ԱՂ ԿԱՄ՝ ԱՂԱՄԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

Ազգագրական արվեստի ցուցանմուշների մի անկյուն

Հայկական Լեռնաշխարհի ոսկեձեռիկ վարպետների հազարամյակների հնագույն ավանդույթները շարունակող՝ ներկայիս՝ նույնքան շնորհալի կավագործների խորհրդով՝ անդրադառնանք Հայկական Աղամաններին:

Սակայն, Աղամանի խորհուրդն ըմբռնելու համար, հարկ է ծանոթանալ Աղին՝ նրա նշանակությանն ու իմաստին՝ տարբեր առումներով…

Կյանքի համար կարևոր ու անհրաժեշտ աղը խորհրդանիշներով հարուստ պատմություն ունի՝ իր շուրջ ձևավորված զանազան ավանդույթներով:

Գրեթե բոլոր քաղաքակրթություններում աղը սրբազան բնույթ ունի (հացի նման):

Հոմերոսն աղը դիցական (աստվածային) էր համարում (հունական դիցաբանության մեջ Ծովի դից Ներեն Աքիլեսի հորը՝ Պելևսին աղ է նվիրում իբրև հարսանեկան նվեր): Լուկրեցիոսը կնոջ գեղեցկությունը համեմատում էր աղի մաքուր հատիկի հետ:

Որպես հարգանքի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության ու բարեհաջողության խորհրդանիշ՝ ցայսօր էլ Հայոց և շատ այլ ազգերի մոտ պահպանվել է Աղուհացի հնագույն ծիսական սովորույթը:

Հայոց հնագույն ավանդությանց համաձայն, Սրբազան խորանի բաղադրիչներից էր աղը՝ ինչպես նշում և մանրամասն մեկնում է նրա խորհուրդը Քուրմ Յարութ Առաքելեանը, շեշտելով, մեջբերենք՝ «աղի՝ մաքրության, պաշպանության, հզորության իմաստը:
Ծնունդների առիթով տաճարն աղ է ընծայել նորածնի ծնողներին:Աղ էր նվիրվում նաև տաճարում գիշերած ուխտավորներին՝ նրանց մեկնումից առաջ:
Տաճարին աղ էր նվիրաբերվում հանգուցյալի հարազատների կողմից, թաղումից հետո»…

Սրբազան Խորանի առաջ «Աղուհաց կտրելու» ծեսը նրանց հատուկ զորություններ վերագրելն է փաստում:

Նորածին երեխայի վրա՝ որպես առողջության, բարօրության մաղթանք, հարսանեկան արարողությունների ժամանակ՝ ի նշան առատության, հարստության ցանկության, մարտի մեկնող-վերադարձող արքաների երդումն Աղուհացով…
Մաքրագործող-սրբագործող Աղն ամենուր է…

Հայկական Լեռնաշխարհն իր հարուստ աղահանքերով վաղնջական ժամանակներից է հայտնի:

Այրարատ Աշխարհի Ճակատք գավառում (հետագայում՝ Երևանի նահանգի Սուրմալու գավառում) գտնվող Կողբի հանքավայրից (Աղտքից) էր ձգվում միջնադարյան աղբյուրներում հիշվող Աղի ճանապարհը՝ սայլուղին, որով տարբեր ուղղություններով մինչև 20 -րդ դարի սկիզբը տարեկան 80.000 տոննա քարաղ է տեղափոխվել (Եզնիկ Կողբացու ծննդավայրն էր Կողբը):
Տարածաշրջանի լավագույն աղն էր այն համարվում:

Կողբից հարավ-արևմուտք, Հայկական Պարի լեռնանցքներից մեկը, որտեղով աղ էին արտահանում Միջագետք և այլ երկրներ, «Աղտո ձոր» էր կոչվում:

Իգդիրից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիշյալ հանքերը մինչև 1920 թվականը Հայաստանին էին պատկանում, Թուրքիային են բռնակցվել 1921 թվականի Կարսի պայմանագրով, 1934 թվականից՝ Գուլփը (Կողբը) անվանափոխվել ու դարձել է Թուզլուջա (ի դեպ, 2015 թվականին քաղաքի ելքի ու մուտքի դարպասներին հայերենով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրություններ են դրվել, վերջին տարիներին այնտեղ բժշկական տուրիզմի զարգացման ծրագիր կար:
Երևանում, Ավանի աղի հանքի՝ 235 մետր խորությամբ ստորգետնյա բուժարանը վաղուց է գործում շնչառական խնդիրների (ասթմա, բրոնխային հեղձուկ…), ալերգիաների բուժման նպատակով. վիրուսներից ապահով մի վայր…):

Երևանում՝ Ավանի Աղի հանքաբուժարանում
Երևանում՝ Ավանի Աղի հանքաբուժարանում
Ավանի՝ Աղի հանքի բուժարանից մի հատված

Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում՝ Դարանաղի գավառը (Աղյաց գավառը), որը նույնացվում է ուշ ժամանակների Կամախին (Եկեղյաց գավառում, Էրզրումի նահանգի Երզնկայի գավառում), հարուստ է աղահանքերով, որի հետ էլ կապվում է նրա անունը:

Այստեղ էր գտնվում Արամազդ դիցի մեհյանը, Արշակունյաց դամբարանը (կենտրոնն Անի ավանն էր):

Խոսքի հմայության ներգործության զորության հավատալիքներից էր Աղուհացով երդումը:

Անկեղծ ուխտի՝ երդման նշան էր աղը մատանիով կնքելը (հին պարսիկների մոտ՝ վարազի պատկերով մատանիով, ինչպես հիշում են պատմիչները):

«Աղ Ուխտի», «Ուխտ Աղի», «Աղ կնքեալ»…

«Մասն է աղ՝ հրոյ, միանգամայն և ի ջուր մածեալ», — կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:

Ծովից՝ արևի ճառագայթների ջերմությամբ գոլորշիացման ճանապարհով ձեռք բերված աղը համարվում էր «ջրերից զատված կրակ»:

Հնում, լինելով հարստության նշան, հյուրի առջև սեղանին դրված աղամանը նրա հանդեպ տածած հարգանքի, շռայլության հավաստիքն էր:

«Աղ մատուցելու» իմաստից է ստուգաբանվում «մատաղ» բառը՝ «Մատո՛ աղ»՝ «Մատուցի՛ր աղ» (Վարդան, Գրիգոր Տաթևացի):

Հնագույն շրջանից ի վեր, Հայ կավագործության լավագույն նմուշներից՝ կանացիակերպ (հղի կնոջ) տեսքով աղամաններն ուսումնասիրող ազգագրագետների կարծիքով (Վ. Բդոյան, Աս.Մնացականյան, Կ.Մելիք-Փաշայան, Ն.Ավագյան), նրանք Մայր Դիցուհու՝ Անահիտի պաշտամունքի դրսևորումներից են, երբ «Նոր կրոնի մեջ պաշտվում է Հինը»՝ ծպտված…

Հայկական Լեռնաշխարհում ու նրա հարակից շրջաններում հայտնաբերված հնագիտական նյութերի մեջ բազմաթիվ են կնոջը պատկերող քանդակները, ուր հատկապես շեշտված են նրա մարմնի՝ բեղունությունն ընդգծող մասերը:

Այլաբանական ընկալմամբ՝ Կյանքի աղբյուրն ու հովանավորը՝ Մայր Բնությունը, Մայր Դիցուհին՝ որպես Ծնունդ, Կյանք պարգևող…

Մարդու օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է աղը:

Կյանքի արարման առաջին իսկ օրերից՝ հղիության ընթացքում մոր արյան պլազմայի հաշվին արգանդում առաջացող պտղաջրերում (ամնիոտիկ հեղուկում), ինչպես և Կյանքի աղբյուրի խորհրդանիշ՝ Համաշխարհային ջրերում (Օվկիանոսում), աղեր կան (կալցիում, նատրիում, քլոր):

Ուստի, խորհրդանշական մեծ իմաստ կրող Աղը պարունակող ամանը՝ Աղամանը, նույնպես, իր խորը այլաբանությունն ուներ՝ հղի կնոջ որովայնի նմանությամբ կճուճի տեսքով ներկայանալով…

Հին ավանդույթներ՝ նորովի մեկնաբանությամբ (հեղինակ՝ Կարեն Ավետիսյան)
Հին ավանդույթներ՝ նորովի մեկնաբանությամբ (հեղինակ՝ Կարեն Ավետիսյան)

Համանման ձևով, Խորանի ծիսական կաթսան Արարչական արգանդի կամ Խառնարանի խորհրդանիշն է:
Դարձյալ մեջբերելով Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությունը՝ «Այն Սանդարամետ դիցամորը ներկայացնող՝ Ծնունդ պարգևող, միաժամանակ նաև՝ Կյանքի ներդաշնակ մասը հանդիսացող՝ մահվան գաղափարակիրն է», ինչպես և աղը՝ Կյանքի ակունք, որը կարող է նաև հակառակը գործել՝ կիրառվելով թշնամու կողմից՝ որպես ոչնչացման միջոց՝ հողերի վրա աղ սփռելով տեղանքն ամայացնելով…

Մարդկանց ու կենդանիների համար որպես կերակուր և բուժամիջոց, ջրի մեջ լուծված աղից բացի, քարացած աղ ևս կա՝ Աղքարը:

«Աղաբանությունը» որոշ չափով ամբողջացնելու համար հավելենք Աղի դերն ու խորհուրդը այլ բնագավառներում նույնպես, ինչպես, օրինակ, հնում անչափ կարևոր մի բնագավառում՝ մետաղագործության մեջ (նաև՝ ալքիմիայում, կաշեգործությունում…):

Որպես դպրոցական տարիների վերհուշ նշենք, որ ամոնիակը ազոտի և ջրածնի պարզագույն միացություններից է՝ սուր հոտով, անգույն, խեղդող գազ, որը հեշտությամբ միանում է թթուների հետ՝ առաջացնելով ամոնիումի աղեր:

Գործածվում է մետաղամշակման բնագավառում, գյուղատնտեսության մեջ (որպես պարարտանյութ)…

Բժշկության մեջ ամոնիակի 10%-անոց ջրային լուծույթը հայտնի «անուշադրի սպիրտն» է…

Եգիպտոսում ֆրանսիական բանակի արշավանքների ժամանակ կատարված հետազոտությունների արդյունքները ներկայացնող մի աշխատության մեջ կարդում ենք, որ դեռևս հնուց եգիպտացիներին հայտնի «Ամոնիակի աղը» անտիկ հեղինակների տեքստերում «Հայկական աղ» է կոչվել՝ «Sal Armeniacus»:
Եվ որ՝ պարսկական «Նուշադր» բառը «Հայկական աղն» է:

1809 թվականին Փարիզում հրատարակված գրքից՝ մոտավոր, հակիրճ թարգմանությամբ՝ 17-րդ դարի պարսկական բառարանին վերաբերող հատվածից.

«Պարսկական մի բառարանում՝ « Gazophylacium lingux Persanum», P. Angelo, anno 1684, գտնում ենք, որ այն, ինչը իտալացիների կողմից անվանվում էր Sale armoniaco, ֆրանսերենով՝ Sel armoniac, Պարսկաստանում կոչվում էր nouchâder կամ՝ melah Ermanya, այսինքն՝ Հայկական Աղ և արտասանվում էր nachâdre (նաշադր)»:

(Մեջբերումը՝ հիշյալ գրքից՝ «Եգիպտոսի նկարագրությունը. կամ՝ ֆրանսիական բանակի՝ Եգիպտոսում արշավանքի ժամանակ կատարված ուսումնասիրությունների և որոնումների հավաքածու»՝ հրապարակված Նորին Գերազանցություն Նապոլեոն Մեծ կայսեր հրամանով, Փարիզ, 1809 թ.:
«Description de l’Égypte: ou recueil des observations et des recherches qui ont été faites en Égypte pendant l’expédition de l’armée française, publié par les ordres de Sa Majesté l’Empereur Napoléon le Grand (Band 4,1,1: Texte 1): Etat moderne —Jomard, Edme François [Editor], Paris, 1809.):

«Հայկական աղի» բացատրությամբ մի էջ՝ հիշյալ գրքից («Եգիպտոսի նկարագրությունը. կամ՝ ֆրանսիական բանակի՝ Եգիպտոսում արշավանքի ժամանակ կատարված ուսումնասիրությունների և որոնումների հավաքածու»՝ հրապարակված Նորին Գերազանցություն Նապոլեոն Մեծ կայսեր հրամանով, Փարիզ, 1809 թ.:
«Description de l'Égypte: ou recueil des observations et des recherches qui ont été faites en Égypte pendant l'expédition de l'armée française, publié par les ordres de Sa Majesté l'Empereur Napoléon le Grand: Etat moderne» —Jomard, Edme François [Editor], Paris, 1809.):

«Հայկական աղի» բացատրությամբ մի էջ՝ հիշյալ գրքից («Եգիպտոսի նկարագրությունը. կամ՝ ֆրանսիական բանակի՝ Եգիպտոսում արշավանքի ժամանակ կատարված ուսումնասիրությունների և որոնումների հավաքածու»՝ հրապարակված Նորին Գերազանցություն Նապոլեոն Մեծ կայսեր հրամանով, Փարիզ, 1809 թ.:
«Description de l’Égypte: ou recueil des observations et des recherches qui ont été faites en Égypte pendant l’expédition de l’armée française, publié par les ordres de Sa Majesté l’Empereur Napoléon le Grand: Etat moderne» —Jomard, Edme François [Editor], Paris, 1809.):

Ըստ «Հայերենի արմատական բառարանի»՝ հայերեն բառի հնագույն ձևը «անուշադուր» է:

Մի այլ գրքում՝ գրված 1579 թվականին, («Commentaires sur les six livres de Ped. Dioscor, էջ 765,), կարդում ենք, որ Դիոսկորը ևս հիշատակում է, որ դեղագործներն ու ալքիմիկոսները «Ամոնիակի աղը» «Հայաստանի աղ» էին անվանում, մտածելով, որ այն բերվում էր Հայաստանից:

Ի գիտություն նշենք, որ որոշ վայրերում այն ստացվում էր հրաբխային բնական ճեղքվածքներից ժայթքող արտանետումներից՝ առջևում դրված քարի վրա գոյացած սպիտակ փոշին էր օրեր հետո աղի վերածվում (բացվածքներից ցերեկով ծուխ էր ելնում, գիշերը՝ կրակի բոցեր էին երևում):

Այսօրվա գիտական եզրույթով՝ ամոնիումի քլորիդը, թերևս…

Հազարամյակների խորքից եկող ավանդույթները շարունակվում են մինչ օրս՝ նորովի…

Հ.գ. Ստորև լուսանկարների թվում՝ մեր ժամանակակից բրուտների Չարխի պտույտով ու իրենց հրաշագործ ձեռքերով արարված՝ Աղամանների նմուշներից…

Աղուհացով առատ ու Արևաշող օրեր՝ Աշխարհիս Հայոց և համայն Հայությանն ու ողջ Երկրին…😊💥

Հին Հայկական աղաման՝ Էջմիածնից…
Ավանդույթները շարունակվում են՝ շնորհիվ ներկայիս տաղանդաշատ բրուտագործների (հեղինակ՝ Վահագն Համբարձումյան)
Հին Հայկական Աղամանների նմուշներից
Միշտ Ներկա՝ Անցյալ… (հեղինակ՝ Վահագն Համբարձումյան)
Նախնիներից ոգեշնչված… (հեղինակ՝ Վահագն Համբարձումյան, Vahagn Hambardzumyan)
Նախնյաց ներշնչանքով… (Հեղինակ՝ Կարեն Ավետիսյան)
Խորախորհուրդ Աղամաններ՝ ժամանակակից մեկնաբանությամբ…(Հեղինակ՝ Կարեն Ավետիսյան)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով