ՁՈՒ… ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈՒ ԵՎ՝ ԶԱՏԻԿ…
Կյանքի հավերժական Վերածնունդի խորհրդանիշ Ձուն հնագույն բազմաթիվ քաղաքակրթություններում (Հայոց մոտ, քաղդեացիների, եգիպտացիների, հույների, հնդիկների, չինացիների, ճապոնացիների… մոտ) նաև Քաոսից հետո կանոնավորված Տիեզերքի խորհրդանիշն է:
Վաղնջական ժամանակներից հայտնի դիցաբանական պատումներում, առասպելներում Արարչագործչությունը Զատումին է համարժեք՝ Լույսը՝ Խավարից, Ցամաքը՝ Ջրից, իգականն՝ արականից…
Հայոց պաշտելի՝ Այգաբացի՝ Արշալույսի Լուսաբեր Աստղը (Աստղիկը)՝ Լույս բերողը, Խավարից էր բաժանում-զատում և Արեգակի ճառագայթները լուսավորում էին Երկիրը…
«Ձու՝ Կիթ հաւուց և թռչնոց, լողակաց և զեռնոց, ուստի ձագն ծնանի»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:
Այսինքն՝ ցամաքում, օդում, ջրում ապրող տարբեր կենդանիներից (հավ, թռչուն, լողացող, զեռուն) ստացվածը՝ կիթը (ձուն), որից ձագն է ծնվում…
Ձուն նաև Տիեզերքի ծնունդի մասին այլաբանորեն պատմվող հնագույն զանազան դիցաբանություններում է (Ձվից էր Տիեզերքը ծնվում)…
Հին հունական դիցաբանության մեջ Տիեզերածնությանն առնչվող պատումներում Համաշխարհային Մեծ Դիցուհին՝ Եվրոնիմեն, սկսում է Օվկիանոսն ստեղծել ու նրա վրա պարել (այլաբանորեն ասված):
Այնուհետև, «Հյուսիսային Քամու» հետ ձևավորում է Օփիոն Օձին, որի հետ միավորվելով (բեղմնավորվելով)՝ աղավնու տեսք ստանալով՝ ծովի ալիքների վրա Ձու է ածում:
Օփիոնը, յոթն անգամ փաթաթվում է Ձվի շուրջ և, այն կոտրելով՝ ծնունդ տալիս գոյություն ունեցող ամեն ինչի…
Քուրմ Յարութ Առաքելեանի պարզաբանմամբ և իր խոսքերով՝ «Լույսի Հաղթանակը խորհրդանշող Զատիկը Հայոց մեջ նշվում է Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին:
Գունավոր ձվերով խաղերից բացի, Ձուն նաև տան ներսում էր պահվում, սովորաբար մուտքից ներս, որը չար աչքերից էր պաշտպանում տունը (չարխափան նշանակություն ուներ):
Ազգային ընկալումներում խորհրդանշական մեծ իմաստ կրող Ձուն «Արամագի» մոգաց ավանդության մեջ է կիրառվում նաև՝ «մարմինը ձվով շոյելով»՝ չարքն ու բացասականը խորհրդանշական կերպով ձվի մեջ հավաքելով՝ ջրի ամանում է կոտրվում ու ձերբազատում-մաքրագործում մարդուն…»:
Գիտության արդի տեսություններում՝ Պայթյունից առաջ (Big Bang) Տիեզերքը ձվի տեսքով միջուկում էր խտացված…
Ուրեմն, գունազարդ ձվերով տոնախմբությունների վարժված Հայոց համար Կյանքի, Արարման առաջին իսկ պահի հետ նույնացվող Ձուն Կյանքի, Ծնունդի ու Վերածնունդի իմաստն ուներ՝ անհիշելի ժամանակներից ի վեր, քրիստոնեությունից հազարամյակներ առաջ դեռևս ու Զատիկը՝ Տիեզերածին, Կյանքն Արարող Զատումն էր…