«ՈՐՔԱՆ ԿԱՐԵՄ, ԶԱՅՆ ԱՌՆԵՄ»…

«ՈՐՔԱՆ ԿԱՐԵՄ, ԶԱՅՆ ԱՌՆԵՄ»…

Հնագույն ժամանակներից ի վեր Հայկազուններն իրենց իմաստուն մտքով, խոհական խոսքով ու խրատով ուղղորդել են սերունդներին, կյանքի փորձառության դասեր տվել անփորձ պատանիներին, երիտասարդներին՝ հաճախ կիրառելով խորախորհուրդ առակները, այլաբանական պատմությունները։
Ժողովրդական առակները պատմվել են դարեդար:
«Կերպաբանել զճշմարտութիւն»՝ խորիմաստ պատմություններով արտացոլել իրականությունը գեղարվեստորեն՝ առակների լեզվով՝ առակաբանությամբ: Առակախոսները՝ հին աշխարհի իմաստունների նման, շարունակում էին «Բանքն իմաստութեան»՝ իրենց հակիրճ, բայց կրթող խոսքով դաստիարակում էին փոքրին և մեծին, հորդորում էին լինել շրջահայաց, ինքնաշխատությամբ, սեփական ուժին ապավինելով, անձնական ջանքերով դիմագրավել փորձությունները, առանց կողմնակի օգնության ակնկալիքի։


11-րդ դարում Գրիգոր Մագիստրոսն իր գրառած պատմություններում բանավոր պատմվող՝ «բերանացի ավանդվող» առակներն է ներկայացնում, երբեմն որպես նրանց սկզբնաղբյուր նշելով՝ «աւանդեալ գտաք», «պատմի» կամ՝ «ի գռեհիկս ասեն»՝ նկատի ունենալով ռամկականը, ժողովրդականը, գուսանականը: Նույն կերպով՝ «ի գռեհիկս ասեն», նա ներկայացրել է հայտնի նավասարդյան գովքի տողերը.
«Ո՜ տայր ինձ, զծուխ ծխանի եւ զառաւաւտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց:
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս աւրէնն է թագաւորաց»…

Հնուց եկող նման առակներից է «ընկնող երկինքն իր վեր մեկնած ոտքերի ուժով պահող արտույտի» մասին նրա հիշատակած պատմությունը:

Լսելով երկնքի փլուզման գույժը՝ արտույտը պառկում է մեջքի վրա, ոտքերը տնկում վեր և ձգտում է պահել երկինքը: Տեսնողները ծիծաղում են նրա վրա և ասում.
-Ա´յ ճնճղուկ, դու ինչպե՞ս կարող ես քո ծղոտե ծնկներով (բարակ տոտիկներով) պահել երկինքը (գրաբարով՝ «Որո՞վ ծղէ ծնգաւք ծառանաս, ծտի՛կ, քո ծովդ խելաւք»):
-Ես ի՛մ բաժին երկինքն եմ պահում՝ կարեցածիս չափով (գրաբարով՝ «Որքա՛ն կարեմ, զա՛յն առնեմ»),- պատասխանում է արտույտը:

Առակս ցուցանե՝ եթե յուրաքանչյուրն «իր բաժին երկինքը պահի», այն չի փլվի և կործանի բոլորին (ընդհանուր գործին ըստ կարողության յուրաքանչյուրի ներդրած ճիգն է օգտակար արդյունք բերում):

Արտույտի այլաբանությամբ մի այլ պատմություն ևս հաճախ հիշեցրել են Հայոց Նախնիք։
Եզոպոսից մինչև Լա Ֆոնտեն, Խաչատուր Աբովյան և Խրիմյան Հայրիկ՝ հնչել է իր ձագերին հասկավոր արտից ճիշտ ժամանակին տեղափոխելու նպատակով արտատիրոջ գալը գուշակող արտույտի առակը՝ կարևորելով սեփական ուժին ապավինելու գաղափարը:

«Արտույտ թռչունը, որ թերևս արտ ուտելուց է առել այս հարմար անունը, իր բույնը հասկավոր արտի մեջ դնելով՝ ձագեր է հանել։ Հեռատես ձագամայրը միշտ հանձնարարում էր իր ձագերին, որ ականջ դնեն արտի տիրոջը, թե ի՞նչ է խոսում, երբ նա իր տղայի հետ գա տեսնելու, թե արտի հնձելու ժամանակը հասե՞լ է։ Առաջին անգամ ձագերը լսում ու պատմում են իրենց մորը, թե հայրն իր տղային ասում է․ «Որդյա՛կ, արտը հասնելուն մոտ է, գնա՛, խոսի՛ր, մեր հարևանները թող մեզ օգնելու գան, արտը միասին քաղենք»։

Արտույտը պատասխանում է․ «Դեռ անհոգ կացեք, քանի որ արտի տերը հարևանների օգնությանն է սպասում, այս արտը չի՛ քաղվի»։ Երկրորդ անգամ լսելով՝ ձագերն այս են պատմում, թե գյուղացին իր տղային ասում էր․ «Հարևանները չեկան, գոնե բարեկամների՛ն հրավիրիր»։

Խելացի արտույտը դարձյալ նույնն է կրկնում․ «Հանգի՛ստ եղեք, ձագե՛րս, թե գործը բարեկամներին է մնացել, արտը հավիտյան չի՛ քաղվի»։

Երրորդ անգամ ձագերը պատմում են, թե արտի տերը, վա՜շ-վա՜շ անելով, իր տղային ասում էր․ «Որդյա՛կ իմ, ես ու դու առնենք մեր մանգաղները, և մե՛նք քաղենք մեր արտը․ այլևս հարևաններին, բարեկամներին սպասելն իզուր է»։
Ուշադիր ձագերը, երբ այս վերջին խոսքը պատմում են իրենց մորը, նա պատասխանում է․ «Այժմ ստույգ հավատում եմ, որ արտը պիտի քաղվի՛, պետք է ձեզ տեղափոխեմ» (Խրիմյան Հայրիկ):

Հիշյալ առակը՝ Խաչատուր Աբովյանի գրչով և խրատով.
«Ընկերիդ խոսքին հավատա՛,
Էլի պի՜նդ կաց քո բանին»…

ԱՐՏՈՒՏԸ ԻՐ ՁԱԳԵՐՈՎԸ ՈՒ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ

Առակ է ասած։— Ընկերիդ խոսքին
Հավատա՛, էլի պինդ կա՛ց քո բանին։
Շատ դրուստ խոսք է― օրհնվի բերանն,
Որ էս ասել ա՝ բաս լսե՛նք առակն։
Գարունքն որ բացվեց, օրերն քաղցրացան,
Սար ու ձոր ծաղկեց, դաշտք ու անդաստան
Իրանց զարդարանքն հաքան, զուգվեցան։
Ծաղիկ, հոտ ու հով ամեն տեղ առան։
Ամենն էլ ուրախ ձեն ձենի տվին,
Արջը մերումը, ձուկն ծովի տակին,
Ղշերն հանդերումն, սարերի գլխին
Իրանց արևի վրա խնդացին։
Չգիտեմ՝ կամո՞վ էր, թե հենց զոռով.
Մեկ արտուտ թռչուն քեֆին նայելով.
Թռչում էր, գնում, ման գալիս սիրուն,
Էլ չէ՛ր մտածում, թ՚եկել էր գարուն։
Քիչ էլ որ մնար, պետք էր անց կենար։
Վերջը նրա էլ բնությունը քաշեց,
Սիրտը ուզեց, որ որդոց մեր դառնար,
Ձագերն եդևին քցեր ու ման գար։
Ղշին ի՞նչ պետք էր շատ մեծ թադարեք,
Ո՛չ տուն կուզի նա, ո՛չ մեծ թանթանեք։
Բուն դրեց հարդումն, ձու ածեց, նստեց։
Մեկ քանի օրից հետո ճուտ հանեց։
Ցորենը հասավ, հնձի վախտն էկավ,
Բայց ձագերի դեռ օրը չհասավ,
Որ թռչին, գնան, ուտելիք ճարեն,
Մորն էին նայում, կուտ բերի, ուտեն։
Մեկ օր էլ որ մերն բնիցն հեռացավ,
Խրատ տվեց նրանց, ու էնպես թռավ։
«Մնա՛ք բարով՝ ասեց՝ իմ ազիզ որդիք,
Կացե՛ք դուք էստեղ, նաբաթ ա՝ մարդիկ
Թե գալու ըլին, որ հարդը հնձեն,
Իմացե՛ք՝ նրանք ինչ խոսին, ասեն։
Ու ինձ ասեցե՛ք, ուրիշ տեղ ճարեմ,
Հմիկ գնում եմ, որ պաշար բերեմ»։
Հենց նա դուրս գնաց, հարդի տերն էկավ,
Ցորենին մտիկ արեց ու որդուն ասավ։
«Հարդը հասել ա, դու էլ ես տեսնում:
Հասկի ճիթը կախ մեր ցորենի միջումն։
Էլ վախտ չի կորցնես, էքուց կգաս,
Մեր բարեկամներին իմացում կտաս,
Որ գան մեր հանդը մեզ քոմակ անեն»։-
Հենց խեղճ ձագերը իմացան էս ձենն,
Լվլվացին ու անսաս վշվշացին։
Ա՜խ՝ ո՞ւր ես մեր մեր, ի՞նչ տեղ՝ ասեցին.
Արի՛, դու հասի՛ր, ա՜խ՝ մեր հավարին»։-
«Ի՞նչ ա պատահել», մերը հարցրեց։
«Ի՞նչ պետք է ըլի, հանդի տերն ասեց,
Բարեկամներին որդին գնա, կանչի,
Որ էքուց հարդը հնձվի, պրծնի»։-
«Էլ ոչինչ չասե՞ց», մերը հարցրեց։-
Էստուր համար դուք հեչ դարդ մի՛ անեք։
Թող լիսը բացվի, հետո իմացե՛ք։
Էս ձեր կերակուրն, կերե՛ք, կշտացե՛ք,
Որդի՜ք ու պարկինք։ Դուք հաց կերել չէք»։-
Ինչպես որ էլավ, նրանք կտկտացրին,
Գլուխ գլխի տված՝ մոր թևի տակին
Կուչ էկան ու շուտ աչքը խփեցին։
Օրը լուսացավ, բարեկամ չէկավ,
Ղուշն էլի պաշար բերելու թռավ։
Ու խեղճ երկրագործն էլ իր հանդն էկավ։
Ժաժեց գլուխն, որդուն էլ ասավ։
«Հեռու բարեկամն, մոտիկ ազգականն
Ի՞նչպես մեկ կըլին՝ որդի՛ սիրեկան։
Աստծու անունը տո՛ւր, էքուց գնա՛,
Հորախպորդ ու մեր խնամուն ասա՛»։-
Ղլվլոցն ընկավ մեր ձագերի մեջ.
Էլի իրանց մորն ձեն տվին՝ որ հենց
Էն սհաթին եդ գա, իրանց ճար անի։
«Ա՜խ՝ մեր ազիզ մե՛ր՝ արի, ա՜խ՝ արի՛։
Ազգականներին որդին գնաց բերի»։
«Հեչ ձեն մի հանե՛ք», մերն պատասխանեց։
«Մի՜ էլ վախենաք ամենևին հեչ։
Աստված հիշեցե՛ք ու էստեղ կացեք.
Թո՛ղ օրը բացվի, հետո դուք տեսե՛ք,
Ազգականն էլ իր դարդը կունենա։
Մուխաննաթ մարդի մհանեն շատ ա։
Երրորդ անգամը տերն իր հանդն էկավ։
«Ամա՜ օյին են գալիս մեզ», ասավ։
Շա՛տ բարի՝ էս թող մեզ խրատ ըլի,
Որ ումուդ չանենք էլ ուրիշի խոսքի։
Ու մեր սրտումը լավ տպավորենք։
Որ մարդիս ախպերն, բարեկամն ինքն ա,
Գնա՛ սիրելի՝ մորդ ու քվորդ ասա՛,
Որ մանգաղն առնին, էքուց հանդը գան,
«Վա՜յ նրանց՝ որ այլոց ապով կմնան»։-
Արտուտն որ լսեց, ձագերին կանչեց։
«Հիմիկ վախտն էկավ, որ գնանք», ասեց։
Ձագերն էլ իսկույն մոտ էլան գլխին,
Առաջին անգամն թևերը բացին
Ու մոր եդևիցն ինչպես որ էլավ,
Հանդիցն դուս էկան, քիչ-քիչ բարձրացան
Ու թռռալով, ու ճռվղալով
Ու ծվլալով, ու ճթճթալով
Ծվալով, գվալով
Արտի վրովը գնացին, անց կացան,
Հասան ամպի տակն, աչքից հեռացան։

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: