ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Ե)
Բնության շրջափուլերով պայմանավորված՝ տարվա ընթացքում նշվող Հայոց հնագույն տոներն ուղեկցվում էին տվյալ տոնի խորհրդին համահունչ, դարեդար փոխանցվող ծեսերով, երգ ու պարով, մարզախաղերով:
Հայորդիներին հոգեհարազատ այդ տոնախմբությունները քրիստոնեության տարածումից հետո անհարիր ու անընդունելի հայտարարվեցին, սակայն դրանք արմատախիլ անել չկարողացան, և շարունակվեցին վաղնջական ավանդույթներն՝ իրենց բուն իմաստից շեղված, խեղաթյուրված, նոր կրոնին հարմարեցնելով ներկայացված…
Գարնան Վերազարթոնքով նշանավորվող Նոր տարուց՝ Արեգ ամսվա Արեգ օրվանից (մարտի 21-ից) առաջ, Հայերն անցնող Հին տարուն հրաժեշտ էին տալիս Բարեկենդանի զվարճալի տոնախմբություններով, նաև՝ անցնող տարվա ընթացքում կատարված անօրինություններն ու նրանց հեղինակներին այպանելով, ծաղրաբանությամբ, սրամիտ, երգիծանքով լի նախատինքով ու «կարգուկանոնի վերահաստատմամբ» (ավարտվող տարվա «հոգսերը չեզոքացնելով»)…
Ողջ բնակչության՝ մեծերի ու փոքրերի մասնակցությամբ հանդիսությունների ամենասիրված և ուրախ դրվագներից էին դիմակավորված թատերական ներկայացումները, հատկապես՝ ծիծաղաշարժ դիմակներով ու հագուստներով անճանաչելիորեն փոխված, դեմքերն ալյուրով, մրով կամ ածուխով ներկած կերպարներով, այպնակատակներով՝ ծաղրածու-խեղկատակներով…
Խայտաճամուկ, այլատարազ զգեստավորված մասնակիցները, արտասովոր, ծիծաղաշարժ ծամածռություններով, շարժումներով ու խոսվածքով զվարճացնող խեղկատակները, «ընտրված դատավորները» հանդուգն ծաղրով ի ցույց էին դնում իրենց գյուղում, համայնքում անարդարություն գործածին և թատերականացված «արդարադատություն» իրականացնում:
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում Բարեկենդանի օրերին հատուկ դերաբաշխմամբ ցուցադրվող զանազան ներկայացումներ ու խաղեր են արվել տներում, տանիքներին, բակերում կամ հրապարակներում, որոնց մասին առատ հիշատակումներ կան:
Աշտարակում Բարեկենդանի զվարճախաղերի տեսարաններից պատկերավոր նկարագրություն է թողել Պերճ Պռոշյանը. «էլ ահել ու ջահել չկար, էլ երիտասարդ ու միրքավոր չէիր ջոկիլ, բոլորը միասին ջահելացել’ կայտառացել էին:
Պապիս պես պատվելի իշխանները կալերումը լախտի էին խաղում ու հաստ կտավե գոտիկից ոլորած լախտն էնպես էին ֆռռացնում, իրար մեջքի կպցնում, որ մեջքի զոլն էր վեր կենում: Տերտերն էլ՝ վերարկուն ծալած, մի կողմ դրած, կապի ծլըփան փեշերը կոկիկ հավաքած, գոտիկը խրած’ էնպես ծուլ-ծուլ էր լինում ճժի բոլորքովը, որ կասես, թե սա իրան կյանքումը միշտ ըմբըշամարտ է եղել:
Միմիայն լախտը, որ մեջքախառն ուսագլխին հասնում էր, զգում էր, որ էսպես բան իր օրումը չի տեսել: «-Դե, հե՛ր օրհնած, մի քիչ էլ կարգիս խնայեցեք, կամաց տվեք, է՜,- ասում էր մեր Տեր հայրն ու էլ ետ թռչկոտում ճժի չորս կողմը, աշխատելով լախտը բռնողի ձեռքիցը խլելու:
-Ոչի՛նչ, տերտեր ջան, էսօր արձակուրդ ա, Բարեկենդան օրեր ա, խելքներս կորել ա,- պատասխանում էին մեր իշխաններն ու իրանց խաղի հետ ընկնում:
Էսպես իրարանցում, էսպես հարայ-հրոց թե ուրիշ ժամանակ լիներ, ամենքը կկարծեին, թե գյուղը կոխեցին, ավար տվին, մոտակա գյուղերիցն անգամ գուցե օգնություն կգային, բայց հիմի ամբողջ Արագածոտնյան գավառն է այդպես, ի՞նչ պետք է արած: «Դե, հերիք ջարդվեցինք ծեծվելով, լավ ալիր-աղցան էլանք, մի քիչ էլ վեգ խաղանք, ով տարվի՝ մնի տեղակ երկու գավ գինի բերի»:
Բարեկենդանին այս պատկերն ամենուր էր: Խաղացողները շրջապատվում էին դիտորդներով, որոնք խրախուսում, ծաղրում, կատակներ էին անում խաղացողների հասցեին և հետո, իրենք փոխարինելով նրանց, ենթարկվում նույն կատակներին: Խաղերը սովորաբար ավարտվում էին խնջույքներով:
Խաղերն ամենուր միատեսակ չէին, խաղում էին տվյալ վայրում առավել սիրված խաղերը, միատեսակը խաղացողներն էին, այն է’ խաղում էին բոլորը: Եթե խաղերի կամ խնջույքների ժամանակ երիտասարդները կամ նույնիսկ երեխաները կատակների, ծաղրի մեջ չափն անցնում էին, մեծահասակների համար դառնում անհանդուրժելիորեն հանդուգն, և վերջիններս փորձում էին կարգի հրավիրել, սաստել նրանց, ապա ստանում էին ավելի հանդուգն պատասխան: Խաղերը, պարերը շարունակվում էին մինչև կեսգիշեր, երբեմն’ մինչև առավոտ: Այդ գիշերային պարերին երիտասարդ սիրահարները ազատորեն միմյաց հետ պարում էին, խաղում. «Աբեղաթող օրերին ազատ իրավունք է իրար ձեռ բռնել պար խաղալ:
Ճրագները դնում են, ամեն մի տան մեծ փնտրում է յուր ջահելներին:
Բայց ո՞վ է նրանց խոսքը բանի տեղ դնողը, հիմա էլ խո հասարակ օր չէ՞, Բարեկենդա՛ն է…
Առաջ, որ մի հասակն առած մարդ ճիպոտը կառներ’ ինչպես որ այծը՝ ոչխարից, այնպես էլ տղամարդկանց՝ կանանցից կջոկեր’ այժմս անկարող է»:
Այդպես էր Բարեկենդանը, կլոր տարին ընտանեկան ու հասարակական բոլոր կաշկանդումներին անմռունչ ենթարկվողներն անգամ այդ օրերին դառնում էին ազատ ու ինքնագլուխ, ավելին, հաճախ այդ երկու շաբաթն ապրում էին կյանքի լիովին այլ հարթությունում, ուր չէին գործում սովորութային իրավունքով կարգավորված նորմերը:
Տղաներն այցելում էին աղջիկների հավաքատեղիները, աշակերտները տարվա ընթացքում կուտակված դժգոհությունն ուսուցիչներին արտահայտում էին ծաղրակատակներով, որդիները հանդիմանում էին հայրերին և այլն, այդ ամենն արդարացնելով Բարեկենդանի ամենաթողության իրավունքով.
- Բարեկենդան, Փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորել է»…
Լրացնելով Հ. Խառատյան-Առաքելյանի՝ «Հայ ժողովրդական տոները» ուսումնասիրությունից մեջբերված հատվածը, ծանոթանանք մի այլ վկայության՝ նույն գրքից:
«Երեկոները, ուրախության թունդ ժամանակին, հանկարծ դրսից լսվում են կենդանական զանազան անճոռնի ձայներ: Գոմի դուռը բացվում է, և հանկարծ ներս է ընկնում այլանդակ մեկը, երեսը ալյուրի կամ մրի մեջ կորած, այծի մորթուց մեծ մորուք շինած, խայտառակ ձևով մորթիներից շորեր հագած, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, զանազան թռիչքներ անելով հարձակում է գործում ուրախություն անողների վրա:
Բոլորը թե՛ ծիծաղում են, թե՛ վախենում այդ այլանդակ մեյմունից: Երեխաները սաստիկ երկյուղից սրտաճաք լինելով լալիս են, ամուր կպչում մայրերի կրծքին և գլուխները թաք կացնում նրանց թևերի տակ: Կանայք վախեցած, կես-ծիծաղ պահում են երեխաներին և հայհոյանքով ետ մղում հարձակում գործող մեյմունին: Բոլորը տեղերից վեր են թռչում, իրար են խառնվում…:
Եվ վերջապես մեյմունը, տանտիրոջից յուր նվերը առնելով, յուր բազմաթիվ ընկերներով գնում է ուրիշ տեղ:
Սակայն նրա գնալուց հետո էլ չի իմացվում, թե ո՛վ էր այդ չարաճճին: Մեյմունները ներկայացնում են կամ պառավ սատանա, կամ՝ անճոռնի հրեշ, կամ՝ տգեղ ուղտ, կամ՝ սարսափեցնող շվոտ կամ դև, կամ մի ուրիշ բան»:
Տոնը, մասնավորապես՝ Բարեկենդանի տոնը, մարդկանց համախմբումը, հասարակության համերաշխությունն ու բարեկեցությունը ապահովող միջոց էր նաև:
Գանձակից մինչև Բալու և այլուր, Հայոց գյուղերում տեղացիների բարքերին հարմարեցված զանազան թատերախաղեր էին ներկայացվում՝ «շահ-շահ», «ռես», «գզիր»…, որոնց ընթացքում պատմվում էին իրենց մոտ անցնող տարում կատարված անիրավությունները, «անարդարության հեղինակները» «պատժվում ու տուգանվում էին»՝ հաղթողների ծաղրանքով ու կատակներով, զուռնա-դհոլով ուղեկցված երթերով շրջելով փողոցներում (խաղերի ընդարձակ նկարագրությունները կան զանազան ուսումնասիրություններում)…
Մեծ տարածում ունեին նաև մղված հայտնի ճակատամարտերից ցուցադրվող «տեսարանները»՝ երկու բանակների բաժանված: Բարեկենդանի հինգշաբթի օրը նման խաղեր՝ Ավարայրի պատմության շուրջ «ցուցքեր» էին կազմակերպվում Մոկսում, Վասպուրականում, Շատախում, Ռշտունիքում, Կարինում, Շիրակում և այլ գավառներում (ինքնաշեն փայտե սրերով, դրոշներով, զինանշաններով, ողբասաց կանանցով, մրցախաղերով՝ ձիարշավներով, մականախաղերով)…
«Պատմական Հայաստանի զանազան շրջաններում Բարեկենդանի օրերին խաղացվում էր «Ռես» կամ «Գզիր» կոչվող խորհրդանշական խաղը, որի ժամանակ կատակով ծաղրվում էին գյուղի սոցիալական միջավայրի զանազան բարքերը:
Բարեկենդանի զվարճալիքների վերջում «Ծուռ էշ», «Իշու պար» կոչվող ծես-խաղն էր:
«Գանձակում «Շահ-շահի» խաղի մեջ պարտված շահին նստեցնում են էշին, ագին ձեռքը տալիս, երեսին մուր քսում, կատակներով, ծիծաղով պտտեցնում գյուղում և մթերք ժողովում՝ ուրախության սեղան բացելու համար:
Առանձնապես հետաքրքիր է Վարանդայում մինչև 19-րդ դարի վերջը կենցաղում գոյություն ունեցող հետևյալ ծեսը:
Բարեկենդանի ուրախության շաբաթը վերջանում է կիրակնօրյա հետևյալ տեսարանով:
Մինչ այդ առանձին գործող երիտասարդական խմբերը միանում են, ընտրում մեկին, հագցնում ցնցոտիներ, վրայից կախում ոսկորներ, հին սրեր, մի հրացան գցում ուսովը, գլխին մի հին , գզգզված գլխարկ դնում, երեսը մրոտում, նստեցնում մի էգ էշի (պարտադիր պայման) և աղմուկ-աղաղակով «բնակը եկավ», «էշակ պարոնը եկավ» կանչելով, դհոլ-զուռնայի ուղեկցությամբ, ծամածռություններով և սրախոսություններով, շրջում են տնից տուն և, որպես պարտադիր տուրք, գինի, ուտելիք, դրամ հավաքում:
Հավաքածով երեկոյան քեֆի են նստում:
Նույն շրջանի Խաչմազ գյուղում մի էշ են թամքում, մի կնոջ՝ երեսը մրոտած, նստեցնում են էշին, դհոլ-զուռնայի ուղեկցությամբ շրջում են տնե-տուն և դրամ հավաքում, որով Զատկին մատաղ են անում:
Սևերես կինը, ըստ գյուղացիների պատկերացման, «Մեծ պասն» է, և նրան պատիվներ են անում, որպեսզի «Մեծ պասն» առանց փորձանքի անցնի:
Ուրիշ ազգագրական շրջաններում այդ ըմբռնումներն արտահայտվում էին իրենց բուն վիճակից ավելի հեռացած, քողարկված:
Այսպես, Զանգեզուրում Բարեկենդանի կիրակին գյուղում շրջող Փաշան անպայման էշի վրա նստած պետք է շրջագայեր: Այսպես էր նաև Սիսիանում»: (Մեջբերված՝ «Հայ ազգագրություն և բանահյուսություն»-ից, հ. 9, Ա. Ա. Օդաբաշյան՝ «Բարեկենդանը որպես Ամանորի տոն»)…
Շարունակելի…