…«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»…
Խորենացու հանճարեղ շրջահայացությամբ մեզ ավանդված՝ «Վահագնի ծնունդի» փառաբանման վերոհիշյալ մի քանի տողերում հնագույն խորիմաստ գաղափարախոսությունն է հրաշալիորեն պարփակված:
Բոցն ու Ծուխը, Սրբազան Հուրը (Արևը, Լույսը), որպես կենսատու ուժ, Կյանքի աղբյուր, մեր նախնյաց կողմից պաշտվում էին նաև ի դեմս դիցարանի գլխավոր դիցի՝ Շանթի, Փայլակի (հայտնի Թեշուբ ( Թարքու-Տորք) անունով, գրականության մեջ՝ Ամպրոպի ու Կայծակի Աստվածություն, Զևսի և Յուպիտերի համարժեքը, հետագայում՝ Արամազդ, Միհր, Վահագն):
Եվ, հազարամյակների հոսքից փոքր-ինչ երանգավորված, հարատևել մինչ օրս՝ ի հայտ գալով զանազան տոների, ծիսակատարությունների ժամանակ…
Պապական օջախներում այնքա՜ն հաճախ լսվող՝ «Օջախդ շեն կենա» բարեմաղթանքն այսօր էլ հնչում է մեր ականջներում ու, «Օջախի ծուխը ծխեցնելով» «օջախի կրակը վառ պահելու» պատգամի տեսքով փոխանցվում սերունդներին:
Սեպագիր արձանագրություններում տարածքային առումով որպես «Հուրի Երկիր» հիշվող Երկիր Նաիրիի (Միտանիի, հետագայում՝ որոշ սահմանային փոփոխությամբ՝ Ուրարտուի՝ Բիայնայի) հրափայլ մեհյանների ցոլքն այսօր էլ առկայծում է մոմավառությամբ ու Ճրագալույցով ( ճրագ վառելու հատուկ արարողությամբ), նաև՝ տարբեր առիթներով բոցավառվող ջահերով:
Փոքր-ինչ տարբերությամբ, այնուամենայնիվ…
Հնագույն շրջանում փառաբանվող Երկնային Հուրին այսօր փոխարինել է «Կանթեղը», որն էլ հենց գրառմանս առիթը եղավ:
Համահայկական խաղերի առիթով հանդիսավորությամբ «Կանթեղից» վառված ջահի խորհուրդը ձգվում է Անտիկ աշխարհ՝ հայտնի Օլիմպիական խաղերի վայրը՝ Օլիմպոս լեռը:
Որպես Հսկաների սերնդից ու նաև՝ մեր նախահայր համարվող Հայկի նախնի հիշվող Հաբեթոսի որդին՝ Պրոմեթևսն էր Օլիմպոսից խլելով մարդկանց հասցրել Կրակը՝ Աստվածային Իմաստնության ու գիտության աղբյուրը:
Այդ իսկ պատճառով էլ պատժվեց՝ ժայռին գամվելով:
Այսինքն՝ դժվարությամբ ու տառապանքով են ծնվում Իմացության ուղիները:
Արևից առկայծող Հուրը մահկանացուներին փոխանցելով՝ նա նպաստում էր զանազան արվեստների ու արհեստների՝ մետաղագործության, ճարտարապետության, աստղագիտության… զարգացմանը (շումերական դիցաբանության մեջ՝ Էնկին էր Լույսի, Իմաստնության ու մոգության տարածողը՝ ձկնակերպ-երկկենցաղ Օհանեսի միջոցով):
Հնագույն մեհյանների սրբազան Անշեջ Հուրը, խորհրդանշական ձևով, «որսվում» էր Արևից՝ պարաբոլային հայելու օգնությամբ (skaphia):
Ճառագայթներից ստացվող-բորբոքվող կրակի ջահերն, ի փառաբանումն Հին Աստվածների, Օջախի դիցուհի Հեստիայի սրբավայրից մարզիկները վազքով հասցնում էին մինչև մարզախաղերի վայրը:
Ջահավառության անտիկ ավանդույթների նմանակմամբ՝ երբեմն ճերմակազգեստ «քրմուհիներն» են կատարում ջահավառության արարողությունը …
Ինչպես հանճարեղ Վարուժանն էր երգում՝ «…Ընդ եղեգան փող լու՜յս ելանէր»…
Ստորև՝ 4-5 հազարամյա հուշերով յոթնակնյա մի նրբագեղ ճրագաման՝ Մեծամորից…
(Լուսանկարի համար՝ շնորհակալություն Գևորգ Նազարյանին)