«…ԵՐԿՐԻ ՏԱԿ ԾԱԾԿՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ՝ ՈՍԿԻՆ ՈՒ ՊՂԻՆՁԸ, ԵՐԿԱԹՆ ՈՒ ՊԱՏՎԱԿԱՆ ՔԱՐԵՐԸ»…

Գտածոներ Մեծամորից

Վաղնջական ժամանակներից ի վեր Հայկական Լեռնաշխարհն իր հարուստ ընդերքով՝ օգտակար բնական հանածոների գրեթե բոլոր տեսակներով (պղինձ, անագ, ոսկի, արծաթ, երկաթ, կապար, ցինկ, ծարիր, սնդիկ, որձաքար, աղ…), կարևորագույն դեր է ունեցել համաշխարհային մետաղագործության արտադրության բնագավառում՝ նպաստելով հնագույն քաղաքակրթությունների զարգացմանը:

Հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների ուսումնասիրություններում շեշտվում է Հայաստանի դերը՝ որպես հազարամյակների ընթացքում հանքարդյունաբերական կարևորագույն կենտրոն: Ասվածի հավաստումները կան դեռևս Հին Աշխարհից՝ ասորեստանյան արձանագրություններում, հույն հեղինակների (Հոմերոսի, Հեսիոդոսի և այլոց) վկայություններում…

Իրենց ռազմական արշավանքների տարեգրություններում Ասորեստանի տիրակալները թողել են իրենց հափշտակած «անհամար քանակի» ավարի թվարկումը:
Ասուրբանիպալ Բ թագավորը (ն.թ.ա 9-րդ դար) Տիգրանակերտի շրջանից հափշտակել է «2 տաղանդ արծաթ, 2 տաղանդ ոսկի, 100 տաղանդ կապար, 200 տաղանդ բրոնզ, 300 տաղանդ երկաթ, 1.000 բրոնզե անոթ, 2.000 բրոնզե գավաթ, փղոսկրից ու ոսկուց պատրաստված բազկաթոռներ (գահեր)»…
Թգլաթպալասար Գ-ն միայն Փոքր Հայքին համապատասխանող տարածքից ն.թ.ա 8-րդ դարում կողոպտել է 300 կիլոգրամ ոսկի և 3 տոննա արծաթ…

Հին Արևելքի ոսկու հանքավայրերին վերաբերող հնագիտական ու երկրաբանական ուսումնասիրությունները փաստում են, որ Հայկական Լեռնաշխարհից՝ Ճորոխի հովտից՝ Սպերից, Խարբերդի երկրագործական հարուստ կենտրոնից՝ «Ոսկեբեր» դաշտից (ուր Եփրատի վտակի՝ Արածանիի ջրերում մինչև վերջին տարիներին ցրոնային ոսկի էր հանդիպում), Սասունի լեռներից, Ծոփքից ու հարակից շրջաններից զանազան երկրներ են տարվել ոսկու մեծ պաշարներ (Խարբերդի նահանգում հռչակված էին նաև Կապան-Մադենի արծաթահանքերը)…

Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջանների հնավայրերից, դամբարանային համալիրներից (Լոռի բերդ, Վանաձոր, Թռեղք, Քարաշամբ, Մեծամոր…) հայտնաբերված բազմաքանակ ոսկյա բացառիկ նմուշները Հայոց աշխարհում հազարամյակների ընթացքում գոյատևած ոսկու բարձրակարգ մշակույթի պերճախոս վկայություններն են (չմոռանանք, որ հետագայում Պլինիոս Ավագը որպես առաջին՝ ամբողջությամբ ոսկեկուռ՝ ոսկեձույլ քանդակ Երիզայի տաճարի Անահիտ Դիցամոր արձանն է հիշատակում):

Ղազար Փարպեցին, նկարագրելով «երևելի գավառն Այրարարտյան» ու «ամեն ինչ բուսցնող», «ամեն ինչ տվող» Արարատյան դաշտի հարստությունները, հավելում է.
…«Նրանք… ցույց են տալիս երկրի տակ ծածկված գանձերը, որպեսզի նրանք հավաքեն ի շահ իրենց, ի վայելումն այս աշխարհի թագավորական մեծությունների և ի հաստատություն հարկահանների:
Եվ այդ գանձերն են ոսկին ու պղինձը, երկաթն ու պատվական քարերը, որոնք, ընկնելով արհեստավորների ձեռքը, թագավորներին զուգում են գեղեցկատեսիլ զարդերով ու բանվածքներով, ինչպիսին են խույրերի, թագերի ու հանդերձների վրա ընդելուզված ոսկեհուռ պաճուճանքները»…

Մետաղագործության հնագույն օրրանների հարցին վերաբերող բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնցում շեշտվում է վաղնջական ժամանակներից ի վեր՝ Հայկական Լեռնաշխարհի ունեցած դերը:
Կ. Հ. Մկրտչյանի և Է. Վ. Խանզադյանի՝ «Լեռնահանքային գործը և մետաղաձուլությունը Հին Հայաստանում» ուսումնասիրությունից մի անդրադարձ՝ ի լրումն ասվածի…

«Հայկական Լեռնաշխարհի՝ որպես մետաղի արդյունահանման և, հատկապես, երկաթի մշակույթի հնագույն կենտրոնի մասին կարծիքը Հին Արևելքի պատմությունն ուսումնասիրողների մոտ ձևավորվել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսերին: Վերջին տարիներս այդ պատկերացումները հաստատում են գտնում և զարգացվում մեզ մոտ մի շարք մասնագետների կողմից, որոնց թվում հատկապես արժանահիշատակ են Ե. Ն. Չերնիխի աշխատանքները:
Մինչև վերջերս նշված պատկերացումների հիմքում գերազանցապես ընկած էին հին աղբյուրներից, ինչպես նաև Հայաստանը շրջապատող երկրներում հայտնաբերված մետաղագործական հուշարձանների համեմատական ուսումնասիրություններից քաղվող կողմնակի տվյալները: Այս առթիվ կան բազմաթիվ ուշագրավ հիշատակություններ, որոնցից արժե նշել մի քանիսը:
Այսպես՝ Հորդոն Չայլդը գտնում է, որ «Մետաղագործության սկզբնական օրրանը գտնվում էր Անդրկովկասում»:
Համաձայն Գ. Ռ. Հոլլի՝ «Եգիպտացիները, անկասկած, պղնձի մշակման սովորույթները ձեռք են բերել Միջագետքից՝ Սիրիայի վրայով, ըստ երևույթին՝ «արմենոիդ» ցեղի ներկայացուցիչներից, որոնք Ներքին Եգիպտոսում, ըստ երևույթին, հայտնվել են մինչդինաստիական դարաշրջանի վերջից շատ առաջ…»: Միանգամայն հավանական է, որ «արմենոիդները», եթե իսկապես նրանք իրենց հետ բերել են պղինձ, այն սկզբնապես արդյունահանել են ավելի հյուսիս գտնվող որևէ վայրում, մասնավորապես, ժամանակակից Հայաստանի լեռներում, որտեղ, անկասկած, սկզբնապես արդյունահանում էին նաև Միջագետքցիք» (Дикшит С. К. «Введение в археологи», М., 1960, стр. 272):

Լուսանկարը՝ «Հին Հայաստանի ոսկին, (մ.թ.ա 3-րդ հազարամյակ — մ.թ. 14-րդ դար)» գրքից

Ս. Կ. Դիկտիշը իր աշխատությունում մեջբերում է Հ. Չայլդի այն կարծիքը, որ երկաթի ձուլման արդյունավետ եղանակի հայտնագործումը, որը եղել է շատ ավելի վաղ նրա տարածումից, պատկանում է Հայկական Լեռնաշխարհի ցեղերին: Բացի այդ, Ս. Կ. Դիկշիտը նշում է նաև, որ «Երկաթի դարի հետ կապված հեղաշրջումները տեղի են ունեցել, ըստ երևույթին, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին: Այդ հեղաշրջման ալիքը, այսպես ասած, հեղաշրջման էպիկենտրոնից, որ գտնվում էր Կովկասում՝ Հայկական լեռներում, հեռու ընկած շրջաններն է հասել ընդհանուր առմամբ ավելի ուշ:
Եվ, «վերջապես, բոլոր տվյալները խոսում են այն բանի օգտին, որ երկաթի դարի քաղաքակրթության ստեղծման առաջնությունն ու պատիվը պատկանում է ինչ-որ հնդեվրոպական ցեղերի, որոնց մեջ ամենապատվավոր տեղն, անկասկած, զբաղեցնում են Հայաստանի խեթերը» (Նշվ. աշխ., էջ 422):
Հայկական Լեռնաշխարհից մետաղի արտահանումը կատարվում էր ինչպես խաղաղ ճանապարհով՝ առևտրական փոխանակությունների, նվիրատվությունների, օժիտների ձևով, նույնպես և ուժի միջոցով՝ ռազմական բռնագրավումների ձևով: Հատկանշական է, որ առևտրական փոխանակությունները կատարվում էին մասնագիտացված համայնքների միջնորդությամբ (Նույն տեղում, էջ 425):

Որպես մետաղի մատակարարման հիմնական շրջաններ, հին եգիպտական և ասուրա-բաբելական աղբյուրներում հաճախակի նշվում է Հայկական Տավրոսը, Ալշե (Հայկական Աղձնիք) երկիրը, Վանի և Ուրմիո լճերի ավազանները, իսկ հունական աղբյուրներում՝ Փոքր Հայքը:
Այս շրջաններում, անկասկած, բարձր զարգացման էր հասած լեռնահանքային գործը և մետաղամշակությունը: Վերջին տարիներին կատարված ուսումնասիրություններից ձեռք բերված արդյունքները թույլ են տալիս շեշտելու, որ արտադրության նշված ճյուղերը բարձր զարգացման էին հասել նաև Հայկական Լեռնաշխարհի՝ ներկայիս Հայաստանի հանրապետության տարածքում, հետևաբար, ընդհանրապես Հայկական Լեռնաշխարհում…
Մետաղի, հավանաբար նաև հանքանյութի, արտահանման մասին ամենահին տեղեկությունները ասորեստանյան աղբյուրներում վերագրվում են մ. թ. ա. 13-րդ դարին՝ Սալմանասար Ա-ի և Թուքուլտի Նինուրտի Ա-ի արձանագրություններում հանդիպող Նաիրի երկրից վերցվող «Լեռների ծանր տուրքեր», «Լեռների հարստություններ» արտահայտությունների ձևով: Մ. թ. ա. 11-7-րդ դարերին վերագրվող արձանագրություններում արդեն խոսվում է պղնձի, անագապղնձի, ոսկու, արծաթի, երկաթի և այլ հանքային հարստությունների կողոպուտի մասին:

Արտահանման մասշտաբների մասին գաղափար է տալիս մ. թ. ա. 714 թվականին Սարգոն 2-րդի՝ դեպի Վանի թագավորությունը կատարած արշավանքի մանրամասն նկարագրությունը:
Մուսասիր (Արդին, Կ.Ա.) քաղաքի թագավորական պալատից թալանված իրերի շարքում նշվում է 34 տաղանդ և 18 մին ոսկի (մոտավորապես՝ 1040 կիլոգրամ), 167 տաղանդ և կես մին արծաթ (5060 կիլոգրամ), մաքուր պղինձ, կապար, սերդոլիկ, լազուրիտ և մեծ քանակությամբ այլ թանկարժեք քարեր:
Նույն տեղում, գերագույն դիցի տաճարից, բացի մեծ քանակությամբ ոսկուց (թիվը չի պահպանվել), տարվել է 162 տաղանդ և 20 մին արծաթ (5000 կիլոգրամ), 109 տոնն պղինձ, ոսկե 6 վահան՝ 156 կիլոգրամ ընդհանուր քաշով, դռան ոսկե հարմարանքներ և զարդեր՝ 126 կիլոգրամ, ոսկե թուր՝ 134 կիլոգրամ, արծաթե 33 մարտակառք, արծաթե 12 վահան, արծաթե 400 թաս, 25 հազարից ավելի պղնձե վահան, պղնձե 305 թուր, նիզակ, նետ, դիցերի 4 և թագավորների 3 արձան՝ պղնձից և անագապղնձից, յուրաքանչյուր արձանի կշիռը մոտ 1800 կիլոգրամ և այլ իրեր:
Այսպիսով, Մուսասիրից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2 տոննից ավելի ոսկի, 10 տոնն արծաթ, հարյուրավոր տոնն պղինձ և այլն:

Պատմական Հայաստանում լեռնահանքային գործի, մետաղամշակության բարձր մակարդակի և մեծ մասշտաբների մասին բազմաթիվ տեղեկություններ կան պահպանված նաև հին հունական և Հայկական աղբյուրներում, որոնց արժանահավատությունը ապացուցվում է Հայաստանի հանրապետության տարածքում վերջին տասնամյակներում հայտնաբերված հին հանքավայրերի շահագործման և մետաղաձուլության 600 -ից ավելի տեղավայրերից ստացված տվյալներով»: