ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ…

«Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում»:

Ղազարոս Աղայանի՝ «Հիշողություն» վերնագրված հոգեցունց բանաստեղծության այս տողերը հիշելու առիթը մեր պատմական Պարսկահայք Աշխարհի Հեր գավառն է, ավելի ստույգ՝ ներկայիս Իրանի Խոյ քաղաքը, մեր պատմիչների (Թովմա Արծրունի, Վարդան Արևելցի, Ստեփանոս Օրբելյան…) վկայությամբ՝ երբեմնի բարգավաճ, ամուր բերդաքաղաքը, Կապուտան (Ուրմիա) լճից ու Ավարայրի դաշտից ոչ հեռու:
(Ավանդույթի համաձայն, Խոյից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի մատուռ համարվում է Վարդան Մամիկոնյանի գերեզմանատեղին):

Հին շրջանից փոքրիկ թռիչքով հասնենք այսօրվա Երևան՝ պատմելու համար մեծաթռիչք ծածկով մի հայտնի շինության մասին: 

20-րդ դարի կեսերի (1950-60-ականների) «Թամանյանական ոճով», միջնադարյան ավանդույթներով, ճարտարապետական ու գեղագիտական բարձրարժեք լուծումներով կառուցված այս շենքը մայրաքաղաքի բնակչության մի ստվար զանգվածի կենսախինդ անցյալի ջերմ հուշերի հետ է կապված (ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան):

Բրոնզապատ դարպասներով, դեպի երկրորդ հարկը տանող լայնանիստ աստիճաններով, դեռևս հնագույն շրջանից հայտնի թաղածածկ շինություններին համանման «Փակ Շուկան» ուշագրավ է 10-13-րդ դարերի վանական համալիրի՝ Մակարավանքի բեմի ճակատի ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հյուսկե հարթաքանդակների ոճով արված զարդամոտիվներով:

Ժամանակի մեծերի հաղորդմամբ, Երևանի հիշյալ «Շուկան» Խոյի հայտնի «Դարվազա բազարի» հեռավոր արձագանքն է:

Ինչպես հաճախ, տեղահանված բնակչությունն իր նոր բնակավայրերում հին հուշերն արթնացնող նախկին շինությունների (տեղանունների) նմանությամբ (երբեմն՝ կրկնությամբ) էր հիմնում նորերը՝ ավանդույթների հարատևությունն ապահովելով նաև խորհրդանշական առումով …

Խոյի, Մակարավանքի ութանկյուն, ութանիստ զարդանախշերի և երևանյան հիշյալ շինության մեջ նրանց արձագանքի միջև փոխկապակցված խորը իմաստ կա, որը ձգվում է մինչև շումերական դիցաբանություն՝ կյանքն ու քաղաքակրթությունը Ջրհեղեղից հետո վերածնող Էնկի դիցը:

Հնագույն շրջանի դիցերի խորհրդանիշների ակունքների ( նրանց վերագրվող թվերի, կենդանիների, բույսերի), առավել մանրամասն ներկայացումն՝ այլ առիթով…

Հ.գ. Ի հիշատակ ուսանողական անհոգ տարիներին հիշյալ վայրում կատարած կարճատև, բայց հաճելիորեն համեղ «համտեսումներով» լի զբոսանքի (ականջդ կանչի, Գոհար Չեմենյան Gohar Chemenian):

Ստորև լուսանկարներում՝

1. Խոյի Դարվազա Բազարը
2. Երևանի «Փակ շուկայի» շենքը
3. Մակարավանքի բեմի ճակատային զարդամոտիվները
4. «Փակ շուկայի» զարդամոտիվները:

Խոյի Դարվազա Բազար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով