաբները- Ղ․ Ա․) բնակեալ էին ի Քարն յայն, և պատրէին զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս․․․ կռանձայնս դարբնաց, ահաւոր հրաշիւք և զարհուրանօք գործէին․ յորս՝ մարդիկ աշխարհին սովորեալք՝ անդ առ Քարայրին (կամ Քուրային- Ղ․ Ա․) դեգերէին․․․ անունեալ զանուն տեղւոյն այնորիկ Դարբնաց-քար։ Հասեալ ս․ առաքեալն՝ հալածեաց զդարբինսն՝ զգործօնեայս չարին, և զկուռսն փշրեաց որ յանուն Անահատայ էր»։

«Բուն պաշտելին կամ սարսափելին եղել են խարդախ դարբինների կռանաձայնությունը և այն քարայրը կամ քուրան, որ նշանակում է նաև դարբինների հալոցքատեղ, հանքերի ու քարերի խորը տեղ, խորքից հանած նյութեր։
Սրան շատ նման էր նաև քիչ հեռու գտնվող «Բութ» կոչված լեռնակողը, ուր պաշտում էին թե՛ կրակ, թե՛ ջուր, թե՛ կուռք, ու կային վիշապաբնակ քարայրեր, որտեղից դևերից խաբվածները ու դիվահարները «Ահագին իմն և տեսիլս և փայլիւնս, ձայնս և թնդմունս և ճայթմունս գործէին», ինչը ևս լեռցրեց սուրբ առաքյալը և դրանց տեղում, ըստ ազգիս հին ավանդության, դրեց Տիրամոր անձեռագործ պատկերը և նոր հավատացյալ կույսեր կարգեց ի պահպանություն այդ տեղի, ինչը կրկին հաստատեց ս․ Լուսավորիչը։ Եվ եղավ վանքը մեծ ուխտատեղի ու թեև բավական անշուք՝ այդպիսին է առ այսօր», — գրում է Ղ. Ալիշանը։

Բանաստեղծական քառյակներում Դարբնաց Քարի կռանների բախման և թնդման արձագանքներն է հնչեցրել Ներսես Մոկացին (~1575-1625):
«…Եկեալ յերկիրն Անձևացեաց՝
Առ ի համբաւ քարի միոջ,
Յոր էր աղուեսն ամրացեալ յորջ,
Ընդ Անահտայ բնակէր տիկնոջ՝
Մարդախոշոշ կռանագոչ:

Քանզի փայլակն ի վայր անկեալ,
Ի Դարբնաց քըրայս արկեալ,
Զդեղն, որ կազմէր ախտիւ խառնեալ,
Յուռութուլունս մակարդացեալ:

Որպէս և ճառըն պատմական
Ուսուցանէ մեզ միաբան,
Եւ զվիշապին հին մեքենայն
Կիպրիանոս այր սրբազան:

Զի հին վիշապն անդըր բունէր
Եւ կըռանին համաձայնէր.
Բախմամբ թնդմանն ահ արկանէր,
Զնոսա յուշոյ միշտ խափանէր:

Իսկ արք տեղւոյն զերդ խելագար
Անդ խռնէին դեգերաբար,
Թարախածոր առեալ ծըրար
Եւ կոչէին Դարբընաքար:

Յոր վայր հասեալ առաքելոյն
Փութով խափան առնէր գործոյն,
Դարբնական բախման թընդոյն,
Որ գործօնեայք էին նիւթոյն,
Եւ զդիցամայրն խորտակեաց»…

«Երկնադիտակ վեմերով պատված՝ հույժ լեռնափակ այս հռչակավոր վայրը»՝ «Ագռավաց Քարը»՝ Կանգվար ամրոցին մոտ, ուր «Տիգրիսի մեծ կայլակն էր» և Անահիտ Դիցամոր տաճարը՝

Մերձ Կանգնաւոր մեծ ամրոցին
Որ «Ագռաւուց Քար կոչէին»,

ուր դարբիններն իրենց ահեղագոչ կռաններով Հայոց երկրի հզորությունն ապահովող զենքերն էին կռում՝ Այր Արամազդին, Անահիտ Տիկնոջը, Անհաղթ Միհրին և Հաղթաբազուկ Վահագնին փառաբանելով, քրիստոնեության տարածման ժամանակ հիմնահատակ ավերվեց:

Լռեցին «դարբնական բախման թնդյունն ու ճայթյունը», և տեղում հիմնվեց Հոգվոց վանքը…
Զենքի փոխարեն՝ խաչն ու կուսանոցը…

«Ու՜ր էր թէ դարձեալ այս անձաւներէն արթննալով ելնէին հնչէին ի բարձրաւանդակ Բագրեւանդ, յիշատակօք Հայկայ եւ Տրդատայ…»,- անձավներից արթնացած անցյալի հիշատակները կրկին տեսնելու բաղձանքով գրել է Ղևոնդ Ալիշանը…

Ի հիշատակ Դարբինների հովանավոր Դից Միհրի՝ մերօրյա Երևանյան մի դարբին՝ նույն ճակատը զարդարող Անահիտ Դիցամորը խորհրդանշող քանդակի ուղեկցությամբ: Հիշյալ քանդակների լուսանկարների հեղինակին՝ arlephoto-ին՝ մեծ շնորհակալությամբ…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: