ԱՐԵՎՈՐԴԻՔ՝ «ԱԶԳՈՎ ԵՎ ԼԵԶՈՒՈՎ՝ ՀԱՅՈՑ ՏՈՀՄԷՆ»…
«Արժեքներն հաճախ փրկում են նրանք, ովքեր ավելի մեծ կրքով ոչնչացնում են: Դա այն չէ, որ մարդիկ գիտակցում են ոճիրը և ետ կանգնում: Դիեգո դե Լանդան այրեց մայա գրքերը և զղջաց, բայց արդեն ուշ էր:
Թերևս ավելի ստեղծարար է անզեղջ չարությունը…
Թոնդրակյանների մասին տեղեկությունները պահպանեցին եկեղեցու հայրերը, որ հրամայում էին խարանել նրանց աղվեսադրոշմով: Արիստակես Լաստիվերցին իր «Պատմության» մեջ դառնությամբ է խոսում նրանց մասին և մերժում «ճարակող վարակը»: Նա տալիս է Սմբատ Զարեհավանցու անունը՝ իբրև չարագործ, իսկ այսօր մեր պոեզիայում նրան հուշարձան կանգնեցրին:
Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» գրեց, որ եղծի աղանդները, բայց հենց դրանով նրանք պատմության մեջ անեղծ մնացին:
Հովհան Մայրիվանեցին իր քարոզներում մերժում էր հին Հայոց թատրոնը՝ իբրև «սատանայի արվեստ», և դրանով հաստատեց նրա վաղեմի գոյությունը:
Պատմության այս ոճիրների մեջ ինչ-որ մասնագիտական անկատարություն կա:
Գրեթե միշտ կարելի է վերականգնել զոհի ինքնությունը:
Լուսավորիչն էլ ավերեց Հայ հեթանոս տաճարները, ոչնչացրեց մի ամբողջ պաշտամունք, փշրեց աստվածների պատկերները և հրամայեց նրանց անունները անհիշատակ առնել, բայց հենց դրանով նա պահպանեց նրանց անունները:
Ագաթանգեղոսը ուզեց ցույց տալ Լուսավորչի «մեծագործությունը» և այդ առթիվ Հայ դիցարանի մասին չափազանց կարևոր տվյալներ թողեց»… (հատված՝ Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքից):
Միջնադարյան մատենագրության մեջ հիշվում են Արևորդիք, որոնք, Ներսես Շնորհալու բառերով, «ազգով և լեզվով Հայոց տոհմէն են»՝ «զի որպէս ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց են», («Թուղթք Ընդհանրական»):
Մանազկերտի (Միջագետքի) շրջանում գտնվող «Թոնդրակեցի աղանդավորների» դեմ պայքարող Գրիգոր Մագիստրոսն այսպես է բնութագրում նրանց. «Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն»…
Ն. Շնորհալին հրահանգում էր՝ «Թուղթ ի Սամոստիա, յաղագս Արեւորդացն դարձին».
«Արեգակը, զոր պաշտելուն համար սույն աղանդավորները կկոչվին «Արևորդի» (արևի որդի, արևի զավակ)՝ ավելի բան չհամարիլ, քան ճրագ աշխարհի, զոր Աստված կստեղծե լուսինի և աստղերու պես՝ իբր լուսատու միայն:
… Բարդին ավելի չպատվել, քան ուռին, կաղամախին և մյուս ծառերը»…
«Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի Արևորդիների մասին, որոնք տեղավորված էին Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա: Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք:
Բարձր չինարներ կային Արևորդիների աշխարհում, և ամեն առավոտ արևածագին չինարների տակ Արևին ծունր էին դնում»: (Ա. Բակունց, «Մթնաձոր»):
Արևորդիների մասին հիշատակություններ ենք գտնում զանազան գրվածքներում՝ միշտ՝ առեղծվածային, առանց նրանց ուսմունքի մասին որևէ բացատրության:
«Նա ասաց, որ տիկինը պատվիրեց, որ սուրհանդակը գնա ամենից առաջ Արևորդիների քրմապետ Վարազդատի մոտ»…
«Տարոնում մինչև այդ ժամանակ դեռ գոյություն ուներ հին Արևապաշտությունը:
Նրա հետևողներին նոր անունով կոչում էին «Արևորդիք»:
Նրանք ազգով Հայ էին, բայց քրիստոնյա Հայերի հալածանքից վախենալով, թեև առերես իրանց քրիստոնյա էին ձևացնում, բայց գաղտնի կերպով պաշտում էին հին կրոնը, և որպես նեղված ու հալածված մի հասարակություն, միշտ մի հարմար առիթի էին սպասում՝ ապստամբվելու»…
«… Իսկ Արևորդիների թիվը Տարոնում, մանավանդ Միջագետի սահմաններում, փոքր չէր»: (Րաֆֆի, «Սամվել»)
17-րդ դարի Հայ տաղասաց Դավիթ Սալաձորեցին Բնության զարթոնքը գովերգող «Գովասանք ծաղկանց» տաղում հիշում է և Արևորդիներին:
- Շըրվան ծաղիկն է սպիտակ, մարգն բուսնի հետ մըրուանուն.
Խոլորձն ջահառի թըփին, պայծառանայ առաւօտուն.
Սինձն, երիցուկն ու եղերդակն կու սպասեն Արեւորդւոյն.
Նոցա երամըն ուրիշ է, որ կը շրջին հետ Արեւուն…
«…Պավլի բեյի օրագրերից հայտնի է անում և այն, որ նա մասամբ ծանոթ էր հին Սյունիքի պատմության: Վարարակնի կառուցումը նա մանրամասն է գրել, ըստ երևույթին նյութեր քաղելով տոհմական ինչ-որ ձեռագրերից:
Պավլի բեյը հետաքրքիր բացատրություններ է տալիս Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի Արևորդիների մնացորդներ: Տաթևի շարժական սյունի մասին նա մի մեկնություն ունի, որ վերջանում է այսպես.
«Փիլիպպե Տեր Սյունյաց, դու՛, որ քո սուրն խրեցիր հայրենի հողն և քարե սյուն դարձավ քո սուրն, այժմ մինչի ե՞րբ պիտի ճոճես այն և ե՞րբ պիտի հասանի այն օրն, երբ Սյունյաց ազատանին նորի՛ց տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին՝ մինչև Փայտակարան…»: (Ակսել Բակունց, Վեպեր, վիպակներ)
Արևորդիների ծագումը, ազգությունը որոշելու փորձ է կատարել ծնունդով Ախալքալաքցի՝ Հայ լեզվաբան, գրաքննադատ Գրիգոր Վանցյանը (1870 -1907): Իր ունեցած սակավաթիվ աղբյուրները քննելով՝ նա ենթադրում է, որ նրանք Հայ կամ քրիստոնյա աղանդավոր չէին, քանզի քրիստոնեության տարածումից հետո իրենց Նախնիների ուսմունքին հավատարիմ մնացող Հայերի դեմ բիրտ և վայրագ միջոցներով անողոք պայքարից հետո անհնարին էր գոյատևել:
«Ժ-ԺԲ (10-12-րդ, Կ, Ա.) դարերի մի երկու համարեա պատահական հատուածներում մեր մատենագիրների մէջ յիշւում է մի ժողովուրդ՝ «Արևորդիք» անունով, որ յետոյ Շնորհալին դասում է հին Հայոց կարգը՝ իբրև նոցա հեթանոս մնացորդներ»,- գրում է նա:
«Ի՞նչպէս նոքա հեթանոս մնացին, ի՛նչպէս յանկարծակի երևան եկաւ Հայ ազգի այդ մնացորդը «Արևորդի» անունով, պատմութիւնը մեզ ոչինչ չի ասում:
Ի՛նչ աղբիւրներ հիմք եղան Շնորհալուն նոցա Հայ անուանելու, որպիսի՞ պայմաններ նպաստեցին նոցա այնքան երկար ժամանակ հեթանոս մնալու և մի միայն ԺԲ դարում քրիստոնէութեան դիմելու. այդ ևս մնում է մթին ու խաւար»:
«Եթէ խնդրին նայենք մի այլ կողմից, կը տեսնենք որ ո՛չ մի հաւանականութիւն չկար մինչն Շնորհալու օրերը Հայ-հեթանոս մնալու:
Հայ հեթանոսութեանը մենք վերջին անգամ պատահում ենք Ե (5-րդ, Կ.Ա.) դարում, Մեսրոպի ժամանակ, որը և նա խեղդեց՝ տալով նորան մահուան վերջին հարուածը:
Իսկ Վարդանանց պատերազմը քրիստոնէութեան յաղթանակի կատարեալ արտայայտութիւնն էր՝ քաղաքական և կրօնական տեսակէտից:
Գրիգորների, Ներսէսների, Սահակ-Մեսրոպների ջանքերից յետոյ ի՛նչպէս կարող էին Հայ — արևապաշտներ մնացած լինել մինչն ԺԲ դարը. միանգամայն երկմտելի և տարակուսական է:
Չմոռանանք, որ հայ-հեթանոսութիւնը ունէր զօրեղ և կազմակերպած հոգևորականութիւն, մինչդեռ Արևորդի — Հայերի մէջ նորա հետքն անգամ չի երևում: Շնորհալին իւր մանրազնին, հեռատես և կարևոր թղթին մէջ այդ տարրը չէր կարող մոռացութեան տալ, որ ամենից զօրեղ հակառակորդը պիտի լինէր նոր կրօնին»:
«…Այսքանը պէտք է Մագիստրոսի հետ ընդունել, որ Արևորդոց կրօնը շատ նման էր հին Պարսից դենին. բայց զարմանալին այն է, որ Արևորդոց նա չի նոյնացնում նաև Պարսից հետ. նա նոցա չի անուանում նաև զրադաշտեան, այլ պարզ «Արեգակնապաշտք»: Թէ՛ իբրև արևապաշտ և թէ՛ իբրև քրիստոնեայ՝ Արևորդիք մնում են Մագիստրոսի որոշմամբ՝ ինքնագոյ, ինքնուրոյն մի ժողովուրդ. այդ չենք տեսնում յաջորդ մատենագիրների մէջ:
Մագիստրոսից անմիջապէս յետոյ երկրորդ վկայութիւնը պատկանում է Ալաւկայ որդի Դաւթին, որ Շնորհալուց քիչ մի առաջ (ԺԲ դար) յայտնապէս կ’ըսէ, թէ «Պայլիկեանք կամ Մծղնեայք Արուիորդոց ազգն է» (Գ. Վանցեան, «Արեւորդոց խնդիրը»):
Արևորդիների մասին, այնուամենայնիվ, հիշատակություններ կան և հետագայում…
1915-ի մայիս-հունիս ամիսներից սկսվող՝ Մարզվանի Հայության աքսորի և ցեղասպանության պատմությանն առնչվող դեպքերը նկարագրող ականատեսը՝ Մարիցա Մետաքսեանն իր հուշերում նշում է, որ տեղահանությունը սկսեցին «զուտ հայկական թաղից», որն «Արևորդի» էր կոչվում:
«Ինչպէս ըսի արդէն, առաջին կարաւանը զուտ հայկական թաղն էր, Արեւորդին»…
«Ամեն մի իսկական Հայ ստեղծագործող՝ լինի բանաստեղծ, նկարիչ, ճարտարապետ, երաժիշտ, փիլիսոփա, պատմիչ, հերոս, Արևորդի՛ է իր էությամբ» (Մ. Սարյան)…
Արևորդիների, նրանց ուսմունքի հիմունքների շուրջ մանրամասն տեղեկություններ են այսօր մեզ փոխանցում Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ հազարամյակների խորքից եկող Հայկեան իմաստության Լույսը սփռելով իրենց Նախնիների թողած ժառանգությամբ զորացող Հայկազունների սրտերում…
«Նոր եմ հասկանում, ի՛մ միամորիկ,
Թե բնությունը ինչո՞ւ աշխարհում
Քեզ է պարգևել Վահագնի՛ն հուրհեր,
Որ ճառագայթեց Արևորդիներ…
…Նոր եմ հասկանում, ի՛մ միամորիկ,
Ինչո՞ւ է այսքան երկինքդ բարձրիկ,
Ինչո՞ւ հավերժող Արևդ դարձել
Կյանքի պաշտամունք՝
Խավա՛րն է ցրում ժամանակների»…
Մետաքսե, «Զրույց աշխարհի հետ»