«ՍԻՐՏՍ ՎԱՌԵԼ է ԿՐԱԿՆԵՐԸ ԱՆՄԱՐ»…

«ՍԻՐՏՍ ՎԱՌԵԼ է ԿՐԱԿՆԵՐԸ ԱՆՄԱՐ»…

Հայ ժողովրդի համար պատմական դժվարին ժամանակներում «կյանքի հիմերն» ամրապնդելու ուղիներ են որոնել Հայ ազգի ողջախոհ մտավորականները: Նման մի շրջանում՝ որպես պայքարի միջոց՝ Ազգային ոգու վերածնունդին էին ձգտում 19-20-րդ դարի Հայ գործիչներից շատերը՝ գովերգելով ուժը, առնականությունը, հաղթության ոգին…
Հայ գրականության մեջ ձևավորվում է «հեթանոսական շարժումը», որը շեշտում է միջնադարյան կրոնական պարտադրանքները թոթափելու և ազգային ակունքներին վերադարձի անհրաժեշտությունը:
Ինչպես Չարենցն է գրում՝
«Սիրտս վառել է կրակները անմար՝
Հին երազներն ու կարոտները հրե»…
Փնտրտուքների ճանապարհները ձգվում էին դեպի Հայրենիքի հեռավոր դարերի Լույսը.
«Այրում էր իմ սիրտը հեռու մի կարոտ,
Կանչում էր լույս հեռուներդ անեզերք»։

«20-րդ դարասկզբի հայ գրական-հասարակական միջավայրը տոգորված էր ազգային ձգտումներով և գեղավեստական նոր ձևի ու բովանդակության որոնումներով, որոնք իրենց անմիջական և ուժգին ներգործությունն էին ունենում գրական պրոցեսի վրա ընդհանրապես և ստեղծագործողների վրա՝ մասնավորապես: Ահա այս պայմաններում է, որ արևմտահայ գրականության մեջ սկիզբ է առնում մեր գրականության հետաքրքիր երևույթներից մեկը’ «հեթանոս շարժումը», որը, սերտ առնչություն ունենալով ժամանակաշրջանի համաշխարհային նմանատիպ գրական շարժումների հետ, մասնավորապես՝ ֆրանսիականի և բելգիականի, միաժամանակ դրսևորում է իր ազգային բովանդակությունը»,- գրում է Մարատ Թադևոսյանն իր՝ «Հայ գրականության ազգային պատկերը գեղարվեստական տարբեր մեթոդների համակարգում» հոդվածում («Հայ գրականության ազգային առանձնահատկությունները» Երևան, 2003 թ.) և շարունակում.

«Անցյալը ներդաշնակել ներկային. սա էր շարժման մասնակիցների գեղագիտական և գաղափարական հավատամքը:
Բացի Դ. Վարուժանի «Հեթանոս երգերից», «հեթանոս շարժման» բնորոշ տրամադրություններն արտահայտվեցին Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայում, Ռ. Զարդարյանի «Բագինին փառաբանությունը» արձակ երկում, Հ. Սիրունու «Դեպի տաճարն հրաշքին», Վ. Թեքեյանի «Հրաշալի հարություն» գրքերի, ինչպես նաև Սիամանթոյի, Ռ. Սևակի, Ահարոնի, Լ. Էսաճանյանի և այլոց առանձին բանաստեղծությունների մեջ: 1914թ. Դ. Վարուժանի և. Հ. Սիրունու խմբագրությամբ Կ.Պոլսում լույս տեսավ «Նավասարդ» տարեգիրքը, որի գեղարվեստական և գիտական-բանասիրական նյութերի զգալի մասը նվիրված էր հեթանոսական անցյալին:
Ինչպես նշում են ժամանակակիցները, գրական-հասարակական մթնոլորտը հագեցած էր «հեթանոսականությամբ» («ազգայինով», Կ.Ա.), որ ժամանակի տիրող մտայնությունն էր (այդ են վկայում թեկուզ և գրական երկերի ու առանձին պարբերականների խորագրերը՝ «Հեթանոս երգեր», «Հին աստվածներ», «Բագինին փառաբանությունը», «Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ», «Նավասարդ», «Մեհյան» և այլն):

Մեկ տասնամյակ անց՝ ահա թե ինչ է գրում Հ. Սիրունին.
«Վարուժան նոր էր մարդոց ընծայեր անկորնչելի գեղեցկությունը իր «Հեթանոս երգերուն» և բացեր նոր գիծ մը մարդոց հոգիներուն մեջ:
Հավատացյալներու ուրիշ խմբակ մը արդեն «Մեհյանի» մը հիմը կփորեր: Ու բոլո՜րը, բոլո՜րը ծարավ կզգային Անծանոթ Գեղեցկության ու զայն կկանչեին իրենց հոգիներուն մեջ: Ու բոլորը կհավատային, որ այդ գեղեցկությունը հեռավոր դարերեն կուգար:

Կուզեինք խորթանալու գացող Հայ գրականությունը դարձյա՛լ կապել հայրենի հողին ու իր չպատմվող գեղեցկություններուն:
Կուզեինք մեր հոգիներուն մեջ վերստին բռնկեցնե՛լ սրբազան Հուրը, որով մեր նախնիքը երբեմն իրենց բագիններն էին վառեր: Կուզեինք ականջ տալ դարերուն երգած հեքիաթին ու չարչարել մեր հոգին՝ անոր խորհուրդը մեկնելու համար: Կուզեինք մեր սրտերեն փրցնել — նետել խորթ ծաղիկները, ու սրբվա՜ծ, ապաշխարա՜ծ սպասել նոր արշալույսին, սրտատրոփ ու բազկատարած»: («Նավասարդ», Ա հատոր, Ա պրակ, Պուքրեշ, 1923, էջ 3):

Ունենալով գեղարվեստական տարբեր մակարդակ, աշխարհայացք և. անհատական խառնվածք, «հեթանոսները իրենց առջև դնում էին առաջին հայացքից ոչ միանման՝ գեղագիտական, գաղափարական, բարոյական, պատմաճանաչողական խնդիրներ: Այնուամենայնիվ, չնայած «հեթանոս շարժման» մասնակիցների աշխարհայացքային բոլոր տարբերություններին, այն ուներ ազգային և սոցիալական որոշ ընդհանուր արմատներ:
Ազգային առումով այդ շարժման իմաստը անցյալի հերոսական դրվագներով ներկա սերունդներին ոգևորելն էր, նրանց ուժի ու տոկունության դասեր տալը: Ժողովրդի փրկության համար պետք է վերականգնել ազգային ոգին, որը շատ մտավորականների կարծիքով, հանդես է եկել հենց մեր պատմության հեթանոսական դարերում, իսկ հետո աղճատվել ու ոչնչացել է օտար բռնակալության լծի տակ ու հնազանդության քրիստոնեական քարոզների ազդեցությամբ:


«Հեթանոսական շարժման մեջ, մանավանդ Վարուժանի պոեզիայում, շատ որոշակի արտահայտվեց նաև գեղարվեստական նոր որոնումների սոցիալական ենթատեքստը: Անցյալը հակադրվում էր ժամանակակից բուրժուական իրականությանը՝ մարդուն մանրացնող, նրան կամքի, ձգտումների և զգացմունքների ազդեցությունից զրկող «ոսկի հորթերի» իրականությանը: Դա անխուսափելիորեն կյանքի էր կոչում ռոմանտիկ-արտապատմական հայացք անցյալի նկատմամբ, քանի որ վերջինիս մեջ Վարուժանն ու մյուս «հեթանոսները» ուզում էին տեսնել և փառաբանել այն, ինչ նրանք որոնում ու չէին գտնում ներկայի մեջ՝ անհատի ազատություն և հերոսական ոգի, նրա հոգևոր ու ֆիզիկական ուժերի անկաշկանդ զարգացում, մարդկային հարաբերությունների պարզություն ու մաքրություն»: (Էդ. Ջրբաշյան, Գեղագիտություն և գրականություն, Երևան, 1983, էջ 262):

«Հեթանոս շարժումը» հանկարծակի չառաջացավ, թեև ժամանակակիցները 1912-1913 թվականներն են համարում «հեթանոս» շարժման սկիզբը: Ճիշտ է, այն գրական հոսանք դարձավ և վերջնականապես ձևավորվեց միայն 1910-ական թվականներին, սակայն դրանից տարիներ առաջ ստեղծագործողներն արդեն դիմում էին «բանաստեղծական հեթանոսությանը»: Դա ամենից առաջ վերաբերում է Դ. Վարուժանին, որը դեռևս 1905թ. գրում է.
«Հեթանոս կյանքը օրեօր զիս կգրավե. եթե այսօր կարելի ըլլար՝ կրոնքս կփոխեի և սիրով կընդգրկեի բանաստեղծական հեթանոսությունը» (Դ. Վարուժան, Նամականի, Երևան, 1965, էջ 131): «Ոչ թե միայն մեր, այլ ամբողջ մարդկության դյուցազնական դարերուն «nostalgie»-ն ունիմ: Ե՞րբ պիտի դառնան հեթանոսությունը և հին հաղթությունները, զոր վաստկելու համար հերոսներ պետք էին, այլ ոչ թե դիվանագիտություն» (Դ. Վարուժան, Նամականի, էջ 151, 152):

Հեթանոսությանը հաջորդած դարերի ընթացքում եղծվել է մարդու նկարագիրը, «գինիի նման հզոր և անեղծ» մարդու, «առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրէ»:
Անհրաժեշտ է նորոգվել թե՛ իբրև մարդ և՛ թե իբրև Հայ («Ու՞ր մնաց դասական Հայությունը, ավերակներու աճյուններուն փնտրելու է զանոնք» (Նույն տեղը էջ 187) — այս է բանաստեղծի աշխարհայեցության ենթատեքստը:

Հեթանոսական կյանքի և ոգու պատկերումը Վարուժանի համար դառնում է գրական ծրագիր և նպատակ:
«Անցյալը կպաշտեմ… ի հեճուկս ապագայապաշտներուն՝ անցյալապա՛շտ դպրոցը պիտի հիմնեմ»,- ազդարարում է նա: Արդեն 1907թ. ստեղծվում են ժողովածուի մի քանի բանաստեղծությունները («Լքում», «Օրհնյալ ես դու ի կանայս»): 1909թ. ուրվագծվում է նաև «Գողգոթայի ծաղիկներ» շարքը: «Հիմա նոր հատոր մը պատրաստելու ձեռնարկած եմ զուտ ապրած կյանքէ, քիչ մը ավելի վերլուծող, ավելի խորիմաստ և հոգեբանական երգերով» (Նույն տեղը, էջ 172):
1911թ. իր «հրատարակելի գործերի» թվում Դ. Վարուժանը հիշատակում է նաև «Հեթանոս երգերը», ինչը վկայում է, որ այն հիմնականում արդեն պատրաստ էր տպագրության»…

… «Ներկայի համար և ներկայի դիրքերից է Դ. Վարուժանը դիմում հեթանոսական «հաղթ» շրջանին, պատմական և դիցաբանական հերոսներին ու կերպարներին՝ ձգտելով վերակենդանացնել ասպետական ոգին՝ ուժն ու գեղեցկությունը: Նա դրանով ցանկանում էր պատասխանել իր ժողովրդի և դարաշրջանի հոգևոր ու մտավոր պահանջներին, անցյալը ծառայեցնել արդիականությանը:
Դ. Վարուժանը նորովի է հիմնավորում և իմաստավորում հեթանոսության իդեալը, որը նրա ստեղծագործության մեջ ամբողջական համակարգ է, որքան գեղագիտական, նույնքան էլ փիլիսոփայական-գաղափարական: Ուժի և գեղեցկության, «երկաթներուն ու մարդուն մաքառումների» պատկերումը ուղղված էր մարդու և գեղեցիկի իդեալի հայտնաբերմանը, որը չկարողացան տեսնել բանաստեղծի գրական հակառակորդները:
«Կյանքի ու երազի» (Տ. Չյոկյուրյան) սկզբունքային հակադրության հետևանքով առաջանում է անբավարարվածություն և հիասթափություն ներկայից: Այդ պատճառով էլ «Հեթանոս երգերի» մեջ հակաքաղքենիական և հակաբուրժուական ուղղվածությունը բնական և օրինաչափ էր: «Հարճը» պոեմում Վարուժանը այսպես է ոգեկոչում հեթանոսական անցյալը.
«Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն,
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն…
Փա՜ռք ձեզի միշտ՝ գանգրահեր ո՜վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր’ տկարներուն, ընկճվածին,
Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին»:

«Հեթանոս երգերում» Վարուժանը բերում էր առնական ուժի փառաբանություն, կանացի գեղեցկության (և ընդհանրապես գեղեցիկի) պաշտամունք, լույսի և կանացի մերկության երկրպագություն, քաղքենի, անբնական, շպարուն և կեղծ բարքերի փոխարեն աշխարհիկ կյանքի անկաշկանդ վայելք, պատկերում տառապող մարդուն և մարդկությանը, տառապանքի և հաճույքի գեղեցկությունը»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: