«…ԱԶԳԵՐՆ Ա՛ՅՆ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԶԳՈՒ՛Մ ԵՆ ԻՐԵՆՑ»

Յուրաքանչյուր անհատ մանկուց Ազգային ինքնության գիտակցումով է ձևավորվում՝ իր Նախնիների պատմության ու մշակույթի, հավատալիքների, վարք ու բարքի (վարքի նորմերի ամբողջականության) համակարգով:
Ազգային ինքնագիտակցությունը, Հայրենիքի ու Նախահայրերի հանդեպ տածած Սերն ու Հարգանքը կարևորվել է վաղնջական ժամանակներից ի վեր:
Ու ներկայիս՝ մեր Ազգի համար վճռորոշ ժամանակահատվածում, առանձնահատուկ հնչողություն է այն ստանում:
Եվ կրկին հնչում են Նժդեհյան պատվիրանները (հատվածներ Նժդեհի՝ «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքից).

«Միևնույն նպատակի համար աշխատում են երբեմն մեկից ավելի սերունդներ: Հաջողությունը կախված է լինում պայքարը վարողի ծայրահեղ հետևողականությունից և համառությունից»:

«Քաղաքականության մեջ պարտվում, ձախողում են ա՛յն ժողովուրդները, որոնք չունեն որոշ և հստակ նպատակ, կամ՝ երբ ունեցածը խստորեն ազգայի՛ն չէ»:

«…Ուզում եմ կրկնել, թե իմաստուն քաղաքականությունից մեծապես շահել են և շահում են թվապես, տեխնիկական տեսակետով և աշխարհագրորեն տկար ժողովուրդները:
Ուրեմն, մեզ մնում է որոշ ուժ և արժեք ներկայացնել միջազգային փոխհարաբերությունների մեջ ողբերգորեն մենակ և տկար չմնալու համար: Այդ նպատակին պիտ ձգտի Հայությունը՝ խորապես գիտակցելով, թե Ազգերն ա՛յն են, ինչպես որ զգում են իրենց, եթե չեն՝ կդառնան վաղը, թե աղետալի է տկարության ինքնաներշնչումը, որից պիտ ազատվի մեր ժողովուրդը, այլապես՝ նա կմնա անհուսորեն տկար, ինչպես որ զգում է իրեն, այլապես կմնա անհայրենիք, այսինքն՝ պարարտացուցիչ աղբ՝ իրենից ուժեղ ժողովուրդների համար:
Հայրենի՛ք:
Այդ հասկացությունը կպատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան՝ նյութական: Դա, Հայրենի Հողը լինելուց զատ, «որին նախախնամությունը շղթայել է մեր մարմինը ու հոգին», միությու՛նն է նաև նրանց, որոնք ապրել են, որոնք կապրեն և որոնք պիտի ապրեն:
«Մեռելների աճյու՛նն է ստեղծում Հայրենիքը»,– ասել է Լամարտինը»:
«Ուր՝ Հայրեր, այնտեղ՝ Հայրենիք»,- պատգամել է Նիցշեն:
«Դու՛ք,- ասել է Ժորեսը,- դուք կապվա՛ծ եք այդ Հողին ա՛յն ամենով, որ գոյություն է ունեցել ձեզնից առաջ, ա՛յն ամենով, որ ստեղծե՛լ է ձեզ, ա՛յն ամենով, որ դու՛ք կստեղծեք, անցյալո՛վ և ապագայո՛վ, գերեզմանների անշարժությա՛մբ և օրորոցների երգո՛վ»:

Գ. Նժդեհ

«…Իրար հաջորդող սերունդների՝ Հայրենի հողի վրա թափած քրտինքն ու արյունը, գեղջուկի հորովելն ու Տիգրան Աշխարհակալի սուրը, դեպ Անիի ավերակներն ու Հայկյան Եռաթև աղեղը, դեպ մեր հեթանոս աստվածներն ու փառատաճարները, անսասան հավատը դեպ մեր Մեծ Հույսը… Գումարի՛ր, ընթերցո՛ղ, գումարի՛ր այդ բոլորը և կստացվի Հոգևոր Հայրենիքը:
Նվաճելի է նյութական Հայրենիքը, հոգևորը` գրեթե ոչ:
Երբ, կորցնելով իրենց անկախությունը, շատ անգամ և Հայրենի երկիրը՝ ժողովուրդները շարունակում են իրենց հոգու մեջ ապրեցնել աննյութեղեն, միստիկ Հայրենիքը, նրանց աշխարհագրական Հայրենիքը երկար չի մնա օտարների ձեռքին: Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքե՛րն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց տալիս. «Պիտի կարողանա՞ս սպանել Հայ ժողովրդի պատմական հիշողությունը»:
–Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը: Ասել է՝ իմ Երկիրը՝ ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի՛ կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը»…

Ուստի՝ մեր հուժկու Ցասումն ու Բողոքը հնչեցնե՛նք՝ հանուն մեր արդար Պայքարի Հաղթանակի…

«Ցեղակրոնությու՛ն- ա՛յդ է թելադրում մեզ Ապրիլյան Եղեռնի Խորհուրդը խորին:
Ցեղակրոն լինել՝ ասել է՝ ապրել Ցեղի՛ համար, որի անունով մեռան հազարներն ու բյուրերը. ասել է՝ պատրա՛ստ լինել ամեն վայրկյան մեռնելու այդ դատի համար, հանուն որի մեր Ցեղն իր կեսը ողջակիզեց. ասել է՝ մեր սրտի վրա կրել այն բոլո՛ր վերքերը, որ թուրք բազուկը Հայության մարմնին ու հոգուն հասցրեց:
Ցեղակրոնությո՛ւնը- այո՛, միայն ա՛յս ճամփով մեր անօրինակ տառապանքը կսկսի ծառայել մեր հավաքական գոյության իմաստին:
Ցեղակրոն լինել՝ ասել է ունենալ տառապանքն ընդունելու Հերոսական Կամք և զայն հաղթահարելո՛ւ Կարողություն:
Ասել է՝ այլևս փրկարա՛ր է մեր տառապանքը, և դա մեր ժողովուրդին պատրաստու՛մ է մի մեծ Նվիրումի, և մի երջանիկ Ապագայի համար» (հատված Նժդեհի՝ «Ցեղային արթնություն» աշխատությունից, մեջբերված՝ «Տարոնի Արծիվ» կայքից):