«ՈՉ ՄԻ ՓՈԹՈՐԻԿ ՀԱՅԻ ՄԻՏՔԸ ԽՈՐՏԱԿԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ»…

Տարոն Աշխարհը՝ Հայոց Դիցերին փառաբանող իր տաճարներով, հնագույն ժամանակներից ի վեր Հայ մարդու նվիրական կարևորագույն վայրերից էր և այդպիսին էլ մնաց նաև քրիստոնեության տարածումից հետո:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին անգամ՝ ջարդերի, կոտորածների դժնդակ տարիներին, տարբեր շրջաններից դեպի Տարոն ձգվող ուխտագնացությունները չէին դադարում…
Իրենց կյանքը վտանգելով Տարոնի սրբավայրերն եկող Հայորդիք Նախնիների ավանդույթներն էին շարունակում ու սերունդներին փոխանցում Ազգային ոգին:

«…Մշոյ Սուլթան Ս. Կարապետը ուխտաւորին մուրազին հասցնող, շնորհք պարգեւող այն երեք սրբավայրերից է, որ Հայ մարդը մի՛շտ է ցանկացել տեսնել, մի՛շտ է իր կեանքի մեծ ուխտագնացութեան նպատակը դարձրել:
Կայ Հայ մարդու ուխտագնացութեան մէջ Հայրենիքի ջերմ սիրոյ տարրը, իր պապերի սրբազան նշխարները ամուր պահելու փափաքը: Ուխտուածներով հարուստ լինելով է, որ Հայը անդունդների եզրերին դրուած իր գոյութիւնը կարողացել է պահել:
Ուխտագնացութեան ուղի՛ն է եղել նրա դառնութեան ժամի սփոփանքը:
Եւ մի՞թէ ուխտուածներով չէ, որ գոյութիւն են պահում գաղափարները, — ա՛յն գաղափարները, առանց որոնց ո՛չ անհատը, ո՛չ ալ ազգը կարող է ապրել»,- գրել է Գյուտ աբեղա Տեր-Ղազարյանը՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայ գաղթականներին օժանդակելու նպատակով ստեղծված «Էջմիածնի եղբայրական օգնության կոմիտեի» կողմից իրենց խմբին տրված հանձնարարությանը:

Թշնամու բարբարոս ձեռքով Հայոց պատմության ու մշակույթի հետքը կրող սրբազան վայրերի, հռչակավոր ուխտատեղիների ավերը՝ «անմռունչ կոթողների վրա թափած վրեժի թույնը», նրա աչքին նսեմացնում են նույնիսկ «չինգիզխան-լենկթեմուրյան ավերածությունները»:

Տարոնի վանքերում պահվող մշակութային գանձերը փրկելու և Էջմիածին տեղափոխելու նպատակով 1916 թվականի ապրիլին Տարոնի սրբավայրերում շրջելուց հետո իր խոհերը, տպավորությունները հրապարակվել են 1923 թվականի մարտին Բոստոնում լույս տեսած «Հայրենիք» ամսագրում (թիվ 5), «Pessimist» ծածկանվամբ:
«Տարօնի սրբավայրերը» վերնագրված հիշյալ հոդվածից որոշ հատվածներ՝ ստորև:

«Էջմիածնի Եղբայրական Օգնութեան յանձնարարութեամբ մի խումբ ուղարկուեց Տարօն՝
յատկապէս Ս. Կարապետ հայրենի սրբավայրերի նշխար-բեկորները բերելու Մայր Աթոռ:

Ե՞րբ է տեսնուած, որ ուխտագնացութեան ուղին հեշտութեամբ կատարուի, ու մեր խումբն էլ անցաւ ամսաչափ ճանապարհ՝ ցրտի, անձրեւի, երկիւղի, սարսուռի անբաժան ընկերակցութեամբ մինչեւ Տարօն»:

«Աշխարհից կտրուած ու աշխարհին մօտիկ, աշխարհայինը մոռացած ու աշխարհայինը յաղթահարելու ելած այդ մենաստանները Հայ ժողովրդի այն ճրագներն են այս ու այն
լերան լանջին, ծերպի վրայ, ձորի միջին վառուած, որոնք անվերջ խաւարի դէմ պայքարելու յուսոյ անհրաժեշտ աղբիւրներն են եղել:
Այդ ճրագ-մենաստաններում է Հայ մարդը իր գրիչն առել՝ լաւը երկնել, վատին դիմադրել»:

«…Մօտեցէ՛ք լռութեան զարմանալի լեզուն ըմբոնելու կարողութեամբ այդ մենաստաններին, եւ կը լսէք, որ նրանց սառը քարերը ձեզ Հայի մասին շատ բան կը պատմեն եւ ամենից առաջ, թէ իրենք ունին պահած այն կայծը, որ խաւարի թագաւորութեան ժամանակ միշտ փայլել է, որ համատարած սառնամանիքի ժամին այդ տեղերում է պահպանուել ապագայի յոյսի տաքութիւնը:

Այդ որոնում-ոգորումներով ճամբայ ընկայ ուխտատեղիները տեսնելու, մեր մեծ ճգնաժամին հսկայ պապերից աւանդ մնացած մեծ յուշարձանների հետ խօսելու, նրանց պատգամ-խօսքը լսելու»:

«Ուխտաւո՛ր, գնա՛նք այժմ Տարօն:
Գողտրիկ դաշտն է փռուած առաջներս, Մշոյ Հայաշատ, հացաշատ դաշտը: Եփրատ-Արածանին հոսում է դաշտի միջով, Մեղրագետն էլ գալիս — խառնւում է ու միասին առաջ են գնում:
Դաշտի չորս կողմը բարձունքներ ու լեռնաշղթաներ են ձգուած. պահապան կանգնել Հայ մտքի երկրորդ մեծ օրրանին ու անթարթ աչքով իրենց վրայ կառուցուած սրբութիւններն են պահում-պահպանում:
Այդ գագաթների վրայ են մեր Նախնիքը իրենց Դէտարան-դիտարան վանքերը հիմնել:
Այդ բարձունքներից են դիտել հեռւում երեւացող թշնամուն ու պատսպարել փախստականին: Միւս կողմից այդտեղ՝ աշխարհից հեռու, աղմուկից ազատ երկնել են Հայ մտքի ու զգացմունքի գեղեցիկ արտադրութիւնները, դարբնել են Հայի զարգացման հիմքերը:

Ու, երբ մութն է պատել Հայի դաշտին, այդ լեռների փարոս ամրութիւնների մէջ են վառուել ապագայի լոյսերը: Համատարած խաւարում, լերանց գագաթներին թառած մենաստաններում են վառուել ձիթէ ճրագները ու պլպլացել Հայի արցունքները:
Պատկերացրէ՛ք մի գողտրիկ դաշտ, չորս կողմը լեռներ, դաշտի միջով հոսող գետ, մութ ու խաւար. լեռների լանջերին իրարից հեռու երեւում են աղօտ ճրագներ. դրանք են Տարօնի սրբավայրերը՝ վանքերը:
Գնա՛նք Մշոյ Սուլթան Ս. Կարապետ վանքը, Իննակնեան լերանց լանջերին տեղ գտած այդ մենաստանը:
Ձորը մտանք ու ելնում ենք անտառի միջով. բարձրանում ենք վեր… մեր ետեւը թողինք ներքին փական (վանքի ներքին ագարակը)»:

…«Հանդիպեցանք վանքի վերին փակային (ագարակին): Պարսպապատ . մեծ փայտաշէն դուռ. աշտարակ. ու մէջը դատարկ, ամայի:
Արդէն սովորել ենք ամայի գիւղ, տուն, վանք տեսնելուն, չենք ազդւում. անցնում ենք՝ զարմանալով, որ տաճիկը այդ քարերի վրայ էլ չի փորձել իր քանդիչ ուժը: Ահա հեռուից մի գմբէթ երեւաց: Ս. Կարապետն է: Մօտենում ենք վանքին, ու թմբերի թիւն է աւելանում:

Ակամայից յիշում ես, որ հեթանոս Հայի տաճարներում վառուած կրակի, զոհած կենդանիների թմբերն են այդ:
Անցել է 1600 տարի եւ հեթանոս տարրը դեռ չի՛ ընկճուել, չի՛ անհետացել:
Ս. Կարապետը Մարդու Որդին մկրտեց, բայց Հայ երկրում նրա մկրտութիւնը շատ թո՛յլ եղաւ: Զարմանալիօրէն վանքի շրջապատը իր թմբերով, փոքրիկ բարձրութիւններով, հողի շերտերով առաջին իսկ հայեացքից պարզ ցոյց է տալիս, որ այդ թմբերի տակ հեթանոսական տաճարների, սրբավայրերի շատ հետքեր կան, որ Փրկչի խաչը դեռ անզօ՛ր է եղել Արեւի պաշտամունքը թուլացնելու, դեռ չէ՛ վերջացել Ս. Գրիգորի ու Դիմետր, Գիսանէ, Արձան քրմերի մէջ տեղի ունեցած՝ քրիստոնէութեան ու հեթանոսութեան մեծ պայքարը:

Միայն երկրի վերին խաւն է քրիստոնէից ոտքի կոխան. տակի շերտը դեռ հեթանոս Հայի հետքերն են կրում: Ու Ս. Կարապետը միշտ կը մնայ ամու՛լ Հայ մտքի վերածնութեան, զարգացման համար. նա եղաւ մուրադատու Հայ գիւղացուն, բայց ո՛չ լուսատու Հայի մտքին. նա եղաւ զոհերի, նուէրների շտեմարան, բայց ո՛չ մտքի ու խոկումների ծնարան, դարբնարան:

Այդքա՜ն մեծ հռչակ ունեցող սրբավայրը մտանք սառն ու անտարբեր. նա մեզ ընդունեց ու ճամբու դրեց առանց տաք խօսքի:
Մեծ է նրա շէնքը՝ հսկայական են նրա կալուածները, հողերը, անտառները. գերմանական մի երկու դքսութեան չափ տարածութիւն ունի նա: Մեծ կալուածատիրոջ վայել բազմապիսի շէնքերով շրջապատուած վանքը շէնքերի մէջ անհետանում, կորչում է կարծես:
Դպրոցական շէնքը, ուխտաւորների, միաբանների, վանահօր սենեակները, երկյարկ շտեմարանը, անասնոց բակը, գոմը եւ ախոռները այնքա՜ն են խճողում վանքի շէնքի պատկերը, որ մարդ կարծում է, թէ մի հարուստ նախարարի մօտ է եկել հիւր եւ ոչ թէ մենաստան:

Դա ազնուականի՝ Հայ նախարարի՛ ապարանքի մի պատկեր է եւ ո՛չ Հայ ճգնաւորի, Հայ վանականի՛ անշուք խցերի մի սրբավայր:
Վերյիշում ես անցեալը, համեմատում ես միւս վանքերի հետ ու տեսնում, որ Ս. Կարապետը կուլտուրական շատ քիչ բան է տուել մեր կեանքում. որ այդքան ապահով, այդքան մեծ ուխտատեղի, այդքան շատ կապուած ժողովրդի հետ սրբավայրը չի նպաստել մի սովորական վանքի չափ Հայ մտքի ճոխացմանը»:

«…Նիւթի պաշտամունքից յաւէտ ստրուկ, ստամոքսի գերի տաճիկը ինչո՞ւ պիտի անուշադիր թողնէր Ռուսահայաստանից անգամ արծաթ, ու ոսկի, դիպակ, թաւիշ նուէրներով հարստացած այս վանքը:
Իսկ որ վերջին ժամանակները այդտեղ են ապաստան գտել նաեւ տաճիկ խարխլած պետութեան հակառակորդ Հայ երիտասարդները՝ առաւել եւս հոգեվարքին հասած տաճիկը պէտք է խուզարկէր, պրպտէր այդ հարուստ կալուածք-վանքը:

Եւ նա, որ քանդելու գործում դարերի վարժութիւնն է ձեռք բերել, հմուտ կատարել է իր գործը: Ընչաքաղցութեան տարփական տենչը ստիպել է նրան ամէն ինչ իր տեղից շարժել. որոնել, պրպտել ամէն տեղ: Չէ՞ որ յատկապէս տաճկահայը իր գոյքի ապահովութեան միակ միջոցը որոնում է տան թէ
վանքի պատի մէջ, յատակում, որեւէ քարի տակ շինած դարանում: Եւ ոսկու փայլից կուրացած տաճկին անծանօթ չէ այդ դարանների գոյութիւնը:

Ահա՛ նա՝ Ս. Կարապետի առջեւ կանգնած՝ աչքերը չորս դին է դարձնում ամէն պատի մէջ, ամէն ծերպի տակ, յատակում, սիւնի մէջ, վանքի սեղանի ներքեւ, սեղանի քարերի մէջ դարաններ է որոնում՝ վանքի դանձերը գտնելու, վանքի զարդերը կողոպտելու:
Եւ վառօդի, պայթուցիկի-ուժանակի միջոցով սկսում է մի աւերածութիւն, մի նոր վանդալականութիւն: Ճարճատիւնով, դղրդոցով ընկնում, փլւում են վանքի գմբէթները:
Պարսպի դրսի կողմի քարերը: Վանքի առաջ եղած փոքր հրապարակի սիւները»…

«… Տաճկի որոնում-պրպտումից ազատուած արծաթեղէն-ոսկեղէնն ու սրբութիւնները առանք ու ցած իջանք: Ցած իջանք առանց մի խօսք-պատգամ լսելու այնտեղից:

Որ կողոպուտը, թալանը չէ միայն տաճկին շունչ տուողը, այլ էութեամբ կուլտուրային հակառակ լինելը, կուլտուրականը չհանդուրժելը, պարզ երեւաց, երբ լերան բարձունքի մի փոքրիկ հարթավայրում պատսպարուած Առաքելոց կամ Թարգմանչաց վանքը գնացինք ու տեսանք աւերը:

Ո՛չ միայն վանքի գմբէթներն են ուժանակով պայթեցուած, ո՛չ միայն ուխտաւորի սենեակներն են քարուքանդ արուած, այլ եւ վանքի արեւելեան կողմում յանուն թարգմանիչների՝ Խորենացու, Մամբրէի, Եղիշէի, Դաւիթ Անյաղթի կանգնեցրած հսկայական գեղեցիկ խաչարձաններն են տեղերից շարժւած, գետին գլորուած ու կոտրտուած, միջից կիսուած, բացի Անյաղթի խաչարձանից, որն անյաղթելի՛ է մնացել իբրեւ անյաղթ փիլիսոփայի Հայ փիլիսոփայական տիպար մտքի անընկճելի վկայ:
Ուրախ եղայ, որ բարբարոսը գոնէ անկարող է գտնուել այդ հսկայ քարը տեղից շարժել. դա մի խորհրդանիշ էր, որ Հայ միտքը աւեր — աւարի, համատարած բնաջնջումի մէջ, այնու ամենայնիւ, կանգու՛ն է մնացել:
Դաւիթ Անյաղթն էր միակ անսասան վկան մտքերի շտեմարան Տարօնի սոսկալի աւերածութեան մէջ: Լերան գագաթից լուռ, անթարթ ու յամառ նա դիտում էր անցուդարձը եւ կարծես ասում, թէ ոչ մի փոթորիկ Հայի միտքը խորտակել չի՛ կարող:
Թող գա՛ն անգամ մեզ ատողները, թող գա՛ն կուլտուրայից բան հասկացող, բայց մեր նկատմամբ անտարբեր, առարկայօրէն քննադատողները եւ տեսնե՛ն Տարօնի դաշտի մեր թարդմանիչ հայրերի ժողովատեղի վանքը, տեսնե՛ն, թէ տաճիկը ի՞նչպէս է վրէժ լուծել քարից, պատից. տեսնե՛ն, թէ ի՜նչպէս բարբարոսը Հայ արուեստի կերտուածները դիտմամբ գետին է գլորել, կոտրտել.
Զգում ես, որ միայն անզուսպ, վայրագ կիրքը, կատաղի մոլութեան հասնող ատելութիւնն է ընդունակ անշունչ իրերից էլ իր վրէժն առնել»:

«…Գնացինք Աշտիշատ — դաշտից մի քիչ հեռու՝ Աւրան մեծ գիւղի մօտ, համանուն Աշտիշատ գիւղի կողքին շինուած վանքը տեսնելու:
Գնում ենք համեմատաբար հարթ, գեղեցիկ, կանաչ խոտ ճանապարհով. հեռուից տեսնում ենք ծառեր, որ այնքան հազուագիւտ են այդ թոռոմած երկրում:
Բարձրացանք բլուրը, որ հեթանոսական վայրի հետքեր է պարունակում եւ որ կարծես արհեստականօրէն է շինուած:
Տեսանք աւերակները միայն, որոնք շատ հնուց են մնացած, Լէնկթիմուրի ժամանակից, երբ հսկայ վանքի քարերը տարել Եփրատի վրայ կամուրջ են շինել:
Միայն հսկայ սիւների բեկորներն են մնացել քարուքանդ:

Ակամայից մղկտում է սիրտդ, որ Հայ մարդու արիւն — քրտինքով շինուած հրաշալի կերտուածքը աւերակի է վերածուել: Ու մըտածում ես. ինչո՞ւ Հայ մարդուն դրել են սիզիֆեան աշխատանքի դերում. ինչո՞ւ նրան ստիպում են միշտ աշխատանքի աւերակները տեսնել, անդադար միայն կործանումների ականատես լինել:

Եւ զարմանալին այն է, որ տասնեակ տարիների աշխատանքները մի — երկու օրուայ ընթացքում իր իսկ աչքի առաջ կործանուած տեսնող Հայը դարձեալ ու դարձեալ սկսում է նորից շինել, նորից կերտել, որ դրանց կործանումն էլ տեսնի ու կրկին բահն ու բրիչն առնի իր ձեռքը:
Աշտիշատը կործանուել է, բայց Հայը նրա տեղ Յօհաննու վանքը, Սալմսավանքը, Տաթեւը, Սանահինն է շինել՝ ու այսպէս անվերջ, անդադրում»…