«ԲԱՐԵՓԱՌ ՄԻՀՐԸ՝ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՊԱՐԳԵՎՈՂ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀՈՂ»…
Դարերի խորքից պահպանված արձանագրություններից, ձեռագիր մատյաններից մեզ հասած փշրանքների հիման վրա բազմաթիվ ուսումնասիրողներ փորձում են վերականգնել անցյալի անհայտ էջերը: Պատմության, մշակույթի հարցերի լուսաբանումն ուղեկցվում է տվյալ ժամանակաշրջանի հավատալիքների մեկնաբանմամբ:
Քրիստոնեության տարածման ժամանակ և հետագայում ավերված, ոչնչացված հին մշակույթի շերտերից հառնում են նաև Միհրականության հետքերը՝ Բարեփառ Միհրին նվիրված բազմաթիվ պաշտամունքավայրեր՝ գրեթե չլուսաբանված ծեսերով ու խորհրդանիշներով:
Միհրականությունն իր առեղծվածներով միշտ էլ շղարշված է եղել՝ հասու միայն բարձր առաքինություններով օժտված փոքրաթիվ գիտակներին, քանզի, ինչպես հայտնի այլ «խորհրդավոր ծեսերում»՝ գիտելիքը, ուսմունքը փոխանցվում է հատուկ ծիսակարգով գործող համայնքի անդամներին միայն՝ բանավոր, օտար մարդկանց «հայացքներից» հեռու, այլոց տրվող որևէ տեղեկության խստիվ արգելքով…
Թադևոս Ավդալբեկյանն իր ուսումնասիրության մեջ Միհրականությունը բնութագրում է որպես «խիստ պահանջներով» ու «մշուշածես խորհրդարարքներով պարուրված մի բարդ վարդապետություն», որին ինքն անտեղյակ է («Միհրը Հայոց մեջ», Վիեննա, 1929 թ.):
Միհրականության նվիրապետական աստիճանակարգում իրենց տեղն ունենալու և Միհրին նվիրված ծեսերին մասնակցելու համար անհրաժեշտ էր կատարելագործվել հոգով, մտքով ու մարմնով՝ յուրօրինակ «քննությամբ» հաղթահարելով «տանջանքների աստիճանները»՝ «թեթևագույնից մինչև դժնդակագույն»:
Ֆիզիկական՝ օրեր շարունակ սովին, ցրտին, ցավին մարմնական բարձր դիմադրողականությամբ դիմակայման փորձություններով ու հոգևոր զարգացմամբ, կատարելագործմամբ ձեռք բերված հմտություններով, իմացությամբ ու կրթությամբ էր որոշվում մասնակցի աստիճանը (կմանրամասնենք մի այլ առիթով):
Բարեկենդանի տոնի նման սիրված էին մի քանի օր տևող Միհրական ուրախ տոնակատարությունները՝ Հայոց մոտ և այլուր (պարսիկների թագավորն այդ տոնին, ինչպես հույներն են վկայում՝ «մինչեւ ի գինովութիւն խմել և հրապարակաւ պարել է»): Բազմաթիվ երկրներում էր տարածված Միհրականությունը՝ «Փռյուգիացի կամ Հայ գդակով ու զգեստով երիտասարդի»՝ Միհրի պատկերով. «… և ոչ միայն ի Պարսս և ի սահմանակից աշխարհս, այլ և յարեւմուտս, ուր ինչուան հիւսիսային կողմեր գտուին Միհրական պատկերք, Mithriaques կոչուած, որ կերպարանէ փռիւգացի կամ Հայ գդակով և զգեստով երիտասարդ մի, ծունկը ցլու մի վրայ դրած՝ զոր կու փողոտէ, քովը մէկ կամ երկու նոյն հագուստով անձինք՝ մէկ մէկ ջահ բռնած, մէկին ծայրն դէպ ի վեր, միւսն՝ ի վայր, ցորեկ ու գիշեր նշանակելով. ցլուն քովը և ներքեւ եղած շունն, օձ, կրիայ, կարիճ, տարւոյ եղանակաց նշանակք են երբեմն և երկնից կենդանակամարին նշանք, արեւ և մահիկ լուսնի» (Ղ. Ալիշան):
«Լույսի ու Բարության Հուր-Արևի»՝ «Միթրայի գլխաւոր քաջութիւնն սպանութիւնն է առասպելական նախնադարեան էակի՝ ցլի, որի արիւնից է առաջ եկել երկրի պտղաբերութեան ամբողջ զօրութիւնը»,- մեկնաբանում է Թ. Ավդալբեկյանը և նշում Միհրականության որոշ հետքերը Հայոց մեջ («Առյուծը՝ որպես սրբազան կրակի խորհրդանիշ», «Ագռավի ու հրապաշտության կապը՝ Անձևացեաց աշխարհում, որտեղ գտնում ենք Ագռավի Քարը, Դարբնաց Քարը…
Տարբեր ավանդապատումներում՝ Ագռավը (ինչպես, օրինակ, Ագռավախաչը՝ Սյունիքում), որպես «երկնային կամքի պատգամավոր»՝ կյանքեր է փրկում՝ մարդկանց զգուշացնելով»)…
Արևի, Հուրի, Լույսի փառաբանման ակնարկները պահած՝ Հայոց ազգագրության ու բանահյուսության շարքում հիանալի մի անդրադարձ էլ Ղազարոս Աղայանի «Արևամանուկ» հեքիաթում է՝ հեքիաթի լեզվով ու խորիմաստ.
«Արևամանուկի հոր անունն էր Արևամանյակ, բայց նրա որդիքն ու թոռները դժվարանում էին ասել «Հայր Արևամանյակ», որովհետև շատ երկար էր, այդ պատճառով ասում էին «Հայր-Մանյակ» կամ «Հայրմա». իսկ նրա մոր անունն էր Արևամատ, բայց նրան էլ, փոխանակ ասելու «Մայր Արևամատ», ասում էին «Մայր-մա» կամ «Մամար»։ Նույնիսկ Արևամանուկին չէին ասում «Արևամանուկ», այլ՝ «Արմիկ» կամ «Արամիկ»։
Բայց թե ինչո՞ւ ամենի անունի մեջ էլ «Արև» կա՝ այդ ես չգիտեմ, միայն շատերն ասում են՝ այդ նրանից է, որ մենք՝ Հայերս, մի ժամանակ Արևապա՛շտ ենք եղել, մեր նահապետն էլ համարվում է եղել Արևի փոխանորդ, նրա ազգական, ցեղ, ծնունդ, ահա այդ պատճառով նրանց մեծ մասի անունն էլ «Արև»-ով էր սկսվում:
Բայց այս տեսակ մութ բաները մենք հետո կիմանանք, հիմա մենք դառնանք մեր Արևամանուկին»…
Հնագիտության առաջընթացից օգտվելով՝ 19-րդ դարից սկսած հազվադեպ ուսումնասիրություններում փորձվում է փոքր-ինչ լուսաբանել Միհրի շուրջ հյուսված պատմությունը՝ հիմք ընդունելով տարբեր դարաշրջաններից պահպանված որոշ գրավոր ակնարկներն ու պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութերը…
Մոտ 3.500 տարի առաջ Խեթերի թագավորության ու Միտանիի միջև կնքված դաշնագրում առաջին անգամ գրավոր հիշատակմամբ հանդիպող Միհր դիցի անունը քրիստոնեության տարածմանը նախորդող երեք հարյուր տարիներին հայտնի էր աշխարհի տարբեր երկրներում՝ նաև Հայկական Լեռնաշխարհից, Հռոմի կայսրությունից ու Պարսկաստանից հեռու ձգվող տարածքներում՝ որպես «Անհաղթ Արև», երկրի վրա «Արդարություն և Արդարադատություն հաստատող ու պահպանող»՝ դիցաբանական խորհրդանիշներով ուղեկցվող պատկերագրությամբ (Ժայռածին, հաճախ՝ Երկրի վրա Պտղաբերության հետ առնչվող՝ հնագույն հավատալիքների հետ կապված Ցուլի տեսարանով, Առյուծագլուխ, Քառաձի մարտակառքով կամ Արևի ճառագայթները խորհրդանշող գեսերով)…
Նշելով, որ Կապադովկիայի սեպագիր արձանագրություններում Միհրի անվան առկայությունը փաստում է դեռևս ն.թ.ա 14-րդ դարում նրա պաշտամունքի գոյությունը «Խեթերի հարևան ազգի մոտ՝ Միտանիում», բելգիացի պատմաբան, հնագետ Ֆրանց Կյումոնը (1868-1947) հավելում է, որ Ավեստայում Միհրը (Միթրան) Երկնային Լույսի Ոգին է. նա ի հայտ է գալիս արևածագից առաջ՝ լեռների ժայռոտ կատարներին, օրվա ընթացքում անցնում է իր ճերմակ չորս ձիերի կառքով և գիշերն անգամ երկրի մակերևույթը լուսավորում է իր շողով՝ «մշտարթուն, միշտ՝ հսկող», «իր հազար ականջներով ու հազար աչքերով» նա հսկում է աշխարհը: Միհրն ամեն ինչ տեսնում ու լսում է, ամենուր է և ոչ ոք չի կարող նրան խաբել: Հետևաբար՝ բնական փոխանցմամբ, նա բարոյապես դարձել է Ճշմարտության ու Հավատարմության դիցը, որի հովանավորությամբ կնքվում են երդումները, դաշնագրերը և պատժվում ուխտադրուժները:
Խավարը ցրող Լույսն է ուրախություն ու կյանք բերում աշխարհին, նրան ուղեկցող ջերմությունն է բեղմնավորում Բնությունը: Միհրն է «ընդարձակ գյուղերի (հողերի,Կ. Ա.) տիրակալը», որոնց «նա արդյունավետ է դարձնում, առատություն պարգևում՝ կենդանիների հոտեր, պտղաբերում ու կյանք տալով, ջրերը տարածելով բուսականությունն աճեցնում և իրեն պատվողին (փառաբանողին, Կ. Ա.) առողջություն, հարստություն ու երջանիկ սերունդներ պարգևում: Նա աննկուն պայքարում է չարի, հակառակորդի դեմ՝ նրանց տնավեր դարձնելով և իր հավատարիմ ռազմիկների օգնականն ու զինակիցն է՝ իրենց պայքարում, հաղթություն պարգևելով բարեպաշտներին» (Franz Cumont
«Les mystères de Mithra», Bruxelles, 1913, Ֆրանց Կյումոն, «Միհրի առեղծվածները», էջ 3 — 4, Բրյուսել, 1913 թ.):
Նույնն է և հազարամյակների խորքից մեզ հասած Հայոց Քրմական ուսմունքում. ահավասիկ՝ Քուրմ Միհր Հայկազունու ձոնմամբ՝
«ԲԱՐԵՓԱՌ ՄԻՀՐ ՊԱՐԳԵՒԷ ԶՓԱՌՍ ԵՒ ԶՊԱՏԻՒ,
ՇՆՈՐՀԷ ԶԲԱՐԱՒՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԼԻՈՒԹԻՒՆ,
ԽՐԱԽՃԱՆԱՒՔ ԵՒ ԽՐԱԽՈՒԹԵԱՄԲ ԼՆՈՒ ԶՏՈՒՆ
ԵՒ ԶԸՆՏԱՆԻՍ, ՄԻՆՉ ԵՂԾԱՆԷ ԶՏՈՒՆ ԵՒ ԶՏԵՂԻ
ԹՇՆԱՄԵԱՑ ՄԵՐՈՑ ԵՒ ՆՈՑԱ, ՈՐՔ ԴՐԺԵՆ ԶՈՒԽՏ ՄԻՀՐԱՅ,
ՇՆՈՐՀՈՂՆ Է ԱՐԵՒՈՐԴԵԱՑ ԲԱՐԵՊԱՇՏԻՑ ԵՒ ՊԱՏՈՒՀԱՍՈՂՆ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԱՑ»։
ԲԱՆՔ ՔՐՄԱՑ
ՁԱՒՆՄԱՄԲ
ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ
Հ.գ. Վերջերս Անհաղթ Արևին՝ Միհրին ու Միհրականության առեղծվածներին նվիրված ցուցահանդեսի առիթով պատրաստված փոքրիկ մի տեսանյութ՝ նշված հղմամբ…