«ԽՈՍՔ ԿԱ՝ ՍԱՐԻ ԳԼՈՒԽԸ ԿՀԱՆԻ, ԽՈՍՔ ԿԱ՝ ՍԱՐԻՑ ՆԵՐՔԵՒ ԿԲԵՐԻ»…

«Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է» — Խոսքը կարող է միավորել, ստեղծել կամ քանդել հարաբերություններ ու պետություններ…
«Խոսք կա՝ սարի գլուխը կհանի, խոսք կա՝ սարից ներքև կբերի»:
Խոսքը մարդկային գոյության ամենահզոր գործիքներից է՝ ունակ ձևավորելու իրականությունը, ազդելու մարդկանց մտքերի և զգացմունքների վրա, կառուցելու կամ քանդելու հարաբերություններ, փոխելու հասարակություններ։
Ճիշտ ընտրված խոսքը փոխանցում է գիտելիք, հույզ, դառնում է հասարակական միասնության գործիք և մարդու զարգացման խթան։
Հին աշխարհում խոսքի արվեստը՝ ճարտասանությունը, կրթության և հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներից մեկն էր։ Հռետորը պետք է կարողանար ճիշտ պահին ընտրեր դիպուկ բառը՝ իմաստի լավագույն ազդեցությամբ։

Ճարտասանական արվեստը հնուց ի վեր կրթված մարդու, քաղաքացու և առաջնորդի կարևորագույն կարողություններից մեկն էր, քանզի հասարակական կյանքում շատ բան որոշվում էր բանավոր խոսքի միջոցով։
Քաղաքական կյանքը հիմնված էր հրապարակային խոսքի վրա (ինչպես Աթենքում՝ քաղաքացիների քաղաքական մասնակցությունը պահանջում էր ժողովներում խոսելու ձիրք՝ տեսակետը ներկայացնելու, առաջարկը պաշտպանելու և հակառակորդի փաստարկներին պատասխանելու համար):
Ուստի՝ խոսքի կարողությունը գործնական քաղաքական հմտություն էր։
Ով կարողանում էր հստակ ձևակերպել իր միտքը, հիմնավորել այն և համոզիչ ներկայացնել հանրությանը, կարող էր ավելի մեծ դեր ունենալ հասարակական կյանքում։
Դատարանում մարդը պետք է կարողանար պաշտպանել իրեն (անհրաժեշտ էր ներկայացնել ապացույցները, փաստարկել, պատճառաբանել, պատասխանել մեղադրանքներին և համոզել դատավորներին)…
Հետևաբար՝ հռետորությունն իրավական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից էր:
Ճիշտ ընտրված խոսքը կարող է բացատրել բարդ գաղափարը, համոզել, ոգեշնչել, հաշտեցնել մարդկանց և ուղղորդել նրանց գործողությունները։ Իսկ անզգույշ կամ սխալ ընտրված խոսքը կարող է առաջացնել հակամարտություն, թյուրիմացություն և նույնիսկ՝ քայքայել վստահությունը։
Համոզիչ փաստարկներով, տրամաբանված բանավեճերն իմաստասերների համար ճշմարտության բացահայտման միջոց էին։
Խոսքը իշխանության կարևոր գործիք է…
Նույն խոսքը տարբեր ժամանակներում կարող է ունենալ տարբեր նշանակություն։
Ստորև՝ 8-րդ դարում ապրած Աբասյան խալիֆի՝ արևելյան պատմություններում հաճախ հիշվող Հարուն ալ-Ռաշիդի երազի խրատական մեկնությունը, ուր շեշտվում է հաղորդվող մտքի բովանդակության մատուցման ձևի կարևորությունը։

«Մի գիշեր արաբական աշխահի հռչակավոր խալիֆ Հարուն ալ- Ռաշիդը երազ տեսավ։
Երազահաններին ու երազ մեկնողներին հրամայեց առավոտյան ներկայանալ ու մեկնաբանել այն։
Հնում մարդիկ ավելի շատ էին հավատում երազին ու դրա մեկնաբանությանը։ Վատ երազներից վախենում էին՝ համոզված, որ յուրաքանչյուր երազ տեղեկություն է ապագայի մասին։ Դա էր պատճառը, որ թագավորներն իրենց հատուկ երազահաններն ու երազագետներն ունեին, և երբ սարսափելի կամ ուրախ երազ էին տեսնում, մեկնությունը հարցնում էին նրանցից։ Երբեմն էլ իրենց անելիքների ու գործերի համար հիմք էին ընդունում այդ մեկնություններրը՝ ձեռնամուխ լինելով տարօրինակ գործերի։ Երբեմն խորամանկ երազահանները, օգտվելով դրանից, հասնում էին իրենց նպատակներին։

Հարուն ալ — Ռաշիդը բազմիցս նկատել էր, որ երազահաններն անհավաստի բաներ են ասում։ Ուստի այնքան էլ չէր հավատում նրանց ասածներին ու պատճառաբանում էր․
– Եթե երազահանությունը գիտություն է, ապա մի երազը բոլորը պետք է նույն կերպ մեկնաբանեն, ոչ թե ամեն մեկը մի բան ասի։
Նա սովորություն ուներ մի երազն առանձին-առանձին պատմել տարբեր երազագետների։ Եթե նրանց մեկնությունները նման էին լինում, հավատում էր, իսկ եթե լիովին տարբեր էին, ոչ մեկին չէր հավատում։
Այդ օրն էլ երկու երազահան ներկայացան։ Խալիֆը նախ մեկին ընդունեց ու պատմեց իր երազը․
– Երազում ատամներս մեկ-մեկ թափվեցին, ու բերանումս ատամ չմնաց։ Ինչպե՞ս կմեկնաբանես։
– Լավ երազ չէ։ Սա նշանակում է, որ խալիֆի բոլոր հարազատները նրանից ավելի շուտ են մեռնելու։
– Շա՜տ վատ մեկնություն է,- ասաց խալիֆը, ապա հրամայեց մտրակի հարյուր հարվածով պատժել նրան ու պալատից դուրս վռնդել։
Հետո հրավիրեց երկրորդ երազահանին, պատմեց նույն երազը և հրամայեց մեկնաբանել։
– Սա լավ երազ է։ Նշանակում է, որ խալիֆի կյանքը բոլոր մերձավորներից ու հարազատներից ավելի երկար է լինելու․ նա ավելի երկարակյաց է։
Խալիֆն ասաց․
– Զարմանալիորեն քաղցր մեկնություն էր,- և հրամայեց հարյուր ոսկի ընծայել նրան։
Հետո վեզիրներին կանչեց ու կարգադրեց․
– Գնացե՛ք առաջին երազահանին էլ գտեք և ինչ-որ ձևով սփոփեք, մի բան ընծայեք, քանի որ առաջին մեկնությունը նույնն էր, ինչ երկրորդը, սակայն նրա խոսքը դառն էր։ Երկուսն էլ նույնն ասացին, բայց մեկի խոսքը վատն էր, իսկ մյուսինը՝ լավը»։
«Քաղցր լեզուն օձը բնից կհանի»…



















