«ՀԱՆԴՈւԳՆ Ու ՀՐԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՈւՅՆՔ», ԴԱՐՅՈւՆԻՑ ԲԵՐԴ՝

«…Բերդն Դարօնից, որ է յերկրին Կոգայ, ուր կային գանձք Արշակունեացն սաստիկ յոյժ…»

(Փավստոս Բուզանդացի, «Պատմություն Հայոց»)

Հերոսական անցյալի բազմաթիվ էջերի շնորհիվ զանազան պատմիչների հիշատակությանն արժանացած Դարույնքը՝ Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառի կենտրոնը, վեհաշուք Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լեռան լանջերին մոտ 1.900 մետր բարձրության վրա բազմած իր փառահեղ դիրքով, շարունակում է հիացնել ու ոգեշնչել:

Հայ և բյուզանդական մատյաններում Կոգ անվամբ հիշվող այս գավառը՝ Կոգովիտը, Արշակ Բ արքայի «սիրեցեալ գավառն» էր:

Այստեղ են տեղադրվում Բագարանն ու Արշակավանը: (Վ.Ինճիճեան,«Ստորագրութիւն հին Հայաստանեայց», էջ 446, Վենետիկ, 1822թ.):

Փ.Բուզանդն այն հիշատակում է 4-րդ դարի իրադարձությունների կապակցությամբ:

Մինչև 5-րդ դարն Արշակունիներին պատկանող անառիկ այս ամրոցում էր 335 թվականին ապաստանել Հայոց Խոսրով թագավորը՝ Մազքութների արշավանքի ժամանակ:

Լինելով ռազմական ու առևտրային ուղիների խաչմերուկում, միաժամանակ նաև կարևորագույն հենակետ էր, ուր կենտրոնացրել էին Հայոց արքունի գանձերի նշանակալի մասը (Արշակունիների, Խոսրով Բ-ի գանձատունն էր, մոտ 350 թվականին):

Պարսիկների դեմ կռիվների շրջանում Արշակ արքայի ամրակուռ դիրքերից մեկն էր՝ հայտնի իր անպարտելի ոգով ու հաղթանակներով …

Դարյունի բերդը քաջությամբ չնվաճելուց հետո՝ խաբեբայությամբ Արշակը գերվեց Անհուշ բերդը…

Այստեղ էր հաստատվել նաև Պապ թագավորն իր ընտանիքով…

Այս բերդավանում էր և Բագրատունյաց դամբարանը:

Լենկթեմուրի արշավանքների դեմ Դարյունից բերդի հաջող դիմադրության կազմակերպիչն էր քաջ Պայազիտ իշխանը:

«Պայազատ» նշանակում է «ժառանգորդ, գահաժառանգ» (համաձայն Հ.Աճառյանի «Արմատական բառարանի», և՝ «Ազնվական տոհմի սերունդ, ժառանգ»՝ ըստ Ս. Մալխասյանի):

Հետագայում Բայազետ, Պայազետաց բերդ անունով հիշվող այս վայրի պաշտպանների 1877 թվականի դիմադրության վիպասանական շարադրանքն է Րաֆֆու «Խենթ»-ում:

Դարյունից բերդի ամուր պարիսպները հազարամյակների ընթացքում կատաղի մարտերի վկան եղան՝ պաշտպանելով իրենց բնակչությանը, մինչև 1826- 28թթ. ռուս-պարսկական և 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմները, որոնց հետևանքով բնակչության զգալի մասը գաղթում ու վերաբնակվում է հատկապես Գեղարքունիքի Գավառ ավանում (մոտ 4.200 ընտանիք)՝ այն վերանվանելով Նոր Բայազետ (առանձնահատուկ ջերմ ողջույններս նրանց սերունդներին՝ պայազատներին, որոնցում մեր ազգի այսօրվա պանծալի ներկայացուցիչներն են…):

Բացառիկ բարեբախտությամբ, Դարույնքի պարիսպները պահպանել ու մեզ են հասցրել հնագույն շրջանից մի ուշագրավ բեկոր նաև:

Ղ.Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրօնք Հայոց» գրքում, խոսելով Հայոց հին հավատքում իրական ու երևակայական կենդանիների խորհրդանիշի մասին, գրում է՝

«…Այժմյան Բայազետ բերդում, որ գտնվում է հին ժամանակներում հայոց ամենաշատ պաշտամունքի տեղերի կենտրոնում, առ այսօր մնացել է այդպիսի պատկերով մի քարե քանդակ» (լուսանկարը՝ ստորև):

Այնուհետև, հիշելով պատմիչ Զենոբի գրվածքից հայտնի՝ «Հնդկաստանից գաղթած Դեմետրին ու Գիսանեին» և նրանց կանգնեցրած կուռքերին՝ «Երկայնածնօտ Աւարոսի» ու այս քանդակի վրա երևացող միաեղջյուրի՝ իր բնորոշմամբ՝ «երկայնացռուկ անասունի» պարզաբանումը թողնում «հետագայի ուսումնասիրողներին»:

Գրիգորի գործակից, ասորի Զենոբ Գլակի վկայությամբ, ինքն անձամբ մասնակցել է քրիստոնեության տարածման ժամանակ Գիսանեի մեհյանը պաշտպանող քրմերի դեմ մղած պատերազմին, որից հետո Տարոն աշխարհի Իննակնյան աղբյուրներով հայտնի վանքն է հիմնվում, իր անունով՝ Գլակա վանքը, Դեմետրի մեհյանի կործանման վայրում:

Արևմուտքում, հետագա դարերում մեծ տարածում գտած միաեղջյուրի՝ լիկորնի (licorne) առասպելի վրա ունեցած ազդեցության առիթով հաճախ է հիշատակվում հնդկական մի պատում՝ «Եկասռինգան» («Ekasringa», ստուգաբանվում է որպես «Միաեղջյուր», ինձ հիշեցնում է՝ «Եկած ռինգ («աճած ռունգ»: Ն.Քուչակի գործածած «ռինտ» (լավ, գեղեցիկ) բառը բարբառներում «ռունտ» ձևով է նաև հնչում):

Ռունգ-ռնգեղջյուր, արծռունգն (արծվաքիթ, կորակտուց)…

Համաձայն «Եկասռինգայի»՝ անտառում, կենդանիների հետ ապրող խորհրդավոր — թափառական մի ճգնավորի հետ էր կապվում «աստվածային եղնիկից» ծնված, մի եղջյուր կրող ու գերբնական ուժով օժտված երեխան:

Հնդկական դիցաբանության մեջ նույն անունով է նաև Վիշնուի անձնավորումներից մեկը՝ մի եղջյուր ունեցող ավատարի տեսքով:

Հնագույն գրեթե բոլոր սրբազան տեքստերում առկա միաեղջյուրի տարածված անվանումը՝ «լիկորն» է ( licorne), կարծես թե՝ «Լի» (լեցուն) «կորն»:

«Կոր»-ը «կեռ»-ն է՝ «ծայրը ծռվածը»:

Չմանրամասնելով դիցերի փոխառնչության հարցերը, հիշենք, որ Վիշնուն նույնացվում է Ինդրայի հետ, որը Կայծակի, Փայլակի (Հուրի) աստվածն է, ինչպես Զևսը, Թեշուբը, հետագայում՝ Միհրը, Վահագնը…

Հնդ-արիական և Միջագետքյան քաղաքակրթություններում (հիշվում է «Գիլգամեշ»-ում, Աստվածաշնչում, նաև՝ Չինաստանում, Հիմալայներում, Պարսկաստանում…), միաեղջյուրը վաղնջական տիեզերաբանական խորհրդանիշ էր:

Բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերենով թարգմանված՝ 2-4-րդ դարերի մի տեքստում՝ «Physiologos»-ում, միաեղջյուրը Փրկչի հետ է նույնացվում:

Շարունակաբար, մեկնաբանվելով զանազան իմաստներով, այն մեծ կիրառություն գտավ նաև հետագայում՝ քրիստոնեության առաջին դարերից մինչև Վերածննդի դարաշրջան (քանզի հիշատակվում է նաև Աստվածաշնչի որոշ թարգմանություններում):

Միջնադարում ընկալվելով որպես անաղարտության խորհրդանիշ՝ համադրվել է Մարիամի կերպարի հետ (գեղանկարչության ու փորագրչության վարպետները բազմիցս են անդրադարձել):

Առանձնահատուկ գնահատվում էր հատկապես միաեղջյուրի եղջերախեժը, որին վերագրվում էր հակաթույնի ու բազմաթիվ հիվանդությունների դեմ դարմանի հատկություն:

Ահա թե ինչու՛ էր ԼԻԿՈՐՆ (ըստ իս)…

Իրավացի էր գերմանացի ճանապարհորդ Վագներն իր դիպուկ բնորոշմամբ՝ Դարույնքի բերդը «Հանդուգն ու հրաշակերտ մի կառույց է՝ հաստատված այնպիսի տեղերի վրա, ուր բազեներն ու անգղները հազիվ թե համարձակվեին բույն դնել»…

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով