«ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա)

Մինչ Հայոց Նախնիք ուսումնասիրում էին իրենց շրջապատող աշխարհը և ակնդետ զննում երկնային լուսատուների, համաստեղությունների մշտնջենական «պարը»՝ փառաբանելով Լուսատու, Ջերմատու և Կենսաբաշխ Արեգակը՝ որպես «Տիեզերքի Ակ» և «Աղբյուրն Իմաստնության» և արևածագին ողջունում էին Արեգակն արդար՝ ի մեծարումն նրա պարգևած Լույսի ու Գիտության, քրիստոնեության ջատագովներից ոմանք իրենց պարզունակ և սխալ տեսակետներն էին պարտադրում՝ համոզված, որ «Երկինքը նման է մի սնդուկի՝ կամարաձև կափարիչով, որի հատակին Երկիրն է: Այն տափարակ է, քառանկյունաձև և ջրերի վրա է»…
«Ընդդեմ կեղծ քրիստոնյաների, որոնք, ինչպես հեթանոսները, հայտարարում են, թե երկինքը գնդաձև է»,- 6-րդ դարում երկար և «համոզիչ» հակագիտական իր բացատրությունն է ներկայացնում Կոսմաս Հնդկաչուն («Հնդկաստանի ճանապարհորդը») իր՝ «Քրիստոնեական տեղագրություն» գրքում, (Գիրք Ա):
«Հարկ է նշել, որ նրա (Կոսմաս Հնդկաչուի, Կ. Ա.) ուսմունքը եկեղեցին ընդունեց սիրով: Հանդես գալ դրա դեմ՝ նշանակում էր քննադատել աստվածաբանության դոգմաները, որը վաղ միջնադարի պայմաններում համարձակ քայլ էր»,- գրում է Է. Լ. Դանիելյանը (մեջբերումը՝ «Աշխարհացույցի» հեղինակի տիեզերագիտական հայացքների հարցի շուրջը» հոդվածից):

ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 1974 թվականի 5-րդ համարում «Անտիկ շրջանի մի քանի աշխարհագրական գաղափարների արտացոլումը միջնադարյան հեղինակների աշխատություններում» հոդվածն ամփոփվում է այսպես.
«Վաղ միջնադարում (V-XI դդ.) Եվրոպայում գիտությունն անկում էր ապրում:
Դրա պատճառը քրիստոնեական գաղափարախոսությունն էր: Գիտության անկման և քրիստոնեական գաղափարախոսության արգասիքն էր Կոզմաս Հնդկաչու (VI դ.) «Քրիստոնեական տեղագրություն» աշխատությունը, որտեղ հեղինակը շարադրել է իր պատկերացումները Երկրի և տիեզերքի վերաբերյալ:
Սակայն վաղ միջնադարում Կոզմաս Հնդկաչու աստվածաշնչային աշխարհագրական պատկերացումները տիրապետող չէին:
Նույն ժամանակաշրջանի որոշ գիտնականների աշխատությունների, ինչպես նաև 7-րդ դարի «Աշխարհացույցի» և Անանիա Շիրակացու «Տիեզերագիտության» վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ այդ ժամանակ, չնայած եկեղեցու հետապնդումներին, երկրի գնդաձևության, ջերմային գոտիների ու հակոտնյաների մասին անտիկ գաղափարները լայն տարածում էին գտել»: (Ա. Բ. Դիտմար, Օ.Դ. Շաբրովա, Յարոսլավլ):

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեն Արևշատյանի՝ «Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական հայացքները» հոդվածից որոշ հատվածներ՝ ի ցույց դնելու նախաքրիստոնեական գիտության ավանդը քրիստոնեության մեջ, ստորև:
…«Իր ժամանակի համար Շիրակացին դարձավ միակ հեղինակը, որը դիմեց անտիկ շրջանի հարուստ ժառանգությանը և կարողացավ կրոնա-աստվածաբանական աշխարհայեցողության գերիշխանության պայմաններում գնահատել հելլենական գիտության նվաճումները և ներմուծել հայ գիտության մեջ՝ նրա ձևավորման շրջանում: Սակայն, որպես իր ժամանակի զավակ, Շիրակացին անկարող էր լիովին հրաժարվել եկեղեցական տեսակետներից:
Նա ձգտում էր համատեղել եկեղեցականը «հեթանոսական» գիտության հետ, ընդ որում՝ այդ «հեթանոսականի» մեջ նա կատարում է բաժանում «բարի» և «չար» գիտունների, ընդունելի «բարի» գիտնականների և «չար» մերժելի մտածողների միջև՝ դրանով իսկ ստեղծելով հարմար ճանապարհ անտիկ աշխարհի գիտության նվաճումներով քրիստոնեական նորաստեղծ գիտությունը հարստացնելու համար:
Շիրակացին պաշտպանում է աշխարհի՝ չորս տարրերից առաջանալու հին հունական տեսությունը»…
…«Աշխարհի կառուցվածքի բացատրության հարցում Շիրակացին հետևում է անտիկ տիեզերագետների հայացքներին՝ վճռական դեր հատկացնելով տարրերի կշիռներին»…

«…Իր տիեզերաբանական համակարգում Շիրակացին հետևում է ավանդական՝ անտիկ աշխարհում և քրիստոնեական տիեզերագիտության մեջ լայնորեն տարածված Երկրակենտրոն տեսությանը և դրա հետ կապված նյութական աշխարհի սահմանափակվածության մասին պատկերացումներին»:
«Երկրակենտրոն տեսությունը՝ իր հիմքում ունենալով աստծո գոյության՝ «առաջին շարժիչի» գաղափարը, հին հունական փիլիսոփայությունից ընդունվել էր քրիստոնեական եկեղեցու հայրերի կողմից, ավելի ստույգ՝ արիստոտելյան-պտղոմեոսյան համակարգից որդեգրվել էր վաղ-միջնադարյան կրոնական փիլիսոփայության կողմից:
Դրա ամենաարժեքավոր դրույթն այն էր, որ երկիրը գնդաձև է:
Արիստոտելյան այդ գաղափարը որդեգրած Էրատոսթենեսը չափեց երկրի տրամագիծը:
Ընդունելով Արիստոտելի և Պտղոմեոսի Երկրակենտրոն համակարգը՝ եկեղեցու հայրերի մեծ մասը նրանից դուրս նետեց երկրի գնդաձևության գաղափարը:

Միայն քրիստոնեական առավել լուսավորյալ որոշ ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ Բարսեղ Կեսարացին, Հովհաննես Ֆիլոպոնոսը և այլ վարդապետներ, պաշտպանեցին երկրի գնդաձևության տեսությունը: Ուղղափառ հոգևորականության զգալի մասը կառչած մնաց այն տիեզերագիտական տեսությունից, որը բխում է Աստվածաշնչի գաղափարներից:
Այն մշակեց 6-րդ դարի ալեքսանդրյան վարդապետ Կոսմաս Հնդկաչուն (Ինդիկոպլևստը), որն իր «Քրիստոնեական տեղագրություն» աշխատության մեջ զարգացնում էր այն միտքը, որ Երկինքը նման է մի սնդուկի՝ կամարաձև կափարիչով, որի հատակին Երկիրն է:
Այն տափարակ է, քառանկյունաձև է և ջրերի վրա է: Երկիրը շրջապատված է օվկիանոսով, որից այն կողմ անմարդաբնակ, ամայի տարածք է: Այդ տարածքը չորս կողմից շրջապատում է բարձր պատնեշ, որի վրա էլ հենվում են երկինքը, Արևն ու Լուսինը, որոնք ընթանում են ոչ թե Երկրի, այլ մի բարձրաբերձ կոնաձև լեռնագագաթի շուրջ:
Հելլենիստական շրջանի գիտության նվաճումների հետ համեմատած՝ Կոսմաս Հնդկաչուի «Քրիստոնեական տեղագրությունը» մեծ նահանջ էր:
Անանիա Շիրակացին հերքում է «Քրիստոնեական տեղագրության» հիմնական դրույթները և պաշտպանում հելլենիստական գիտության դիրքերը:
«Եթե որևէ մեկը ցանկանա,- գրում է Շիրակացին,- արտաքին փիլիսոփաներից ստանալ երկրի դրության մասին համոզիչ օրինակ, ապա ինձ հարմար է թվում ձվի օրինակը:
Այնպես, ինչպես (ձվի) մեջտեղում է գնդաձև դեղնուցը, իսկ նրա շուրջը սպիտակուցն է, իսկ կճեպը պարփակում է ամեն ինչ, նույնպես և երկիրը գտնվում է մեջտեղում, շրջապատում է օդը, իսկ երկինքը իրենով պարփակում է այդ բոլորը»:

Երկրի գնդաձևության և տիեզերքի կառուցվածքի մասին Շիրակացու պատկերացումները շատ հստակ են և որոշակի:
«Արդ, այն վերին երկինքը,- ասում է նա,- որ հույները «եթեր» են անվանում, իսկ քաղդեացիք՝ «խիտ կրակ», … կամարաձև առաստաղի նման, ողորկ, կլորաձև ճշգրիտ ընդգրկմամբ այն տարածվել է գնդաձև երկրի շուրջը իր անդադար և անկասելի արագ շրջապտույտով, անտեսանելի նյութով, որը ենթակա է միայն բանական ճանաչման»:

Երկրի ձևի մասին հին տիեզերագետների վեճերի հետ սերտորեն կապված էր նաև հակոտնյաների (անտիպոդների) հարցը, այսինքն՝ երկրի հակառակ կողմում կա՞ն մարդիկ, երկրի ներքևի մասում գոյություն ունի՞ արդյոք կյանք, թե այն ամայի է ու անմարդաբնակ:
Քրիստոնեական տիեզերագիտության համաձայն, այդ հարցը կապված էր կամ Երկրի գնդաձևության ընդունման, կամ Աստվածաշնչի այն դրույթի ժխտման հետ, որ Երկիրը հաստատված է ջրերի վրա:
Շիրակացին՝ իր գիտական համոզմունքներին չդավաճանելու նպատակով, գտնում է, որ մի ժամանակ «ընդունում էր հակոտնյաների գոյությունը» և կարծում էր, «որ դա համապատասխանում է աստվածային խոսքին»:
Բայց տեղնուտեղը պատմում է իր երազը, որտեղ իր հարցին՝ «Գոյություն ունե՞ն այլ կենդանի էակներ երկրի ներքևի մասում, թե ոչ», երիտասարդ շիկահեր տղամարդու տեսքով հանդես եկող Արևը պատասխանում է՝ «Գոյություն չունեն: Իսկ (այնտեղ) ես լուսավորում եմ սարերը, ձորերը և ամայի քարանձավները»:
Շիրակացին այսպիսով ընդունում է, որ Երկրի ներքևի մասում կան «սարեր, ձորեր և ամայի քարանձավներ» և մերժում է հակոտնյաների գոյությունը, միայն այն պատճառով, որ դա չի համապատասխանում «աստվածային խոսքին»…
Շարունակականությունը՝ հաջորդիվ…
