Ուէսթ Հոպոքըն, Նիւ Ճըրսի (ԱՄՆ), 1903։ Դիարբեքիրցի Հայերից կազմուած Հայ Մարզական Կաճառի դերակատարները (լուսանկարն ու բացատրությունը՝ «Յուշամատեան»-ից)

Մեծ Հայքի Աղձնիք Աշխարհը Հայոց հնագույն կարևոր կենտրոններից էր, որը վերստին նշանավորվեց Տիգրան Մեծի օրոք (ն.թ.ա 95 — 55 թվականներին), երբ այստեղ կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը՝ Աղձնիքը հայտարարելով արքունական սեփականություն:

Սեպագիր արձանագրություններում Նաիրյան երկրների թվում՝ Ալզի, Ալզինի անվամբ հիշատակվող այս երկիրը՝ հարուստ գետերով ու աղբյուրներով, երկաթի ու կապարի հանքերով, հազարամյակների ընթացքում այլազգիների հարձակումների թատերաբեմը եղավ, ուր հաջորդվեցին պարսկական, սելջուկյան, արաբական, թուրքական տիրապետությունները:

Սակայն, ի հեճուկս փոթորկալից իրադարձությունների, բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայերն էին դարեր շարունակ:

Պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքում՝ Աղձնիք նահանգում գտնվող Տիգրանակերտի հետ է առնչվում Հայ թատրոնի գոյության հնագույն հիշատակությունը:

Ամիդ-Դիարբեքիրի ամրությունների կառուցումը Մ. Խորենացին վերագրում է Հայկազունի՝ Երվանդունի Տիգրանին՝ ն.թ.ա 6-րդ դարի կեսերին, որտեղից էլ՝ Հայ պատմագրության մեջ Ամիդը նաև Տիգրանակերտ է կոչվում՝ շփոթություն առաջացնելով ն.թ.ա 70-ականներին Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտի հետ, որը հետագայում Մարտիրոսուպոլիսն էր (Նեփրկերտ), (Երվանդ Քասունին և որոշ պատմաբաններ անդրադարձել են պատմագրության մեջ առաջացած այդ շփոթին):

Միջնադարի հայ հեղինակների կողմից քաղաքը նույնացվել է Հայոց Տիգրան Մեծ արքայի կողմից կառուցված Տիգրանակերտի հետ (11-12-րդ դարերի Հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ նշում է. «Տգլատ (Տիգրիս) գետի վրայ կառուցուած Տիգրանակերտ քաղաքի վրայ, որը Ամիթ է կոչւում»): Դիարբեքիրը Տիգրանակերտ էին անվանում նաև քաղաքում բնակվող Հայերը:

Տիգրանակերտ

Արևմտեան Հայաստանի այլ քաղաքների նման, այստեղ ևս Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին: Արհեստագործական հիմնական ճյուղերի՝ ոսկերչության, ջուլհակության և մետաքսագործության բարձրարժեք արտադրանքը մեծ հռչակ էր վայելում ժամանակի շուկաներում:
Դիարբեքիր քաղաքի մասին իր ուղևորական հուշագրություններում 17-րդ դարի օսմանցի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին գրել է.

«Դիարբեքիրի օդը շատ լավն է, նրա բնակիչները հիանալի ջուր են խմում և այդ պատճառով վարդագույն դենք ունեն: Ընդհանրապես միջահասակ, առողջ և բարեկազմ են: Ապրում են ամենաքիչը մինչև 70-80 տարեկան հասակը և աշխատանքից ու վաստակից ետ չեն մնում:
Հաճախ հասնում են մինչև հարյուր տարեկանը:
Սիրելի և սրտագրավ երիտասարդ տղաները անհաշիվ են, նրանք աննման են իրենց գեղեցկությամբ և վայելչությամբ, խոսում են Արևելյան ժողովրդին հատուկ մաքուր լեզվով ու հռետորական ձևով, կարծես սրտաբեկ սիրահարներ լինեն: Նրանց բոլոր շարժումներն ու արտահայտությունները մարդուն հիացմունք են պատճառում:
Բոլոր երիտասարդ տղաները նուրբ են ու բարեձև:
Այս երկրում շատ պերճախոս և կարող բանաստեղծներ կան, որոնցից յուրաքանչյուրը նման է Ֆիզուլիին և Ռուհիին: Շատերին հանդիպեցինք ու զրուցեցինք, իսկապես աննման, կատարյալ մարդիկ են:
Ավագանիի հագուստը: Աննման սամույրի և կզաքիսի մուշտակներ, սնդուս հագուստներ են հագնում: Միջակ դրության մարդիկ ընտիր ասվիից են հագուստներ հագնում, իսկ ցածր դիրքի մարդիկ՝ հասարակ ասվիից:

Կանանց հագուստը: Բոլորը փաթաթվում են սպիտակ չարսավով, երեսները ծածկում են քողով, իսկ գլուխներին ոսկյա և արծաթյա թաքիյե (գդակ) են կրում: Ոտքերին անպայման ջիզմե են հագնում»…

Տիարպեքիր. Յովսէփ Նագաշ (նստած, գլխուն ֆէս) եւ իր ընտանիքը (Աղբիւր՝ Տիգրան Մկունդ, Ամիտայի արձագանգներ, (Ա. հատոր), Նիւ-Եորք, 1950)։
Լուսանկարն իր մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»-ից

…«Զբաղմունքը: Բնակչության մեծ մասը զբաղվում է վաճառականությամբ, կան հարուստ առևտրականներ: Մի մասն էլ ծառայում է: Մնացածը քաղաքի արհեստավորներն են, որոնք ամեն տեսակի արհեստներով պարապում են, մասնավորապես շատ են ոսկերիչներն ու երկաթագործները»:

Հայ վաճառական (1612 թվականի փորագրություն)

Բնակչության բազմազանության առիթով նշելով, որ «ռայաները»՝ տեղաբնիկները Հայերն են, շարունակում է.
«Օդի և եղանակի հիանալի լինելու շնորհիվ ժողովուրդը վերին աստիճանի նուրբ, երիտասարդությունը՝ ազնիվ և խելացի է, խոսում են քրդերեն, արաբերեն և հայերեն: Շատ պանդխտասեր, աղքատասեր, ուրախ, զվարթ և սրտառուչ մարդիկ են: Սրանց տղամարդիկ հաճելի, մաքուր համոզմունքի տեր և հավատացյալ են, կանայք բարեկիրթ և աստվածասեր են:
Կանայք, նույնիսկ փոքր աղջիկները, շուկա չեն գնում:
Վերին աստիճանի պատվասեր և բարոյական մարդիկ են»:
(«Օտար աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին», հ. 4, էջ 185-187):

Մինչև 1915-ի ցեղասպանությունը հինավուրց Տիգրանակերտում Հայերը ջերմեռանդորեն շարունակել են դարերի խորքից եկող ազգային ավանդույթները, տոներն ու մեծախումբ ուխտագնացությունները, որոնց մասին որոշ մանրամասներ՝  հետագայում…

Ուէսթ Հոպոքըն, Նիւ Ճըրսի (ԱՄՆ), 1913. դիարբեքիրցի Հայերից կազմուած «Յառաջդիմական» ընկերութեան թատերական խումբի «Գոհար» թատերախաղի դերակատարները (լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»-ից)