«Ի ԿԱԹՈՒԱԾ ՇՈՂՈՅ ՆՈՐԱ ՀՈՒՐ ԾՆԱՆԻ»…

Զարզեվանից հայտնաբերված ճրագներ
Զարզեվանից հայտնաբերված ճրագներ

«Նրա (Արեգակի) շողերի կաթումից (շիթերից, ճառագայթներից) Հուր է ծնվում»…

Ա. Շիրակացի, 7-րդ դար

ՀՐԱԶԴԱՆ, ՄԵՐ ՆԱԽՆՅԱՑ՝ ՓՌՅՈՒԳԻԱԿԱՆ (ՄԻՀՐԱԿԱՆ) ԳԴԱԿՆԵՐ, ՇՈՂԱՁԻԹ… (Հուրն իր խորհրդանիշով՝ ամենուր է)…

Ժամանակակից գիտության, փիլիսոփայության պատմության սաղմերը վաղնջական շրջանի հավատալիքներում են:

Մարդկային մտածողության նախնական ձևերն այլաբանորեն արտացոլող դիցաբանական պատումներու՛մ են հետագայում զարգացված տեսությունների ակունքները:

Նկատենք, որ հին առասպելները հիշատակելիս Խորենացին նույնպես շեշտում է նրանց այլաբանական իմաստը:

«Եւ ընդէ՞ր սա գտակ հրոյ, և կամ Պրոմեթէոս գողացեալ առ ի յաստուածոցն զհուր և շնորհել մարդկան,- որ է այլաբանութիւն,- ոչ բերէ ասել կարգ բանիս» (Խորենացի, 1, 7, էջ 27):
Նույնը՝ «յիշելով այլաբանաբար» Արտաշեսի, Աժդահակի պատմությունը, «Երգ վիպասանացն»՝ «զրոյցն այլաբանութիւն»…

Հնուց ի վեր սրբազան արարողությունների ժամանակ կարևորագույն դեր ունեցող Կրակի ծիսական կիրառումն այսօր էլ հարատևում է մեզանում (Տրնդեզ, Ճրագալույց…):

«Արևի Երկիր Հայաստանը»՝ երբեմնի «Հուրի Երկիրը»՝ Նաիրին՝ «Հուրի-Միտանին», «Հուրի-Բիայնին», ասվածը հավաստող բազում վկայություններ է պահպանել մինչ օրս:

Տիեզերածին ուժերով օժտված դիցերն իսկ իրենցում կրում էին կրակի հատկությունները՝ Փայլակ, Շանթ անուններն արդեն բավականին խոսուն են, ինչպես և Հուրհեր, Արեգակ աչքունքով Վահագնը (չմոռանանք մեր էպոսի Կայծակնածին, Կայծակնաթուր հերոսներին՝ Թուր Կեծակին ձեռքներին…):

Եգիպտական հիերոգլիֆներում կրակի խորհրդանիշը կապված էր կրակի հրափայլ ցոլքի գաղափարի հետ, ինչը նաև մարդու մարմնի ջերմության՝ հետևաբար նաև կյանքի ու առողջության սկզբունքներին էր համադրվում (նույն՝ Հուրի արձակած Լույսի իմաստով էր ըմբռնվում նաև Շանթը, Փայլակը, Կայծակը):

Ալքիմիայում կրակի խորհրդանիշը դեպի վեր պարզված եռանկյունին է:

Հնագույն շրջանից ի վեր համարվում էր, որ կրակը փոխակերպման գործոն էր, քանզի հավատում էին, որ ամեն ինչ կրակից էր ստեղծվում և վերադառնում դեպի կրակը:

Տարերքներին անդրադառնալով՝ Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» երկում նշում է, որ տիեզերածին չորս տարրերն ինքնին, առանձին վերցրած խաթարում են միմյանց, բայց միմյանց հետ համադրվելով՝ օգտակար են դառնում (ինչը և անվանվում է «Գաղտնի զորություն»):

«Արեգակն թէ բարի է, և առանց օդոյ խառնւածոյ այրիչ և ցամաքեցուցիչ է…» (Ե.Կողբացի, «Եղծ աղանդոց», էջ 10, մեջբերված՝ Արուսյակ Թամրազյանի՝ «Թիվը՝ որպես տեսության և ստեղծագործության հիմք. Անտիկ ավանդույթի արտացոլումն ու վերակերպումները Հայ միջնադարում» ուսումնասիրությունից):

Հուրի՝ Արևի Երկիր Հայաստանի հնագույն հնավայրերով հարուստ մի ավազանով է անցնում Արաքսի ձախակողմյան վտակը՝ Հրազդան գետը:

Իր բազմադարյա գոյության ընթացքում այն զանազան անվանումներ է ունեցել՝ Զանգու, Իլդարունի, Հայոց Հրազդան, Հուրազդան, Հուրաստան…(համաձայն «Հայաստանի և հարակա շրջանների տեղանունների բառարանի»: «Հուրաստան»՝ «Հուրի Երկիր»…):

«Արշալոյսը ոչնչացնե գիշերվա չարքերին»…
Այգաբացն իր Լույսով Կյանքի, Բարու ավետաբերն էր…

Հնագույն շրջանից ի վեր, ծիսակատարությունների ժամանակ և կենցաղում, լուսավորության համար, նաև (ու, հատկապես) որպես Կրակի, Լույսի խորհուրդ, զանազան ճրագներ են գործածվել:

Թանկարժեք ու կիսաթանկարժեք մետաղներից (ոսկուց՝ «յօթն, ճրագարան ոսկի», արծաթից՝ «ջահիւք և լապտերօք արծաթեօք», բրոնզից, պղնձից, երկաթից), նաև՝ կավից պատրաստված շողաձիթների հիշատակություններ են պահպանվել տարբեր ժամանակների գրավոր աղբյուրներում, որոշ նմուշներ հայտնաբերվել զանազան հնավայրերի պեղումներից…

Կրակի ցոլքը խորհրդանշող եռանկյունաձև՝ բրգաձև ճրագավառներ են հայտնաբերվել ներկայիս Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև՝ Արևմտյան Հայաստանում՝ Տիգրանակերտից ոչ հեռու գտնվող՝ Զերզեվանի ամրոցում՝ Միհրի տաճարի մոտ (լուսանկարները՝ ստորև):

Հնուց Ծոփքի Հայկական իշխանության այս կենտրոնում, համաձայն Խորենացու՝ ն.թ.ա 6-րդ դարում Հայկազունի կամ Երվանդեան Տիգրանն է կառուցել քաղաքի ամրությունները (Հայ պատմագրության մեջ Ամիդ անունով է հիշատակվում նաև. չշփոթել Տիգրան Բ-ի՝ ն.թ.ա 70-ական թվականներին կառուցած՝ Աղձնիքի Տիգրանակերտի հետ (Մարտիրոպոլիսը) ):

Մոտ 5,7 հեկտարի վրա տարածվող՝ վերգետնյա և ստորգետնյա շինություններով հարուստ Զերզեվանի ամրոցը, որը մինչև 1960 -ականները կիրառվել է քաղաքացիական նպատակով, 2014 թվականից սկսած պեղումների արդյունքում վերածվել է տուրիստական մեծ կենտրոնի (մասնակիորեն է հասանելի):

21 մետրանոց աշտարակից, 3 հազարամյակից ի վեր չկիրառված ստորգետնյա գաղտնուղիներից բացի, Միհրի՝ նույնպես գետնափոր, 1.700 տարուց ավելի վաղեմության տաճարի մոտ՝ մինչև 4.00 մարդ տեղավորող թաքստոցում և բազմաթիվ այլ կառույցներում պատմության՝ առայժմ չբացահայտված էջերն են…

Առեղծվածային քողով պատված Միհրականության՝ հազվագյուտ պահպանված այս մեհյանն ուշագրավ է իր բացառիկ չափերով նաև…

Արեգակի Լույսը խորհրդանշող Ճրագի լույսին անդրադառնալով, Մանուկ Աբեղյանը գրել է.
«Ճրագը մի սուրբ առարկա է, որով երդվում են, և ունի նույն հալածող ազդեցությունը, ինչ արեգակի լույսը, ուստի ճրագի լույսը մարելիս հատուկ աղոթք են անում, ոչնչացնում չարքերին. «Կրակը մարեցավ՝ չարը խափանեցավ»…(մեջբերումը՝ Ն. Հակոբյանի ներքոհիշյալ ուսումնասիրությունից):

Ի փառս մեր՝ ժամանակակից շնորհաշատ բրուտների նշենք, որ հնագույն ավանդույթները միջնադարում շարունակող Հայ արհեստավորների համբավն ու հռչակը տարածված էր Երկրի սահմաններից հեռու:

Ինչպես Նյուրա Հակոբյանն է հիշատակում արաբ ճանապարհորդ Իբն Ի Բատուտայի խոսքերն իր՝ «Լուսավորության միջնադարյան կավակերտ միջոցները» ուսումնասիրության մեջ, «Արզանջա (Երզնկա) քաղաքում կան պղնձի հանքեր, որով շինում են բայսուսներ (աշտանակներ)»:
Եռոտանի աշտանակների վերևում պատրույգով վառվող ճրագներն էին…

«Ճրագ եօթնաջահեան վառեալ՝
Յանշիջող ջահէն իջման» (Տաղ.)

Լուսավորելը, Լույս սփռելը համահունչ էր և Արդարության, Իմաստնության, Գիտության տարածմանը (Գիշերվա խավարը ցրող Այգաստղի՝ Արուսեակի, Արդար Արեգակի մասին խոսել ենք նախորդ գրառումներում):

«Ճրագդ վառ մնա», սիրելի՛ ընթերցող… 😊
Լուսափայլ ու Լուսավառ օրեր մեր Երկրին ու ամենքիս…😊
Ինչպես մեր նախնյաց արքայական հրովարտակներում էր հնչում՝ «Ողջ լերուք ի դիցն աւգնականութենէ»…
Նաև՝
«Ողջ լերուք, եւ մեք մեզէն ողջ եմք»…😊💥

Զարզեվանի ամրոցի փլատակները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով