«ՋԱՂԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆՄԱՆ՝ ՀԱՅՏՆԻ ԱՄԵՆ ՄԻ ՀԱՑ ՈՒՏՈՂԻ»…

Հայաստանի Պատմության թանգարանի սրահներում

Ներկայիս համաշխարհային իրադարձությունների հետևանքով վտանգվում են ազգային արժեքները, ազգային ինքնությունն ու ազգային նկարագիրը:
Եվ Հայոց պատմության ու մշակույթի բազմահազարամյա երթի շարունակությունն ապահովելու համար մեզ ուղեցույցներ են հարկավոր՝ ինքնաճանաչողությամբ մեր ճամփան լուսավորելով դեպի գալիքն ուղղորդող «լապտերներ»:

«Լեզու՛ն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը։
Եվ շատ էլ չէին սխալվում հներում, եթե «Լեզու» ասելով «Ազգ» էին հասկանում»,- հիշեցնում էր Թումանյանը:

1890-ականներից՝ ժամանակի հրամայականով, եռանդուն գործունեությամբ «Ազգի ուսումնասիրության գործին» լծվեցին մի շարք նվիրյալ Հայ մտավորականներ:
Երվանդ Լալայանի ջանքերով 1895 թվականից «Ազգագրական հանդէսի» պարբերական հրատարակությամբ բանահավաք-ազգագրագետները, պատմաբաններն ու մանկավարժները «ազգաշինության գործն» սկսեցին՝ մոռացումից փրկելով ազգագրական, բանահյուսական մի հարուստ ժառանգություն, որը, Թումանյանի խոսքերով, «փչանում ու կորսվում էր» «նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ»…

Ազգագրական նյութերը հաղորդողներին՝ սերնդեսերունդ փոխանցվածը պահպանած տարեց մարդկանց կարևորելով, Թումանյանը գրում էր.

«Սրանց ամեն մեկը ավանդությունների, առասպելների, հին զրույցների, ժողովրդական հավատալիքների մի շտեմարան, մի թանգարան է:
Այս պատմություններից, զրույցներից, սովորություններից շատերը եկած են հին դարերից, մեր հին նախնիների կյանքն ու սովորություններն են, նրանց մտքի և հոգու ծնունդներն են»: (Հ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 6, էջ 65, Երևան, 1959):

1894 թվականին, Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինն ավարտելուց ու սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո, 6 ամիս Վիեննայի Մխիթարյանների մոտ գիտական աշխատանքի փորձով հարստացած՝ վերադարձել ու 1895 -1897 թվականներին Շուշիի թեմական դպրոցում էր դասավանդում Հայ ազգագրագետ, հնագետ, բանահավաք Երվանդ Լալայանը (1864-1931):

Երվանդ Լալայանի դիմանկարը (նկարիչ՝ Փանոս Թերլեմեզյան, (1865-1941), Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածուից)

Համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերը՝ Հայ մտավորականների մի փայլուն բանակով (Մանուկ Աբեղյան, Թորոս Թորամանյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Լեոն Մելիքսեթ-Բեկ, Ստ. Լիսիցյան, Խ. Սամուելյան և այլք), նա հիմնադրեց Հայ ազգագրական առաջին պարբերականը՝ «Ազգագրական հանդէս»-ը, որի առաջին գիրքը լույս տեսավ Շուշիում՝ 1896 թվականին (հետագայում պարբերականի մյուս՝ 25 հատորները հրատարակվեցին Թիֆլիսում, խմբագրակազմի 7 անդամների թվում էին Հ. Թումանյանն ու Պ. Պռոշյանը):

«Րոպեական ազդեցութեան տակ չենք վճռել մի այդպիսի հանդիսի հրատարակութեան ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այս. մեզ ճանաչողները գիտեն, թէ ո՛րքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և ո՜րքան արգելքների ենք յաղթել փոքր ի շատէ նախապատրաստուելու այս գործի համար: Այսօր մենք հանդէս ենք գալիս ոչ թէ միայն մեր ուժի վրայ վստահացած, այլ ազգի ինքնաճանաչութեան զգացման:
Թերթերի մէջ սփռուած և առանձին լոյս տեսնող ազգագրական յոդուածներն արդէն ապացուցանում են, որ Հայոց ազգն էլ վերջապէս զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտութեան ամենիմաստ խօսքը` «Ծանի՛ր զքեզ». նա կամենում է ճանաչել իրեն և իւր ազգային յատկութիւնների վրայ հիմնել ազգային զարգացումը: Մեր այս գործն այդ զգացման արդիւնքն է և մեր կոչումը՝ այդ գործին գիտական ուղղութիւն տալ և աշխատողների մէջ միութիւն հաստատել»…

«Մեր կոչումն այժմ միայն նիւթեր հավաքելն է, որովհետև դրանց պակասութեան պատճառով՝ գիտական ուսումնասիրութիւններն անհնարին են, և մէկ էլ՝ դրանց համար ժամանակ չի պակասիլ: Մենք կը կրենք քարերը և երանի՜ նրան, ով կը գայ այդ քարերով ազգային ինքնուրոյնութեան շէնքը կառուցանելու և համամարդկային էվոլիւսիօնի օրենքները գծելու»,- «Ազգագրական հանդեսի» անդրանիկ համարի իր՝ «Հրատարակչի խոսքում» գրել է Լալայանը:

Երվանդ Լալայանի լուսանկարը և «Ազգագրական հանդէս»-ի էջերից

Նրա ջանքերով հետագայում՝ 1921- 22 թվականներին Երևան տեղափոխվեց Թիֆլիսում գործող՝ «Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի» հայագիտական գրադարանը և հնագիտական-ազգագրական հավաքածուն, որը հանդիսացավ ոչ միայն Հայաստանի Պատմության թանգարանի հիմքը՝ նշանավորելով նրա փաստացի ծնունդը, այլև կանխորոշեց նրա գործունեության բնույթն ու հետագա ընթացքը (Լալայանը նաև հիշյալ թանգարանի հիմնադիր տնօրեն էր՝ 1919-1928 թվականներին):

Համոզված, որ «Անհատներն են գո՛րծ ստեղծում, կերպարա՛նք տալիս, ձև՛ տալիս, ընթա՛ցք տալիս հասարակական կյանքին» (ինչպես 1902 թվականին Մարիամ Թումանյանին ուղղված նամակում գրում էր Հայոց Մեծ բանաստեղծը), Ե. Լալայանի համախոհ ու աջակից Հովհաննես Թումանյանը նույնպես իր ողջ կյանքում Հայաստանի ու իր ազգակիցների կրթության, զարգացման, բարօրության գործին էր ծառայում: Նա ահազանգում էր «Իրար հետևից, անընդհատ կորչող կամ փչացող, նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ» անհետացող մեր ազգային մշակույթի պահպանման կարևորությունը՝ առանձնահատուկ արժեվորելով Լալայանի անխոնջ վաստակը՝ իր ազգակիցներին ևս ոգեշնչելով ու հայրենանվեր բուռն գործունեության մղելով:

«Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակություն է առնում Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը իր թանգարանով ու հանդեսով, որն հիմնել է պ. Երվանդ Լալայանը և իր անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել» (Հ. Թումանյան):

«Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանա՛կդ էլ, եռա՛նդդ էլ, ամբողջ կյա՛նքդ էլ:
Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի:
Ասում է՝ «Գնացին տեսան Մոլլա Նասրեդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է:
Ասին՝ «Ընչի՞ ես սպասում»:
-Թե՝ «Սպասում եմ գետն անց կենա, որ հետո ե՛ս անց կենամ»:
Ճիշտ էսպես՝ մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք…
Ու շարունակ սպասում ենք»… (Նամակ Ցոլակ Խանզադյանին, 1916թ.)

Ազգային ինքնագիտակցությամբ ու ինքնաճանաչողությամբ զինվելով «Ազգային դիմադրողականությունը» զորացնելու ուղին կարևորելով՝ նա «Գրական երեկոների» դերն էր շեշտում:

«Ինչքան ավելի՛ ենք առաջ գնում, էնքան ավելի՛ ենք նկատում ու համոզվում, որ աղջամուղջի ու անգիտության ճանապարհով ենք գնում և շիտակ ու անսայթաք առաջ գնալու համար մեր ձեռքին լապտե՛ր պիտի ունենանք։

Ամեն մի ժողովրդի համար բնության ու մարդկության ճշմարիտ ծանոթության հետ միասին, իր Ազգային ինքնաճանաչողությու՛նն է իր ճանապարհի մթնում Լույս տվող լապտերը։
Մութի մեջ խարխափողը միշտ ենթակա է գլխի վրա զանազան անդունդների մեջ գլորվելու վտանգին։ Եվ մի անդունդից դուրս գալուց հետո դեռ չի նշանակիլ, թե այժմ ուղիղ կերթա։
Ո՛չ, դա խրատվելու բան չի և ոչ էլ հանդիմանելու։
Մարդը առաջը չի տեսնում, ի՞նչ պիտի անեք։
Էնպես էլ ժողովու՛րդը առաջը չի տեսնում, ի՞նչ պիտի անեք․․․

Ո՛չ մարդն է մեղավոր, ո՛չ ժողովուրդը։
Եվ միայն չարերը կարող են լոկ չարությունով բացատրել էս տեսակ թշվառ ու արգահատելի մի վիճակ։
Հայ գրողների ընկերության վերջին գրական երեկույթին պարոն Մանուկ Աբեղյանը, Հայոց հին բանաստեղծության ելևէջները, ուրախ ու տխուր էջերը բացատրելիս, մերթ-մերթ խորասուզվում էր Հայոց պատմության մեջ, ցույց էր տալիս, թե ի՜նչքան է հին էս ահռելի պատերազմը, որ էսօր վարում է Հայ ազգը, թե սրանից ավելի՛ մեծ աղետներ են տեղի ունեցել մեր Հողի վրա, և առաջ էր բերում պատմական զարհուրելի փաստեր։
Ընդմիջումին լսողներից ոմանք զարմացած բացականչում էին՝ «․․․Իսկ մենք կարծում ենք, թե Հայոց Ազգային Բյուրոյիցն է սկսվում էս աղետը»․․․

Սեփական, ազգային կյանքի էս գրեթե կատարյալ անգիտությունը, որի մեջ կարող է լինել ոչ միայն դատողն ու դատապարտողը, այլ նույնիսկ և ինքը՝ Ազգային Բյուրոն, էս համատարած անգիտությունը մի շա՜տ ցավալի վիճակ է, որից մենք դու՛րս պետք է գանք վերջապես, ի՛նչ ուզում է լինի։
Եվ ինչքան ավելի՛ շուտ դուրս գանք, էնքան ավելի՛ շատ կշահենք։
Իսկ թե ի՛նչ ճար ու ճանապարհ կա էս մութն ու տխուր դրությունից դուրս գալու, էդ արդեն ջաղացի ճանապարհի նման հայտնի է ամեն մի հաց ուտողի։

Թերևս վիճելի է, թե վաղը կամ մյուս օրը ինչ քաղաքական վիճակ ենք ունենալու, բայց որ մեզանում սկսվելու է շատ վաղուց ի վեր չեղած մի կուլտուրական-ազգային ուժեղ շարժում, գոնե ես էդ համարում եմ անվիճելի։
Եվ մենք հենց էսօր էլ շատ հնարավորություններ ունենք կուլտուրական մեծ նվաճումներ անելու և մեր ընդհանուրի բարոյականը, հոգևորը, մտավորը բարձրացնելու։
Էդ միջոցներից մեկն էլ հրապարակական դասախոսություններն ու գրական երեկոներն են։ Հրապարակական դասախոսությունը, գրական երեկոն դպրոց է մեծերի համար։
Պետք է աշխատել, որ էդ դպրոցը, էդ բարձր բեմը չդառնա թամաշի ու լոկ ժամանցի տեղ։
Էդ բեմից մեր պատրաստված ու խոսքի ընդունակ մարդիկ պետք է խոսեն մեր ժողովրդի, մեր երիտասարդության, մեր ինտելիգենցիայի հետ։
Խոսեն՝ ոչ թե ճառեր՝ նրանց զգացմունքները հուզելու համար, այլ խաղաղ, օբյեկտիվ, գիտական, քննադատական լուրջ վերլուծումներով ու խորասուզումներով տանեն դեպի Ազգային պայծառ ինքնաճանաչությունը և ընդհանուր զարգացման ընդարձակ հորիզոններ բաց անեն։

Վերին աստիճանի ուրախալի երևույթ է, որ մեր մեջ մի գեղեցիկ հասարակություն արդեն հաստատ բռնել է էս ճանապարհը ու սերտ կապվել Հայ գրողների ընկերության գրական երեկոների հետ, ու ինչպես դասախոսություններին դահլիճն է լցնում, էնպես էլ գավառներից է կենդանի արձագանք տալիս։
Պետք է ծավալել ամեն տեղ, և շատ ժամանակ չի անցնիլ՝ մեր աչքով կտեսնենք ու կհամոզվենք, թե էսքան հեշտ միջոցներով էլ կարելի է հասնել ցանկալի հետևանքների։ Եվ արդեն մեր կենտրոնական ու գավառական քաղաքների գրական ու գրասեր շրջանները էս լուսավոր գործունեությամբ պայմանավորվում ու կապվում են իրար հետ։
Պետք է ծավալել ամե՛ն տեղ» (Հ. Թումանյան, «Գրական երեկոներ»):

Հովհաննես Թումանյան