«ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
ՄԱՍ Բ

ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Մոտ կես դար իր տքնաջան աշխատանքով, բացառիկ տոկունությամբ Հայոց պատմության հայտնի և անհայտ էջերը պեղեց իր ազգի ճակատագրով մտահոգ Լեոն՝ համակողմանիորեն քննեց պատմական իրադարձությունները և ներկայացրեց իր եզրահանգումները բազմահատոր ուսումնասիրություններում:
Երևանում 1934 թվականին հրատարակված «Խոջայական կապիտալ» գրքից մի քանի էջ ևս՝ ստորև…

«…Եվրոպական մի կես-գաղութ էր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը, մշակելով իր սեփական ազնվապետական նիստ ու կացը, քաղաքակրթական պահանջները և այլն, մինչդևռ նրա շուրջը, բարձրավանդակների վրա, արոտային տնտեսությունն էր տիրում իր աղքատ նախնականությամբ, որ հասնում էր այն աստիճան, որ վայրեր կային, ուր դեռ հայտնի չէր միս եփելը (Խորենացի, գիրք Բ):

Բայց չորրորդ դարի առաջին քառորդում հռոմեական պետականությունը ենթարկվում էր արմատական փոփոխության։ Կոնստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրների գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդություններից և այսպիսով ուժեղացնել միահեծան իշխանության սկզբունքները, պետական կրոնի աստիճանին էր բարձրացնում քրիստոնեությունը, ապա և փոխադրում էր իր գահը Հռոմից Բյուզանդիա, որ և նրա անունով կոչվեց Կոնստանդնուպոլիս։
Երկու աշխարհի փոխարկություն էր այս։ Պատմության բեմից իջնում էր հեթանոսական Հռոմն իր ապերասան կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ էր մտնում եպիսկոպոսների մշակած նոր կրոնն իր ֆանատիկոսական անհամբերողությամբ և ճգնավորական բթամտությամբ, որոնք առանձնապես թանձրացած էին հունական միջավայրում և պիտի նվաճեին նաև զեղխ ու հղփացած Հռոմը։

Տալով քրիստոնեության պետական-նվաճողական ույժ, կայսրը հոգս էր տանում նույնպես, որ նոր եկեղեցին տարածվի և ուրիշ երկիրներում, առաջին հերթին, իհարկե, կայսրության վերաբերվող վասալական երկրներում։ Քրիստոնեությունն ընդունելու և պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում էին Հայաստանի և Վրաստանի վասալ թագավորները: Հասկանալի է, որ մի այսպիսի առաջարկություն անտես անել չէին կարող մանավանդ Հայ Արշակունիները, որոնց բախտը կախված էր ամբողջովին Հռոմեական կայսրությունից։

Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չէր։ Նա վաղուց մուտք էր գործել այդ երկիրը, դանդաղ տարածվում էր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ ​աոաջացնելու։ Գուցե բնական զարգացման ընթացքին թողնվելով, նրան աջողվեր կատարել երկրի նվաճումը խաղաղ պրոպագանդի միջոցով։ Այս միանգամայն հնարավոր էր այդ նոր պաշտամունքի համար, որովհետև նա սիրիական քրիստոնեությունն էր, որ Հայաստան մտնելու հետ միաժամանակ, մուտք էր գործել նույնիսկ և Պարսկաստան իբրև խաղաղ և չեզոք կրոնական երևույթ և իր քարոզչության կենտրոն էր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը, հիմնելով այնտեղ եկեղեցի և եպիսկոպոսական աթոռ։
Սիրիական միսիոնարության միակ ույժն ու հմայքը սիրիացի վաճառականի թափառիկ առևտրական կապիտալն էր, որի ուսերը հեծած՝ նոր կրոնը գնաց աննկատելի կերպով տարածվելու մինչև Հնդկաստան։

Սիրիական այդ աղքատ քրիստոնեության վրա Հայ Արշակունիները ուշադրություն չէին դարձնում։ Կար քրիստոնեություն և քրիստոնեություն։
Հարկավոր էր ոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն, որի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չէ, որքան երկաթն ու հուրը։
Հարկավոր էր հունական քրիստոնեությունը, որ Արևելքում գալիս էր փոխարինելու հռոմեական իմպերիալիզմը։ Այս կլիներ, ամենից առաջ, լավագույն պաշտպանություն Հայ Արշակունիների դինաստիական շահերի՝ ընդդեմ Սասանյան վտանգի։

Այսպես էր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոնում։ Սակայն նրա իրագործումը հեշտ չէր բոլորովին։ Միակամություն չէր կարող լինել այնպիսի մի բազմագլխյան ավատական երկրում, ուր այնքան շատ էին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշակութային աստիճանների տարբեր շերտավորումները և այլն։ Այն, ինչ միանգամայն հասկանալի էր և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող էր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն էին՝ մեծամեծ հոտերից բաղկացած:

Այս մեծ անհրաժեշտության հողի վրա էր ահա, մեծ տարակուսանքների և երերումների մեջ, որ անհայտությունից արագ դուրս եկավ և դրությունն իր ձեռքի մեջ առավ և գործել սկսեց մի տոհմ, որ առանձնակի տոհմանուն չի թողել, մերթ կոչվում է Պարթև, մերթ՝ Պահլավ, բայց ավելի հաճախորեն՝ իր հիմնադրի անունով՝ Գրիգորի տոհմ, և որովհետև այս Գրիգորը եկեղեցական գրականության մեջ աստվածացված է ​«Լուսավորիչ» տիտղոսով, ուստի սովորական է դարձել անվանել այդ տոհմը «Լուսավորչի տոհմ»:

Նա իսկ որ մտցրեց Հայաստանի մեջ կայսրների քրիստոնեությունը և գլուխ հանեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը։ Բայց այս հաջողությունը Հայ Արշակունիների փրկության համար չէր, ոչ էլ երկրի տնտեսական առաջացումն էր ապահովում։ Ընդհակառակը։

Պատմական քննադատության երբեք չպիտի հաջողվի պարզել այս Գրիգորի իսկական ծագումը: Թեև նա ունի իր պատմությունը, որի շուրջը գոյացել է մի ամբողջ գրականություն, բայց այդ պատմությունն այնքան խճողված է առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով, որ ճշմարտության մասին միայն ենթադրություններ կարելի է անել, որոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել։
Հայ եկեղեցականությանն այսպիսի ողորմելի միջոցով աջողվել է արդեն բոլոր երկրների և ժամանակների կղերին հատուկ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել ու նրանց շատությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությունը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին՝ իբրև հատուցում այն մեծ ջանքերի, որոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն։

Բայց այսքան անհունապես բարձրացված և փառաբանված գործիչի ծագումը մեզ կարող է և չհետաքրքրել: Կարևորն այն չէ, թե հու՞յն էր նա արդյոք, հայացած պարթև՞, թե՞ մի ուրիշ ազգից ու երկրից: Կարևորը նրա կատարած գործն է։ Եվ այս գործի գնահատության մեջ մենք այնքան էլ անօգնական չենք։
Հենց այն պատմությունը, որ հերոսացրել ու սրբացրել է նրան՝ թաղելով նրա անձը հրաշքների հիացական օրհներգների մեջ, նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն իր անվերջ շատախոսություններով մեզ շատ նյութ է տալիս իմանալու համար, թե ինչ տեսակ էր Հայաստանը քրիստոնեացնող Գրիգորը։

Ամենից առաջ տեսնում ենք, որ դա աղքատների, զրկվածների և առհասարակ խոնարհների հերյուրած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չէ, այլ եկեղեցականացրած, այսինքն՝ ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը, որի ձեռքում միայն մի միջոց կա համոզելու և խոնարհեցնելու — զինական բռնություն։
Հայաստանի դարձի պատմությունը զինվորական արշավների մի պատմություն է։ ​Թագավորը, որին նույնպես շատ փքել-ուռցրել է եկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ ոչնչություն է այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել է նրան, ինքը մի կողմ քաշվել. երևի գոհ է, որ կատարվում է Կոնստանդիանոսի կամքը և ամրապնդվում է Արշակունիների գահը Հայաստանում։ Այդպիսի մի ապիկար բնավորություն առանց այլևայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի եռանդի, ճարպիկության և մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ:

Եվ երկրի «քրիստոնեացումը» կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ։
Այդ մի գաղափարական շարժում չէր մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար։
Այդ մի հրաման էր, ձևական մի արարողություն։
Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզությամբ, այլ՝ հրով և երկաթով։
Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստությունների կուտակումներ էր պարունակում իր մեջ։
Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին — այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորական զորքերի գլուխն անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղ՝ մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար։
Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտահայտություններով է հիշատակում իր հերոսի աստվածային առաքելությունները։ Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, որ կործանված մեհյանի ոսկին ու արծաթը Գրիգորը չէր ոչնչացնում, այլ վերցնում էր զանազան նպատակներով գործադրելու համար։

Գաղտնիքը բացված է։
Սրբազան թալան — ահա գլխավորը, միսիոնարության առանցքը, հաջողության մեծ գրավականը։
Մեհյանների հարստությունն, իհարկե, միայն մետաղական չէր։
Ավատական կարգի մեջ ամենամեծ հարստությունը հողն էր, միանման անկշտությամբ թալանվում էին և մեհենապատկան հողերը։ Այս հարստությունների բաշխման միջոցով էր, որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական եկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ույժը, որի վրա նա պիտի կռթներ։

Քրիստոնեության այս մուտքը Հայաստան պետք է նկատել իբրև մի ամբողջ ավատական շարժում, որի մեջ տակն ու վրայությունների են ենթարկվում հողային հարստությունների ​բաշխման ավանդական կարգերը, ոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ քաշելով, մնացողներին կամ ուժեղացնելով, կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր եկեղեցու կուսակացական շահերը։
Այսպիսով ավատական դասի մեջ գոյանում էին տեսակ-տեսակ խմբավորումներ իրենց ուրույն-ուրույն շահերով, որոնք հակադիր և հակամարտ դրություններ էին գոյացնում, փոխհարաբերությունների և շփումների սրությունն ավելի ևս սաստկացնում։

Ավատականությունն արդեն ինքն ըստ ինքյան դյուրավառ նյութերով հարուստ մի միջավայր էր պատրաստել իր առաջխաղացության մեջ դեպի ընդհանուր և վերջնական հաղթանակ, քրիստոնեությունն՝ ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ, բռնկեցնում էր ավատական մի ամբողջ հրդեհ՝ ավատական հեղափոխությունը փութացնելու համար:

Նոր, ուժեղ և լավապես կազմակերպված ավատական հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ և այդպիսով դառնում էր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց եկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում էր եկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում էր անձնապես իր համար ամենահոյակապ կերպով։ Պետն ինքն էր և մի ուրիշին այդ տեղը նա չէր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի մեջ դրվածը, այդ «հրեշտակ ի մարմնի»-ն, այդ գրեթե աստվածը ցույց էր տալիս, որ հաշվի ու շահի լավագիտակ մարդ է և հարստությունների բաշխման միջոցին անձնապես իրան էր պահում առյուծի բաժինը։
Իբրև քահանայապետ՝ նա դառնում էր ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար՝ ամենից ուժեղն ու հեղինակավորն ավատական դասի մեջ։ Այս, — եթե հարցնելու լինենք մի կղերականի, — ոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն Քրիստոսի փառքի համար։

Փավստոս Բյուզանդը՝ մի մոլի կուսակից Գրիգոր Լուսավորչի տոհմի, մի գրեթե անհավատալի թիվ է տալիս նրա կալվածներին, — 15 գավառ («Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1832թ. 114)։
Իրանց թագն ու պսակը Տարոնի Աշտիշատն էր, «մեհեան մեծագանձ,- ասում է Ագաթանգեղոսը,- լի ոսկով ​և արծաթով և բազում նուերք մեծամեծ թագաւորաց, ձոնեալ անդ»։ (Ագաթանգեղոս, Վենետիկ, 1862, 606):

Բացի իր այս մեծահարուստ բովանդակությունից, մեհյանը հռչակված էր և իր կալվածների գեղեցիկ դիրքով ու բնական հարստություններով։ Գրիգորը նրան տիրացավ մեծ դժվարություններով, մի ամբողջ պատերազմի միջոցով, որ մանրամասն նկարագրված է Զենոբ Գլակի անունով մնացած ավանդությունների մեջ:
Մենք այստեղ տեսնում ենք քրմական մի խոշոր ավատական երկիր, որպիսին Տարոնն էր, որ հանում էր Գրիգորի տարած արքունի զորքերի դեմ իր սեփական բանակը՝ բաղկացած վեց հազար հոգուց, և այս ուժը պարտվում է համառ և արյունահեղ դիմադրություն ցույց տալուց հետո։ Այսպիսի թանգ գնով ձեռք բերած սքանչելի կալվածը Գրիգորը սեփականում էր իրան։

Եկեղեցու պետից հետո գալիս էին նրա իշխանները — եպիսկոպոսները, որոնք նույնպես բավարար կալվածներ էին ստանում Գրիգորից։ Թե որքան էր նա առատաձեռն այս երկրային բաշխումների մեջ և մանավանդ թե ինչպես էր նա վերաբերվում Հայ ժողովրդին պատկանող հողերին, այս մասին մոտավոր հասկացողություն կարելի է կազմել նույն Զենոբ Գլակի անունը կրող ավանդություններից։
Այդտեղ մենք տեսնում ենք Գրիգորին վերագրվող մի նամակ, որով նա Արևմուտքից եպիսկոպոսներ և քահանաներ էր հրավիրում՝ Հայաստանի մեջ պաշտոնավարելու համար։

«Մանաւանդ զի,- գրում էր մի եպիսկոպոսի,- գիտէիք եթէ ամենայն գաւառացս եպիսկոպոս պիտոյ են և քահանայս: Զի թեպետ ոմանք, որք ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զի՞նչ են այսոքիկ առ վեց հարիւր և քսան գաւառս Հայոց. որև գաւառին մեն մի քահանայ կամ երկու լուկ թէ հանդիպի: Զի դեռ մանկունք երկրիս ի դպրոց են, և ոչ ոք ի նոցանէ բաւականս քահանայութեան… Ապա աղաչեմք զձեզ, ի մէնջ մի՜ վերջանայք, այլ ամենայն վստահութեամբ փութացարուք գալ զկնի արանցդ, զոր յղեցաք առ ձեզ: Եւ եթէ զայցեք, զամենայն երկիրդ Եկեղեաց և Հարքայ ձեր առաջի ունեմք, յոր վիճակ և բնակեսջիք՝ ձեր եղեցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք. իսկ երկիրն Մամիկոնէից եթե հաճոյ թուեսցի ձեզ. որպէս և դու իսկ ասէիր՝ զԻննակնեան տեղիսն ինձ տուր, և անդ զքո եղբայրն իսկ եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչանց զանուն տեղւոյն փոխեցաք յիւր աւելի անուն… Սակայն եթէ ինքն տացե, ի մէնջ լիով է, զի այլ ևս յաւելում ի դաստակերտս: Ապա եթէ զայն ոչ, սակայն ամենայն երկիրն առաջի ձեր է, զոր և տեսանէք տեղի վայելուչ այն ձեզ»:

Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, որ ասում է, թե չորս հարյուր եպիսկոպոսներ ​կային Գրիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված։ Բայց այս բոլորը չէ։ Եկեղեցին ուներ և իր մեծ բանակը — վանականություն:

«Եւ դարձեալ,- գրում է Ագաթանգեղոսը,- բազում և անհամար գունդս գունդս վանականաց ի շէնս և յանշէնս, դաշտականս շինակեացս և լեռնակեացս, անձաւամուտս և արգելականս հասատատէր»:

Սրանց մասին էր, որ Կեսարիայի եպիսկոպոսը գրում էր Գրիգորին.

«Եւ ժողովեսցես ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս և աւանս մեծամեծս, որպէս զի պետը վանացն ի նոցանե վճարեցի, և ինքեանք միայն աղօթից և ճգնութեան պարապեսցին»:

Ահա որքան հողային տակնուվրայություններ էր բերում Հայաստանին չորրորդ դարն իր պաշտոնական քրիստոնեությամբ։
Չպետք է մոռանալ, որ երկրի մակերևույթն առանց այն էլ կտրտված էր մեծ ու փոքր մասերի և բաժանված էր աշխարհական ավատատերերի կամ նախարարությունների մեջ, իսկ սրանց թիվն, ինչպես ասում են, հասնում էր 900-ի։

Եթե նույն իսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400-ի, ինչպես առաջարկում են ոմանք, այնուամենայնիվ կունենանք մի երկիր՝ կտրատված չափազանց մանր մասերի, որոնց գյուղացի ճորտ ազգաբնակությունը ստիպված էր կերակրել աշխարհական և հոգևորական ձրիակերների անթիվ ոհմակներ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: