«ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
(ՄԱՍ Ա)

«Ինձ ղեկավարող, ինձ դրդող, ինձ հրամայողաբար առաջ մղողը եղել է Հայ ժողովուրդը…
Լինելով ժողովրդի զավակ, սնված ու մեծացած նրա տառապանքների, նրա անհուն ցավերի մեջ, ես իմ գործունեության յուրաքանչյուր քայլում, ամեն ժամ, ամեն րոպե նրան՝ այդ մեծ ու տարաբախտ մոր ձայնին էի ականջ դնում, նրա վեհ սրտին էի դիմում և այնտեղից ներշնչումներ ստանում»,- գրել է Լեոն 1907 թվականին («Վտակ», Թիֆլիս, 1907, թիվ 11, էջ 163):

Հայոց հնագույն շրջանի պատմությունն ու մշակույթը Լեոն ներկայացնում է՝ անդրադառնալով ժամանակի քաղաքական իրավիճակի ազդեցությանը, համեմատում, զուգահեռներ է անցկացնում, նշում փոխազդեցությունները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
Նա վերագնահատում է անցյալի իրադարձությունները՝ համոզված, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր պատմությունը՝ ի հեճուկս արտաքին հանգամանքների և օտարի պարտադրանքի…
Իր՝ «Խոջայական կապիտալ» ուսումնասիրության մեջ Լեոն քննարկում է աշխարհագրական դիրքով երկու մրցակից տերությունների միջև գտնվող Հայաստանի իրավիճակը 3-4-րդ դարերում և հետագայում:

Մի քանի տող հիշյալ աշխատությունից՝ ստորև…

«Պարթևական Իրանը շատ մոտ էր Հայաստանին` հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, որ նա տվել էր Հայերին։ Այդ կազմակերպությունը թագավորություն էր՝ պարթևական կերպարանքով»…

«…Հիմա տեսնենք մյուս կողմը — Հռոմը: Սա արդեն մի երևույթ է, բոլորովին խորթ Արևելքին, ծնվել ու մեծացել է Եվրոպայում, օժտված է բարձր կուլտուրայով, զինվորական կազմակերպությունը և արշավներ գործելու արհեստը հասցրել է ժամանակի տեսակետից կատարելագործության, ապրում է պատերազմներով, հաղթում է ու հարստանում աշխարհներ կողոպտելով, միլիոնավոր մարդիկ ստրկության վերածելով ու իրեն ծառայեցնելով։

Մեզանում մինչև օրս հռոմեական իմպերիալիզմը հասկացվել է լոկ նվաճողական փառասիրության տեսակետից։ Հռոմի բանակների երկարատև գրավումները, որոնց ծանրության կենտրոնը կազմում էր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան երկիրը, նկարագրվում էին իբրև՝ եկան, գրավեցին, նստեցին, հետո էլի գնացին, էլի եկան և այսպես շարունակ։
Կարծես Հռոմի լեգիոնները զինվորական զբոսանքներ էին կատարում, կամ այնքան արդեն կարոտ էին դափնիների, որ այնքան հեռու և դժվարին արշավներ էին հանձն առնում, և եթե այսօր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այն է նշանակում, որ հռոմեական արվեստի բոլոր սրբություններով կառուցված տաճարը և նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ՝ վայելելու երկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

Ո՛չ, այսպես չէր դարավոր իրողությունը։
Հռոմեական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, որպեսզի դառնա նրա սպասավորը և աշխարհից — աշխարհ ընկնելով՝ շահեր նվաճե նրա համար։
Հռոմի բանկիրները, կապալառուները և մատակարարները – ահա ովքեր էին հռոմեական լեգիոնների քայլեցնողները։
Հարկավոր էին օտար մարզեր՝ սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Եվ բանակի ետևից դեպի օտար երկիրներն էին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, որոնք ունեին տեսակ-տեսակ հանձնառություններ — հարկերի հավաքում, գերիների առևտուր, տեղի հողային հարստությունների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործում և այլն, և այլն, և այս բոլորը պիտի հովանավորեին և պաշտպանեին երկիրները գրաված հռոմեական զորքերը:

Թե որքան բազմաթիվ էին զինվորական արշավներին հետևող այս վայելողների ոհմակները — կարելի է հետևեցնել այն հանգամանքից, որ Հռոմի ոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին հրաման արձակեց ոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեացիներին, այդ երկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80.000 իտալացիներ։ Այնուհետև այս «հռոմեական ջարդը» մի տեսակ սովորություն էր դառնում Ասիա նահանգում. Կովկասի լեռներից իջնում էին ցեղեր և մասնակի կոտորածներ էին սարքում այս ու այն քաղաքում։
Այս արյունահեղություններն ապացույց են, ​թե մինչև ո՛ր աստիճան կատաղի էր տեղական ազգաբնակության ատելությունը դեպի եկվոր շահագործողները և մյուս կողմից էլ, թե որքա՛ն այդ շահագործողները կարոտ էին լեգիոնների արթուն և եռանդուն պաշտպանության, որ և դառնում էր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեական կառավարության գլխավոր հոգսերի առարկա։

Այս կողմից ուսանելի և հետաքրքրական են այն խրատները, որ տալիս էր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած զորավար Պոմպեոսին, երբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում էր փոխարինելու Լուկուլլոսին, որ արիստոկրատ դասակարգին էր պատկանում և որ, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ էր եղել իր զինվորների ձեռքով՝ շնորհիվ այն պրոպագանդի, որ տարածել էին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները։

Կիկերոնը, հիշեցնելով Պոմպեոսին, թե որքան մեծ կարևորություն ունի Ասիա նահանգն իր բնական հարստություններով, զարգացած երկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով և արտահանության համար օգտակար արդյունագործությամբ, դարձնում էր նրա ուշադրությունն այն անապահովության վրա, որ տիրում էր այնտեղ և առաջ էր բերում այն դրությունը, որ մարդիկ վախից թողնում են իրանց տներն ու դաշտերը, և այսպիսով վնասվում են պետական գանձարանը կամ, ավելի ճիշտ, գանձարանի գործակալ և հարկահավաքության մեջ իրանց համար խոշոր հարստություններ դիզող կապալառուները, որոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում էր «հարգևոր և պատվավոր», և գտնում էր, որ առաջ ու առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի որ նրանք «իրանց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ երկիրը, իսկ սրանց շահերը, ինքն ըստ ինքյան, արժանի են ձեր ուշադրության. իրավ, եթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ միշտ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, որ վարում է այդ հասույթներ, մյուս դասակարգերի գոյության երաշխիք։ Բայց, բացի դրանից, մյուս դասակարգերի անդամներն էլ, նախաձեռնող և գործունյա մարդիկ, մասամբ իրանք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայի մեջ, ուստի, իբրև բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ էլ մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգի մեջ:

Այսպիսով ​ինքը՝ մարդասիրությունը պահանջում է ձեզանից, որ դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց ի վերա այսր ամենայնի, ձեր խոհականությունը պիտի թելադրե ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չէ կարող անհետ անցնել և՛ մեր պետության կյանքի համար։ Իհարկե, կարելի է առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր եկամուտները, բայց նախ այս բանի մեջ օգուտ քիչ կա, որովհետև նախկին ընկերությունները քայքայվելով, ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաև մենք պետք է լավ հիշենք, թե ինչի սովորեցրեց մեզ հենց այս իսկ Ասիան և ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ որ այդ դասը մեզ չափազանց թանգ նստեց։
Երբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան և բոլոր կուրսերն ընկան։
Ուրիշ կերպ չի կարող լինել. անկարելի է, որ մի պետության մեջ շատ քաղաքացիներ կորցնեն իրանց կարողությունը, չքաշելով այդ խորտակման մեջ և ուրիշ անձանց մասսաներ։
Պաշտպանեցե՛ք, ուրեմն, այդ վտանգից մեր պետությունը և հավատացե՛ք, եթե ոչ ինձ, գոնե ձեր սեփական աչքերին. Հռոմի կուրսերը, Հռոմի դրամական գործողությունները որոնք կատարվում են այստեղ, Ֆորումում, սերտ և օրգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում կատարվող դրամական շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չքաշել առաջիններին էլ միևնույն անդունդի մեջ»:

Ահա ինչ էր նշանակում լինել հռոմեական նահանգ։
Նվաճումը զինվորական չէր, այլ գերազանցորեն տնտեսական, և հռոմեական զինվորը հռոմեական կապիտալների պահապանն էր։ Այսպիսով շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապկապված էր պետության կենտրոնի հետ, և հռոմեական աշխարհածավալ պետության հրամանատարը Հռոմի բորսան էր, նրա Ֆորումը:

Հայաստանը Ասիա նահանգին սահմանակից էր և նրանից պակաս կարևորություն չուներ ոչ միայն ռազմագիտականի, այլ մասնավորապես նաև տնտեսական տեսակետից։ Լինելով հռոմեական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արևելքում, որ ապահովում ​էր տիրապետության հնարավորությունը Եփրատ-Տիգրիսյան հովտի վրա մինչև Պարսից ծոցը, նա միաժամանակ ուներ իր մեջ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, որոնք չէին կարող չգրավել հռոմեական զինվորին կրնկակոխ հետևող հռոմեական կապիտալները։
Հռոմեական զինվորական գրավումը ամբողջ Հայաստանը չէր բռնում, այլ նրա մի մասը, և եթե այդ մասը Արարատն էր և ոչ թե մի այլ նահանգ, այս էլ հենց նույն այն պատճառով, որ նույն այս նահանգը, և ոչ մի այլ ուրիշը, դարձրել էր Հայ պետության կենտրոն, այն էլ նրա տնտեսական առաջնակարգ կարևորության պատճառով:

Այստեղ էր, որ նստեց Հռոմի զինվորական գրավումը և այնքան ամուր, որ անհրաժեշտություն համարվեց Գառնիի փոքրիկ, բայց մեծածախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը: Եվ զինվորական գրավման հետ Արարատյան երկրում ամուր նստում էր նաև Հռոմի կապիտալիստական գրավումը, որի տրամադրության տակ էին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները։
Եթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից գլխավորների թվումն էին գորգագործության խոշոր գործարանները և ոսկեհուռ դիպակների արվեստագործությունը, Հայաստանն էլ հայտնի էր իր գորգերով, իսկ ոսկեթել դիպակագործությամբ արաբական շրջանում հռչակված էր Դվին քաղաքը, որի գործվածքներն ամբողջ Արևելքում կրում էին «Հայկական ապրանք» անունը, (Ծնթ. Դվինի շատ զարգացած բրդի և մետաքսի գործվածքների արդյունաբերությունը սքանչացումով նկարագրում է արաբացի աշխարհագիր Ալ-Իստահիրը (X դար): Տ. իմ «Հայոց պատմություն», հատոր երկ., գիրք Ա. ձեռագիր), մի հռչակ, որ, անշուշտ չէր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք էր դարերի արհեստագիտական զարգացման։
Մեզ այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ինչ արժեքավորություններ կարող էր օգտագործել Արարատյան երկրում նստած հռոմեական կապիտալը — բավական է հիշել մեկը — որդան կարմիրը։

Այսպիսով, մենք ունենք մեր առջև մի չափազանց խոշոր կենսական երևույթ — եվրոպական կապիտալը Հայ ժողովրդի մեջ, նրա երկրում։ Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլ և տնտեսական միջավայր կազմակերպել` համապատասխան իր շահագործման, արդյունավորման պահանջների։
Այս նշանակում էր հռոմեական կարգերի ներածում Հայաստանի մեջ, որ մինչև հռոմեացիներին ճանաչելը գտնվում էր Իրանի տնտեսավարական ​կարգերի խիստ ազդեցության տակ։
Քաղաքական ազդեցությունների խիստ մրցակցության հետ զուգընթացաբար գնում է և տնտեսական ազդեցությունների մրցակցությունը։
Գերակշռող հանդիսանում է, իհարկե, եվրոպական մեթոդը, իբրև ավելի բարձրը և ուժեղը։ Բայց նա ուներ և իր տկար կողմը, և այդ այն էր, որ կապված լինելով հռոմեական կապիտալի հետ, կապվում էր և հռոմեական զինվորական գրավման տարածության հետ, անկարող թևակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմայեցի զինվոր չկար։
Այս նշանակում էր, որ Հայաստանի ամբողջ տարածության վրա միայն Արարատյան երկիրն էր տնտեսական նոր երևույթի կրկես դառնում, ուրեմն և մի տեսակ բացառություն՝ Հայ համատարած իրականության մեջ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: