«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում՝ լեռների ստորոտում սփռված գեղատեսիլ ու այգեվետ հարթավայրում է Մարզվանը, ուր 1921 թվականին ժամանակավորապես հանգրվանել էր բնիկ Սեբաստացի Նշան Զորայանն իր կնոջ ու նորածին զավակի հետ:
1915 թվականին 11 հոգանոց ընտանիքից միակ վերապրածն էր նա ու, ճակատագրի հեգնանքով, 1921 թվականի հուլիսին կրկին հայտնվեց կոտորածների բովում:

Հայերի (նաև՝ Հույների) հանդեպ աննախադեպ վայրագություններով ուղեկցվող այդ մի քանի օրերի իր հուշերից ևս մի հատված՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

«…Ճիշտ և ճիշտ դիմացնին կը գտնվէի՝ հազիվ երեսուն քայլ հեռաւորութեան մը վրայ և եթէ դիմացնին նայած ըլլային, անկասկած, ինծի կրնային տեսնել, ինչու որ մօտերս ծածկվելու որևէ տեղ մը չի կար:

Բարեբախտաբար, երբ մարդիկ ներս կը մտնէին, իրարու ականջի բաներ մը կը փսփսային, խնդալով ու առանց դիմացնին ուշադրութիւն դարձնելու ուղղակի մտան տունին մէջի սենեակներէն մէկը: Ես, ամէն վտանգ աչքս առնելով, կայծակի արագութեամբ խոյացա դէպի ջուրին ակը, որ հազիվ քանի մը քայլ հեռու էր ինձմէ և ամանս ընկղմելով մէջը՝ լեցուցի ան ու արագութեամբ ետ վերադարձայ թաքստոցս, ուր օրիորդը անձկութեամբ կսպասէր ինծի և տեսէր էր անցուցած փորձանքս:
Հինգ վայրկեան անցած չէր, երբ լսեցինք մարդոց փաթեթներու ձայները, որոնք կը քանդէին տախտակները՝ ինչ-որ գույքերու թաքստոց մը, որ չէինք գիտէր՝ ինչպէ՛ս գուշակէր էին նման թաքստոցի մը գոյութիւնը այդ տան մէջ: Տունին գլխաւոր աչքի զարնվելիք առարկաները պահած են եղեր անոր մէջ: Թաքստոց մը, ուրկէ հանեցին պղնձեղէն, ամաններ, գորգ ու կարպետներ, անկողիններու մետաքսեղէն երեսներով վերմակներ և թռչունի փետուրներով լեցված բարձեր ու ասոնց կարգին շատ մը առարկաներ, որոնք երևան հանելով՝ սկսան կրել ու տանիլ մեր աչքերուն դիմաց:
Այդ բաներն արդէն մէզի սովորական երևույթ մըն էր դարձած 3 օրէ ի վէր:
Չորեքշաբթի մինչեւ կէսօր դուրսի հրդեհը շարունակվէր էր և այլեւս՝ մինչեւ քաղաքին մէկ ծայրամասը:
Կէսօրվա վէրջ, ժամը երեքի-չորսի ատէնները մէյ մ’ալ տեսանք, որ մեր տանտիրօջ տունը գույքեր սկսան բերվիլ թուրքի մը կողմանէ, որուն տունն ալ կերևի հրդեհին այրած ըլլալու էր: Այս պատճառով ալ թեև ամէն ժամու այցելութենէն կազատուէինք իբրեւ այլեւս թուրքի բնակարան, սակայն կը վախնայինք դարձեալ, թէ կրնայ ըլլալ, որ այդ տեղափոխող թուրքն իսկ ելլի և խուզարկութիւն մը ձեռնարկէ ու մեզ նշմարելով՝ օձիքնիս ձեռք տայ:
Բարեբախտաբար, այդ բանը չէղավ. կերեւի՝ մարդը ժամանակ չունէր»…

Այնուհետև Նշան Զորայանը նկարագրում է, որ «այդ օրը տեղահանել էին հույն կանանց՝ հավաքելով Մարզվանից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող Կիամիշ հաճի գյուղում, ու Թոփալ Օսմանն իր չէթաներով՝ իրենց հղփացած ու լպիրշ արարքներից ու կողոպուտից հետո հեռացել էին, քանզի այլևս կողոպտելիք թանկագին բան չէր մնացել, իրենց ճամբու վրա կողոպտելու ու սպանելու ճիվաղային մտադրությամբ շարժվում էին դեպի պատերազմի դաշտը», իսկ քաղաքի թուրքերն իրենց «սխրագործություններից» հոգնած՝ հանգստանում էին տներում…

«Դուրսը կատարեալ մեռելային լռութիւն պատած էր ամէն կողմ:
Ես ու օրիորդ Նուարդը մութին մէջ նստած կ’անդրադառնայինք այդ զարհուրելի օրվան անցքերը վերյիշելով: Պէտք էր վէրջապէս ճար մը խորհիլ այս անել դրութենէն ազատուելու:
Միասին դուրս ելլելով փախչիլ կը մնար մեզի:
Կա՛մ կը բռնվէինք ու կ’սպաննվէինք, և կա՛մ փախչելով Ամասիա հասնէինք՝ կը հուսայինք այնտեղի Հայերը վտանգված չէին, և մենք ապաստան մը կը գտնէինք:
Օրիորդ Նուարդը յանկարծ միտք մը հղացեր էր, որ՝ «թերևս ուրիշ միջոց մը գտայ, որը թերևս ավելի օգտակար ու գործնական ըլլայ, եթէ յաջողէինք»:

Եվ առաջարկում է դիմել այն դրացի բարի մարդուն՝ իր պաշտպանությանն ապավինելով, մինչև «փոթորկի անհետանալը» ու մինչև փախուստը փորձեն գտնել իրենց ընտանիքի անդամներին, եթե ինչ-որ կերպ ողջ են մնացել…

«Միևնույն ատեն հայտնեց ինձի, թէ իր մօտ կը գտնվի ահագին գումարի մը հասնող իրենց տան հարստութենէն՝ ըլլայ թղթադրամ, թէ հնչուն ոսկի, ըլլայ զարդեղեն, ոսկիներ, մատանիներ ու ականջի օղեր և այլն, որը կը ներկայացնէր 8000 կարմիր թրքական ոսկի:
Իհարկե, փախուստի պարագային կողոպտվելու վտանգէն ալ կը վախնար, թեև այդ մասին ինծի չի արտահայտվեցավ:
Ես այդ մասին նախապէս տեղեկութիւն մը չունէի. ինչ որ իմիս էր՝ ուղիղ 130-ի չափ թղթադրամ կար և մտքէս անգամ չէր անցնէր անոր կորուստը:

Ես իր առաջարկը թեև գործնական կը գտնէի, սակայն շատ ալ հույս չէի դնէր նման ձեռնարկի մը յաջողութեան. կը մտածէի, որ մարդը, որքան ալ բարի եղած ըլլար, ո՞վ գիտէ, թե ի՛նչ ընթացք կուտար մեր փափագած առաջարկին և առանց վարձատրութեան պիտի հաճէ՞ր մեզ նման վտանգվածներ մը իր պաշտպանութեան տակ առնիլ:
Օրիորդը, երբ տեսավ, որ պատասխան մը չստացավ ինձնէ, ինքնաբերաբար կարծես զգաց իմ խորհուրդներս և իր հագած շորի ծալքերէն հանեց ճերմակ տոպրակ մը և ինծի երկարելով ըսավ.
«Ա՛ռ ասիկա և գնա՛ այդ մարդուն ներկայացիր: Ես հույս ունիմ, չի պիտի մերժեր ու պիտի ընդունի մեր խնդրանքը՝ եթէ նիւթական վարձատրութիւն մը ակնկալէ: Այդ ամէնը իրէն հանձնիր՝ եթէ հարկը պահանջէ. թերևս այս գանձը մեր կեանքը փրկէ»:

Հապա՞, եթէ այս հարստութիւնը մարդուն աչքը շլացունէր ու զիս մատնէր, որպէսզի անձայն ու անշշուկ տէրը դառնար այդ գանձին… Ո՞վ պիտի համարձակէր բողոքել և ո՞վ պիտի գիտցած ըլլայ, թէ այդ մարդը այս տեսակ արարք մը գործած էր:
Սակայն ստիպուած պահեցի մտքիս այս մտածումը, և ես ալ տրամաբանելով մտածեցի, որ այս մարդը պէտք չէր դասել ուրիշ թուրքերու դասին, քանի որ անոնց մէջն ալ պատահէր էի պատերազմի ընթացքին, որոնք կեանքս փրկած էին:
Վերցուցի ծրարը և հանձնարարեցի իրեն ալ աչալուրջ սպասէ վերադարձիս, բացակայութեանս ընթացքին չքնանայ ու եթէ իմ անձիս վտանգ մը պատահի ու չի վերադառնամ, բնավ չը հուսահատվի և աշխատի քաջաբար պաշտպանել իր պատիվը՝ շուներու ձեռք չ’իյնալով:
Իր պատասխանը եղավ՝ «Աստուած հետդ ըլլայ»:
Զգացի, որ կուլար հետեւէս…

Տարբեր ճամբաներով և զգուշութեամբ վար իջայ թաքստոցէս ու փողոց ելայ:
Ամէն կողմ լռութիւն էր, և շրջագայութիւնը բոլորովին կանգ առած. նույնիսկ գիշերապահ անգամ չի կար մէջտեղ:
Անձայն ու զգուշութեամբ առաջացայ դէպի մեր թուրք դրացիին տունը:
Նշմարեցի, որ դեռ լույսը կը վառվի, և մարդը պատուհանին քով նստած է, իսկ պատուհանը բաց ձգած էր:
Մի քանի վայրկեան ալ վարանեցայ, բայց վէրջապէս սրտապնդվեցայ ու պատուհանին տակը երթալով՝ կամաց ձայնով մը «պե՛յ պապա, պե՛յ պապա» ձայնեցի:
Մարդը, ձայնս առնելով, գլուխը պատուհանէն դուրս հանեց և հարցուց, թէ ո՞վ եմ և ի՞նչ կուզեմ:
Հայտնեցի իրեն, թէ իրենց դիմացի դրացին եմ և կուզիմ կարճ խոսակցութիւն մը ունենալ իրեն հետ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…