«ՃԱՏՐԱԿ, ՃԱՏՐԿՈՒՑ՝ ԽԱՂ ՆԱՐՏԻ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՁԵՎՈՎ»…
Անտիոքոս Ա Երվանդունի արքայի (ն.թ.ա 69-34 թթ.) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը՝ Հայոց Դիցերի և թագավորության խորհրդանիշ՝ Առյուծի և Արծվի քանդակներով
(վերակազմված տեսքը)
«Ճատրակ, ճատրկուց՝ խաղ նարտի՝ պատերազմական ձևով»…Ոսկեղենիկ Հայերենի շտեմարանում՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում այսպես է բացատրվում ճատրակի (շախմատի) իմաստը՝ մեջբերված 12-րդ դարում Գրիգոր Տղայի գրվածքից մի հատվածով՝
«Ո՞ւր ջընարք երգարանին
Կամ խաղացողքըն ճատրակին»…
(Ջնարը նվագարան է, «քնարն է՝ պէս-պէս հորինվածքով», տավիղը):
Աշխարհում ոչ մի խաղի մասին այնքան շատ գրքեր չեն գրվել, որքան՝ շախմատի մասին:
Եվ՝ դեռևս դարեր առաջ…
Մեր օրերում վերածնված «մարտական» հիշյալ խաղը, միջնադարյան Եվրոպայում խաղալուց առաջ, քաջ հայտնի էր Հին Արևելքում:
Հեռավոր հազարամյակներ ձգվող պատմությամբ այս ռազմական խաղի ուսումնասիրողները հասնում են մինչև Հին Պարսկաստան («Չատրանգ»), Հնդկաստան («Շատուրանգա») և, նույնիսկ՝ Չինաստան:
Ճատրակի հայկական արմատների և նրանից սերված՝ այլ երկրներում հայտնի «ժառանգորդ» խաղերի հանեմատությունն է կատարել ռազմական պատմաբան՝ Մնացական Ռ. Խաչատրեանն իր՝ «Հայկական Շախմատ-Քառազօրը կամ Ճատրակի Հայ-արիական վաղեմի տարբերակը» ուսումնասիրության մեջ՝ առաջադրելով խաղի՝ Հայկական ծագման վարկածը:
Ճակատամարտող երկու հակառակորդ բանակները խորհրդանշող խաղաքարերից որոշները, դարերի ընթացքում, փոխել են իրենց նախնական իմաստը:
Ճատրակի մասին՝ 1936 թվականին գրած իր գրքում, Հ. Օրբելին հիշատակում է Հայաստանից 1933 թվականին տարված և Էրմիտաժի թանգարանին որպես նվեր հանձնած՝ ճատրակի հնագույն խաղաքարերի հավաքածուի մասին:
«Օրբելի եղբայրների տուն-թանգարանի» էջում (ապրիլի 25-ի հրապարակման մեջ), ներկայացվում է Օրբելու մեկնաբանությունը՝ Էրմիտաժի հավաքածուի մաս կազմող՝ արևելյան հնագույն երկու փղոսկրե խաղաքարերի նկարագրությամբ:
Նրանցից մեկը ձիավորի խաղաքարն է՝ հայտնաբերված «Մետաքսի ճանապարհի» կարևոր հանգույցներից մեկում՝ Սամարղանդի մոտ՝ նշանավոր մի հնավայրից՝ Աֆրասիաբից, 8-9-րդ դարերով թվագրվող, մյուսը՝ Ֆերգանայի տարածքից (ներկայիս՝ Ուզբեկստանում) գտնված՝ որսին հոշոտման պահին պատկերված գիշատիչ թռչունի քանդակը:
Ահավասիկ՝ հատվածաբար մեջբերումներ.
«Հասկանալի է՝ տակդիրի բացակայությունը խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի որևէ մեկը այդ խաղաքարը կապի շախմատ խաղի հետ, քանի որ նախ և առաջ հարց է ծագում` ի՞նչ է անում այդ թռչունը շախմատային բանակի շարքում:
Բայց հիշենք, որ ներկայիս նավակի, ռուսական հրանոթի կամ ձիու տեղում Ֆիրդուսու Շահնամեն ճանաչում է Ռոխին, որի անունով կոչվում է համապատասխան խաղաքարը և հայտնի քայլը` գրեթե բոլոր ժողովուրդների լեզվով հայտնի փոխատեղում (ռոկիրովկա) անունով:
Քանզի Ֆիրդուսին Ռոխ անվան տակ պատկերացնում է կենդանի արարած՝ անկասկած գիշատիչ և արնախում` «լյարդի արյան փրփուրը շուրթերին» (կտուցին, Կ.Ա):
…«Ռոխ թռչունը կարող է ունենալ առանձնակի մեծ նշանակություն մարտում իրանական զորքի և այդ զորքը առանձնացնող միջավայրի պատկերացմամբ, որոնց հայացքով Ռոխը համարվում էր զորական ընկեր, պաշտպան և հովանավոր»:
«Արևմուտքում օտար պատկերով և տերմինով Ռոխի փոխարինումը աշտարակ-նավակով, այս ամենը, ըստ ժողովրդական տերմինաբանության, բավարար չափով իմաստավորված է միայն ֆրանսերենում roc (ռոխ) և roc (ժայռ) բառերի և իտալերեն հնչողությամբ rocco (ռոխ) և rocca (ժայռ) բառերի համապատասխանությամբ»:
Վաղնջական ժամանակներից ի վեր զանազան լեգենդներում և ավանդապատումներում ներկա են թռչունները՝ որպես մարդկանց ուղեկից, օգնական, խորհրդատու և, հատկապես, երկնային ոլորտի հետ կապող միջոց…
Հնագույն շրջանում մթնոլորտային (օդերևութաբանական) փոփոխությունների կանխորոշման համար թռչունների թռիչքն ու կռինչն էին ուսումնասիրում:
Երկրագնդի մագնիսական դաշտով կողմնորոշվելու իրենց մեծ հատկության շնորհիվ, մինչև 20-րդ դար, կիրառվել են նամակատար-պատգամաբեր աղավնիները:
Հին Աշխարհի արյունահեղ մարտերում գիշատիչ թռչուններն իրենց մագիլներով հակառակորդի բանակի փղերին կարող էին վնասել…
Բնության ներդաշնակ համակարգում իրենց էական դերն ունեցող անգղերի մասին հիշատակել էինք նախկին գրառումներից մեկում՝ թաղման ծեսի հետ կապված:
Հայաստանում, Աղավնատուն գյուղում պահպանված՝ «Լռության աշտարակի» և նմանատիպ այլ կառույցների վրա էին դրվում դիակները՝ թողնելով անգղերի կողմից ծվատման-հոշոտման՝ ոչ մաքուր համարվող քայքայվող մարմնից սրբազան հողը, ջուրն ու կրակը մաքուր պահելու նպատակով…
Մի քանի տասնյակ հազարավոր զինվորներով ճակատամարտից հետո զոհվածների թաղման արարողությունը, բնականաբար, առանց անգղերի միջամտության չէր (այդ իմաստով է Ֆիրդուսին շեշտում «կտուցին՝ արյունը լյարդի» և հնագույն խաղաքարի քանդակում նույնպես ակնհայտ է պահը, լուսանկարը՝ ստորև):
Հ. Օրբելու ուսումնասիրության՝ փղոսկրե երկու խաղաքարերը՝ Հեծյալն ու Ռոխը
Լուսանկարը՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարանի» էջից՝ շնորհակալությամբ..
Հ. Օրբելու վերոհիշյալ ուսումնասիրությանն ու խնդրո առարկա խաղի ակունքներին անդրադառնալով, «Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ» հոդվածում (հեղինակ՝ Գ.Պալյան, «Լուսանցք», «Hayari» կայքից), մեջբերվում է Ֆիրդուսու պոեմից մի հատված՝ ճատրակի նկարագրությամբ՝
«Երկու Ռոխ մարտական թառել են ծայրին տախտակի,Թռչունների կտուցին վառվռում է արյունը լյարդի»:
«Բայց Ռոխ թռչնին հետամտել ոչ ոք բնավ չի կարող,Նրանց տրված է թռչկոտել ամբողջ դաշտում, ամեն կողմ:
Ամեն մեկը ունի շարժման հարմարավետ իր ուղին,Ո՛չ հեռու են գնում, ո՛չ էլ մոտիկ կանգնում Ռոխին:
Երբ տեսնում են շահնշահին հանկարծահաս վտանգ կա՝Միաբերան գոռգոռում են. «Զգուշացի՛ր, ո՛վ արքա…»:Եվ վանդակից անմիջապես նահանջում է շահ-արքան,Մինչև որ նա չի կորցնում հետադարձի կարճ ճամփան:
Ամեն կողմից պաշտպանում են շահնշահին ոսկեթագ,Խորհրդատուն, ձին ու փիղը, Ռոխ թռչունն ու հետևակը»:
Մինչ «Խաղերի արքայի»՝ շախմատի ծագման շուրջ պատմությունները շարունակվում են, Հայոց Երվանդունիների արքայատոհմի կառուցած մեր հնագույն սրբավայրում, որպես խաղի սկիզբը նշվող ժամանակաշրջանից կես հազարամյակից էլ առաջ արդեն, փառահեղ դասավորված, դարերի հոսքին ակնդետ՝ հայացքներն Անհունին ու նաև մեզ են հառել մեր Սրբազան Դիցերը, որոնց խորհրդանշական կեցվածքն իսկ բավականին պերճախոս է (Ճատրակի խաղաքարերի դասավորության նախօրինակը հիշեցնող)…
«Այն խաղը, որ ունի մոտ 72 հազար տարբեր եղանակներ առաջին երկու քայլերը կատարելու համար, չի կարող օգտակար չլինել ապագա սպաներին՝ արագ փոփոխվող իրադրությունում համապատասխան հակաքայլ ձևավորելու առումով»:
Ահա 19-րդ դարում Դանիայի բանակի ռազմական ակադեմիայի ղեկավարի հիմնավորումը՝ հարափոփոխ իրավիճակներում արագ ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունը զարգացնող այս խաղի պարտադիր ուսուցման նպատակով, մեջբերված՝ Գ. Մինասյանի և Ռ.Չատինյանի՝ «Այսպես դարձանք գերտերություն. Հայկական շախմատի համառոտ պատմություն» գրքի առիթով տրված հարցազրույցից («Հայ զինվոր» կայքից՝ «Լեռն ի վեր»), որում տեղ գտած՝ Գրիգոր Տղայի՝ դարեր առաջ ասված, ցարդ արդիական հնչող ձևակերպումով էլ ավարտենք.
«Աշխարհ’ ի խաղ անկեալՈրպես ճատրակ է»…
Հ.գ. Երկարաշունչ ընթերցումից չխուսափողների համար՝ Ճատրակի պատմության մասին 10-11-րդ դարում Ֆիրդուսու գրած «Շահնամե»-ից («Արքաների գրքից») մի հատված, ուր խաղի ստեղծումը կապվում է Հնդկաստանի երկու արքայազների՝ Գավ և Թալհանդ եղբայրների՝ գահի համար մղվող մարտից հետո զոհված եղբոր մահվան հանգամանքները մորը՝ թագուհուն բացատրելու նպատակով խաղատախտակի վրա դասավորելով կատարվածի ներկայացման հետ:
Ի հիշեցում հավելենք, որ խաղի մասին առաջին գրավոր հիշատակությունները կան 6-րդ դարի սկզբին պարսից՝ Պապաքի որդի Արտաշիրի մասին գրքում («Քարնամակում») և նույն դարի կեսերից՝ Չինաստանի (Ճենաց կայսրության) գերագույն տիրակալի գրած՝ «Սիանցի»-ում (Ճենաց ճատրակ):
Հատված՝ «Շահնամե»-ից.
Մեջբերված հատվածը՝ վերոհիշյալ կայքից՝ շնորհակալությամբ… («Լուսանցք», թիվ 30 (420), 2016թ.):
Եղջերուի եղջյուրներից պատրաստված խաղաքարեր՝ 11-րդ դարից
(Ֆրանսիայի թանգարաններից մեկի հավաքածուից)
Musée du Jeu d’Echecs de Scorbé-Clairvaux
Իրանական Չատրանգի խաղաքարեր՝ 12-րդ դարից
(Նյու-Յորքի Մետրոպոլիտան թանգարանի հավաքածուից)
Jeu de Chatrang iranien en céramique du xiie siècle.
New York Metropolitan Museum of Art.