«ԽՈՀԵՄ ՄԱՐԴԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ»

«Մի խոհեմ մարդ հարցրեց Ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ՝ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։

Եվ նրանք պատասխանում են.

— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չե՛նք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։
Տեսնու՞մ ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ»։

12-րդ դարում Գանձակում ծնված՝ «այր իմաստուն ու հեզ», հայտնի առակագիր ու օրենսդիր՝ Մխիթար Գոշի հիշյալ առակը՝ «Խոհեմ մարդը և Ծառերը», Արմատներից ստացած Ուժն ու Զորությունն է կարևորում:
Ծառի նման, Ազգն էլ ի՛ր Արմատներով է Զորեղ ու Անպարտելի…

Մեր Նախնիների աշխարհայացքի ձևավորման մեջ էական էր Բնության հետ Մարդու փոխհարաբերությունը, որը հետագայում փոփոխվեց (եթե չասենք՝ կորսվեց)՝ քրիստոնեության տարածումից հետո (թեև արձագանքները՝ փոքր-ինչ ձևափոխված, պահպանվեցին մեր կենսախինդ տոներում, զանազան ավանդույթներում):
Բնության հետ ներդաշնակ կապով էր պայմանավորված զանազան երևույթների խորհրդանշական իմաստավորումը. Ամպրոպն ու Կայծակը, Գետն ու Ժայռը, Բույսերն ու Կենդանիները այլ ուժով ու խորհրդով էին ընկալվում:

ԻՄ ՍԻՐՏՆ ԱՅՆՏԵ՛Ղ Է…

Իմ սիրտն այնտե՛ղ է – Հայրենի հզոր
Լեռների գըլխին, արծիվների մոտ,
Որ ամպերի հետ` խրոխտ, ահավոր
Նետում է, շնչում Կայծակ ու Որոտ:

Դո՛ւք, ըմբո՛ստ Քաջեր, Ռազմիկնե՛ր վսեմ,
Անհա՛ղթ իշխողներ՝ մահին ու կյանքին,
Ձեզ հե՛տ է հոգիս, և ներբողում եմ,
Եվ երկրպագում ձեր Լուսե ուղին:

Դո՛ւք Հայրենիքի խիզա՛խ ոգիներ,
Ձեր սպառազեն կուռ բռունցքներում
Սուրբ Իրավունքի և Ազատության
Անշիջանելի Հու՛րն է բռընկվում:

Իջե՛ք, Մրրիկնե՛ր, դա՛շտն ի վար իջե՛ք,
Մարդկության մրուր – նողկանքը սրբե՛ք,
Փշրե՛ք շղթաներ, լծերը ամեն,
Որ կաշկանդել են Ազնիվ մեր Հոգին.
Անմահ մեր Մտքի Թևերը բացե՛ք, —
Պայթե՛ք, Կայծակնե՛ր, պայթե՛ք խստագին:

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Facebook Comments