«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ»
Առաջին Համաշխարհային պատերազմից հետո, հաշտության պայմանների մշակման նպատակով, հաղթանակած Դաշնակիցները 1919-1920 թվականներին Փարիզում անցկացրեցին Վեհաժողով, որին մասնակցեցին Հայկական երկու պատվիրակություն՝ ձևակերպելով Հայոց ազգային պահանջները:
1919 թվականի փետրվարի 12-ին Փարիզում՝ Խաղաղության Վեհաժողովին Ավետիս Ահարոնյանի ու Պողոս Նուբարի ստորագրությամբ ներկայացվեց Հայկական պահանջների համատեղ Հուշագիրը՝ շեշտելով Հայ ազգի դերը՝ որպես «Պատերազմող կողմ», հիմնավորելով Հայոց Անկախ պետության վերստեղծման անհրաժեշտությունը, ճշտելով նրա տարածքը՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (Տրապիզոնը ներառյալ՝ հաշվի առնելով, որ այն ամբողջ Բարձր Հայքի միակ կարևոր ելքն է դեպի Սև Ծով), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:
Հիշյալ Հուշագրից որոշ հատվածներ՝ ստորև (ֆրանսերենից՝ իմ թարգմանությամբ)…
«Հայաստանի ու աշխարհի տարբեր մասերից ողջ Հայ ազգի անունից ընտրված պատվիրակները՝ ներկայումս համախմբված Փարիզի Վեհաժողովին՝ Հայկական Ազգային Պատվիրակությունը պատիվ ունի Խաղաղության Վեհաժողովին հանձնելու սույն հուշագիրը, որն ամփոփում է Հայ ազգի հավակնություններն ու պահանջները:
Բռնությունների ու տառապանքի դարերից հետո մեր ազգն այսօր գտնվում է համաշխարհային կազմաձևման շեմին՝ բզկտված ու արյունահեղված, սակայն ողջ և ազատագրման ու ազգային երազանքի իրագործման՝ առավել քան երբևէ՝ բոցավառ հավատով՝ շնորհիվ հզոր Դաշնակիցների ու համագործակիցների հաղթանակի, որոնք իրենց դրոշների վրա գրեցին Իրավունքի, Արդարադատության սկզբունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը:
Հիմնվելով այս մեծ սկզբունքների վրա, Հայոց Ազգային Պատվիրակությունը, արտահայտելով միահամուռ կամքը ողջ ազգի, որի մի մասը Կովկասում ձևավորել է Անկախ Հանրապետություն, հռչակում է ամբողջական Հայաստանի անկախությունը և դրա հայտագիրն է հղել Դաշնակիցների Ղեկավարությանը 1918 թվականի նոյեմբերի 30-ի նոտայով (դիվանագիտական հայտարարությամբ, Կ.Ա.):
Հայաստանը նվաճել է Անկախության իր իրավունքը՝ պատերազմին երեք ճակատներում՝՝ Կովկասում, Սիրիայում և Ֆրանսիայում իր անմիջական ու կամավոր մասնակցությամբ, և սկզբից ևեթ որպես սեփական ընդունած՝ Դաշնակիցների պայքարին հավատարմության պատճառով զոհ դարձած հարյուր հազարավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների շնորհիվ»:
«Պատերազմի դաշտում, կոտորածների դաշտում ու աքսորի երկար ճանապարհներին կրած իր ահռելի կորուստների գնով նա պատերազմած ազգերից ամենաթանկն է վճարել: Դաշնակիցների հաղթանակը նրան ազատագրեց իր ճնշողների լծից և նրա կրած դժբախտություններն արդեն իսկ բավարար են անկախության իրավունքն արդարացնելու համար, սակայն ստորև ներկայացվածը ցույց կտա, որ նա այդ իրավունքին հավակնում է նաև պատմական, ազգային, քաղաքական ու բարոյական նկատառումներով:
…Հայաստանի ողջ պատմությունը Օսմանյան տիրապետության վեց դարերի ընթացքում երկար մարտիրոսաբանություն է եղել՝ պարբերական կոտորածներով: Այդ հալածանքներն առավել վտանգավոր բնույթ ստացան վերջին հիսուն տարիներին՝ երբ Հայերը պահանջեցին իրենց իրավիճակի բարելավումը:
….
Ամեն անգամ, երբ Եվրոպան խոսել է ռեֆորմներից, Թուրքիան պատասխանել է կոտորածներով ու Եվրոպան լռել է:
1908 թվականին Հայերն իրենց աջակցությունը ցուցաբերեցին երիտթուրքերին՝ բռնակալության տապալման համար:
Երիտթուրքերը՝ նրանց օգնությունն ստանալու նպատակով, խոստացել էին «ազատության, հավասարության ու եղբայրության» մի դարաշրջան: Հայերը հավատացին այդ խոստումներին: Մեկ տարի չանցած՝ Ադանայի կոտորածները եղան, որին զոհ գնացին մոտ 20.000 Հայեր:
Բայց Թուրքիայի ամբողջականության պահպանման քաղաքականությունն այս անգամ ևս խոչընդոտեց Տերություններին միջամտել:
…
Մենք չենք պատմի ո՛չ ջարդերի, ո՛չ կոտորածների թաքնված ձև հանդիսացող տեղահանությունների մասին: Դրանց շարադրանքը՝ ջախջախիչ վկայություններով, գտնում ենք Խորհրդարանում Լորդ Բրիսի ներկայացրած «Կապույտ-Գրքում», Մորգենթաուի, Լ. Էյնստեյնի գրքերում, և նույնիսկ՝ գերմանացիների գրած բրոշյուրներում, որոնցից է Դոկտ. Նիեպաժի զեկույցը, որը վերջերս է տպագրվել Փարիզում, Հարրի Ստյուերմերի գիրքը և այլն:
Սակայն կարևոր է հատկապես հաստատել, որ մի ողջ ազգի բնաջնջման իրականացումը պարբերաբար կազմակերպվել է Կառավարության կողմից, որի հրահանգներն ու հեռագրերը փոխանցվել են Հայկական բոլոր վիլայեթների կառավարիչներին: Այդ փաստաթղթերից շատերը գտնվել են ու հրապարակվել:
Կառավարության կողմից ոչինչ չի անտեսվել. ո՛չ սպանությունները, ո՛չ թալանը, ո՛չ խոշտանգումները, ո՛չ բռնաբարությունները, ո՛չ բռնի հավատափոխությունը՝ իսլամացումը, ո՛չ սովամահությամբ սպանությունները»:
«Նման փորձություններից հետո հիմնահարցն ուշադրության է արժանացել: Դաշնակիցներն արդեն՝ իրենց պետական այրերի պաշտոնական հայտարարություններով պարտավորվել են վերջնականապես ազատագրել Հայաստանը պատմության մեջ անօրինակ բռնակալությունից:
Ժողովուրդների պատերազմը՝ դրան հաջորդած՝ Ժողովուրդների Խաղաղության Վեհաժողովը պետք է Հայաստանին բերի իր ամբողջական անկախությունը:
Այդ Անկախության նվաճման համար Հայերը արյան հեղեղներ են թափել ո՛չ միայն իրենց կոտորված ու տեղահանված զոհերի, խոշտանգումներից հետո սպանվածների արյամբ, այլ նաև՝ ռազմաճակատների դաշտերում իրենց կամավորների՛ ու զինվորների՛ հեղած արյամբ, որոնք պայքարել են Դաշնակիցների կողքին՝ հանուն իրենց Հայրենիքի՛ ազատագրման:
Ինքնաբուխ ու կամավոր կռվող Հայեր ենք տեսնում բոլո՛ր ճակատներում: Ֆրանսիայում՝ Օտարազգիների լեգիոնում, ուր նրանք իրենց քաջությամբ են փառաբանվում:
Նրանց հազիվ մեկ տասներորդը վերապրեց:
Նրանց գտնում ենք Սիրիայում ու Պաղեստինում, Արևելյան Լեգիոնում, ուր նրանք անհապաղ մեկնեցին Ազգային Պատվիրակության կոչով: Միայն այս Արևելյան Լեգիոնը, ուր նրանք գերակշիռ տարրն էին, ֆրանսիական ողջ հավաքակազմի կեսից ավելին էր:
Նրանք զգալի ավանդ ունեն Գեներալ Ալենբիի ձեռք բերած վճռորոշ հաղթանակում, որի համար նա հարգանքի տուրք մատուցեց Հայերի խիզախությանը:
Նրանց, ի վերջո, գտնում ենք և Կովկասում, ուր, բացի Ռուսական բանակի բոլոր ճակատներում մարտնչող 150.000 Հայ զինվորներից, 50.000 զինվորների բանակն ու հազարավոր կամավորներ անխոնջ մարտնչեցին Գեներալ Նազարբեկյանի բարձրագույն հրամանատարության ներքո»:
…«Ուստի, Հայերն իրապես եղել են իսկական պատերազմո՛ղ ազգերից. պատերազմի հետևանքով կրած նրանց կորուստները, որոնք գերազանցում են մեկ միլիոնը՝ չորս ու կես միլիոն հոգիանոց ազգի համար, հարաբերականորեն շա՛տ ավելի ծանր են, քան պատերազմող որևիցէ այլ ազգինը»:
…
«Պետք է լսելի լինի բոլո՛ր Հայերի ձայնը՝ ողջերի և մահացածների»:
…
«Իրենց հասարակական, դիվանագիտական ու ռազմական գործունեությամբ Հայերն առանձնապես աչքի են ընկել ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ Ռուսաստանում ու Պարսկաստանում: Նրանք բազմաթիվ գեներալներ են տվել Ռուսական բանակին, մեծ կառավարիչներ՝ Թուրքիային, Պարսկաստանին ու այլ երկրներին:
Հայերը նշանավորվել են հատկապես վերջին հիսուն տարիներին՝ մտավոր, գրական, գիտական, արվեստների ու այլ բնագավառներում:
Ժամանակն է, ի վերջո, որ Հայերը հնարավորություն ունենան իրենց կարողությունները ներդնելու սեփական երկրի ծառայության գործում»:
…
«Հայոց ազգային պահանջների ծրագիրը կարող է ամփոփվել հետևյալում:
Մենք պահանջում ենք.
- Յոթ վիլայեթների ու Կիլիկիայի միությունից և Կովկասի Հայաստանի Հանրապետության տարածքների հետ ձևավորված՝ Հայաստանի անկախ Պետության ճանաչումը:
Հզոր երաշխավորների պատվիրակներից բաղկացած՝ սահմանագծման հանձնաժողովը՝ Հայ հանձնակատարների աջակցությամբ, կսահմանի Հայաստանի սահմանավայրերի հաստատումը:
Այդ հանձնաժողովներն իրավասու կլինեն որոշելու քարտեզագրման ընթացքում սահմանակից երկրների հետ առաջացած դժվարությունները: - Որ այդպես կազմված Հայկական Պետությունը դրվի Հզոր Դաշնակիցների ու Միացյալ Նահանգների միասնական երաշխավորության ներքո կամ՝ Ազգերի Լիգայի, որին մաս կազմելու ցանկություն է հայտնում:
- Որ Խաղաղության Վեհաժողովի հատուկ մանդատ տրվի Տերություններից մեկին՝ անցողիկ մի ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու նպատակով: Մանդատի լիազորությամբ Տերության ընտրության հարցը կքննարկվի ներկայումս Փարիզում հավաքված՝ ողջ Հայ Ազգը ներկայացնող՝ Հայկական Համաժողովի կողմից:
- Որ Խաղաղության Վեհաժողովի կողմից հաստատվի փոխհատուցում՝ կոտորածների, գույքի առգրավման և ավերումների պատճառով Հայ ազգի կրած ամեն բնույթի վնասների համար:
- Որ աջակցող Տերությունը լիազորություն ունենա հատկապես՝
ա) դեռևս այդ տարածքները զբաղեցնող թուրք, թաթար և այլ իշխանություններին տարհանել.
բ) ազգաբնակչության ընդհանուր զինաթափում իրականացնել.
գ) վտարել ու պատժել նրանց, ովքեր մասնակցել են ջարդերին, բռնությունների ենթարկել բնակչությանը, մասնակցել թալանին կամ ովքեր զոհերի դիակներից շահ են հայթայթել.
դ) երկրից հեռացնել օրինախախտ տարրերին ու հետամնաց թափառական ցեղախմբերին»:
ե) Համիդյան ռեժիմի ու երիտթուրքերի օրոք այնտեղ բերված ու տեղակայված մուհաջիրսներին (մուսուլմանական վաշտերին) հետ ուղարկել.
զ) ի վերջո, ամենուր՝ երկրի ներսում ու արտասահմանում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ բռնի իսլամացված կանանց, երիտասարդ աղջիկներին, երեխաներին և մյուսներին կամ՝ հարեմներում բռնությամբ պահվողներին իրենց նախնական կրոնին վերադարձնելու համար:
…
«Հայկական հարցը միայն տեղային և ազգային հարց չէ, այն հետաքրքրում է Եվրոպայի խաղաղությանը, և նրա լուծումից է կախված Մերձավոր Արևելքի խաղաղացումը, առաջընթացն ու բարգավաճումը»:
Նկարագրելով Առաջին Աշխարհամարտի ավարտից հետո՝ Խաղաղության Վեհաժողովին հաջորդած՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի արվարձանամերձ Սեվր քաղաքում կնքված պայմանագրի ստորագրման օրվա ընթացքը՝ Ավետիս Ահարոնյանը գրել է.
«Տիրեց ընդհանուր լռություն։ Բոլոր այս ցերեմոնին մահվան պատժի ի կատար ածումի պատկեր ուներ։ Պատժվողը Թուրքիան էր»…
«Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ»…
«Հաշտություն՝ բոլոր հաշտություններին վերջ դնելու համար»,- այսպես է բնութագրել Փարիզի Հաշտության կոնֆերանսը պատմաբան Դավիդ Ֆրոմկինը:
Չիրականացվեց Առաջին Աշխարհամարտի ընթացքում կրած վնասների դիմաց փոխհատուցումը Հայերին, ջարդերի, ցեղասպանության պատասխանատուները չպատժվեցին, բռնի տեղահանված բնակչությունը՝ աքսորված Հայերը չվերդարձան…
Իր ազգի լուսավոր ապագայի հեռանկարով խանդավառված Հայորդին՝ Ավետիս Ահարոնյանը, հետագա իրադարձությունների անարդարությունից հուսալքված, ոգևորությանը փոխարինած տառապանքով ու սոսկալի իրականությունն իր ազգակիցներից թաքցնելով, գրեց հետագայում.
«Երանի՜ նրանց, ովքեր չգիտեն ա՛յն՝ ինչ ե՛ս գիտեմ»,- ու իր գործունեությամբ հիշեցրեց տարիներ առաջվա իր պատգամը.
«Այսքա՛ն չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թող ո՛ղջ աշխարհ Հային կարդա նախատինք»։
Աննկուն կամքով ու վառ հավատով՝ ոգևորեց նաև.
«Գնա՛, գնա՛ Հա՛յ ժողովուրդ, քալէ՛…
Դեռ սպառված չե՛ն մեր հույսերը, դեռ կորած չէ՛ մեր Հայրենիքը…
Մենք դեռ կպայքարե՛նք և պիտի հաղթե՛նք»…
2021 թվականի օգոստոսի 10-ին՝ Սեվրի պայմանագրի հետքերով՝ Սեվրում՝ ստորագրման վայրում և հարգանքի տուրք՝ Ավետիս Ահարոնյանի շիրիմի մոտ՝ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը…