«ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՏՆԵԼՆ Է»…
«Որքան մոտենում եմ աստղերին, այնքան նրանք մեծ, վսեմ և խորհրդավոր են լինում:
— Մոտեցե՛ք իմաստուններին և քաջերին. նրանք էլ են աստղեր՝ մեծ և վսեմ»:
«… Թող խավա՛ր լինի — աստղերն ավելի՛ պայծառ կփայլեն»… (Ավետիք Իսահակյան)
Կյանքի, տիեզերքի, արարման, ինքնաճանաչման հարցերի շուրջ մտորումները, Բնության առեղծվածները բացահայտելու, ըմբռնելու ցանկությունը հազարամյակներ ի վեր ստիպում են մարդուն խորհելու, ճշմարտությունը փնտրելու, գոյությունն իմաստավորելու…
«Չմտածող մարդու համար ամեն բան պարզ է. նրա մտքովը չի անցնում «ինչո՞ւ» հարցը…
Բայց մեկը, որ մի անգամ դնում է «ի՞նչ», «ինչու՞» հարցերը, նրա երջանկությունը մարում է, և աշխարհը սկում է գաղտնիքների մեջ…
Բայց մտածող մարդու համար երջանկությունը ճշմարտության գտնելն է…
Մի անգամ ճամփա մտնողը պիտի շարունակե հասնել նրա վերջին — Նիրվանային…
Ուրիշ բան էր, եթե մենք ճամփա չմտնեինք, մնայինք անասուն — հիմար և երջանիկ…»,- գրել է Ավետիք Իսահակյանը 1895 թվականին:
Աշխարհի գաղտնիքները մեկնելու ձգտման փոխարեն «անգիտության մեջ ուրախ ու երջանիկ ապրելու» պատրանքին անդրադառնալով, նա աշխարհընկալման խնդրի կարևորությունն է արծարծում չինական մի խորիմաստ պատմությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
ՇԻ-ՀՈԱՆԳ-ՏԻ ԲՈՂԴԻԽԱՆԸ
(Ն.թ.ա. 200 թ.)
«Երկնային պետության տերը՝ Շի-Հոանգ-Տի Բողդիխանը՝ երկնքի պես հպարտ ու բարձրամիտ, նստել էր փղոսկրե գահույքի վրա՝ մռայլ և դաժան: Նրա աչքերի մեջ մրրկում էր զայրացկոտ Դեղին ծովը, անդուլ ճանկռում էր Չինու ափերը: Եվ նրա խոժոռ ճակատի վրա կնճիռները Գոբի անապատի օձերի նման գալարվում էին: Բազմել էր նա մտատանջ և դժնատեսիլ, ինչպես մթագին ամպը, որ շանթ ու որոտ ունի կրծքում խտացած:
Նրա գահույքի պատվանդանի ներքև՝ հատակի վրա գետնատարած, ինչպես մրրիկի առջև արտերն են լինում, անհույս ճակատները մարմարե սալաքարերին սեղմած՝ սասանել էին չինական աշխարհի բոլոր գիտունները և իմաստունները — չորս հարյուր հիսուն ալեծածան գլուխներ:
Եվ որոտաց Բողդիխանը:
- Արդյոք այրվե՞ց, ծուխ ու մոխիր դարձա՞վ Ոգիների աշտարակի վրա հոխորտացող աստղադիտարանը:
- Այո՜, երկնքի ու երկրի տեր, այրվեցին, ծուխ ու մոխիր դարձան աշտարակն ու դիտարանը քո աստվածային հրամանի համաձայն, — ահաբեկ պատասխանեց մեծ նախարարապետը՝ ճակատը մինչև հատակը բախելով:
Նորից որոտաց Բողդիխանը:
- Արդյոք այրվեցի՞ն, ծուխ ու մոխիր դարձա՞ն այն մատյաններն ու մագաղաթները, որոնք գտնվում են իմ գայիսոնի ներքո, որոնք ճգնում են տիեզերական գաղտնիքներն ու պատճառները լուծել, բայց որոնք խաբում են ու մոլորեցնում մարդկային ոգին միայն:
- Այո՛, երկնքի՛ արև, երկրի՛ երկինք, աստվածների՛ որդի, ամեն ժամ հավաքվում են մատյանները և այրվում քո երկնափայլության ապարանքի հրապարակի վրա, քո ամենակարող կամքի համաձայն, — պատասխանեց մեծ նախարարապետը՝ ճակատը հատակին քսելով:
- Հիմա դուք ինձ ասացե՛ք, ո՛վ գիտուններդ և իմաստուններդ,- դարձավ Բողդիխանը նրանց, — դու՛ք, որ քրքրում եք երկինք ու երկիր, մարդկային հոգին ու կենդանու հոգին, և ամեն ինչ:
Ասացե՛ք, ինչու՞ համար է ապրում մարդը, ի՞նչ է կյանքի նպատակը, որտեղի՞ց ենք գալիս մենք, ու՞ր ենք գնում մենք, ի՞նչ է նյութը, ի՞նչ է ուժը, և ինչու՞ են դրանք, պատասխանեցե՛ք ինձ:
Ասացե՛ք, ի՞նչ է տիեզերքը, ինչու՞ ստեղծվեց նա, ե՞րբ է նրա սկիզբն ու վախճանը, և վերջապես, ի՞նչ է ժամանակն ու տարածությունը, և ինչու՞ են դրանք…
Տիրեց անապատային խորին լռություն:
- Դու՛ ասա, ո՛վ ծերուկ, որ ավագն ես գիտուններիդ մեջ,- դիմեց նա զառամյալին:
- Այս դու մեզնից բյուր անգամ լավ գիտես, ո՛վ մեծդ Բողդիխան, դու՝ արքաների արծիվ, որ երկնքի որդին ես և արևից իջած,- երկյուղագին պատասխանեց ծերունին:
- Եթե չգիտեք, ապա ինչու՞ եք գրում և կաճառներում իրար կոկորդ պատռում: Շուտ պատասխանի՛ր:
- Տե՛ր իմ ամենահզոր… Մենք կարող ենք պատասխանել, բացատրել, եթե հաճելի է քո երկնային ականջներին, շատ բաներ, բայց թե «ի՞նչ է և ինչու՞ համար է» — չե՛նք կարող:
Այնքան մեծ է, սոսկավիթխար, անպարունակ և անպարփակ տիեզերքը, որ մենք նման ենք այն անձին, որ կանգնած անծիր օվկիանի ափին՝ մի շիթ միայն վերցրած նրանից, կշռում է այդ շիթը ամբողջական օվկիանի ծանրությունը իմանալու համար:
Անզո՛ր է մարդը՝ ընկերը տիղմում սողացող որդերի:
Ամենայն երևույթ, ամենայն առարկա իր պատճառն ունի և իր հետևանքը, մենք կանգնած ենք պատճառների սանդուղքի մի անհայտ աստիճանի վրա. երբ պատճառները քրքրելով իջնում ենք աստիճան առ աստիճան դեպի խորախոր անդունդները տիեզերքի, մեր միտքը հալչում է ու ցնդում, ինչպես անձրևի կաթիլը կիզող արեգակի առաջ… Ոչ ոք չի՛ կարող իջնել մինչև առաջին աստիճանը, որովհետև նա չկա…
Աստվածների՛ մեծ շառավիղ, այն բոլորը, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք կամ լսում՝ ծնունդ են տիեզերական Մայր Պատճառի, մայրը բոլոր պատճառների:
Պատճառականության շղթայի մի՛ օղակն է միայն մեր ձեռքում, իսկ մյուս անհամար, անթիվ օղակների շղթան թաղված է անհունության մեջ: Ոչ ոք երբեք չի՛ կարող և չպիտի՛ կարողանա հասնել առաջին օղակին, որովհետև նա չկա՛…
- Ինչի՞ս է պետք այն, ինչ որ ես տեսնում եմ, լսում եմ ու շոշափում. երեխան իսկ գիտե և հասկանում է իրերը այնպես, ինչպես ինքն է զգում կամ երևակայում:
Տիեզերական բովանդակությունը ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ նրա էությու՛նը իմանալ: Ժամանակի և տարածության պատճա՛ռն եմ ուզում իմանալ:
Պատասխանեցե՛ք ինձ և կամ մեռե՛ք բոլորդ:
Ամպրոպի նման որոտաց Բողդիխանը, և բովանդակ ապարանքը դղրդաց, և նրա դաժան աչքերի դեղին ծովերը փոթորկեցին մոլեգին…
Լոտոսի տերևների պես դողացին բոլոր գիտուններն ու իմաստունները:
- Երկնքի՛ որդի, ամենաբարի՛ ոգի, տե՛ր մեր կյանքին ու մահին, սուրբ է քո կամքը, և քո տենչը դեպի իմացականությունը՝ նվիրական, բայց ինքը՝ մեծն Սաքիա-Մունին՝ Հիմալայը խոկման, ինքը՝ մեծն Կոնֆուցիոն, որոնց բերանով ինքը՝ ժամանակի և տարածության, հավերժության և անսահմանության աստվածն է բարբառում,- նրա՛նք նույնիսկ անկարող եղան բարձրացնել տիեզերական անհասանելի գաղտնիքների վարագույրի ամենաչնչին ծա՛լքն անգամ…
- Դուք ամենքդ պիտի մեռնե՛ք, եթե չմեկնեք ինձ լլկող, չարաչար կեղեքող հարցերը,- մռնչաց Բողդիխանը,- դուք ամենքդ պիտի մեռնե՛ք…
Զայրույթից և հուսահատությունից ըմբոստացած՝ ծառացավ ավագ իմաստունը, գավազանը խփեց մարմարյա հատակին, թոթվեց ալեհեր բաշը և խրոխտացավ Բողդիխանի ճակատն ի վեր:
- Ստրուկների՛ տեր… անհուն է, անսկիզբ, անվերջ անափ, անըմբռնելի տիեզերքը իր ժամանակով և տարածություններով, անհամար աստղեր ու արևներ են ծնվում ու մեռնում, ինչպես վայրկենական երևույթներ հավերժության մեջ, ինչպես մանր խխունջներ օվկիանոսի մեջ:
Տիեզերքը լցված է արևների ավելի շատ հույլերով, մոլորակների ավելի անթիվ երամներով, քան մեծազոր մեր արքայի հսկայական շտեմարանները բրնձի հատիկներով, քան փեթակները մեղուների պարսերով…
Եթե արքան ստրուկներիս՝ կարողանա գտնել հրեղեն, թևավոր նժույգին, որը եթե կարողանա լույսից և մտքից ավելի արագ՝ մի հազարերորդական վայրկյանում հասցնել արքային հեռավոր արեգակին և անցնել այն կողմը և նույն թափով անհամա՜ր, անհամա՜ր դարեր արշավել տիեզերական տարածությունների միջով՝ այն ժամանակ մի մազ անգամ առաջ գնացած չի լինի արքայի գահույքի մոտից… Այդքան ահագին է և անըմբռնելի է տիեզերքը…
Այլևս մենք ոչինչ չենք կարող ասել, սպանի՛ր մեզ, դու՛, որ երկնքի որդին ես, դու՛ պիտի գիտենաս այն, ինչ որ մենք չենք կարող գիտենալ…
Լռեց ծերունին. Բողդիխանն առավ մռայլ ճակատը ափերի մեջ և խորհում էր:
Տիրեց ծանր ու երկար մղձավանջային լռություն:
Ապա Բողդիխանը առանց ճակատը բարձրացնելու՝ անդրաշխարհային ձայնով շշնջաց.
- Տարե՛ք սրանց ամենին գլխատման հրապարակը:
Նախարարապետը գլուխ իջեցրեց Բողդիխանի առջև, և բոլոր գիտուններին և իմաստուններին դուրս տարան գլխատելու: - —
Մյուս օրը Բողդիխանի հրամանով ներկայացավ նախարարապետը և հայտնեց, որ ամենքը գլխատված են արդեն:
Այն ժամանակ շանթերով փայլատակեցին Բողդիխանի մռայլ աչքերը, և հրամայեց նախարարապետին.
- Հրովարտակեցե՛ք մեր պարիսպներից մինչև դարբասները երկնածրար Հիմալայի և մինչև ափերը մեծ օվկիանոսի, որ այսուհետև երկնային պետության սահմաններում չպիտի՛ գրվի ոչ մի գիրք «Ինչի՞» և «Ինչու՞»-ի մասին, չպիտի՛ խորհվի կյանքի նպատակի մասին, չպիտի՛ հարցվի պատճառների պատճառի մասին, իրերի սկզբի և վախճանի մասին, չպիտի՛ քննվեն տիեզերական գաղտնիքները, և մանավանդ, ո՛չ մի շշուկ ժամանակի-տարածության առեղծվածի մասին:
Երբե՛ք: Երբե՛ք:
Հրովարտակեցե՛ք աշխարհե-աշխարհ, որ Շի-Հոանգ-Տի Բողդիխանը սպանեց Ոգին ու Միտքը:
Կեցցե՛ կյանքը անգիտակ և բնազդային:
Թող ապրի իմ ժողովուրդը առանց Ոգու և Մտքի՝ անգիտության մեջ ուրախ ու երջանիկ, թող կենսաբաշխ արևի տակ սիրե, աճե և զվարճանա:
Երեկոյան պալատականները գտան Բողդիխանին գահույքի վրա մեռած՝ դաշույնը սեփական ձեռքով իր սրտի մեջ խրած»:
Ղազարապատ, 1907 թ.