«ԿԵՑՈՒԹՅՈՒ՞ՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»…

Մշակույթի պատմության ուսումնասիրության մեջ էական է ազգի, հասարակության աշխարհայացքի ու մտածողության դերը՝ պայմանավորված տվյալ ժամանակաշրջանով:

Հազարամյակներ ի վեր իմաստուն մտածողները հասարակության զարգացման առաջընթացն ապահովող ուժն են փնտրել՝ այն բացատրելով «գերբնական ուժերի հովանավորությամբ՝ երկնային նախախնամությամբ», կամ՝ առանձին անհատների, հանճարների դերով…

Հին Աշխարհի իմաստասերները (ինչպես, օրինակ, Արիստոտելը (ն.թ.ա 4-րդ դար), նաև՝ մեր Հայկազուն Նախահայրերը, բարձրագույն բարիքի հասնելու նախապայմանն առաքինությունն էին համարում. լինել կատարյալ բնավորությամբ, խառնվածքով, խելամտությամբ ու իմաստությամբ:

Եվ մարդկանց դաստիարակության ու բարոյական կատարելագործման գործում կարևորվում էր պետության դերը:

Համարելով, որ շարժման ընթացքում մարդու միտքն ավելի մեծ հնարավորությամբ է գործում, Արիստոտելի հետևորդների՝ «պերիպատետիկ դպրոցի» սաների՝ «ճեմականների» ուսուցումը ծառուղում զբոսնելով՝ ճեմելով էր ընթանում, որտեղից էլ՝ հայերենում ցայսօր կիրառվող «ճեմարան», «ճեմական» բառերը:

Հայաստանի ներկայիս իրավիճակում, բնակչության մի զանգվածի մտածողությունը հիշեցնում է դեռևս դպրոցական տարիներից ուսուցանվող հայտնի տեսությունը, համաձայն որի՝ «Կեցությունն է որոշում գիտակցությունը», այսինքն՝ հասարակական գիտակցությունը պայմանավորված է հասարակական կեցությամբ՝ ապրելու պայմաններով:

Վերջին երեսուն տարիների համընդհանուր նվաստացուցիչ բռնատիրական կառավարման արդյունքում այսօր խեղաթյուրված մտածողությամբ ու մոլորված մի հատված է ձևավորվել, որը համառորեն կառչում է ներկա ու նախկին՝ բացահայտ հայատյաց ղեկավարության պաշտպանությանը, մոռանալով, որ նրա՛նց վարած ոչ պետականամետ քաղաքականության արդյունքում ենք ներկայիս օրհասական վիճակում հայտնվել:

Ֆրիկ

Թեև դեռևս 13-րդ դարում իր ժամանակի անարդարությունները բարձրաձայնել էր հանճարեղ Ֆրիկը՝ դժգոհելով «ֆալաքից» (ճակատագրից), որ անգետ հիմարները հարստության տեր են դարձել, «գողերը մեծավոր են կարգվել», իսկ արժանավոր՝ «ուղորդ», իմաստուն մարդիկ՝ դժբախտ են, կամ՝
«Զայն, որ խոզարած վայել է, կու շինես ահեղ ձիաւոր»…

«Հիմիկ դըժարեց բաներս,
Որ թաթարն եղաւ թագաւոր,
Զըրկեց զամենայն աշխարհս,
Ու զգողերն եդիր մեծավոր»։

Ներկայիս պարտադրված ընտրության առջև՝ հարկ է հիշել նաև Ֆրիկի խրատները.

«Անգէտն է ի հուր նման,
Ուր ընկնի՝ զտեղն կու էրէ.
Գիտուն է ի ջուր նման,
Ուր երթայ՝ կանաչ բուսէր է»:

«Արարիչ Լույսի և հալածիչ խավարի»՝ «Արեգակն Արդար» իր Իմաստնության Լու՛յսը թող սփռի Հայոց Աշխարհի վրա՝ ուղղորդելով մեր Հավերժի ճամփորդ ազգակիցներին…🇦🇲🇦🇲🇦🇲