ԱՐԵՎԱԳԱԼԻ ՏՈՆԸ՝ ԲԱՐԵՓԱՌ ՄԻՀՐԻ ԾՆՈՒՆԴԸ
Անհիշելի ժամանակներից ի վեր կարևորվել են Բնության շրջափուլերը՝ երկրի նկատմամբ Արևի դիրքի փոփոխություններով պայմանավորված:
Առանձնահատուկ նշանակություն ունեցող օրերը նշվել են հանդիսություններով, տոներով ու ծեսերով՝ Նախնիների գիտելիքներն ու ավանդույթները սերունդներին փոխանցելու նպատակով:
Ձմեռային շրջանում Կյանքը պահպանելու և գարնանը Բնության հերթական վերազարթոնքի հետ կյանքի շարունակականությունն ապահովելու խորհուրդն է Ձմեռային արևադարձի օրվա նշանավորումը:
Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Արևագալ-Միհրի ծնունդի տոնի բացատրությունից մի փոքրիկ հատված՝ ստորև:
«Միհր Բարեփառ Դիցի հիմնական պաշտամունքային վայրերը կոչվում էին Քարայր, որտեղ Միհրը ծնվում էր քարից՝ ժայռից:
Նման Քարայրները, «քրիստոնյա» կոչվող Հայաստանում, ոչնչացվեցին կամ եկեղեցու վերածվեցին, իսկ հարևան իսլամական Իրանում դրանք պահպանվում են որպես «իրենց»՝ ազգային ժառանգություն:
Միհրի Քարայրում կանգնեցված կենտրոնական ժայռը քրիստոնյաները խաչքար դարձրեցին:
Ճանաչե՛նք և տե՛ր կանգնենք մեր ժառանգությանը»…
«Միհրական տոմարի համաձայն, Արաց ամսվա Գիշերավարի օրը (դեկտեմբերի 21), տարվա ամենաերկար գիշերն է, որին հաջորդում է Մեհեկան ամսվա Արեգ օրը (դեկտեմբերի 22)՝ Արեգ-Միհրի ծնունդը:
Սա Միհրական տաճարական տոմարի համաձայն Միհրի ծնունդի բացատրությունն է՝ հիմնված աստղագիտական ճշգրիտ հաշվարկների վրա:
Իսկ Հայկյան սրբազան-ավանդական տոմարի համաձայն, Միհր Բարեփառի ծնունդը տոնվում է Մեհեկան ամսվա Միհր օրը՝ դեկտեմբերի 23-ին:
Այս տարվա՝ 2023 -ի ձմեռային արևադարձը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ առավոտյան ժամը 7.27-ին:
Միհրի ծնունդը կոչվում է «Արեւագալ» և համարվում է հիմնական տոներից:
Այդ օրվանից ցերեկվա տևողությունը սկսում է ավելանալ, մինչև Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Ամանոր-Զատիկին ցերեկվա տևողությունը գերազանցում է գիշերվա տևողությանը:
Արեւագալը նաև համարվում է նորածինների տոնը, որի ժամանակ այդ տարվա ընթացքում ծնված երեխաներին օրհնում են, գլխներին չիր ու չամիչ լցնում և ուրախանությամբ անցկացնում տարվա ամենաերկար գիշերը՝ մինչև Արեւածագ, երբ Արեգ-Միհրը կծնվի:
Այդ օրվանից սկսած սերմերը Երկրի արգանդում կսկսեն ծիլ տալու գործընթացը, և Ամանոր-Զատիկին հողից գլուխ կբարձրացնեն նրանց ծիլերը:
Կանխավ շնորհավորում ենք բոլոր Հայկազուն Արեւորդիներին՝ Բարեփառ Միհրի ծնունդի տոնի առթիվ:
Թող որ Միհրի կենարար Հուրը վառ մնա բոլորիդ սրտում և տոհմում»…
ՔՈՒՐՄ ՅԱՐՈՒԹ ԱՌԱՔԵԼԵԱՆ, ՔՈՒՐՄ ՄԻՀՐ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ