«ԴԵ ԵՐԳԵ՛ՆՔ ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐԻ ԵՐԳԵՐԸ:
ԱՐԵՎՈՐԴԻՆԵ՛ՐԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ ՍՏԵՂԾԵԼ»… (Մ. ՍԱՐՅԱՆ)

Հայաստանում և այլ երկրներում քրիստոնեական համայնքների ձևավորման վաղ փուլին անդրադարձող ուսումնասիրություններում ժամանակաշրջանի պատկերն է ուրվագծվում:

«Արևելյան Միջերկրածովքի մի հին ավանդություն, որ հետո դարձավ ուսմունք, պատմում է Քրիստոս-աստծո մասին, որ մարդեղացավ, տառապեց ու խաչվեց մարդու փրկության համար: Այդ ուսմունքի մեջ կար հուսադրող ու սփոփող մի բան: Բայց երբ ձկնորս առաքյալներին եկան փոխարինելու պապերն ու պատրիարքները, որոնք իրենց խաչանիշ գավազանը զուգորդեցին արքայական գայիսոնի հետ, հավատը դարձավ մղձավանջ:
Եվ հենց այդ առաջին քրիստոնյաներն էլ բարբարոս էին: Նրանք իրենց մարգարեին նախ տանջեցին, խաչեցին, իսկ հետո ծունկի եկան նրա բզկտված դիակի առաջ: Այդ հավատը որդեգրեցին անանուն մարդիկ, սփյուռքի հրեաներն ու ասորիները:
Նրանք անտուն էին և անհայրենիք: Նրանք ապրում էին նավահանգիստներում, բեռնաթափված հակերի տակ, Հռոմի հետնախորշերում: Նրանք, կեղտոտ ու ցնցոտիապատ, լցնում էին շուկաներն ու հրապարակները, նրանք ուտում էին նեխած բանան ու նարինջ և անցորդներին առաջարկում իրենց ծառայությունը: Մարիամի վարքը կասկածելի է, Պողոսը ոճրագործ էր, Մագթաղինացին՝ պոռնիկ, իսկ Հուդան աստծու որդու հետ միևնույն սեղանն է նստել:
Եվ հարց է, ով էր ավելի բարբարոս՝ քրիստոնյա Ալարի՞կը, թե՞ Աթիլլան, որ դեռ հավատ չուներ, բայց երկուսով կործանեցին Հռոմը:

Քրիստոնեությունը նման է Եգիպտոսի սրբազան գետին, որ տիղմ է ափ հանում:
Այն հորդացավ և իր հետ բերած տիղմի տակ ծածկեց մի ամբողջ քաղաքակրթություն, որ դարձավ արգավանդ՝ նոր հունդի համար»…

…«Սկսվեց դարձը, և դարձի ճանապարհին ոտքի տակ տրվեց մի ամբողջ քաղաքակրթություն:
Գրիգոր Պարթևը դրդում է թագավորին քանդել, կործանել, ոչնչացնել ինչ հեթանոսական է, վերացնել մեջտեղից գայթակղությունը, որ այլևս ոտքի տակ խեթ ու խութ չմնա…

…Վասն խաղաղության հասարակաց:
Այդ հոգածությամբ են ծնվել բոլոր ջարդերն ու բարդուղիմեոսյան գիշերները:
Եվ թագավորը համաձայնում է կեսարացի առաքյալին: Նա հրամայում է, որ իր նախնիների և իր պաշտած հին ու հարազատ աստվածներին չաստվածներ համարեն և անհիշատակ առնեն»…

…«Երբ հավատը զուգորդվում է իշխանության, ծնվում է ոճիր:
Եվ ծնվեց:
Արտաշատում և ապա՝ Երիզայում տապալվում ու հրդեհի են տրվում Մայր Անահիտի տաճարները»…
…«Եվ գալիս է խաչով զինված առաքյալը. «…չոգաւ հարթեաց, տապալեաց, ընկեց զամենայն շինուածսն բագնացն»…

…«Պատմիչն այնուհետև ավելացնում է գոհությամբ. «Այս ամենայն գործեցաւ կամօք մարդասիրին Աստուծոյ ի ձեռն Գրիգորի»…
Իսկ Գրիգոր Պարթևին, որ հին Հայոց քաղաքակրթությունը հրով այրեց, կոչեցին Լուսավորիչ»…

Հայ վաստակաշատ բանասեր, պատմաբան, Բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքից քաղված վերոնշյալ հատվածներից հետո մեջբերենք Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Մելքոնյանի՝ «Ասորական աղբյուրները Հայ եկեղեցու մասին» հոդվածից որոշ դրվագներ:

«Հայտնի է, որ քրիստոնեական այդ համայնքներում սկզբնական շրջանում հավաքվել էին տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ և, բնականաբար, այդ կազմակերպությունները ազգային դեմք չունեին, և նրանց միավորողը այն առաջադեմ գաղափարախոսությունն էր, որը կոչ էր անում հասարակության ներսում ճնշվածներին, արհամարհվածներին, լքվածներին ու դժգոհներին»…

…«Մինչ այդ ավանդություններին (ավելի ուշ շրջանում հյուսված զրույցներին, զանազան «վարք»-երին, Կ.Ա.) անդրադառնալը արժե տեղեկանալ մ.թ. Ա դարի հրեա պատմիչներից Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնություններ» աշխատությանը, որի մեջ հետաքրքրական փաստեր կան առաջին հրեա քարոզիչների մասին: Այս պատմիչի վկայությամբ՝ մեր թվականության առաջին դարի կեսերին հրեա քարոզիչներ Անանիան ու գալիլիացի Եղիազարը Խարակս-Սպասինիում ու Ադիաբենում հրեական կրոնն էին քարոզում»…

…«Եվ երբ Իզատեսի (Ադիաբենի Մոնոբազոս թագավորի որդու, Կ.Ա.) թլփատության հարցն է առաջանում, Անանիան գտնում է, որ նման ծիսակատարությունը անհրաժեշտ չէ նոր կրոնի հետևորդ դառնալու համար»…
…«Մենք համոզված ենք, որ Հովսեպոսի այս վկայությունը քրիստոնեությանն է վերաբերում, նկատի ունենալով այն փաստը, որ սկզբնական շրջանում Հրեաստանից դուրս նոր այս վարդապետությունը ճանաչված պիտի լիներ «Հրեական կրոն» անունով: Բացի այդ, բոլորին հայտնի է, որ մովսիսականությունը հրեական նեղ ազգային կրոն էր և իր սկզբունքներով ձգտում էր միայն հրեական ժողովրդի փրկության և, հասկանալի է, որ նման սկզբունքներով զինված մի կրոն չքարոզվեր ոչ հրեաների շրջանակներում»…

Օտարամուտ կրոնի տարածման համար Հայքում հիմնված հատուկ դպրոցներում դասավանդում էին երեք լեզուներով՝ հունարեն, ասորերեն և պարսկերեն, աշակերտներն ընտրվում էին յուրաքանչյուր նահանգից ու գավառից: Ագաթանգեղոսի վկայությամբ՝ հայրենի բնակավայրերից բռնի օտարմամբ հավաքում էին մանուկների բազմություն՝ ուսուցման համար:
Այդ դպրոցների առաջին ուսուցիչները հույն և ասորի քարոզիչներն էին, որոնք Գ. Լուսավորչի հետ Հայք էին ժամանել:
«Գտավ բազմաթիվ եղբայրներ, որոնց համաձայնեցրեց գալու իր հետ, որպեսզի կարգի նրանց քահանայության իր երկրում, գումարելով բազմաթիվ խումբեր՝ վերցրեց նրանց իր հետ»,- հաղորդում է Ագաթանգեղոսը:
«Հետագայում Լուսավորչի հաջորդները հետևեցին իրենց նախահոր օրինակին:
Հայաստանը լցվեց օտարազգի քարոզիչներով, որոնք օգուտից ավելի՝ բեռ էին դառնում»,- գրում է Վահան Եպիսկոպոս Տերյանը:

Հայկազունների բազմաթիվ սերունդներ՝ որպես ազնիվ ու վսեմ Արևորդիք, ի հեճուկս օտարազգիների պարտադրանքին ու անասելի հալածանքներին, հավատարիմ մնացին իրենց Նախնիներին՝ շարունակելով և սերնդեսերունդ փոխանցելով Հայկյան ուսմունքը, ազգային ավանդույթներն ու Հայոց արժեհամակարգը:

Տարբեր դարերի գրվածքներում, միջնադարյան մատենագրության մեջ Արևորդիներին վերաբերող հիշատակումներ կան, որոնք աղավաղված են ներկայացնում նրանց՝ ժամանակի թելադրանքով, նաև՝ չիմացության հետևանքով:

«Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի Արևորդիների մասին, որոնք տեղավորված էին Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա:
Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք»… (Ա. Բակունց)

«…Ե՛ս էլ կուզենայի Արևորդի կոչվել: Այսինքն՝ հենց Արևորդի՛ եմ»… (Մ. Սարյան)

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Facebook Comments