«ՄԵԾԱՄՈՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ»
ԿԱՄ՝
«ՔՐՄԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ»…

Մեծամորի հնավայրից հայտնաբերված՝ բոժոժներով բուրվառը

Հնագույն շրջանի պատմության ու մշակույթի համար համաշխարհային բացառիկ նշանակություն ունի Մեծամորի հնավայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում: Պաշտամունքային կոթողներով ու շինություններով հարուստ այս կարևոր կենտրոնում 1960-ական թվականներից ի վեր իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերված բազմահազար գտածոներից զատ բացառիկ կարևորություն ունի միջնաբերդի հյուսիս-արևելյան հատվածում պեղված տաճարային համալիրը՝ եզակի՝ իր կառուցվածքով:

Յոթ սրբարան-զոհասեղաններն իրենց կից կավակերտ կառույցներով ու ժամանակի ծիսական սպասքով, շարժական կրակարանի բեկորներով, պահպանված մոխրով, սննդի, հացահատիկի մնացորդներով, ծիսական հացի նախշազարդման դաջվածքների համար կիրառվող դրոշմիչներով, հեղուկի պահպանման համար նախատեսված սափորներով՝ հազարամյակների հեռվից լույս են սփռում վաղնջական հավատալիքների վրա՝ հարստացնելով համամարդկային մշակույթի պատմությունը…

Պատկերներ Մեծամորի հնավայրից

Ժայռափոր քառանկյունաձև շինություններում պեղումներով ի հայտ եկած յոթ սրբարան-զոհասեղաններից հինգը չափագրումից հետո պահպանման նպատակով կրկին ծածկվել են, իսկ կենտրոնական բարձրադիր երկու սրբարանները՝ յուրօրինակ թանգարանի են վերածվել՝ հարմարեցվելով ցուցադրության:

Մեծամորի պեղումների նվիրյալ հետազոտող՝ պատմական գիտությունների դոկտոր Էմմա Խանզադյանի (1922-2007)՝ «Քրմի դամբարան Մեծամորում» հոդվածից քաղված մի հատվածում նկարագրվում է ծիսական մի սպասք՝ բոժոժներով մի բուրվառ, որն իր նշանակությամբ կիրառվում է մինչ օրս (մի ապացույց ևս, որ քրիստոնեության տարածումից հետո հնագույն ծիսական արարողությունները, հանդերձն ու սպասքն են կիրառվել՝ ձևափոխվելով ու «քրիստոնեականացվելով»)…

Նշենք, որ «Բոժոժ»՝ թրթուրների հյուսած մետաքսաթելի փաթույթից բացի նաև փոքրիկ մետաղյա սնամեջ գունդն է կոչվում, որը շարժելիս նրա մեջ տեղադրված մետաղե կտորը դիպչում է գնդի պատերին ու հնչեցնում՝ ղողանջում:
Զանգակը, ինչպես ծնծղան, նրանց «մոգական ղողանջը»՝ հնագույն ժամանակներից ի վեր իրենց հարուցած թրթիռներով ծեսի անբաժան տարրերից էին, որոնք ցարդ կիրառվում են զանազան արարողությունների ընթացքում (որպես ծեսի սկիզբն ազդարարող կամ «չար ոգիներին վանող»)…
Թաղման (հուղարկավորման) հնագույն ծեսի համաձայն՝ որոշ հատուկ նշանակության իրեր դրվում էին դամբարանում…

Մեծամորից հայտնաբերված բուրվառի լուսանկարը՝ Էմմա Խանզադյանի ուսումնասիրությունից

«Քրմի դամբարանաբլուրը հայտնաբերվել է 1968 թվականին՝ Մեծամորի դամբարանադաշտի հարավային եզրում, երկրորդ ցամաքուրդային առվից մոտ 50 մետր արևմուտք: Հողային աշխատանքների ժամանակ ցեխի հետ խառը գետնի մակերես էին նետվել դամբարանի պատերի բազալտե խոշոր սալերը, բրոնզե բուրվառը, պատվանդան-բուրանոթը, խեցեղենը և այլն:

Ժամանակի ընթացքում վերացել էին դամբարանաբլուրի վերգետնյա հետքերը:
Այսպիսով, մենք հնարավորություն չունեցանք ամբողջական պատկերացում կազմելու դամբարանաբլուրի կառուցվածքի, չափերի և թաղման ծեսի մասին:
Մի բան պարզ է, որ դամբարանը կառուցված է եղել բազալտե սալերով:

Մեծամոր

Հայտնաբերված սակավաթիվ, սակայն բավականաչափ խոսուն նյութերը հուշում են, որ այն պատկանել է հասարակության մեջ դիրք գրավող անձնավորության, հատկապես՝ քրմական դասին պատկանող, գուցեև մի նշանավոր քրմի, որի հետ դամբարան են իջեցրել նրա պաշտոնին առնչվող, նրան անդրաշխարհ ուղեկցող իրեր, այդ թվում՝ բուրվառը, պաշտամունքային ուշագրավ բուրանոթ-պատվանդանը և, հավանաբար, արժեքավոր այլ իրեր, որոնք մեզ չեն հասել:
Ելնելով վերոհիշյալից՝ մենք դամբարանն անվանում ենք՝ «Քրմի»:

Բուրվառը գրեթե կիսագնդաձև է:
Նրա հարթ շուրթերին արտաքինից գամիկներով ամրացված չորս արծվագլուխ կանթերին միանում են սկավառակաձև ճարմանդից կախված շղթաներ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է մեկական զանգակ՝ ներսում՝ քար:
Նման զանգակների զուգահեռներին կարելի է հանդիպել ուշ բրոնզի դարաշրջանի մշակույթի զարգացման գրեթե բոլոր փուլերում:

Տաճարում ծիսակատարության ժամանակ անուշահոտ խունկ կամ այլ բուրավետ նյութեր ծխելիս բուրվառը ճոճել են, որի ընթացքում ղողանջել են նրա շղթաներից կախված զանգակները. դա հնում արվում էր չարը քշելու, խափանելու համար:
Գրեթե նույն դերը՝ չարը, փորձությունը վանելու են ծառայել տաճարներում արարողությանը մասնակից, նույնպես մեծ վաղեմություն ունեցող քշոցները՝ «բոժոժածածկ ճոճանակները», ինչպես նրանց որակում է Հայկազյան բառարանը:

Մինչ այժմ էլ հեթանոսական կրոնից եկած այդ արարողությունը կատարվում է քրիստոնեական եկեղեցում:
Ծիսակատարության ժամանակ օգտագործվում են բուրվառը և քշոցը:
Ուշագրավն այն է, որ Անիի բոլորակ Ս. Գրիգոր-Գագկաշեն եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերված միջնադարյան բուրվառներից մեկի շղթայի վրա պահպանվել է նաև զանգակը:

Ուշադրությունից չի կարող վրիպել նաև այն հանգամանքը, որ բուրվառի ունկերն արծվագլուխ են: Դա, անշուշտ, պատահականություն չէ:
Հին Արևելքում արծիվը ճանաչվել է որպես Արևի խորհրդանիշ, առնչվել երկնքի, կրակի, լույսի հետ:
Մեծամորում հայտնաբերվածը բուրվառի հավանաբար ամենավաղ օրինակներից մեկն է:

Մոտավորապես նման մի բուրվառ, սակայն ավելի քան ոճավորված թռչնատիպ կանթերով, հայտնաբերվել է Լոռի բերդի թիվ 15 դամբարանում, ուշ բրոնզի դարաշրջանին բնորոշ բազմահարուստ նյութերի միջավայրում:

Գտածո՝ Լոռի բերդից

Արթիկի թիվ 410 կատակոմբում մի քանի հասարակ կավամանների հետ հայտնաբերվել է բրոնզի անոթ՝ օղակաձև ունկերով և դեպի ցած սրվող հատակով:
Հավանաբար այն նույնպես բուրվառի դեր է կատարել: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա 12-11-րդ դարերով:
Անշուշտ, ծիսական արարողություններին է ծառայել Մեծամորի Քրմի դամբարանում հայտնաբերված, ուշագրավ զարդապատկերներով կավակերտ պատվանդան-բուրանոթը»…

Facebook Comments