Հազարամյակների վկա՝ Արցախյան Սոսին՝ Տնջրին
«Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անումԵվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը»։ …
1887 թվականին Հ. Թումանյանի նկարագրած պատկերում հսկա ընկուզենու ներքո են ազգի իմաստուններն իրենց «հին օրհնանքը» տալիս երիտասարդներին…
«Ծառերը դիցերի տաճարներն էին, և դեռևս այսօր էլ գյուղերում, պահպանելով հին ծեսերն իրենց պարզությամբ, ամենագեղեցիկ ծառը նվիրվում է մի Դիցի:
Եվ, ի դեպ, ոսկու և փղոսկրի շլացուցիչ պատկերները մեզ առավել երկրպագություն չեն ներշնչում, քան սրբազան ծառերն իրենց խորունկ լռությամբ»…
Հիշյալ տողերը գրվել են նոր թվարկության 1-ին դարում՝ հռոմեացի Պլինիոս Ավագի կողմից (23-79թթ.):
Ինչպես քարի շփումից էր կրակ առաջանում, այնպես էլ՝ փայտի, որի այրումը նույնպես կրակի աղբյուր էր:
Ուստի փայտը, ծառը համադրվում էին կրակի հետ:
Անտառում դեպի երկինք ձգվող շանթարգել կաղնին երկնքից առաքված հուրը՝ կայծակն իր վրա էր վերցնում, այդպիսով, Շանթի, Փայլակի՝ Կայծակի Դիցի՝ Զևսի խորհրդանիշն էր (հիշենք, որ, համաձայն ուսումնասիրողների, Զևսը հին հայկական՝ «հուրիական» կոչվող դիցաբանությունից հայտնի Թեշուբի համարժեքն է, Իտալիայում՝ Յուպիտերն է):
Թեշուբի համարժեքն է և Արամազդը՝ երկուսն էլ ձեռքին Շանթեր բռնած էին պատկերվում:
«Սօսինաթագ»՝ սոսիների թավ ոստերով (կամ սոսափմամբ) պսակված պերճ, հպարտ ու սեգ Հայորդիների այսօրվա ժառանգներն, ինչպես գրեթե 2.000 տարի արդեն, նույն ծառի՝ Արցախի Սխտորաշեն գյուղի Տնջրիի (սոսի, չինարի) սոսափյունին են ունկնդիր…
Դարերով, սերնդեսերունդ փոխանցված ավանդույթի համաձայն, Տիգրան Մեծն է տնկել այսօր աշխարհիս հնագույն ծառերից մեկը համարվող հիշյալ Սոսենին (Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորությամբ է):
Հայորդաց սրբազան ուխտատեղիներից մեկի՝ հազարամյակների վկա այս ծառի շուքի տակ են հանգստացել Մ.Մաշտոցը, (5-րդ դար), Մ.Խորենացին (5-րդ դար), Մ.Կաղանկատվացին (7-րդ դար), Սայաթ-Նովան (18-րդ դար), Րաֆֆին, Լեոն և բազմաթիվ այլոք…
«Աշխարհագրութիւն Չորից մասանց աշխարհի» (հեղինակ՝ Ղ. Ինճիճեան, հատոր Ա, Վենետիկ, 1806 թ.) ուսումնասիրության մեջ, նկարագրելով Հայաստանեայց արգասավոր ու բերրի՝ երկրագործության համար հարմար հողը և մտահոգ՝ անտառների շրջակա բնակչության կողմից ծառահատումից հետո նորերը չտնկելով բնական հարստությունը նոսրացնելու համար, Մուշի, Մոկսի և Խոտորջուրի մայրի անտառները հիշելով՝ հեղինակը նշում է մայրու երեք տեսակ (որոնք, զանազան ուսումնասիրություններում, հաճախ նույնացվում են):
Ա. «Փիճի, որ է հասարակ չամ»:
Չամը ներկայացվում է որպես սոճի: Հասարակ փիճին (գիհու նման), շատ խեժոտ փայտով, մինչև 25 մետր բարձրությանբ է՝ հարկի իբրև վառելիք:
Կեղևը խոր կտրելով ծորեցնում են խեժը, որից պատրաստում են բևեկնի յուղ:
Խեժափիճու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր տերեբենտին, որից ստացվում է բևեկնայուղ և բևեկնախեժ:
Բ. «Կուի՝ կարծր և յուղալի, որմէ գործեն մախր և զանազան հեղու՝ (յուղեր, Կ.Ա.), որոշները՝ կարծր (մազտաքե), մյուսները՝ հեղուկ (թիրէմէնթի, տերեբենտին, Կ.Ա.)»:
Մախրը (կամ՝ մարխը) կոնաբեր ծառերի արտադրած խեժն է կամ՝ դյուրավառ փայտի սղոցուկներն են:
«Մազտաքէն»՝ «մաստակ»՝ «ծամոն» բառից, քաղցրահոտ փխրուն խեժ է, որը ծորում է որոշ ծառերից (հերձի) և գործածվում էր նաև իբրև ծամոն՝ «լնդերքը զորացնելու» համար:
«Կուենին կոնաբերների կարգին պատկանող բարձր ծառ է, որի ոստերը դեպի վեր հետզհետե կարճանալով՝ բրգաձև են դառնում: Նրանից առատ խեժ է հոսում», — կարդում ենք Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանում»:
Կվենին նաև խեժափիճի է անվանվում:
«Մայրափայտ», «Մարխի ծառ», «Մայր փայտի ազգից»…«Ծորենի ասի և Կուենին՝ յորմէ ծորի մազտաքէ»,- բառարանային բացատրությամբ (Կ.Ա.):
Գ. «Շոճի, որից նույնպես մազտաքե և թիրեբենտին է հոսում» (սոճին է):
«Ջուրք որք բղխեն կամ անցնեն ընդ անտառս մայրի ծառոց՝ լինեն բարեհամ»,- շեշտում է Հայր Ղ. Ինճիճեանն իր վերոհիշյալ աշխատության մեջ («Մայրի ծառերի անտառի մոտ բխող կամ նրա մերձակայքով անցնող ջրերը բարեհամ են լինում) …
Գավազանը, որն այսօր էլ կիրառվում է որպես իշխանության խորհրդանիշ, վաղնջական ժամանակներից հայտՈւխտինի փայտե մականի արձագանքն է:
Քուրմ Յարութ Առաքելեանի մեկնաբանությամբ՝ «Հայոց Սրբազան Խորանի մասն էր կազմում զանազան տեսակի ծառերի փայտից պատրաստված Մականը՝ կարճ գավազանը, որն, առհասարակ, Օծյալ Մոգերի անբաժան գործիքն է նաև:
Փայտն՝ իր մեջ պարունակված կրակի շնորհիվ, Հրեղեն բնույթ է հաղորդում Մականին»:
Հնագույն ծիսակատարությունների ժամանակ մոգերի ձեռքին էր և «Բարսմունքը»՝ ծառի բարակ ճյուղերի խուրձը՝ Սրբազան կրակի համար:
Չմոռանալով «Սարդենի պսակօք պսակված»՝ մշտադալար, անուշաբույր սարդենու՝ դափնու տերևներով զարդարված հաղթողներին, հիշենք, որ «Անահտական Դից մատուցեալ ըզդափնայինըն սաղարթեալ»՝ համաձայն նախնյաց վիպասանության (ինչպես կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում. Անահիտ դիցուհուն դափնու տերևներ էին մատուցվում):
Ներսես Շնորհալու (12-րդ դար) «Վիպասանութիւն» քերթվածից՝ «Դից Ոսկեմօրն ոստ նվիրելու» հատվածը՝
…«Ընծայաբեր բագնացն եղեալ,Անահտական դից մատուցեալԶդաբնայինն սաղարթեալ»:
Ահավասիկ Սիամանթոյի՝
«Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահանհիտ» բանաստեղծությունից քաղվածքներ՝ մեր հին հավատքի զանազան դրվագներով՝ երկար քղամիդով, մոգերի նման՝ դալար ոստերով բարսմունքով, վարդայուղով օծումով …
«Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն, ահա՛, իմ խիղճս լուացիՈւ պերճօրէն դէպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։
Տիգրան Մեծի տնկած Մայրին՝ Արցախի Սխտորաշեն գյուղում
Ուխտի կու գամ։ Քղամիտ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս,
Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՝ ստինքներդ օծելու…Ահավասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանումդ իմ արցունքո՜վս ես լացի…
Ու ստուերիս հետեվող եղնիկներով նուիրական՝ Քեզ կը քալեմ»…
Նաև՝ փշատի սադափ ծառերի ու բարդիների հովով պարուրված Վահագն Դավթյանի՝ «Մի փոշոտ, փափուկ ճամփա»-ի՝ մերօրյա մտորումներով՝
…«Հայրենի քնքուշ մի հով
Անցնելով բարդուց բարդի,
Գնում ու փարվում է լուռ
Լանջերին Արարատի:
Մի փոշոտ, փափուկ ճամփա,
Փշատի սադափ ծառեր,
Մի կապույտ , կապույտ երկինք
ՈՒ արև, արև, արև…
Հայրենի այդ հովի հետ
Անցնելով բարդուց բարդի,
ՈՒզում ես գնա՜լ, գնա՜լ
ՈՒ փարվել Արարատին»:
Ոսկե տերևներով՝ գլխի հարդազարդ՝ հայտնաբերված 1922-1934 թվականների պեղումներով՝ շումերական «Արքայական դամբարանից»
Ոսկե տերևներով գլխի հարդազարդ՝ շումերական «Արքայական դամբարանից»
Խեժը հավաքելու մի տարբերակ…
One thought on “«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»”