«ԱՌԱՏԱԲԵՐ ԵՎ ԳԻՆԵԲԵՐ ԱՅԳԻՆԵՐ»…
Հազարամյակներ ի վեր Մայր Հողից բերք ու բարիք է ստանում Մարդը՝ փառաբանելով Կենսատու Բնությունը: Եվ այդ աշխատանքը ծես էր ու տոն, նրա արդյունքում ստեղծվածը՝ պարգև, առատության ու բարեկեցության գրավական…
Բերքի՝ ծիրանի, խաղողի, հասկի օրհնության ծեսն այսօր էլ շարունակում են Հայկազունները՝ Հայոց Նախահայրերի ավանդույթներին հավատարիմ՝ յուրաքանչյուր տարվա բարիքը վայելելուց առաջ…
Հնագույն շրջանից մեզ հասած զանազան արձանագրությունները, պատմիչների վկայությունները, հնագիտական նյութերը փաստում են, որ Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում զարգացած գյուղատնտեսության շնորհիվ հարուստ բերքահավաք է եղել և տոների, ծեսերի, խրախճանքների անբաժան ուղեկիցն էր գինին:
Հողագործական աշխատանքն իր առօրյա եռուզեռով, ծիսական երգ ու պարով՝ Երկրի, բնակչության բարօրության ցուցիչն էր: Եվ, ընդհակառակը, Հողի, այգեգործական աշխատանքների բացակայությունն ամայի ու ավեր ժամանակների բնորոշիչն էր:
«Ո՛չ լսի ձայն ուրախութեան ի կութս այգեաց, եւ ո՛չ բարեբանութիւն՝ առ կոխօղս հնձանի»,- գրում էր Հայ պատմիչ, հոգևորական գործիչ Արիստակես Լաստիվերցին 11-րդ դարում՝ նկարագրելով «բնակիչներից թափուր» մնացած երկրի ավերակ ու ամայի վիճակը…
Հայոց տարբեր գավառների համար միջնադարում սահմանված հարկերի ցանկում հիշատակվում է, որ Նիգ գավառը ցորեն է տալիս որպես հարկ, Արագածոտնը՝ գինի, Վաղարշապատը՝ բամբակ (10-14-րդ դարերում Արագածոտնը գինու արտադրության կարևոր կենտրոններից էր):
Առատաբեր այգի հիմնելու, հնձան կառուցելու մասին արձանագրություններից բացի Կարմիր Բլուրում, Զվարթնոցում, Գառնիում, Քանաքեռում, Էջմիածնում, Եղվարդում, Դվինում և այլուր հայտնաբերված հնձանների ավերակները բավականին պատկերացում են տալիս նրանց կառուցվածքի մասին (ըստ բազմավաստակ հնագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանի՝ հնձանատունը ծածկի ներքո էր, հնձանը՝ բացօթյա):
Երկու, երբեմն երեք բաժանմունքից բաղկացած այդ կառույցները՝ խաղողը ճզմելու առագաստը, պատի վրա դրված կավե խողովակը, որով խաղողից նոր քամված քաղցր հյութը՝ քաղցուն ծորում էր երկրորդ՝ փոքր-ինչ ցածրադիր բաժանմունքում տեղադրված ամանի մեջ, հատակում փորված մեծ հորերը՝ գուբերը, մառանները, ուր խմորման հիմնական գործընթացն էր տեղի ունենում, բազմաշարք դասավորված կարասները՝ շուրթերին՝ նրանց տարողության նշումներով… խաղողի մշակման, գինեգործության առանձնահատուկ դերն են վկայում:
Թեշեբաինի հնավայրի՝ Կարմիր Բլուրի 8 մառաններում միայն շուրջ 450 կարաս է հայտնաբերվել (մառանապետի, մատռվակի՝ գինեբաշխի (գինեմատույցի), գինեվաճառության ու գինեծախի (գինեվաճառի) մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել զանազան ժամանակաշրջաններից):
Բժշկական նպատակներով գինու կիրառման վկայություններ կան զանազան բժշկարաններում (խաղողի՝ սպիտակ խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինիներն էլ, բնականաբար, տարբեր էին իրենց հատկություններով՝ «միջակ, վատուժ, սուր, նոսր, անուշ…», ինչպես Ամիրդովլաթն է հիշեցնում, նաև՝ «միսթար, որ է պիղծ գինին, որ աւերէ, եւ շուտ հարբեցնէ զմարդն խիստ» («Օգուտ բժշկութեան», էջ 362, Երևան, 1943 թ.):
Ահավասիկ Վարդան Այգեկցուց (13-րդ դար) մի առակ՝ ի հիշեցումն գինու «լավ ու վատ» ուժի…
Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե՝ «Ամեն օր ձեզնից մեկը թող տանի՛ իմ որդուն և պատվի՛»:
Եվ տանում էին:
Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:
Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ:
Թագավորը հրամայեց, թե՝ «Իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակե՛ք և կարասները կոտրատե՛ք»:
Այդպես արին:
Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:
Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ «Եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չե՛մ պատժի»:
Եկան այրի կինը և նրա որդին:
Թագավորը նրան հարցրեց, թե՝ «Ինչպե՞ս սպանեցիր առյուծին»: Նա ասաց, թե՝ «Գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի»: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպե՛ս է գինով սնուցել:
Թագավորը հրաման արձակեց, թե՝ «Այգի՛ տնկեք և գինին այնպե՛ս խմեք, որ առյու՛ծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք»:
Որպես «վերջաբան» էլ՝ մեր օրերի իրադարձություններին համահունչ, Պարույր Սևակի հանճարով երկնված մի քանի տող…
«Դու քո խաղողի նման ես եղել.
Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել,
Բայց երբ անցել են ցրտերը ձմռան,
Հողի մեջ թաղված վազերիդ նման,
Դու նո՛ր մի ուժով նորից ընձյուղել,
Կորված ճյուղերդ ես վերստին ուղղել,
Եվ եթե կրկին կորվել ես՝ արդեն
Ողկույզների՛ տակ այն ադամանդե,
Որ ճաքճըքել են քո քաղցրությունից,
Մինչ դառնությունդ… դարձել է գինի»…
Պարույր Սևակ, Երևան, 1950 թ.
Խաղողօրհնեքի շնորհավորանքով…
(լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)…