«ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՂԸ»

«Ռանչպարների կանչը»…
Քաղաքական իրավիճակի պարտադրանքով՝ ազգային ինքնապաշտպանության ու ազատության համար պայքարի ելած Հայ ֆիդայիների պատմության էջերից մի դրվագ՝ հայդուկային շարժման քաջարի դեմքերից մեկի՝ Գևորգ Չաուշի ու նրա զինակիցների մասնակցությամբ…
Անդրադառնալով 16 տարեկանից Առաքելոց վանքի դպրոցում անցկացրած իր 2 տարիներին, Գևորգ Չաուշը պատմում է.

Գևորգ Չաուշ

«Մնացի այնտեղ (Առաքելոց վանքում- Ս. Պ.) երկու տարի, սակայն այնտեղ կիմանայի, կզգայի Հայություն կար, մանավանդ՝ Արաբոն ու Լևոնը կային։
Երբեմն կհանդիպեի վանքը, իրենց համար ծառայություն կընեի և այնտեղէն գինովցա։ 1888 թ. մայիս ամսի 7-ին հրաժարվեցի վանքից, գնացի տուն, բայց շարունակ գործ ունեի զենքի հետ…
Բոլոր գերդաստանով ինձ սիրում էին, որովհետև այբուբեն գիտեի, իսկ տերտերը (Գևորգի հորեղբայրը, Ս. Պ.) շատ կը բարկանար ու կը նախատեր զիս. կըսեր, թե զենքի հետը գործ չունի՛ս, փորձե Ավետարան, Մաշտոց և շարական կարդալ, բայց ես ոչ ոքի չէի լսեր, ոչ ոքի ալ չէի հնազանդվեր…
Թողի հեռացա գյուղես, կրկին վերադարձա Առաքելոց վանք, որպեսզի ընկերանամ Արաբոյին և Լևոնին» (Ավո, «Գևորգ Չաուշ», Պեյրութ, 1972, էջ 23—24, մեջբերումը՝ Ս. Կ. Պողոսյանի՝ «Գևորգ Չաուշ» հոդվածից):

Քանի որ Հայրենիքը ոչ միայն Հայրենի Հողն է, այլև այդ Հողի վրա ապրած Նախնիների ու նրանց սերունդների միությունը, և այդ պատմությունն է մեր իմաստուն խորհրդատուն՝ Հայ գրողներից ոմանք հավերժացրեցին անցյալի հիշատակները…

Ազգի հարատևման, ազգային իրավունքների պաշտպանության, «Հայրենյաց փրկության» համար ոտքի ելած մի խումբ Հայորդիների կերպարն է կերտել նաև Խաչիկ Դաշտենցը:
«Նրանք «քաջակազմ մարդիկ էին, տապից ու պաղից թրծված երեսներով։ Ոմանք ալեհեր էին, ինչպես Սպաղանաց Մակարը, որ մեծացել էր բազում կռիվների մեջ»։
…«Այդ հայդուկներից ամեն մեկը վերքերի և հին ու նոր սպիների մի թանգարան է»,- գրում է Դաշտենցը:
Նրանք կռվում էին, նաև՝ «հողմի շառաչի» պես խրոխտ պարում: Ու սիրված էին ժողովրդի կողմից…

«Տարոնի ժողովուրդը սիրում էր համեստ արտաքինով այդ խորհրդավոր մարդուն, որ կարծես մեր անցյալի մշուշներից ելած մի ուրվական լիներ։

Երբևիցե կռացած նայե՞լ եք մութ քարայրից ներս։ Կարողացե՞լ եք անմիջապես կռահել, թե նա ինչպիսի խորհրդավոր անցքեր ու ոլորաններ ունի։ Այդպես էր շեկ մազ ու մորուսով, նիհար, ոսկրոտ այդ մարդը։ Նրա զինական անունը Հրայր էր, ոմանք նրան «Դժոխք» էին ասում, բայց ժողովուրդը նրան կնքել էր՝ «Քարայր»։ Եվ այդ անունը որքա՜ն հարմար էր նրան։

Իսկապես քարա՛յր էր նա, խորհրդավոր ու մութ։
Հազիվ ծագած՝ իսկույն անհետանում էր։
Ցերեկները նրա տեղը Հայ շինականի գոմի կամ մարագի մի մութ անկյունն էր՝ տրեխը հագին, արախչին գլխին, իր շուրջը ժողոված մարդկանց հրեղեն խոսքերով քարոզ կարդալիս, իսկ գիշերները ճամփորդում էր դերվիշի կերպարանքով՝ գավազանը ձեռքին և տիկը շալակին»։

Խաչիկ Դաշտենցի՝ «Ռանչպարների կանչը» գրքից մի հատված՝ ահավասիկ.

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՂԸ

«Պահակության հաջորդ շաբաթը Գևորգ Չաուշը ինձ պատվիրեց գնալ Դաշտի գյուղերը ալյուրի մաղ բերելու։ Շատ զարմացա այդ պատվերի համար։ Նրա խնդրածը այնքան հասարակ բան էր, որ ես նույնիսկ անհարմար գտա, որ Չաուշը ինձ պես երիտասարդին այդպիսի հանձնարարություն է տալիս։ Վիրավորվեցի իբրև տղամարդ։
Ես դեռ քիչ բան գիտեի ֆիդայիների առօրյայի մասին։ Մտածում էի, թե միգուցե ալյուր ունեն պահած որևէ տեղ, պետք է շտապ հաց թխվի և մաղ է հարկավոր։ Լսել էի մանավանդ, որ կռիվներից առաջ ֆիդայիները մեծ քանակությամբ հաց են թխում և թաքցնում այն տեղամասի տարբեր մասերում, ուր պետք է տեղի ունենար գալիք ճակատամարտը։ Բայց ճանապարհին սոսկալի մտքեր պաշարեցին ինձ։ Արդյոք Չաուշը մի չար դիտավորություն չունե՞ր նորից առիթ ստեղծելու, որ ես հանդիպեմ կանանց և ենթարկվեմ աղետաբեր փորձությունների։ Մի՞թե նա չգիտի, որ մաղը սովորաբար կանայք են օգտագործում։ Ինչու՞ նա ինձ կապեց տղամարդուն ոչ վայել այդպիսի մի գործի հետ։
Եթե նա ինձ հանձնարարեր բեռներով ալյուր տեզափոխել հայդուկների համար, ես սիրով հանձն կառնեի այդ ամբողջ պաշարը մեջքով փոխադրել իր ուզած տեղը, ուզած հեռավորությունից։ Իսկ մաղն ի՞նչ է, որ տղամարդը իրեն հպարտ զգա մաղ բերելու համար։ Այն էլ ինձ պես հայդուկը, որի պատանքը արդեն չափված–դրված է իր պայուսակի մեջ։ Բայց ինչ արած, կյանքում լինում են պահեր, որ մարդ ստիպված է գնալ նաև մաղի ետևից։
Շատ մարդիկ անցան, բայց ոչ մեկը մաղ չէր ծախում։
Սկսեցի վերհիշել, թե ո՛ր գյուղերում բարեկամներ կամ ազգականներ ունեմ։ Նրանցից որևէ մեկի մաղը կվերցնեմ և շտապ կտանեմ Գևորգ Չաուշին։ Հիշեցի, որ Տերգեվանք գյուղում մորաքույր ունեմ։ Հայտնի հաց թխող է։ Կմտնեմ մորաքրոջս տուն, նրա ալյուրի մաղը կվերցնեմ և կվերադառնամ Մառնիկի անտառը։ Եթե այդ էլ չեղավ, կգնամ Բերդակ և կփնտրեմ այն բերդակցու տան մաղը, որի սամիրով ճաշը կերել էի հողաչափի ժամանակ։

Տերգեվանքը հայտնի ֆիդայի Մխո Շահենի գյուղն էր։ Իմ որոնած տունը գյուղի ծայրին էր, և դուռը՝ բաց։ Մշեցիք աշխատանքի գնալիս դռները չեն փակում։
Ներս մտա։ Ուղիղ իմ դիմաց պատից կախված էր իմ մորաքույր Ռեհանի բավական խոշոր մաղը։ Տանը ոչ ոք չկար։ Մաղը պատից ցած առա և հանգիստ քայլերով ելա շեմքից, դուռը բաց թողնելով այնպես, ինչպես որ կար։
Հպարտ քայլում եմ ճանապարհով, շտապելով Բերդակի մոտով հասնել Մառնիկի սարը և ներկայանալ Գևորգ Չաուշին։ Սակայն Բերդակին չհասած հրաձգության ձայն լսեցի։ Տեսնեմ՝ անթիվ–անհամար քրդեր և օսմանլու զորք Բերդակի մոտ կռվի են բռնվել մի քանի ֆիդայիների հետ։ Երկուսին ճանաչեցի՝ մեկը Գևորգ Չաուշն էր, իսկ մյուսը՝ Գալեն։
Անհավասար կռիվ էր, և Գևորգն ու Գալեն շատ նեղն էին ընկած։
Երբ ավելի մոտեցա, տեսա մի երկրորդ քարաժայռի ետև դիրք մտած կրակում են Մառնկա Պողեն, Ալվառինջու Սեյդոն և Մշեցի Տիգրանը։ Բամբկու Մելոն էլ այնտեղ էր։ Նա և Ջնդոն փոխնեփոխ կրակում էին մի հրացանով։
Ընդամենը մի քանի ժամ չկար, որ բաժանվել էի և հանկարծ վերադարձիս ճանապարհին դեմ եմ առնում մի կատարյալ ճակատամարտի։ Ես անմիջապես խլեցի սպանված զինվորներից մեկի հրացանը և շտապեցի միանալ ֆիդայիներին՝ առանց իմ մաղից բաժանվելու։
Հենց որ մոտեցա Գևորգ Չաուշին և Գալեին՝ որոտաց ուժգին համազարկ։ Ուշադրություն գրավելու համար, թե խորամանկությամբ, ես մաղը վեր բարձրացրի, որոտաց երկրորդ համազարկը։
Մաղը տարա դեպի աջ և դեպի ձախ՝ համապատասխանորեն թեքելով իմ գլուխը։
Մաղի ամեն մի շարժումին հետևում էր մի համազարկ։
Ու հանկարծ թանձր մշուշ իջավ լեռան վրա։ Ես մաղը մի քանի անգամ մշուշի միջով աջ ու ձախ տարա և բարձրացրի վեր։
Եվ ի՜նչ… թշնամին խուճապահար ետ դարձավ։
Երկու հազարից ավելի թուրքեր և քրդեր աղաղակելով սկսեցին փախչել։ Ու բերնեբերան տարածվեց սուլթանի զորքի մեջ և ամբողջ Մշո դաշտում, թե Գևորգ Չաուշի կողքին երևացել է մի մարդ՝ ձեռքին վահանի նմանությամբ մի նորահնար զենք, որ անխոցելի է գնդակների դեմ։ Որ եթե այդ մարդը խաղում է այդ գործիքի հետ կամ մատներով դիպչում նրան, երկնքից կրակ է թափվում։ Որ ֆիդայիները սուլթանի զորքի դեմ պաշտպանվում են մաղի ձևով շինված մի կլոր զենքով։
Պատմում էին, որ նույնիսկ աստվածն է պաշտպան կանգնում Հայ ֆիդայիներին՝ վերևից մշուշ իջեցնելով լեռներին, որի միջից միայն այդ մազանման գործիքն է երևում և Գևորգ Չաուշի գլուխը, կողքին՝ զենքը բռնած այդ հսկա մարդու կերպարանքը…
Որ ոչ միայն Գևորգ Չաուշի, այլև նրա բոլոր հայդուկների պարանոցից զորավոր հմայիլ է կախված։
Եվ երգեր հորինեցին Գևորգ Չաուշի վրա, նրան դարձնելով առասպելական հերոս, թե նա այնքա՜ն քաջ է, որ թշնամու գնդակները մաղով է ժողովում։

Ու Տերգեվանքցի իմ խեղճ մորաքրոջ մաղի հետ կապված Բերդակի կռվի այդ զարմանալի պատմությունը գնաց հասավ սուլթան Համիդի ականջը, օսմանյան կայսրության բոլոր ծայրամասերը թնդացնելով Հայ ֆիդայիների անօրինակ խիզախության համբավով։

Մառախուղը գնալով այնպես թանձրացավ մեր շուրջը, որ մենք ապահով կարող էինք հեռանալ Բերդակի սարից։ Իմ մաղը մի անգամ էլ հաղթական բարձրացավ օդի մեջ, փայլեց արևի տակ և անհետացավ մշուշում…
Գնալու ժամանակ նկատեցինք, որ Գալեն ծանր վիրավորված էր թևից։ Մառնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն նրան Խութա սարերով տարան դեպի Սասնո կողմերը։

Ալվառինջու Սեյդոն իմ հրաշագործ մաղը ձեռքին Բամբկու Մելոյի հետ բարձրացավ դեպի իր քերծը, իսկ ես և Գևորգ Չաուշը բռնեցինք Ֆարխինի ճամփան։

Ֆարխինում Գևորգը ծանոթ լրաբերներ ուներ, որոնք տեղեկացրին իրեն, թե ռոմի թուրքերը շատ մտահոգված են Հայերի նորահնար զենքով և այդ կապակցությամբ նույն օրը Ֆարխինի մեջ օսման սպաների գաղտնի ժողով կա։
Հայդուկապետը ծպտվեց թուրք սպայի հագուստով, ինձ էլ ասկյարի շոր հագցրեց և երեկոյան մտավ սպաների ժողովասրահը։
Բոլորը ոտքի ելան, բարևեցին և խնդրեցին, որ ինքն էլ մասնակցի ժողովին։
Հարցրին իրեն.
— Որտեղի՞ց կուգաս։
— Վանից կուգամ և Պոլիս կերթամ, — ասաց Գևորգը։
— Երևի լսած կաք Բերդակի կռվի և Գևորգ Չաուշի նորահնար զենքի մասին։
— Լսած կա՛մ:
— Վանքի կռվից հետո դա ամենաահեղ զենքն է, որ հնարել են Հայերը՝ Գևորգ Չաուշի ղեկավարությամբ։
— Այո՛, այդ առթիվ սուլթանը շատ մտահոգ է։
— Եվ, երևի, այդ գործով էլ Պոլիս եք կանչված։
— Այդ արդեն իմ և սուլթանի գիտենալիք գործն է, — կարճ կապեց Գևորգը։
— Դե, նստի՛ր, նստի՛ր, քո ներկայությունը մեր ժողովին շատ կարևոր է և պատվավոր։
— Սեղանի վրա միայն մե՛կ օրակարգ կա,- ասաց նախագահը,- Գևորգ Չաուշի գլուխը բերողին հազար կարմիր ոսկի կա. այդպես է խոստացել սութլան Համիդը։ Ձեզ ո՞վ պիտի բերե Գևորգ Չաուշի գլուխը, — հարցրեց ժողովի նախագահը սպաներին։
Բոլոր սպաները ապշած իրար երես նայեցին։ Որևէ մեկը չհամաձայնեց։ Լռեցին ամենքն էլ։
— Ո՞վ պիտի բերե, — նորից հնչեց նախագահի ձայնը։
Քիչ հետո Գևորգը մատ բարձրացրեց.
— Ե՛ս պիտի բերեմ Գևորգ Չաուշի գլուխը, պարոն նախագահ, — ասաց Գևորգ Չաուշը։
— Դու՞ք… չեմ կարծում:
— Չե՞ս կարծում… Ա՛ռ, սա Գևորգ Չաուշի՛ գլուխն է, — ասաց հայդուկապետը դեպի նախագահը երկարելով իր գլուխը, — այդ հազար ոսկին էլ տար դիր քո կնկա վարտիքի մեջ։
Սարսափ տիրեց բոլոր սպաներին։

Գևորգ Չաուշն ասաց իր խոսքն ու քայլեց, ես էլ ետևից դուրս եկա։
Ֆարխինից վերադարձին իմացանք, որ Մառնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն վիրավոր Գալեին ճանապարհին իջեցրել էին Ղասմբեկի քյոշկը և ապավինել նրա կնոջը՝ Ջեմիլի խնամքին, որը հանձն էր առել բուժել վիրավոր Գալեի թևը»…