«ԱՆՄԵՌԱՑ ՏՈՆԸ՝ ՏՈՀՄԻ, ՏԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆԸ»…

Հայոց հնագույն ավանդույթների ու տոների շարքում բոլորիս հարազատ՝ Նախնիների հիշատակի օրն է այսօր՝ «Անմեռաց Տոնը՝ Տոհմի, Տան ու Ընտանիքի տոնը, Քաղոց ամսվա Վարագ օրը (նոյեմբերի 14-ին), Նանե Դիցուհու և Սանդարամետ Դիցամոր հովանավորությամբ»,- ինչպես հիշեցնում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Հարութ Առաքելյանը և Քուրմ Միհր Հայկազունին:

Անմահացած Նախնիների և, միաժամանակ, իրենց զավակների՛ մեջ Անմահություն գտած Նախնիների տոնն է, Հայոց ազնվատոհմ, քաջատոհմ Նախահայրերի, նրանց սերմի՝ սերունդների՛ անմեռ հիշատակի տոնը…
Վաղնջական ժամանակներից ի վեր, Ծառը Կյանքի ու նաև՝ Մարդո՛ւ խորհրդանիշն է՝ իր Արմատներով (Մարդն՝ իր Նախնիներով) ու Ճյուղերով՝ Ընձյուղներով (Զավակներով), ինչպես և՝ իր Պտուղներով (գործերով)…
Արմատներով Հողի ընդերքից իր սնունդն ու ջուրն է ստանում Ծառը և Երկնքից՝ Արևից, իր կյանքի, գոյության համար անհրաժեշտ լույսը, ջերմությունն ու ցողը…

Ինչպես ծառն է իր արմատներից սնվելով զորանում, ճյուղավորվում, առատ բերք տալիս, այնպես էլ մարդն է իր Նախնիներից ժառանգված ֆիզիկական (գենային) և մշակութային պաշարով՝ Լույսով (ազգային ուսմունքով) սնվում, պտղաբերում:
Եվ ինչպես ծառի արմատի հզորությունն ու ճյուղերի առատությունն են պարարտ պտղաբերման գրավական, այնպես էլ մարդն իր արմատներով ու ճյուղերով՝ բազմանդամ տոհմո՛վ է բարեբերության, հարստության ապահովման գրավական:
«Ուր սերմ է, անդ և բազում տոհմականք»…


Յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր ազգ իր արմատների՛ շնորհիվ է բարգավաճում, հայրենիքը, սեփական տունը՝ «օջախը» շենացնում…
«Զավակնե՛ր ունենաք՝ և՛ զինվորացու, և՛ մայրացու:
Վարուցա՛նք անող և երեխա՛ ծնող:
Զավակներ շատ ունենաք՝ կհարստանաք, քիչ ունենաք՝ կաղքատանաք, չունենաք՝ կմնաք անհիշատակ:
Թող ձեր օջախի ծուխն անպակաս, անթեղն՝ անմար, պատը՝ կանգուն, դուռը՝ բաց, տաշտը՝ հաց, փարչը՝ գինով, տունն՝ օրոցքով լինի:
Գավաթը երկրորդ՝ սերունդի՛ կենաց…»,- հնուց եկող մաղթանքն է հիշեցրել Հայ գրող՝ ծնունդով Ջավախքի Ախալքալաքից՝ Մկրտիչ Սարգսյանն իր «Գարուն էր, ձյուն էր արել» պատմվածքում:
Հայոց մեջ ընտանիքի՝ օջախի պահապանը՝ թոնրի կրակը մշտավառ ու «ծուխն անպակաս» պահողը, տան կերակրողը Տատն էր, Մեծ մայրը, Մայրը…

«Աղջիկից շատ սակավ են պահանջում դրսի գործերը, նա ավելի աշխատում է տնային տնտեսության մեջ, կամ, որպես ասում են, պտտվում է «օջախի» չորս կողմը:
Այդ բանի մեջ նա հլու սպասուհի է. նրան միայն հրամայում են «այս բե՛ր» և «այն տա՛ր». իսկ միջամտություն գործել կերակուրների պատրաստության մեջ, նա չէ կարող, այդ իրավունքը պատկանում է հասակավոր կնիկներին» (Րաֆֆի):

Նանե Դիցուհու և Սանդարամետ Դիցամոր հովանավորությամբ տոնվող այս ուրախ տոնի խորհրդանիշներից է տոհմի անդամների նման բազում՝ «կուռն մարգարտաշար հատիկներով» և օջախի կրակի նման հրափայլ ու հրագույն պտուղը՝ Նուռը, որի օրհնումն են կատարում Հայկազուն Քրմերը հիշյալ տոնական օրը:


«Նուռն հրագույն՝ Պտուղ գնդաձև՝ թագ ի գլուխ, կարմրակեղև, և կարմրահատ՝ կուռն մարգարտաշար հատիւք. անոյշ կամ թթուաշ, օգտակար որպէս ըզդեղ զովարար»…
Անմեռաց տոնի և Նուռնօրհնեքի շնորհավորանքներով…
