…«ԵՍ ՏԵՍԱ ԲՈԼՈՐԻ՛ ԿՈՂՄԻՑ ԼՔՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ»…

30. Հոկտեմբերի, 2020 թ.
«Լեռնային Ղարաբաղ իմ ժամանումից ի վեր, արդեն 48 ժամ, ռմբակոծությունները գործնականում չեն դադարել:
Ես եկել եմ այստեղ՝ վկայելու համար Ադրբեջանի, Թուրքիայի և իրենց վարձկան սիրիացի իսլամիստների կողմից Լեռնային Ղարաբաղի Հայ ազգաբնակչության դեմ մղվող պատերազմի սարսափների մասին:
Մայրաքաղաք Ստեփանակերտի վրա ռումբերն ընկան ողջ օրվա ընթացքում:
Մենք ապաստարանից ապաստարան էինք տեղափոխվում:
Շուշիում՝ մոտ տասնյակ կիլոմետր հարավ, ուր տաճարն ու Մշակույթի տունն արդեն վնասվել էին նախկին ռմբակոծություններից, երեկ երեկոյան մի իսկական կրակի հեղեղ էր:
Այս առավոտ մենք եկանք հաստատելու կատարվածը:
Դպրոցի առջև՝ հսկայական մի փոս, նման մի ուրիշը՝ բնակելի շենքի դիմաց՝ հավաստում են ժամեր առաջ այս քաղաքի վրա թափված ռումբերի հզորությունը, քաղաք, ուր միայն ծերերն ու զինվորականներն են մնացել:
10 քաղաքացիական անձ զոհվել է Մշակույթի տան ռմբակոծումից:
Հավատքի վայրերի և դպրոցների ռմբակոծումը պատերազմական հանցագործություններ են»,- գրել է բելգիացի քաղաքական գործիչ և պատգամավոր՝ մասնագիտությամբ՝ բժիշկ՝ Ժորժ Դալմանը (Georges Dallemagne), Արցախից վերադարձից հետո…
«…Ես տեսա թռչող ռմբակոծող սարքերի կիրառում, արգելված զենքերի կիրառում…
Ես տեսա արյան հեղեղ…
Ես տեսա բոլորի՛ կողմից լքված Հայերին…
Պետք է կրկնել՝ բոլորի՛ կողմից լքված Հայերին…
Անհրաժեշտ է կրկնել՝ նրանք մենակ էին այդ բարբարոսությունների դեմ:
Այլ բառեր չկան նկարագրելու, երբ օգտագործում են Սիրիայից եկած վարձկաններին…
Մենք չենք կարող հանդուրժել կատարվածը…
Մենք չենք կարող հանդուրժել, որ ուժի գերակայության օրենքը կիրառվի մի երկրում, որը միակ դեմոկրատականն է տարածաշրջանում:
Մենք չենք կարող հանդուրժել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ահաբեկիչներ ու արգելված զենքեր կիրառի՝ պատերազմելու համար մի երրորդ երկրում:
Մենք չենք կարող հանդուրժել Նախիջևանի և Ադրբեջանի միջև նախատեսված այդ «միջանցքը», որը ձեզ ուրախացնում է, և որն ավելի է վտանգում Հայաստանը՝ զրկելով տարածաշրջանում իր միակ դաշնակցի՝ Իրանի հետ ունեցած նրա սահմանից, և որը հնարավորություն կտա Էրդողանին իրականացնելու «Մեծ Թուրանի» իր երազանքը»…
Նրա վկայությունն ամբողջությամբ՝ ստորև տեսանյութում, վերնագրված՝ «Պատերազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում», նաև՝ ներքոնշյալ կայքում զետեղված հարցազրույցում…




