ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ…
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ…

Հայերի հանդեպ իրականացվող բնաջնջման քաղաքականությունը դարերի ընթացքում բազմազան միջոցներով է եղել՝ դարաշրջանին համապատասխան (նպատակային զանգվածային տեղահանություններով, ղեկավարների հովանավորությամբ խրախուսվող՝ թրքերի ու քրդերի կողմից Հայերի կողոպտմամբ ու նրանց գոյության միջոցներից զրկելով)…

Ցեղասպանության հետևանքով Հայ ազգի կրած կորուստներին ու հնարավոր փոխհատուցմանն անդրադարձել են բազմաթիվ առիթներով՝ հարյուր տարի ի վեր (թեև անգնահատելի է սպանված, հայրենազրկված ողջ ազգին պատճառված վնասը):
1919 թվականին Փարիզում Խաղաղության վեհաժողովին Հայաստանի հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանն ու Հայկական Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը ներկայացրել էին իրենց կազմած մոտավոր ցանկը՝ Արևմտյան Հայաստանի և Կովկասի Հայկական Հանրապետության տարածքներում Հայ ազգին հասցված վնասների ոչ ամբողջական գնահատմամբ և փոխհատուցման պահանջով (ուր ընդգրկված չէին 1878-1914 և 1920-1923 թվականներին՝ օսմանյան կայսրության սահմաններում՝ Կիլիկիայում, Իզմիրում և այլուր՝ Նախիջևանում, Սուրմալուում, Շուշիում (20.000 Հայերի սպանդը) իրականացված ցեղասպանական գործողությունները):

Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի ներկայացրած «Մոտավոր ցանկի» շապիկը

Առաջին Համաշխարհայինի տարիներին Արևմտյան Հայաստանում և օսմանյան կայսրության այլ շրջաններում Հայ ազգաբնակչությանն ունեզրկելու, տեղահանելու, ցեղասպանելու, նրանց ունեցվածքը՝ շարժական ու անշարժ կայքը որպես «լքյալ գույք» սեփականացնելու-բռնազավթելու հանցագործությունները բազմաթիվ ապացույցներով են ներկայացվել հարյուր տարուց ի վեր՝ Հայերի և այլ ազգերի զանազան ներկայացուցիչների կողմից: Թեև մինչ օրս գոնե մասամբ չեն բացահայտում, թե աշխարհում ու՛մ բաժին հասան միլիոնավոր Հայերի բանկային գումարները, ավանդները, հողատարածքները, անասունները, տները…

«Ահա անհատական սեփականության կողոպուտի մասին պատմող պաշտոնական տեղեկագրի մեկ նմուշ, որը կազմվել է Սվազի, Էրզրումի, Թոքատի «Լքյալ գույքերի» հանձնաժողովի կողմից: 1918 թվականի մայիսի 4-ին ստացված հրամանի հանաձայն, հանձնաժողովի անդամները Սվազից տարագրված Էլմաս անունով մի Հայուհու պայուսակներում հայտնաբերել և արձանագրել են
271 կտոր ոսկյա դրամ, զարդեղեն և գոհարեղեն: Սա միայն մեկ Հայ ընտանիքի զարդեղենն էր: Հազարավոր Հայ ընտանիքներ կողոպտվեցին՝ նախքան անապատներում նահատակվելը» (մեջբերումը՝ Անահիտ Աստոյանի՝ «Հայերի ունեզրկումը Թուրքիայում 1918-1923 թվականներին» աշխատությունից):

Յուրի Բարսեղովի՝ «Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը» (Երևան, 1999 թ.) ուսումնասիրության մեջ կարդում ենք.
«Ահա Մուշում Հայերի կոտորածի ականատես գերմանացու ցուցմունքը.
«1914 թվականի հոկտեմբերի վերջերին, երբ թուրքերը պատերազմի մեջ մտան, թուրք աստիճանավորները սկսեցին Հայերից խլել այն ամենը, ինչի կարիքն ունեին պատերազմի համար: Հայերի ունեցվածքը, նրանց փողերը, ամեն ինչ բռնագրավվեց»:
…«Ամերիկյան հյուպատոս Ջեքսոնը, տեղում հետևելով դեպքերին, ուղղակի մատնացույց է անում թուրքական կառավարության դերը Հայ ժողովրդի կողոպտման կազմակերպման մեջ, որպես Հայերի բնաջնջման բաղկացուցիչ մաս, «կողոպտման և այդ ցեղի բնաջնջման համար վերջին վիթխարի հարվածի մի պլան»:
…«Անգլիական հետախուզության տվյալներով՝ «Մարդինում և Դիարբեքիրում կողոպտվեց 6 միլիոն թուրքական ֆունտ արժողությամբ ակնեղեն, գորգեր, հնաոճ իրեր և 1,5 միլիոն թուրքական ֆունտ արժողությամբ ոսկի»: Հայերի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Դիարբեքիրի նահանգապետը, Հալեպ հասավ «…Կոստանդնուպոլիս տանող գնացքով, 48 արկղ ոսկերչական իրերով և թանկարժեք քարերով լի երկու սնդուկով»:
…«Այսպէս, Հերբերտ Ասկվիտը և Սթենլի Բոլդուինը, որոնք տարբեր ժամանակներ զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստրի պաշտոնը, 1924 թվականի սեպտեմբերին պրեմիեր Ռամզեյ Մակդոնալդին ուղղված հուշագրում նշել են, որ «թուրքական կառավարության կողմից 1916 թ. Բեռլին փոխանցված և հաշտություն կնքելուց հետո Դաշնակցային պետությունների գրաված 5 միլիոն ֆունտ ստեռլինգը (թուրքական ոսկով) մեծ մասամբ (հնարավոր է՝ ամբողջությամբ), հայկական փողեր են»:
Հուշագրում նշվել է նաև, որ Հայերի բռնի տեղահանությունից հետո նրանց բանկային հաշիվներն ու ավանդները «կառավարության հրամանով փոխանցվել են Կոստանդնուպոլիս՝ պետական գանձատուն և «դրա շնորհիվ թուրքերը կարողացել են Բեռլին, Reichbank ուղարկել 5 միլիոն ֆունտ»: Գերմանական հետազոտողների հաշվումներով՝ 1916 թվականին փոխանցված գումարը կազմել է 100 միլիոն ոսկե մարկ:
Էկոնոմիկայի մինիստր Ջավիդը իր հուշերում հայտնել է, որ 1918 թվականի նոյեմբերի 9-ին կարգադրություն է արել «լքյալ ունեցվածքի» իրացումից գոյացած գումարներից օգտագործել 1 միլիոն թուրքական ֆունտ:
1919 թվականի նոյեմբերին հրապարակված գերմանական տվյալների հիման վրա դոկտոր Յ. Լեփսիուսի գնահատումով՝ թուրքերի բռնազավթած հայկական ունեցվածքի արժեքը կազմել է 1 միլիարդ մարկ (250 միլիոն դոլար):
1919 թվականին Հայկական Ազգային պատվիրակության նախաձեռնությամբ օտարերկրյա մասնագետներից հատուկ հանձնաժողով կազմվեց՝ օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով Հայերին հասցված վնասի գնահատման համար:
Հանձնաժողովը եկավ այն միաձայն եզրակացության, որ Հայերից զավթված արժեքները 3 միլիարդ 750 միլիոն դոլար արժողություն ունեն: Այդ թիվն ընդունեց նաև Ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովը՝ Ջեյմս Ջերարդի գլխավորությամբ:

Հայերը կողոպուտի են ենթարկվել ոչ միայն օսմանյան կայսրության տարածքում, այլ նաև դրա սահմաններից դուրս, նախկին Ռուսական կայսրության տարածքում՝ Ղարսի մարզում, Ալեքսանդրապոլում, Երևանում: Նախիջևանում, Ղարաբաղում, Բաքվում Հայկական ջարդերի և ցեղասպանության քաղաքականությունը իրականացրել են թուրքական զորքերը՝ թաթար հրոսակախմբերի հետ համատեղ»…

Լուսանկարներում՝ Մկրտիչ Թոքատլյանի հայտնի պանդոկները Բոսփորի շուրջ (Թոքատլեան և Փերա Պալաս), որտեղ իջևանում էին ժամանակի հայտնի դեմքերը:
Վերևի լուսանկարում՝ Թոքատլյան հյուրատունն է, ուր եղել է նաև Ագաթա Քրիստիի հայտնի հետախույզը՝ Հ.Պուարոն…